Թե ինչպես է ամենայն ինչ աշխարհում հավասարեցվում
Գեղեցկուհի Լին Այ կալվածքի սահմանապահի դուստրն էր: Երբ տիրակալ Ցզին առևանգեց նրան, նա այնպես էր հեծկլտում, որ նրա զգեստի թևքերը արցունքներից տամկացել էին: Սակայն երբ նա բնակվեց տիրակալի պալատում, կենակցեց նրա հետ և համտեսեց թանկարժեք կերակուրները, փոշմանեց, որ տրտմել էր առաջ: Ուրեմն ես ի՞նչ իմանամ, չի՞ զղջում արդյոք մեռյալը, որ առաջ աղոթում էր իր կյանքի հարատևության համար:
Ինչ-որ մեկը երազում գինի է ըմպում, իսկ արթնանալով արցունք է թափում:
Ինչ-որ մեկը երազում արցունք է թափում, իսկ արթնանալով որսի է գնում:
Երբ մենք երազում ինչ-որ բան ենք տեսնում, չգիտենք, որ երազ ենք տեսնում: Երազում մենք նույնիսկ կարող ենք գուշակել ըստ մեր երազի և լոկ արթնանալիս ենք իմանում, որ դա սոսկ երազ էր: Սակայն կա նաև մեծ արթնություն, որից հետո իմանում ես, որ աշխարհում կա մեծ երազը: Իսկ տխմարները կարծում են, թե իրենք արթուն են և ճշտիվ գիտեն, թե ով է աշխարհում արքա, իսկ ով` հովիվ: Ախ, որքա˜ն բութ են նրանք: Ե՛վ դուք, և՛ Կոնֆուցիոսը սոսկ երազ եք, և այն, որ ես ձեզ երազ եմ կոչում, նույնպես երազ է: Այսպիսի զրույցները խորհրդավոր են թվում, բայց եթե հազարավոր սերունդներ անցնեն, հանկարծ կհայտնվի մեծն իմաստունը, որ հասկանում է դրանց իմաստը, նրա համար ժամանակների ողջ հավերժությունը կցոլա մեկ օրվա պես»:
Ենթադրենք, մենք քեզ հետ վեճ սարքեցինք, և դու հաղթեցիր ինձ, և ես չկարողացա քեզ վիճախեղդ անել, արդյո՞ք դա նշանակում է, որ դու իրոք ճիշտ ես, իսկ ես իրականում` ոչ: Իսկ եթե ես քեզ հաղթեցի, իսկ դու չկարողացար ինձ վիճախեղդ անել, արդյո՞ք դա նշանակում է, որ ճիշտ եմ հատկապես ես, իսկ դու ճիշտ չես: Արդյո՞ք պարտադիր է, որ որևէ մեկը մեզանից ճիշտ լինի, իսկ ինչ-որ մեկը` սխալ: Թե՞ մենք երկուսս էլ կարող ենք ճիշտ լինել և երկուսս էլ սխալ: Եվ եթե մենք ինքներս չենք կարող որոշել, թե ով է մեզանից ճիշտ, իսկ ով` ոչ, ապա այլք չեն կարող դա անել մեր փոխարեն: Ապա ո՞վ պետք է մեզ դատի: Եթե գա որևէ մեկը, որ կհամաձայնվի քեզ հետ, ինչպե՞ս կարող է նա մեզ դատել: Իսկ եթե մի երրորդը համաձայնի ինձ հետ, ապա նա էլ չի կարող մեզ դատել: Իսկ եթե, վերջապես կանչենք մեկին, որը համաձայն չէ ո՛չ ինձ հետ և ո՛չ էլ քեզ հետ, մենք նորից չենք կարողանա իմանալ, թե որտեղ է ճշմարտությունը: Բանից դուրս է գալիս, որ ո՛չ ես, ո՛չ դու և ո՛չ էլ այլ ոք, չենք կարող հաստատել համընդհանուր ճշմարտություն: Ապա ուրեմն ո՞ւմ ապավինենք:
Աշխարհի փոփոխական ձայները այնքան են կախված միմյանցից, որքան որ կախում չունեն իրարից: Հարկ է դրանք հավասարակշռության բերել Երկնքի հեսանաքարի վրա: Հետևենք ուրեմն կյանքի ազատ հոսքին և մինչև վերջ սպառենք մեր երկրային ժամկետը: Սակայն ի՞նչ է նշանակում «ինչ-որ բան հավասարակշռության բերել Երկնքի հեսանաքարի վրա»: Կպատասխանեմ. «ճշմարիտը» նաև «անճշմարիտն» է, «ճիշտը» նաև «անճիշտն» է: Եթե ճշմարտությունը իրոք ճշմարտություն է, այն տարբերվում է անճշմարիտից, և այդտեղ վիճելու բան չկա: Եթե ճիշտը իրոք ճիշտ է, այն տարբերվում է անճշտից, և այստեղ ևս վիճելու բան չկա: Մոռանանք մեր հոգսերի մասին, մոռանանք մեր պարտականությունների մասին, ձեռք բերենք անսահմանություն և հավերժորեն կենանք այնտեղ:
Կիսաստվերը հարցրեց Ստվերին. «Առաջ դու շարժվում էիր, այժմ կանգնած ես տեղում, առաջ դու նստած էիր, իսկ այժմ` կանգնած: Ինչի՞ց է այդ անկայունությունը»:
Ստվերը պատասխանեց. «Արդյո՞ք ես պետք է ինչ-որ բանից կախված լինեմ: Չէ՞ որ այն, ինչից ես պետք է կախված լինեմ, նույնպես պետք է ինչ-որ բանից կախված լինի: Իսկ գուցե ես կախում ունեմ օձի կաշվից կամ պստլիկ ճպուռի թևիկից: Ի՞նչ իմանամ, ինչո՞ւ է ամեն ինչ այդպես պատահում և ոչ այլ կերպ:
Մի անգամ ես` Չժուան Չժոուս, երազում տեսա, թե թիթեռ եմ, ուրախ թիթեռ, որ ճախրում էր ծաղկանց մեջ իր հաճույքի համար և ամենևին չգիտեր, որ ինքը Չժուան Չժոուն է: Այդ պահին ես զարթնեցի ու տեսա, որ ես Չժուան Չժոուն եմ: Եվ ես չէի կարողանում հասկանալ, արդյոք ես Չժուան Չժոո՞ւն եմ, որ երազում տեսավ, թե ինքը թիթեռ է, թե՞ թիթեռն եմ, որ երազում տեսավ, թե ինքը Չժուան Չժոուն է: Սակայն Չժուան Չժոուի և թիթեռի միջև պետք է որ տարբերություն լինի: Ահա թե ինչ է իրերի կերպափոխությունը:
Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի
«Чжуан-Цзи. Новый перевод В. В. Малявина, М. 2002