Ռուբիկոն

Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021
  • 14. Ֆ.– Թվում է, շատ դժվար է ընկալել, որ այս պահին հոգին մտածում է քնած մարդու մեջ, իսկ հաջորդ վայրկյանին՝ արթնացած մարդու և չի հիշում այդ մասին։

Թ. – Դա ոչ միայն հեշտ է ըմբռնել, այլև համանման բան է նկատվում ամեն օր արթուն ժամանակ, քանզի միշտ լինում են մեր աչքն ու ականջը ծակող առար­կաներ, հետևաբար հոգին նույնպես ազդվում է դրանցից, մինչդեռ մենք չենք էլ նկատում դա, քանզի մեր ուշադրությունը սևեռված է այլ առարկաների վրա, քանի դեռ որևէ առարկա բավականաչափ ուժգ­նորեն մեզ չի գրավել՝ սաստկացնելով իր ազդեցու­թյունը կամ մի այլ պատճառով, դա ասես առանձ­նահատուկ քուն է այդ առարկայի նկատմամբ, և այդ քունը դառնում է ընդհանուր, երբ մեր ուշադրու­թյունը շեղում ենք բոլոր առարկաներից միասին վերցրած։ Ուշադրության մասնատումն այն թուլաց­նելու համար նույնպես քնելու միջոց է։

Ֆ. – Մի մարդ պատմում էր, որ պատանի ժամանակ, իր ուսումնառության տարիներին, ունեցել է սքան­չելի հիշողություն, բայց երբեք երազ չի տեսել, քանի դեռ տենդով չէր հիվանդացել։ Դրանից նոր-նոր էր բուժվել ինձ հետ զրույց ունեցած շրջանում, երբ արդեն քսանհինգ-քսանվեց տարեկան էր։

Թ. – Ինձ նույնպես պատմել են բավական առաջա­ցած տարիք ունեցող մի ուսյալի մասին, որ երբեք երազներ չի տեսել։ Բայց հոգու ընկալման անընդ­հատությունը չպետք է հիմնել միայն երազների վրա, քանզի, ինչպես ցույց տվեցի, նույնիսկ քնի ժամա­նակ նա ինչ-որ չափով ընկալում է դրսում կատար­վածը։

  • 15. Ֆ. – Հաճախ մտածել և ոչ մի պահ չպահպանել դրա հիշողությունը նշանակում է մտածել ապար­դյուն։

Թ.– Բոլոր տպավորությունները թողնում են իրենց հետևանքը, բայց ոչ բոլոր հետևանքներն են միշտ նշանակալի լինում։ Երբ ես շրջվում եմ ավելի շուտ այս կողմը, քան մյուսը, շատ հաճախ դա անում եմ մի շարք աննշան տպավորությունների տակ, որոնք չեմ էլ նկատում և որոնք այդ շարժումը դարձնում են առավել հարմար, քան մյուսը։ Մեր բոլոր չմտածված գործողությունները արդյունք են աննշան ընկալում­ների ամբողջության, և նույնիսկ մեր սովորություն­ներն ու կրքերը, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր վճիռների վրա, բխում են դրանցից. չէ՞ որ այդ սո­վորույթները ծնվում են աստիճանաբար, ուստի առանց աննշան ընկալումների չենք հանգի նշանա­կալի հակումների։ Արդեն ասել եմ՝ ով ժխտում է այդ ազդեցությունները բարոյականության մեջ, նման­վում է այն տգետներին, որոնք չեն ընդունում ան­շոշափելի մասնիկները ֆիզիկայում։ Եվ սակայն, նկատում եմ, որ ազատության մասին խոսողների մեջ կան մարդիկ, որոնք ուշադրություն չեն դարձ­նում այդ աննշմար, նժարը թեքելու ունակ տպավո­րությունների վրա, պատկերացնում են, թե բարոյա­կան գործողությունների մեջ լիակատար անտարբե­րություն է տիրում, ինչպես երկու մարգագետինների մեջտեղում կանգնած Բուրիդանի էշի դեպքում։ Այս մասին առավել հանգամանալից կխոսենք հետագա­յում։ Ընդունում եմ, սակայն, որ այդ տպավորություն­ները հակում են առանց պարտադրելու։

Ֆ.– Գուցե կասեն, թե արթուն, մտածող մարդու մեջ նրա մարմինը ինչ-որ դեր է խաղում, և ուղեղում մնա­ցած հետքերի շնորհիվ պահպանվում է հիշողու­թյունը, բայց երբ մարմինը քնած է, հոգին իր մեջ ունենում է իր առանձին մտքերը։

Թ. – Ես բոլորովին այլ կարծիքի եմ, քանզի են­թադրում եմ, թե մարմնի և հոգու միջև միշտ գոյու­թյուն ունի ճշգրիտ համապատասխանություն, և այդ իսկ պատճառով օգտվում եմ մարմնի տպավորու­թյուններից, որոնք նկատելի չեն արթուն կամ քնած ժամանակ, որպեսզի ապացուցեմ, թե հոգին նույն­պես ունի համանման տպավորություններ։ Նույնիսկ կարծում եմ, որ արյան շրջանառությանն ու ներքին օրգանների բոլոր ներքին շարժումներին համապա­տասխանող ինչ-որ բան է տեղի ունենում հոգում, որը սակայն չի նկատվում, ճիշտ ինչպես ջրաղացի մոտ բնակվողները չեն լսում նրա աղմուկը։ Արդարև, եթե քնած կամ արթուն ժամանակ մարմնի մեջ լինեին տպավորություններ, որոնք բնավ չներգործեին կամ չազդեին հոգու վրա, ապա հարկ կլիներ սահմաններ դնել հոգու և մարմնի միությանը, կարծես մարմ­նական տպավորությունները կարիք ունեն որոշ կերպարանք ու մեծություն առնելու, որպեսզի հոգին կարողանա զգալ դրանք, սա ամենևին քննություն չի բռնում, եթե հոգին անմարմին է, քանզի բնավ հա­մամասնություն չկա անմարմին սուբստանցի և մատերիայի այս կամ այն ձևափոխության միջև։ Մի խոսքով՝ մոլորությունների մեծ աղբյուր է կարծել, թե հոգում չկա որևէ ընկալում, բացի նրանից, ինչ ինքն է նկատում։

