Ռուբիկոն

Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Չժուան-ցզի

Ցզի-Ցին Հարավային արվարձանից, սեղանին կռթնած նստած էր ու շնչում էր, անսալով երկնքին, ասես ինքնամոռաց: Նրան ծառայող Յանչեն Յանը ակնածալի կանգնած էր կողքին:

–Ինչ եմ տեսնում, – բացականչեց Յանչեն Յանը, – Մարմինն, անշուշտ, կարող է դառնալ հանց չորացած ծառ, բայց կարո՞ղ է արդյոք սիրտը նմանվել հանգած մոխրի: Չէ որ, նա, ով նստած է այժմ իմ առջև, նա չէ, ով նստած էր այստեղ նախկինում:

–Դու լավ ասացիր, Յան, – պատասխանեց Ցզի-Ցին: – Այսօր ես թաղել եմ ինձ: Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ է դա: Դու հավանաբար լսել ես մարդու սրինգը, սակայն դեռևս չես լսել Երկրի սրինգը: Եվ եթե նույնիսկ դու ունկնդրել ես Երկրի սրինգը, դու դեռ չես լսել Երկնքի սրինգը:

–Թույլ տվեք հարցնել այդ մասին, – ասաց Յանչեն Յանը:

–Մեծ Գուղձը քամի կոչվող օդ է արտաշնչում: Ի սկզբանե անշարժ, անգործունյա է նա: Բայց բավական է, որ սկսի շարժվել, և իսկույն կխռովվեն, կհնչեն ամենայն եղանակներով բնության անթիվ անցքերը: Մի՞թե դու չես լսել այդ որոտալից երգեցողությունը: Լեռների խոյացող կատարները, հարյուր գրկաչափ վիթխարի ծառերի փչակները` ինչպես քիթ, բերան և ականջներ, ինչպես կժի բերան, ինչպես գինու գավ, ինչպես սանդ, հորձանուտ կամ ջրափոս: Կլցնի դրանք քամին, և նրանք կոռնան, կճչան, կմռնչան, կփոթորկեն, կհաչեն: Զորավոր ծառերը ահեղ են աղմկում` ուուո˜ւ: Իսկ մատղաշ ծառերը խղճալի արձագանքում են նրանց` աաա˜: Թույլ քամու դեպքում` ներդաշնակությունը փոքր է, սաստիկ քամու դեպքում` ներդաշնակությունը մեծ է: Բայց կհանդարտի մրրիկը և բոլոր անցքերը կսսկվեն: Այդպես չե՞ն արդյոք օրորվում և աղմկում քամու տակ ծառերը:

–Նշանակում է, Երկրի սրինգը` երկրային անցքերի ողջ բազմազանությունն է: Մարդու սրինգը` սնամեջ եղեգնյա փող է ծակերով: Հապա ի՞նչ է Երկնքի սրինգը:

–Տասը հազար տարբեր ձայներ: Սակայն ո՞վ է թույլատրում նրանց ամենքին լինել այնպիսին, ինչպիսին կան, և երգել այնպես, ինչպես երգվում է.

Մեծ գիտելիքն ամենայն ինչ ընդգրկում է:

Փոքր գիտելիքը փնտրում է ինչին իրեն կցի:

Մեծ խոսքը կանչում է ու կանչում:

Փոքր խոսքը զրնգում է ու զրնգում:

Քնածների հոգիները հաղորդակցվում են միմյանց հետ:

Արթնացածների զգացմունքները բացվում են աշխարհին:

Իսկ նա, ով կապված է աշխարհին, սիրտն օրնիբուն տրոփում է թակարդում:

Ոմանք մտաց մեջ դանդաղկոտ են, մյուսները` ծածկամիտ, այլք` հնարամիտ:

Եթե փոքր ահ է` կորցնում են հանգստությունը:

Եթե մեծ ահ է` գլուխն են կորցնում:

«Ասես աղեղից նետ են արձակում» – այսպես են ասում նրանց մասին, ովքեր ճշմարտության և ստի սահմանումն են փնտրում:

«Ասես հանդիսավոր երդմամբ կապված», – այսպես են ասում անհողդողդ վիճասերների մասին:

«Ասես աշնանը թորշոմող այգի»` այդպիսին է ճշմարտությունը, որից համառորեն կառչում են: Շարժումը կանգ է առել, ասես ակունքը խցանված է` այսպես է զառամում ամենայն կենդանություն:

Եվ անխուսափ մահվան ժամին այլևս չես վերադարձնի երբեմնի երիտասարդությունը: Ուրախությունն ու զայրույթը, տրտմությունն ու զվարճանքը, հույսերն ու զղջանքը, փոփոխություններն ու մշտակայությունը, հանդուգն մտահղացումները և ինքնակամ արարքները, հուսահատ ամբարտավանությունը և ճարտարամիտ պաշտպանությունը` ինչպես դատարկությունից կորզված երաժշտություն, ինչպես գոլորշիներից գոյացող սունկեր, ինչպես մեր հայացքի առջև միմյանց փոխարինող տիվ ու գիշեր: Եվ անհայտ է, թե որտեղի՞ց է այդ ամենը: Սակայն բավ է: Բավ է: Արշալույսների-մայրամուտների         հերթագայության մեջ տրվում է մեզ այս. արդյոք այստեղի՞ց չի առաջանում ամենայն գոյն աշխարհում:

Եթե չլիներ «ուրիշը», չէր լինի և իմ «եսը», իսկ եթե չլիներ իմ «եսը», ինչ-որ բան որոշելու անհրաժեշտությունը չէր լինի: Թվում է, այստեղ մենք հեռու չենք ճշմարտությունից, սակայն դեռևս չգիտենք, թե որտեղից են գալիս մեր մտքերը: Ոնց որ թե կա ճշմարիտ տեր, սակայն անկարելի է զանազանել նրա նախանշանները: Նրա արածներին չի կարելի չվստահել, բայց անհնար է տեսնել նրա կերպարանքը: Դա ինչ-որ էական բան է իմ ներսում, բայց այն անկերպարան է:

Հարյուրավոր ոսկորներ, ինն անցքեր և վեց ներքին օրգաններ` դրանք բոլորը առկա են իմ մեջ, սակայն ի՞նչն է դրանցից ինձ ավելի մոտ: Արդյո՞ք դրանք բոլորն ինձ հավասարապես դուր են գալիս, թե՞ ինչ-որ օրգանի ես նախապատվություն եմ տալիս: Կառավարո՞ւմ է արդյոք այդ օրգանը մնացյալ բոլորին, որոնք ասես թե նրա սպասավորները լինեն: Իսկ կարո՞ղ է, մեր մարմնի օրգանները անկարող են իրար կառավարել և փոխարինում են միմյանց տիրակալի և ծառայի դերում: Թե՞ համենայն դեպս նրանք ունեն մի ճշմարիտ տիրակալ: Բայց եթե մենք նույնիսկ ճանաչենք այդ տիրակալին, ոչինչ չենք կարողանա հավելել նրա իսկությանը, ոչ էլ խլել նրանից:

Մեր մարմինն արդեն պատրաստի տրված է մեզ. մի անգամ մենք հայտնաբերում ենք նրա ներկայությունը և չենք կարող նրանից ազատվել, մինչև որ այն վերջնականապես չզառամի ու չմաշվի: Հանգիստ չգտնելով` մենք լողում ենք կյանքի փոթորկուն ջրերով, ասես վարգող նժույգ անկասելիորեն ձգտելով, համընդհանուր վախճանի: Ի˜նչ տխուր է այդ: Մենք ողջ կյանքը պարտասում ենք անպտուղ ջանքերով, անընդմեջ հոգսերով և աշխատանքներով օրեր ենք անցկացնում և նույնիսկ չգիտենք, թե ինչու է մեզ այդպիսի ճակատագիր բաժին ընկել: Ինչ դառն է այդ: Ինչո՞ւ համար խոսել անմահության մասին, եթե մեր մարմինը վաղ թե ուշ փոշու կվերածվի, իսկ նրա հետ կանհետանա և գիտակցությո՞ւնը: Ահա իսկապես մեծագույնը մարդկային տրտմություններից:

Մի՞թե մարդու կյանքն իրոք այդքան անմիտ է: Թե՞ միայն ես եմ այդքան անխոհեմ, և կա ինձանից խելամիտը: Եթե մարդիկ հետևեն իրենց ձևավորված կարծիքին, ինչպես դաստիարակի, մարդկանց մեջ ո՞վ չի ունենա դաստիարակ: Մի՞թե սեփական կարծիք կարող է ունենալ սոսկ նա, ով հասկանում է, թե աշխարհում ինչ է կատարվում: Չէ՞ որ սեփական կարծիք ունեցողները բավականաչափ են նաև տգետների մեջ: Խորհրդածել ճշմարտության և ստի մասին, մինչ կհայտնվի նրանց բնության պարզ ըմբռնումը` նույնն է, թե «ուղևորվես Յուէ այսօր, իսկ ժամանես երեկ»: Դա նշանակում է եղած համարել այն, ինչը գոյություն չունի: Իսկ ինչպես չգոյողը գոյող դարձնել, չգիտեր նույնիսկ մեծն Յույը: Ինձ առավել ևս տրված չէ դա իմանալ:

Խոսքը պարզապես օդի արտաշնչում չէ: Խոսողն ասելիք ունի, սակայն այն, ինչի մասին նա խոսում է, միանգամայն անորոշ է: Արդյո՞ք մենք ինչ-որ բան ասում ենք: Թե՞ իրականում ոչինչ չենք ասում: Բոլորը կարծում են, թե մարդկային խոսքը ճնճուղի ծլվլոցից տարբերվում է: Արդյոք կա՞ այդտեղ տարբերություն: Թե՞ չկա: Ինչո՞ւ է այդքան աղոտ Ճանապարհը, եթե կա ճշմարիտ և սուտ: Ինչո՞ւ է այդքան անորոշ խոսքը, եթե գոյություն ունի հաստատում և ժխտում: Ուր էլ մենք ուղևորվենք, ինչպես կարող ենք ընթանալ առանց Ճանապարհ ունենալու: Ինչպե՞ս կարող ենք խորհրդածել ինչ-որ բանի մասին, որը չի կարող լինել:

Ճանապարհից շեղում են չնչին նվաճումները, իսկ ճարտարամիտ դատողությունները թաքցնում են բառերի իմաստը: Եվ ահա        արդեն հայտնվում է «ճիշտն» ու «սխալը», որոնց մասին դատում են Կոնֆուցիոսի և Մո Դիի հետևորդները, և այն, որ ոմանք ճշմարտություն են ազդարարում, այլք` իսպառ ժխտում են: Սակայն փոխանակ ընդունես այն, ինչը նրանք ժխտում են, և ժխտես այն, ինչը նրանք հռչակում են, ավելի լավ է հասնել մտքի պայծառության:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել…