Ռուբիկոն

Նյութեր «Ideas and Opinions» գրքից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մյուս բոլոր դեպքերը համանման են։ Տեսության նպատակն է որոշել որևէ համակարգի նկատմամբ չափումների արդյունքների հավանականությունը ժամանակի տվյալ պահին։ Մյուս կողմից, այն չի փորձում մաթեմատիկորեն նկարագրել այն, ինչ իրա­կանում տեղի է ունենում տարածության և ժամա­նակի մեջ։ Այս կետում քվանտային տեսությունն այսօր հիմնովին տարբերվում է ֆիզիկայի բոլոր նախորդ տեսություններից՝ և՛ մեխանիկայից, և՛ դաշտի տեսություններից։ Իրական տարածա-ժամա­նակային երևույթների մոդելային նկարագրության փոխարեն այն տալիս է հնարավոր չափումների հա­վանականությունների բաշխումները որպես ֆունկ­ցիա ժամանակից։

Պետք է ընդունել, որ նոր տեսական հայեցակարգն իր ծագումով պարտական է երևակայության թռիչքին, բայց ոչ փորձնական փաստերի ճնշող ուժին։ Լու­սային և մասնիկային երևույթներում դրսևորվող մասնիկային և ալիքային առանձնահատկություն­ները անմիջականորեն տարածա-ժամանակային պատկերացումների հիման վրա ներկայացնելու բո­լոր ջանքերը մինչ այժմ մատնվել են անհաջողու­թյան։ Իսկ Հայզենբերգը փորձարարական տեսանկ­յունից համոզիչ կերպով ցույց է տվել, որ բնության կառուցվածքի մասին խիստ դետերմինացված վճիռ կայացնելը հաստատապես բացառվում է մեր փոր­ձարարական սարքավորումների ատոմական կառուց­վածքի պատճառով։ Այսպիսով, հավանաբար բացառվում է, որ ապագա որևէ իմացություն կարող է ստիպել ֆիզիկոսներին կրկին հրաժարվել ներկա­յումս մեր ունեցած վիճակագրական տեսական հիմքից՝ հօգուտ որևէ դետերմինիստականի, որն ուղ­ղակիորեն կվերաբերեր ֆիզիկական իրողությանը։ Տրամաբանորեն խնդիրը կարծես թե ենթադրում է երկու հնարավորության գոյություն, որոնց միջև պետք է կատարել սկզբունքային ընտրություն։ Ի վերջո ընտրությունը պետք է կատարվի՝ կախված այն բանից, թե նկարագրության որ տեսակը տրամաբա­նության իմաստով կհանգեցնի պարզագույն հիմքի ձևակերպմանը։ Ներկայումս չունենք անմիջակա­նորեն հենց երևույթները նկարագրող և փաստերն համահունչ դետերմինիստական մի տեսություն։

Ժամանակավորապես պետք է ընդունենք, որ չունենք ֆիզիկայի որևէ տեսական հիմք, որը կարող է դի­տարկվել որպես նրա տրամաբանական հիմնավո­րում։ Դաշտի տեսությունը մինչ այժմ անհաջողու­թյան է մատնվել մոլեկուլների ոլորտում։ Բոլորն ընդունում են, որ միակ սկզբունքը, որը կարող էր հիմք ծառայել քվանտային տեսության համար, կլինի այնպիսին, որը անցում կլինի դաշտի տեսությունից դեպի քվանտային վիճակագրության սխեմայի։ Արդյո՞ք սա կարող է տեղի ունենալ բավարար ձևով՝ ոչ ոք չի կարող ասել։

Որոշ ֆիզիկոսներ, նրանց թվում և ես, չեն հա­վատում, որ իսկապես անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ֆիզիկական իրականությունը անմիջա­կանորեն տարածության և ժամանակի մեջ նկա­րագրելուց, այլապես պետք է ընդունենք, որ բնության երևույթները հիշեցնում են պատահականության խաղ։ Ամեն ոք ազատ է ընտրելու իր աշխատանքների ուղղությունը ու նաև ամեն ոք կարող է իր հան­գիստը գտնել Լեսսինգի ասույթի մեջ, որ ճշմարտու­թյան որոնումն ավելի թանկ է, քան այն ունենալը։

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒՆ

Գիտական Համաժողովի համար կատարված հեռար­ձակման գրանցում, Լոնդոն, 28 սեպտեմբերի 1941։ Հրապարակվել է Advancement of Science-ում, Լոնդոն, Հատոր 2, Թիվ 5։

Դեպի լեզուն տանող առաջին քայլը ձայնային կամ այլ տիպի հաղորդակցության նշանները զգայություն–պատկերի հետ կապելն էր։ Ամենայն հավանականու­թյամբ սոցիալական կենդանիները, առնվազն որո­շակի մակարդակի վրա, հասել են հաղորդակցման այս պարզունակ տեսակին։ Զարգացման ավելի բարձր մակարդակ է, երբ նոր այնպիսի նշաններ են ներ­մուծվում և մեկնաբանվում, որոնք կապ են հաստա­տում զգայություն-պատկեր նշանակող մյուս նշան­ների միջև։ Այս մակարդակի վրա արդեն հնարավոր է հաղորդել պատկերների ինչ-որ չափով ավելի բարդ շարաններ, արդեն կարող ենք ասել՝ առաջ է եկել լեզու։ Եթե լեզուն ինչ-որ չափով պիտի տանի դեպի ըմբռնում, պետք է մի կողմից գոյություն ունենան նշանների փոխհարաբերություններին վերաբերող կանոններ, մյուս կողմից, նշանների և պատկերների միջև պետք է գոյություն ունենա կայուն համապա­տասխանություն։ Միևնույն լեզվով կապված անհատ­ները մանուկ հասակում այս կանոններին և փոխհա­րաբերություններին հասու են հիմնականում ինտուի­ցիայով։ Իսկ երբ մարդը գիտակցում է նշանների միջև եղած փոխհարաբերությունները, ստեղծվում է լեզվի, այսպես կոչված, քերականությունը։

Վաղ շրջանում բառերը անմիջականորեն կարող էին համապատասխանել պատկերների։ Ավելի ուշ շրջանում այս անմիջական համապատասխանու­թյունը կորավ այնքանով, որ որոշ բառեր զգայու­թյան հետ առնչություն էին ձեռք բերում միայն այլ բառերի հետ օգտագործվելիս (օրինակ, «է», «կամ», «բան»)։ Քանի որ բառերի խմբերը, և ոչ թե առան­ձին բառերն են վերաբերում զգայությանը։ Երբ լե­զուն այս ձևով պատկերների ֆոնից դառնում է մա­սամբ անկախ, ավելի մեծ ներքին ներդաշնակու­թյուն է ձեռք բերում։

Միայն այս հետագա զարգացման ժամանակ, երբ այսպես կոչված վերացական գաղափարներն ավե­լի հաճախ են օգտագործվում, լեզուն բառիս իսկա­կան իմաստով վերածվում է տրամաբանության մի­ջոցի։ Սակայն նաև հենց այս զարգացումն է լեզուն դարձնում սխալի և խաբկանքի աղբյուր։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ չափով են բառերն ու բառերի համադրությունները համապատասխանում զգայության աշխարհին։

Այդ ի՞նչն է լեզուն և մտածողությունը տանում այսքան սերտ փոխհարաբերության։ Չկա՞ արդյոք մտածո­ղություն առանց լեզվի օգտագործման՝ գաղափար­ների և գաղափարների համադրությունների միջոցով, որի համար անհրաժեշտորեն պետք չէ բառեր հիշա­տակել։ Մեզանից յուրաքանչյուրը չի՞ ջանացել բառեր փնտրել, երբ իրերի միջև կապն արդեն պարզ է եղել։ 

Կարող էինք հակված լինել մտածողության գործո­ղությունը լիովին անկախ համարելու լեզվից, եթե անհատն իր գաղափարները կազմեր կամ ի վիճակի լիներ կազմելու առանց իր միջավայրի կողմից բա­ռերի միջոցով ուղղորդվելու։ Սակայն նման պայ­մաններում մեծացած անհատի մտավոր ունակու­թյուններն, ամենայն հավանականությամբ, շատ խղճուկ կլինեին։ Այսպիսով, կարող ենք եզրակաց­նել, որ անհատի մտավոր զարգացումը և նրա՝ գա­ղափարներ զարգացնելու ունակությունը մեծապես կախված են լեզվից։ Այստեղից կարողանում ենք հասկանալ, թե ինչ չափով է նույն լեզուն նշա­նակում նույն մտածելակերպ։ Այս իմաստով, մտածողությունը և լեզուն կապված են իրար։

Ի՞նչն է գիտության լեզուն տարբերում այն լեզվից, որ սովորաբար հասկանում ենք այդ բառով։ Ինչի՞ց է, որ գիտության լեզուն միջազգային է։ Ինչին գիտու­թյունը ձգտում է, գաղափարների առավելագույն ճշգրտությունն ու պարզությունն է նրանց փոխհա­րաբերության և զգայական տվյալներին համապատասխելու տեսակետից։ Որպես լուսաբանում վերց­նենք էվկլիդյան երկրաչափության և հանրահաշվի լեզուն։ Նրանք գործ ունեն փոքր թվով իրարից ան­կախ ներմուծված հասկացությունների և դրանց համապատասխանող նշանների հետ, ինչպիսիք են ամբողջ թիվը, ուղիղը, կետը, ինչպես նաև այն հիմ­նական գործողությունների նշանների հետ, որոնք վերաբերում են այդ հիմնական հասկացություննե­րի առնչություններին։ Սա է կառույցի և համապա­տասխանաբար մյուս բոլոր պնդումների և հասկա­ցությունների սահմանումների հիմքը։ Հասկացու­թյունների և պնդումների միջև կապը՝ մի կողմից, և զգայական տվյալների ամբողջությունը՝ մյուս կող­մից, հաստատվում են հաշվարկներով և չափումնե­րով, որոնց իրականացումը բավականաչափ լավ մշակված է։

Գիտական գաղափարների և գիտության լեզվի գերբ­նական բնույթը եկել է այն բանից, որ դրանք ստեղծ­վել են բոլոր երկրների և բոլոր ժամանակների լա­վագույն մտածողների կողմից։ Միայնակ և միաժա­մանակ, վերջնական արդյունքի իմաստով, միասնա­կան ջանքերի գնով նրանք ստեղծել են այն տեխնի­կական հեղափոխության հոգևոր միջոցները, որոնք վերջին դարերի ընթացքում ձևափոխել են մարդկու­թյան կյանքը։ Գաղափարների նրանց համակարգը ուղեցույց է հանդիսացել զգայությունների շփո­թեցնող քաոսում, և դրանով կարողացել ենք մաս­նավոր դիտումների հիման վրա ըմբռնել համընդ­հանուր ճշմարտությունները։

Ի՞նչ հույսեր և վտանգներ է գիտական մեթոդը պա­րունակում մարդկության համար։ Չեմ կարծում, թե սա հարցը ձևակերպելու ճիշտ ձև է։ Ինչ էլ այս մի­ջոցը մարդու ձեռքին ստեղծի, ամբողջությամբ պայ­մանավորված կլինի մարդկության փայփայող նպատակներով։ Քանի դեռ այդ նպատակները կան, գիտական մեթոդը ուղիներ կհարթի դրանց իրա­կանացման համար։ Սակայն նա չի կարող ինքը նպատակներ տրամադրել։ Գիտական մեթոդը ինքնու­րույն կերպով ոչ մի տեղ չեր տանի, եթե չլիներ կա­տարյալ ճանաչման կրքոտ ձգտումը։

Միջոցների կատարելագործումն ու նպատակների խառնաշփոթը, ըստ իս, կարծես թե բնութագրական են մեր դարաշրջանի համար։ Եթե անկեղծորեն և կրքոտ ձևով ցանկանում ենք ապահովություն, բարե­կեցություն և տաղանդի անկաշկանդ զարգացում բոլոր մարդկանց համար, ապա չպետք է միջոցներ խնայենք այդ վիճակին հասնելու համար։ Եթե նույնիսկ մարդկության փոքր մասն էլ ձգտելիս լինի այս նպատակներին, երկարատև ժամանակաշրջանում դրանց առավելությունը ինքնին կապացուցվի։

1 Հիպոթեզեր առաջ չեմ քաշում (լատ.)

Անգլերենից թարգմանեց Սոս Հարությունյան

Albert Einstein “Ideas and Opinions”

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Ստեղծագործություն և ճշմարտություն Մարտին Հայդեգգեր Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն:… Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է…