  • 16. Ֆ.– Մեր հիշած երազների մեծ մասը տարօ­րինակ են և չկապակցված։ Կարելի է, ուրեմն, ասել, թե հոգին շրջահայացորեն մտածելու կարողությունը պարտական է մարմնին կամ թե նա չի հիշում իր խելամիտ մենախոսություններից ոչ մեկը։

Թ. – Մարմինը պատասխանում է հոգու բոլոր մտքե­րին, լինեն խելամիտ թե ոչ, իսկ երազները նույնպես իրենց հետքն են թողնում ուղեղում, ինչպես արթուն մարդկանց մտքերը։

  • 17. Ֆ. – Քանի որ դուք այդքան վստահ եք, թե հո­գին իսկապես միշտ մտածում է, կուզեի, որ ինձ պար­զաբանեիք, թե որոնք են մանկան հոգու մեջ եղած գաղափարները նախքան հոգու միանալը մարմնին, կամ հենց միանալիս՝ նախքան զգայության ճանա­պարհով որևէ գաղափար ստանալը։

Թ. – Դժվար չէ ելնելով մեր սկզբունքներից բավարարել ձեզ։ Հոգու ընկալումները բնականորեն միշտ համապատասխանում են մարմնի կազմված­քին, և երբ ուղեղում հանդես են գալիս բազմաթիվ խառնաշփոթ ու աղոտ մղումներ, ինչպես պատա­հում է ոչ փորձառու մարդկանց դեպքում, հոգու մտքերը (հետևելով իրերի կարգին) նույնպես չեն կարող հստակ լինել։ Սակայն հոգին երբեք զրկված չէ զգայությանօժանդակությունից, քանզի միշտ արտահայտում է իր մարմինը, իսկ այդ մարմինը միշտ ենթակա է շրջապատի բազմաբնույթ մարմին­ների ազդեցությանը, որոնք հաճախ թողնում են միայն խառնաշփոթ տպավորություն։

  • 18. Ֆ. – Բայց ահա և մեկ այլ հարց, որ առաջ է քա­շում «Փորձի» հեղինակը։ Կուզեի, (ասում է նա), որ նրանք, ովքեր այդքան վստահությամբ պաշտպա­նում են այն կարծիքը, թե մարդու հոգին կամ (ինչը միևնույն բանն է) մարդը միշտ է մտածում, ինձ լու­սաբանեն, թե ինչպես են դա իմանում։

Թ. – Չգիտեմ, արդյոք ավելի շատ վստահություն պետք չէ ժխտելու համար, թե հոգու մեջ տեղի է ունե­նում ինչ-որ բան, որը մենք չենք նկատում, ևքանի որ նկատելին պիտի կազմված լինի ոչ-նկատելի մասե­րից, ոչինչ չի կարող ծնվել միանգամից, միտքը՝ նույնպես, շարժումը՝ ևս։ Ինչևէ, դա նման է այն բա­նին, որ այսօր ինչ-որ մեկը հարց տա, թե ինչպես ենք հասու դառնում անզգայելի մասնիկներին։

  • 19. Ֆ.— Ես չեմ հիշում, թե «հոգին միշտ մտածում է» պնդողները երբևէ ասած լինեն, որ մարդը միշտ մտածում է։

Թ. – Ենթադրում եմ, թե դրա պատճառն այն է, որ նկատի են ունենում նաև տարանջատված հոգին, և սակայն, նրանք հաճույքով ընդունում են, որ մարդը միշտ մտածում է (հոգու և մարմնի) միության ընթաց­քում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա հիմքեր ունենա­լով պնդելու, որ հոգին երբեք չի տարանջատվում ամբողջ մարմնից, կարծում եմ, թե կարելի է միանգամայն ասել, որ մարդը մտածում է և կմտածի միշտ։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գաղափարների մասին ընդհանրապես Իմմանուել Կանտ («Զուտ բանականության քննադատություն», Տրանսցենդենտալ դիալեկտիկա, բաժին առաջին Չնայած մեր լեզվի անսպառ հարստությանը՝ խոր­հող մարդը հաճախ դժվարանում է գտնել մի տեր­մին, որը լրիվ կհամապատասխանի իր հասկացու­թյանը, և այդ բացի հետևանքով հիշյալ… Փիլիսոփայություն Գաղափարների պրոբլեմատիկան Լոկի, Լայբնիցի և Կանտի իմացաբանության մեջ (վերլուծական ակնարկ) Սերգեյ Ստեփանյան Ճանաչողության տեսությունը, այն թափով և վեճերի այն բազմազանությամբ, որով ժառանգվել է մեզ այսօր, նոր ժամանակներում, իբրև պրոբլեմ հարուց­վել է այն բանից հետո, երբ դեկարտյան իշխող ուսմունքին Ջոն Լոկը հակադրեց իր «Փորձ մարդ­կային ըմբռնողության… Փիլիսոփայություն Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին Ջոն Լոկ «Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք…