Ռուբիկոն

Նյութեր «Ideas and Opinions» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսպիսով, եթե փորձը իրական աշխարհի մասին մեր ողջ գիտելիքների ալֆան ու օմեգան է, ապա ո՞րն է գիտության մեջ մաքուր տրամաբանության դերը։ Տեսական ֆիզիկայի ամբողջական համակարգը կազմված է սկզբունքներից, հիմնարար դրույթներից, որոնք ըստ ենթադրության, տեղի ունեն այդ սկզբունք­ների պայմաններում, և եզրահանգումներից, որոնց հանգում են տրամաբանական դատողությունների արդյունքում։ Այս եզրահանգումներն են, որ պետք է համապատասխանեն մեր ունեցած անկախ փորձին, յուրաքանչյուր տեսական աշխատության մեջ դրանց հանգումը զբաղեցնում է համարյա ամբողջ գիրքը։ Սա հենց այն է, ինչին հանդիպում ենք էվկլիդեսյան երկրաչափության մեջ, բացի նրանից, որ այնտեղ հիմնական օրենքները կոչվում են աքսիոմ­ներ և խնդիր չկա եզրահանգումները համապատասխանեցնելու որևէ կարգի փորձի։ Սակայն եթե էվկլիդեսյան երկրաչափությունը դիտվի որպես տարա­ծության մեջ գործնականորեն պինդ մարմինների հնարավոր փոխհարաբերությունների գիտություն, այլ խոսքերով ասած՝ այն դիտվի որպես ֆիզիկա­կան գիտություն, առանց վերանալու նրա սկզբնա­կան փորձարարական բովանդակությունից, ապա երկրաչափության և տեսական ֆիզիկայի միջև տրա­մաբանական համապատասխանությունը դառնում է լիակատար։

Այսպիսով, ֆիզիկայի տեսական համակարգում մա­քուր տրամաբանությանը և փորձին հատկացրեցինք իրենց համապատասխան տեղերը։ Համակարգի կա­ռուցվածքը տրամաբանության գործ է. էմպիրիկ տվյալ­ները և դրանց փոխհարաբերությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն տեսական եզրահանգում­ների մեջ։ Այսպիսի արտացոլման հնարավորության մեջ է ամբողջ համակարգի և, մանավանդ, դրա հիմ­քում ընկած սկզբունքների և հիմնադրույթների միակ արժեքն ու արդարացումը։ Դրանից դուրս այս վերջին­ները մարդու բանականության ազատ հորինվածքն են, որ a priori չեն կարող արդարացվել ոչ այդ բա­նականության բնույթով և ոչ էլ որևէ մեկ այլ բանով։ Այս հիմնադրույթներն ու պոստուլատները, որոնք տրա­մաբանորեն չեն կարող հանգեցվել ավելի պար­զերի, կազմում են տեսության այն էական մասը, որի վերաբերյալ այլևս դատողություններ չեն արվում։ Ամբողջ տեսության մեծագույն խնդիրն է այս այլևս պարզեցման ոչ ենթակա տարրերը դարձնել որքան հնարավոր է ավելի պարզ և որքան հնարավոր է ավե­լի փոքրաթիվ, առանց ստիպված լինելու դույզն իսկ կորցնել փորձի բովանդակությունը համարժեքորեն բացատրելու հնարավորությունը։

Գիտական տեսության հիմունքները զուտ երևակայական բնույթի մասին այս տեսակետը, որը ես նոր ուրվագծեցի, բոլորովին էլ տիրապետող չէր տասնու­թերորդ և տասնիններորդ դարերում։ Սակայն այն գնալով ուժ է հավաքում շնորհիվ այն փաստի, որ որքան ավելի պարզ է դառնում տրամաբանական կառույցը, այսինքն՝ որքան փոքրաթիվ են դառնում տրամաբանորեն անկախ սկզբունքային այն տարրե­րը, որոնք համարվում են անհրաժեշտ՝ կառույցը պահպանելու համար, այնքան գնալով մեծանում է մտավոր տարածությունը մի կողմից՝ հիմնադրույթների և օրենքների, և մյուս կողմից՝ այն եզրահան­գումների միջև, որոնք պետք է համապատասխանու­թյան մեջ դրվեն փորձի հետ։

Դեռևս Նյուտոնը՝ տեսական ֆիզիկայի մի ամբողջա­կան և գործուն համակարգի առաջին ստեղծողը, գտնում էր, որ իր համակարգի հիմնադրույթներն ու օրենքները կարող են ստացվել փորձից։ Սա է անկաս­կած նրա ասույթի իմաստը, «hypotheses non fingo»1։ Այդ շրջանում ժամանակի և տարածության մասին գաղափարները իրականում, կարծես թե, որևէ դժվարություն չէին ներկայացնում։ Զանգվածի, իներ­ցիայի և ուժի գաղափարները և դրանք իրար կապող օրենքները, թվում էր, ուղղակիորեն հետևում էին փոր­ձից։ Երբ այդ հենքը ընդունվում էր, գրավիտացիոն ուժի արտահայտությունը, կարծես, հնարավոր էր դառնում ստանալ փորձից, և տրամաբանական էր նույնը սպասել մյուս ուժերից։

Իրականում Նյուտոնի ձևակերպումից կարող ենք նկատել, որ բացարձակ տարածության և դրա մեջ ընդգրկված բացարձակ ժամանակի մասին գաղա­փարները նրան հանգիստ չէին տալիս։ Նա հասկա­նում էր, որ փորձը ոչինչ չէր ակնարկում այս վերջին գաղափարի մասին։ Նա լավ չէր ընկալում նաև հեռավորության վրա գործող ուժերի ներմուծումը։ Սակայն նրա դրույթների հսկայական գործնական հաջողությունները թույլ չտվեցին նրան և տասնութե­րորդ ու տասնիններորդ դարերի ֆիզիկոսներին հաս­կանալու այս համակարգի հիմքերի սխալ բնույթը։ Այդ շրջանի բնափիլիսոփաները, նրանց մեծ մասը, ընդհակառակը, համակված էին այն մտքով, որ ֆի­զիկայի հիմնադրույթներն ու պոստուլատները տրա­մաբանական տեսակետից ոչ թե մարդու մտքի ազատ ստեղծագործությունն են, այլ կարող են դուրս բեր­վել փորձից «աբստրակցիայի», այլ խոսքերով ասած, տրամաբանության միջոցով։ Այս գաղափարի սխալ լինելու ճանաչումը տեղի ունեցավ հարաբե­րականության ընդհանուր տեսության ի հայտ գալով, որը ցույց տվեց, որ կարելի է ոչ նյուտոնյան հիմնադրույթերի հիման վրա բացատրել ավելի մեծ թվով փորձնական տվյալներ, ընդ որում, ավելի բավարար և լիարժեք ձևով։ Սակայն որոշ հիմնադրույթների՝ մյուսների նկատմամբ գերակա լինելու հարցից բացի, հիմնադրույթների՝ երևակայության արդյունք լինելու փաստը ակնհայտ է նրանով, որ կարողանում ենք նշել էապես տարբեր երկու սկզբունք, որոնցից երկուսն էլ մեծապես համապատասխանում են փորձին. Սա միաժամանակ ապացուցում է, որ մե­խանիկայի հիմնադրույթների և պոստուլատների՝ տարրական փորձից տրամաբանորեն դուրս բերելու ամեն փորձ մատնված է անհաջողության։

Բայց եթե ճիշտ է, որ տեսական ֆիզիկայի աքսիո­մատիկ հիմքը չի կարելի ստանալ փորձից, այլ պետք է կամայական ձևով հորինել, ապա ինչպե՞ս կարող ենք երբևիցե գտնել ճիշտ ուղին։ Դեռ ավելին, այդ ճիշտ ուղին գոյություն ունի՝ արդյոք մեր պատրանք­ներից դուրս։ Ընդհանրապես, կարո՞ղ ենք հուսալ ապահով կերպով ղեկավարվել միայն փորձով, երբ գոյություն ունեն տեսություններ (ինչպես օրինակ դասական մեխանիկան), որոնք մեծապես հենվում են փորձի վրա առանց խորանալու հարցի արմատ­ների մեջ։ Առանց վարանելու պատասխանում եմ, որ գոյություն ունի ճիշտ ուղի և որ մենք ունակ ենք այն գտնելու։ Մինչ այժմ փորձն արդարացրել է մեր հա­վատն առ այն, որ բնությունը մեզ հասկանալի պարզագույն մաթեմատիկական գաղափարների իրականացումն է։ Ես վստահ եմ, որ պարզ զուտ մա­թեմատիկական կառույցների օգնությամբ կարող ենք հայտնաբերել այն հասկացություններն ու դրանք իրար կապող օրենքները, որոնք մեզ կտրամադրեն բնական երևույթների ճանաչման բանալին։ Փորձը կարող է հուշել համապատասխան մաթեմատիկա­կան հասկացությունների մասին, բայց դրանք հաս­տատ չեն կարող ստացվել նրանից։ Փորձը, իհարկե, մնում է որպես ֆիզիկայում մաթեմատիկական կա­ռույցի կիրառելիության միակ հայտանիշը։ Սակայն, ստեղծագործական սկզբունքը գտնվում է մաթեմա­տիկայում։ Որոշակի իմաստով, հետևաբար, ճիշտ եմ համարում, որ զուտ գաղափարը կարող է ըմբռնել իրականությունը, ինչպես դրա մասին մեր նախնի­ներն էին երազում։

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Ստեղծագործություն և ճշմարտություն Մարտին Հայդեգգեր Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն:… Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է…