Ռուբիկոն

Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եվ եթե մենք ամբողջություն ենք կազմում` այստեղ էլ ի՞նչ կարելի է ասել: Բայց եթե մենք խոսենք մի բանի մասին, հնարավո՞ր է արդյոք առանց խոսքերի: Միասնականը և բառերը նրա մասին կազմում են երկուսը, իսկ երկուսն ու մեկը կազմում են երեքը: Սկսելով այստեղից` նույնիսկ ամենահմուտ հաշվետարը չի հասնի թվերի վերջին, էլ ի՞նչ ասենք սովորական մարդու մասին: Նույնիսկ ընթանալով չգոյողից առ գոյողը` մենք պետք է մինչև երեքը հաշվենք: Իսկ ի՞նչ ասենք, եթե գանք գոյողից դեպի գոյողը: Սակայն չենք անի այդ: Հետևենք դրան` և ոչ ավելին:

Ճանապարհն ի սկզբանե սահմաններ չունի, բառերն ի սկզբանե չունեն սահմանված իմաստ: Միայն երբ մենք կառչում ենք մեր մոգոնած ճշմարտություններից, հայտնվում են սահմանափակումները: Փորձեմ ասել այդ սահմանափակումների մասին. գոյություն ունի ձախը և գոյություն ունի աջը, գոյություն ունեն պատշաճություններ և գոյություն ունի պարտակա- նություն, գոյություն ունի սահմանում և գոյություն ունի մեկնություն, գոյություն ունեն վեճ և բախում: Այդ ամենը կոչում են ութ արժանիքներ: Այն, ինչ կենում է տիեզերքից անդին, իմաստունն ընդունում է և այդ մասին չի խոսում: Այն մասին, ինչ կենում է տիեզերքի սահմաններում, իմաստունը խոսում է, բայց եզրահանգումներ չի անում: Ինչ վերաբերում է երբեմնի արքաներին, որոնց մասին հիշատակում են տարեգրությունները, իմաստունը դատողություններ է անում, բայց դրանց բացատրություն չի փնտրում: Հիրավի, ամեն մի սահմանման մեջ ինչ-որ անսահմանելի բան կա, ամեն մի ապացույցի մեջ` ինչ-որ անապացուցելի բան: Ինչո՞ւ է դա այդպես: Իմաստունը պահպանում է ճշմարտությունն իր ներսում, իսկ սովորական մարդիկ վեճեր են մղում, որպեսզի պարծենան իրենց գիտելիքներով: Ահա թե ինչու է ասվում. «Վեճի մեջ ինչ-որ բան կա, որ վիճողները չեն նկատում»:

Մեծ Ճանապարհն անմեկնելի է:

Մեծ ապացույցը չունի հաստատումներ:

Մեծ մարդկայնությունն անմարդկային է:

Մեծ ազնվությունը պատշաճություններ չի պահպանում:

Մեծ խիզախությունը անվեհերությամբ չի բոցավառվում:

Իրեն դրսևորող Ճանապարհը դադարում է Ճանապարհ լինելուց: Խոսքը, որ բառ է դառնում, ճշմարտություն չի արտահայտում: Մարդկայնությունը, որը մշտապես բարի է, բարիք չի գործի: Ցուցադրական ազնվությունը հավատ չի ներշնչում: Արիությունն առանց զգուշավորության հաղթանակ չի բերում: Բոլոր այդ հինգ բաները կլորաձև են և շրջահոսուն, ինչպես գունդը, սակայն կարող են հանկարծ ձեռք բերել սուր անկյուններ:

Գիտենալ, թե ինչպես կանգ առնել չիմացյալի վրա` ահա՛ կատարելությունը: Արդյոք ո՞վ գիտե անխոս ապացույցը և անմեկնելի Ճանապարհը: Դա էլ հենց կա, եթե որևէ մեկն ունակ է այդ ըմբռնել` Երկնային Գանձարանը: Հավելիր նրան, և այն չի լցվի: Վերցրու նրանից, և այն չի նվազի, և անհայտ է, թե ինչու է այդպես: Սույնը կոչվում է թաքուցյալ լույս: Վաղնջական ժամանակներում արքա Յաոն հարցրեց Շունին. «Ես ուզում եմ հարձակվել Ցզուն, Կուայ և Սյուաո կալվածքների վրա: Բայց ահա գահին բազմած, դեմքս հարավ դարձրած, ես չեմ կարողանում խռովքս զսպել: Ինչո՞ւ է այդպես»:

Շունը պատասխանեց. «Այդ «երեք իշխանները» ասես թաքնվել են թավ խոտի մեջ: Ուրեմն ինչո՞ւ դուք, տեր, այդքան խռովահույզ եք, որ չեք հանդգնում արշավել: Հնում երկնակամարում մի անգամ հայտնվեց տասը արև, և ողջ գոյողն աշխարհում լուսավորվել էր պայծառ ճառառաքումով: Առավել ևս դա հասու է ձեզ, ում առաքինությունները շողում են արեգակից պայծառ»:

Անատամն հարցրեց Վան Նիին. «Գիտե՞ք արդյոք, ինչով են բոլոր իրերը միանման»:

«Ինչպե՞ս կարող եմ իմանալ», – պատասխանեց Վան Նին:

«Արդյոք գիտե՞ք այն, ինչը չգիտեք»:

«Ինչպե՞ս կարող եմ իմանալ»:

«Ուրեմն ոչ ոք ոչինչ չգիտե՞»:

«Ես ինչպե՞ս կարող եմ դա իմանալ: Թեպետ կփորձեմ բացատրել. դուք ի՞նչ գիտեք, որ ինչ-որ բան, որը ես գիտելիք եմ կոչում, անգիտություն չէ: Եվ ի՞նչ գիտեք, որ ինչ-որ բան, որ անգիտություն եմ կոչում, իրականում գիտելիք չէ: Այժմ թույլ տվեք հարցնել. եթե մարդ գիշերի խոնավ հողի վրա, նրա գոտկատեղը կցավի և մարմնի կեսը կբռնվի: Իսկ ահա՛ այդպիսի բան կպատահի՞ արդյոք որմզդեղնին: Եթե մարդ բնակվի ծառի վրա, նա մշտապես ահից կդողա, իսկ արդյո՞ք այդպես կզգա իրեն կապիկը: Ուրեմն այդ երեքից ո՞վ գիտե արդյոք, թե որտեղ է առավել լավ ապրելը: Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին: Այս չորսից ո՞ւմ է արդյոք հայտնի սննդի ճշմարիտ համը: Կապիկներն ամուսնանում են կապիկների հետ, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների հետ, օձաձկները խաղում են ձկնիկների հետ: Մաո Ցյանը և տիրուհի Լին առաջնակարգ գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց, իսկույն դեպի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց, կսլանային երկինք: Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, ապա վախից անտառ կփախչեին: Ուրեմն նրանցից ո՞վ արդյոք գիտե, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը: Իմ ընկալմամբ բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության և ստի մասին խճողված են և անորոշ: Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»:

Անատամը հարցրեց. «Եթե դուք չեք կարող տարբերել օգուտը վնասից, ապա կատարյալ մարդն անշուշտ գիտի այդ տարբերությունը, այդպես չէ՞ արդյոք»:

Վան Նին պատասխանեց. «Կատարյալ մարդն ապրում է հոգևորով: Եթե նույնիսկ բռնկվեն մեծ ճահիճները, նա տապը չի զգա: Եթե նույնիսկ սառչեն մեծ գետերը, նա ցուրտը չի զգա: Եթե նույնիսկ կայծակները կիսեն մեծ լեռները, մրրիկները ծովի ալիքները հասցնեն երկինք, նա չի ենթարկվի ահին: Այդպիսի մարդը ճամփորդում է ամպերի և մշուշների հետ, ընթանում է արեգակն ու լուսինը հեծած և իր դեգերումներում սլանում է չորս ծովերից անդին: Ո՛չ կյանքը, ո՛չ մահը ոչինչ չեն փոխում նրանում, առավել ևս մտածումները օգուտի և վնասի մասին»: Ցյույցյաո-ցզին հարցրեց Չանու-ցզիին. «Ես լսել եմ Կոնֆուցիոսից, որ իմաստունն աշխարհիկ գործերով իրեն չի ծանրաբեռնում. շահ չի փնտրում, չի աշխատում խուսափել զրկանքներից, ոչնչի չի ձգտում և նույնիսկ չի կառչում Ճանապարհից: Երբեմն նա լռում է և ամեն ինչ ասում է, երբեմն խոսում է և ոչինչ չի ասում: Այսպես նա ճամփորդում է փոշու և կեղտի աշխարհի սահմաններից անդին: Կոնֆուցիոսը համարում էր, որ այդ ամենը խելացնոր խոսքեր են, իսկ ես կարծում եմ, որ այդպես են պահում իրենց թաքուցյալ ուղին ըմբռնած այրերը: Իսկ դուք ի՞նչ եք մտածում»:

Չանու-ցզին պատասխանեց. «Այդպիսի զրույցներ լսելով` կտարակուսեր նույնիսկ Դեղին Տիրակալը, մի՞թե դա կարող էր հասկանալ Կոնֆուցիոսը: Եվ ի դեպ, քո դատողություններում դու չափազանց արագընթաց ես: Տեսնում ես ձուն և արդեն կամենում ես լսել աքլորականչը, տեսնում ես աղեղը և կամենում ես, որ քեզ տապակած թռչնամիս մատուցեն: Ի դեպ, ես քեզ ինչ-որ բան անլուրջ կպատմեմ, դե դու էլ անլուրջ լսիր, լա՞վ:

Ունա՞կ է որևէ մեկը կենալու արեգակի և լուսնի կողքին, գիրկն առնելու տիեզերքը, ապրելու միաժամանակ ամենայն գոյի հետ, ընդունելու այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում, և տարբերություն չտեսնելու ստոր և վսեմ մարդկանց միջև: Սովորական մարդիկ օրնիբուն տքնում են: Իսկ իմաստունը գործում է առանց դատելու, և նրա համար տասը հազար տարին նման է մի ակնթարթի: Նրա համար բոլոր բաներն աշխարհում գոյում են ինքնին և իրենց մեջ միմյանց տեղավորում են: Ես ի՞նչ իմանամ, որ կապվածությունը կյանքին խաբեություն չէ: Կարո՞ղ եմ արդյոք համոզված լինել, որ մահվանից զարհուրող մարդը նման չէ նրան, ով լքել է իր տունը և վախենում է վերադառնալ այնտեղ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վերջին բաների մասին Օտտո Վայնինգեր Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել…