Ռուբիկոն

Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ամեն բան աշխարհում «այն է» և ամեն բան աշխարհում «այս է»: Ամեն ոք գիտե այն, ինչը հասու է իրեն, և չի տեսնում այն, ինչը հասու է մյուսին: Ահա թե ինչու է ասվում. «Այն ծնվում է սրանից, իսկ այս համապատասխանեցվում է այնին»: Այդ պատճառով էլ հաստատում են, որ «այս» և «այն» հայտնվում են միաժամանակ: Հետևաբար «ծնվելիս մենք մահանում ենք», հնարավորը անհնար է, իսկ անհնարը` հնարավոր, «այո» ասելիս մենք «ոչ» ենք ասում, իսկ «ոչ» ասելիս ասում ենք «այո»: Այդու իմաստունը չի անում այդ տարբերակումները, այլ նայում է աշխարհիս ամեն ինչին երկնային լույսի ներքո և հետևում է սոսկ դրան:

Ամենայն «այս» նաև «այն» է, իսկ ամենայն «այն» նաև «այս» է: Այնտեղ ասում են «այսպես» և «ոչ այսպես»` ունենալով իրենց հայեցակետը, և այստեղ են ասում «այսպես» և «ոչ այսպես»` նույնպես ունենալով իրենց հայեցակետը: Բայց իրականում գոյություն ունի՞ արդյոք «այս» և «այն»: Թե՞ իրականում չկա ոչ «այս», ոչ «այն»: Այնտեղ, ուր «այս» և «այն»          դեռևս   միմյանց չեն դիմակայում, գտնվում է Ճանապարհի Առանցքը: Ըմբռնելով այդ առանցքը համաշխարհային շրջապտույտի կենտրոնակետում, ձեռք ենք բերում աշխարհի անսպառ փոխակերպություններին համապատասխանեցվելու ունակություն: Այդ կետում մեր «այո»-ն թափանցում է ողջ գոյը մինչև անվերջություն, և մեր «ոչ»-ը նույնպես թափանցում է ողջ գոյը մինչև անվերջություն: Ահա թե ինչու է ասված. չկա առավել լավ բան, քան պայծառացման գալը:

Փոխանակ մատը որպես օրինակ վերցնելով ապացուցել, թե «մատը մատ չէ», ավելի լավ է ապացուցել, թե մատը մատ չէ` որպես օրինակ վերցնելով ոչ- մատը: Փոխանակ ձիուն օրինակ վերցնելով ապացուցել, թե «ձին ձի չէ», ավելի լավ է ապացուցել, թե ձին ձի չէ` օրինակ բերելով ոչ-ձին: Երկինքն ու Երկիրը մեկ մատ է, իրերի ողջ բազմությունը` մեկ նժույգ:

Իրերը հնարավոր են դառնում, երբ ասում են, թե նրանք հնարավոր են: Իրերն անհնար են դառնում, երբ ասում են, թե նրանք անհնար են: Ճանապարհը հայտնվում է, երբ այն բանուկ են դարձնում մարդիկ: Իրերը դառնում են այնպիսին, ինչպիսին կան, երբ նրանց անվանում են: Սակայն ինչպիսին են նրանք: Նրանք այսպիսին են, քանզի այսպիսին համարվում են: Ինչո՞ւ նրանք այսպիսին չեն: Նրանք այսպիսին չեն, քանզի այսպիսին չեն համարվում:

Սակայն բոլոր իրերի մեջ կա ինչ-որ բան, որ ինքնին այդպիսին է: Բոլոր իրերի մեջ կա ինչ-որ բան, որ ինքնին հնարավոր է: Չկա իր, որի մեջ չլինի այն, որ ինքնին այդպիսին է և ինքնին հնարավոր է:

Այդու, եթե մեկը կամայաբար հակադրում է խոտի շյուղը սյանը, իսկ բորոտին` գեղեցկուհի Սիշիին և խորհրդածում է պատվի և խարդավանքի, ստորի և հրաշալիի մասին, ապա Ճանապարհն այդ ամենն ի մի է բերում: Նրանում ամենայն բաժանում ստեղծագործում է, իսկ ստեղծագործումը` կործանում: Քանզի բոլոր իրերը` ծնվող և կործանվող, փոխթափանցում են և ի մի են գալիս:

Լոկ մարդը, որ հասել է գերագույն ընկալման, գիտե, որ կա ինչ-որ բան, որ ամենայն ինչ թափանցում է և ամեն բան ի մի է բերում: Նա դատողություններից օգուտ չի քաղում, այլ ապրում է ամենաառօրեկանով: Ինչն առօրեական է, օգտակար է, ինչ օգտակար է, ամենուր է. իսկ այն, ինչ ամենուր է, միշտ հասանելի է: Ձեռք բերելով այն, ինչը միշտ հասանելի է, մենք արդեն լիովին մոտ ենք ճշմարտությանը: Հետևենք դրան` և ոչ ավելին: Ապրել այդպես և չիմանալ, թե ինչու ես այդպես ապրում, դա էլ հենց նշանակում է կենալ Ճանապարհին: Փորձել ըմբռնել Միասնականը և չիմանալ, թե ամենայնը միասնական է, կոչվում է «լուսադեմին երեքը»: Ի՞նչ է «լուսադեմին երեքը»: Կար-չկար մի մարդ, որ կապիկներ էր պահում. այդ մարդը մի անգամ իր կապիկներին ասաց. «Առավոտյան ձեզ երեք կաղին կտամ, իսկ երեկոյան` չորս»: Կապիկները բարկացան: Այնժամ նա ասաց. «Լավ, ես ձեզ առավոտյան չորս կաղին կտամ, իսկ երեկոյան` երեք»: Եվ կապիկները ուրախացան: Ահա այսպես այդ մարդը կապիկների վարքից իմացավ, թե ինչպես է պետք գործել` չխաթարելով գործի ո՛չ ձևը և ո՛չ էլ էությունը: Նա նույնպես, ինչպես ասվում է, «հետևում էր այն բանին, ինչը կար»:

Այսպիսով, իմաստունը համաձայնության է բերում հաստատումն ու ժխտումը և կենում է Երկնային Շրջանի կենտրոնում: Դա կոչվում է «ընթանալ երկու ճանապարհներով»:

Հին մարդիկ իրենց գիտելիքներում հասան սահմանի: Եվ ինչի՞ նրանք հասան: Նրանք գիտեին, որ ի սկզբանե իրերը գոյություն չունեն` ահա սահմանը, ահա իմաստի ողջ անհունը, և դրան հավելելու ոչինչ չկա: Նրանք, որ գնում էին դրանց ետևից, համարում էին, որ իրերը գոյություն ունեն, բայց նրանց միջև սահման չկա: Նրանք, որ գնում էին նրանց ետևից, համարում էին, որ իրերի միջև սահման կա, սակայն որևէ իր չի կարող լինել «այս» կամ «այն»: «Այսի» և «այնի» հակադրությունը` ահա Ճանապարհի թաքուցման պատճառը: Իսկ երբ Ճանապարհին վնաս է հասցվում, սիրային կապվածություն է առաջանում: Իրո՞ք աշխարհում Ճանապարհին վնաս է հասցվել և սիրային կապվածություն է առաջացել, թե՞ այդ ամենը չի եղել: Երբ Չժաո Վենը նվագում էր իր ցիտրան, դա նշանակում էր Ճանապարհին վնաս հասցնել և սիրային կապվածության առաջացնել: Իսկ երբ Չժաո Վենի ցիտրան լռում էր, Ճանապարհը վնաս չէր կրում և սիրային կապվածություն չէր առաջանում: Երբ Չժաո Վենը ցիտրա էր նվագում, վարպետ Կուանը գավազանով տակտ էր խփում, իսկ Խուեյ-ցզին կռթնում էր սեղանին. ի՞նչ գիտելիքների էին տիրապետում այդ երեքը: Նրանցից յուրաքանչյուրի գիտելիքը կատարյալ էր, դրա համար էլ նրանց մասին ավանդությունները հասել են մինչև մեր օրերը: Սակայն նրանցից յուրաքանչյուրն իր հակումներով տարբերվում էր մյուսներից և, ընդսմին, աշխատում էր բացատրել լոկ այն, ինչի հանդեպ ինքն հակում ուներ, այդ պատճառով լռում էր այլ հայեցակետերի մասին: Ահա թե ինչու նրանք ավարտեցին «կարծրության» և «ճերմակության» մասին անպետք վեճերով, իսկ Չժաո Վենի որդին մնաց սոսկ հոր ցիտրայի տերը` չկարողանալով բարձունքի հասնել երաժշտության մեջ… Ահա թե ինչու իսկապես իմաստունը քամահրում է խարդախ խոսքի փայլը: Նա չի կառչում ինքնարար ճշմարտություններից, այլ թողնում է բոլոր իրերը իրենց սովորական տեղում: Ահա հենց սա էլ կոչվում է «լուսավորել իրերը ոգու պայծառացմամբ»:

Ենթադրենք, կա դատողություն ինչ-որ բանի մասին, և ես չգիտեմ, ինչպես դատեմ դրա մասին. «ճշմարի՞տ» է այն, թե՞ «ոչ ճշմարիտ»: Բայց ինչպիսին էլ այն լինի, եթե մենք միավորենք «ճշմարիտն» ու «ոչ ճշմարիտը» մի կարգի մեջ, կանհետանա ամենայն տարբերություն այլ դատողությունից: Օգտվեմ մի օրինակից: Ենթադրենք, կա «սկիզբ» և կա «այն, ինչը դեռ չի սկսել սկիզբ լինել»: Այդժամ կա «այն, ինչը դեռ չի սկսել դառնալ այն, ինչը դեռ չի սկսել սկիզբ լինել»: Ենթադրենք, կա «գոյություն» և կա «անգոյություն»: Այդժամ կա «այն, որը դեռևս գոյություն չէ», և կա «այն, որը դեռևս այն չէ, որը դեռևս գոյություն չէ»: Հանկարծ մենք հանգում ենք անգոյի գոյին և չենք կարողանում հասկանալ, թե իրականում ինչ կա` «գոյությո՞ւնը», թե՞ «անգոյությունը»: Իսկ ինչ ինձ է վերաբերում, ապա ես, անշուշտ ինչ-որ բան ասացի, բայց այդպես էլ չգիտեմ, ի վերջո ասացի ինչ-որ բա՞ն, թե՞ իրականում ոչինչ էլ չասացի: Ողջ աշխարհում չկա ավելի մեծ բան, քան աշնանային սարդոստայնի ծայրը, իսկ վիթխարի լեռ Տայշանը փոքր է: Ոչ ոք մանուկ հասակում մահացածից երկար չի ապրել, իսկ Պենցզուն մահացավ պատանի հասակում: Երկինքն ու Երկիրն ապրում են ինձ հետ: Իրերի ողջ բազմությունն ինձ հետ ամբողջություն է կազմում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել…