Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում
Ֆ. – Ասել, թե մարմինը տարաձիգ է առանց մասեր ունենալու և որևէ բան մտածում է առանց գիտակցելու, որ ինքը մտածում է, – այս երկուսն էլ հավասարապես թվում են անհասկանալի պնդումներ։
Թ.– Ներեցեք, պարոն, ստիպված եմ նշել, որ ձեր զարգացրած միտքը, թե հոգու մեջ չկա ոչինչ, որ ինքը չգիտակցի, սկզբունքի կանխադրում <pétition de principe> է, որն արդեն գերիշխել է մեր առաջին զրույցի ընթացքում և որից դուք կամեցաք օգտվել բնածին գաղափարներն ու ճշմարտությունները հերքելու համար։ Եթե ընդունեինք այս սկզբունքը, ապա բացի այն բանից, որ դեմ դուրս կգայինք փորձին ու բանականությանը, նաև անհիմն կերպով կհրաժարվեինք մեր կարծիքից, որն, ըստ իս, ես բավականաչափ հասկանալի եմ դարձրել։ Բացի այն, որ մեր հակառակորդները, որքան էլ ճարտարամիտ են, չտվեցին իրենց այնքան հաճախ և որոշակիորեն զարգացրած վերոշարադրանքի ապացույցը, դյուրին է նրանց ցույց տալ հակառակը, այսինքն՝ անհնար է, որ մենք միշտ և հստակորեն ռեֆլեկտենք մեր բոլոր մտքերի վերաբերյալ, այլապես ոգին անվերջ կռեֆլեկտեր ամեն մի ռեֆլեքսիա՝ չկարողանալով երբևէ անցնել նոր մտքի։ Օրինակ, նկատելով առկա ինչ-որ զգացում՝ ես պիտի միշտ մտածեի, որ մտածում եմ դրա մասին, ու նաև մտածեի, որ մտածում եմ մտածածիս մասին, և այսպես անվերջ։ Մինչդեռ հարկ է, որ ես դադարեմ ռեֆլեկտելուց այդ բոլոր ռեֆլեքսիաները, և վերջապես պիտի լինի մի միտք, որ թողնես անցնի՝ առանց դրա մասին մտածելու, այլապես մենք միշտ կմնանք միևնույն տեղում։
Ֆ.– Բայց այս հիմնավորմամբ չե՞նք կարող նաև պնդել, թե մարդը միշտ քաղցած է, ասելով, որ նա կարող է դա չնկատել։
Թ. – Խիստ տարբերություն կա. քաղցն ունի առանձնահատուկ պատճառներ, որոնք լինում են ոչ միշտ։ Սակայն ճշմարիտ է նաև այն, որ քաղցած ժամանակ մարդն անդադար չի մտածում այդ մասին, բայց երբ մտածում է, գիտակցում է դա, քանզի խիստ նկատելի զգացում է. ստամոքսը լինում է միշտ գրգռված, բայց այդ գրգռվածությունը պիտի ուժգնանա քաղց առաջացնելու համար։ Նույն տարբերակումը պիտի անել առհասարակ մտքերի և նշանակալի մտքերի միջև։ Այսպիսով, մեր դատողությունը ծիծաղելի դարձնելու ամեն փորձ նպաստում է դրա հաստատմանը։
- 23. Ֆ.– Այժմ կարող ենք հարցնել, թե մարդու գլխում երբ են ծագում մտքերը։ Կարծում եմ, պետք է պատասխանել՝ երբ ունենում է որևէ զգայություն։
Թ.- Համամիտ եմ ձեզ, բայց ելնելով փոքր-ինչ առանձնահատուկ սկզբունքից՝ կարծում եմ, թե երբեք չենք լինում առանց մտքերի, ինչպես նաև առանց զգայությունների։ Միայն թե տարբերակում եմ դնում գաղափարների և մտքերի միջև, քանի որ զուտ կամ առանձին գաղափարներ ունենում ենք միշտ զգացումներից անկախ, իսկ մտքերը միշտ համապատասխանում են որևէ զգայության։
- 25. Ֆ.- Բայց ոգին պասսիվ է միայն պարզ գաղափարներն ընկալելիս, որոնք ճանաչողության նախատարրերն են կամ նյութերը, մինչդեռ նա ակտիվ է, երբ կազմավորում է բարդ գաղափարներ։
Թ. – Ինչպե՞ս կարող է նա պասսիվ լինել միայն պարզ գաղափարների ընկալման դեպքում, եթե ձեր իսկ խոստովանությամբ կան պարզ գաղափարներ, որոնց ընկալումը սկիզբ է առնում ռեֆլեքսիայից, իսկ ոգին ինքն է իրեն տալիս ռեֆլեքսիայի մտքեր, քանզի ռեֆլեկտողը ինքն է։ Այլ հարց է, եթե նա կարողանար հրաժարվել դրանցից, բայց անտարակույս դա չի կարող անել առանց որևէ պատճառի, որը առիթի դեպքում կշեղեր նրան։
Ֆ. – Թվում է, մինչ այժմ մենք բանավիճել ենք ex professo։ Հիմա մանրամասնորեն կանդրադառնանք գաղափարներին, և հուսով եմ, ավելի շատ համակարծիք կլինենք ու տարաձայնություններ կունենանք լոկ մասնավոր դեպքերի առումով։
Թ.– Ուրախ կլինեմ, եթե տեսնեմ ճարտարամիտ մարդկանց, որոնք համակարծիք կլինեն ինձ հետ այն հարցերում, որոնք ինքս եմ համարում ճիշտ, քանզի միայն այդ մարդիկ կարող են արժևորել և մի օր կյանքի կոչել դրանք։
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյան