Նյութեր «Ideas and Opinions» գրքից
Այս վստահությունն արդարացնելու համար ստիպված եմ դիմել մաթեմատիկական հասկացությունների։ Ֆիզիկական աշխարհը ներկայացվում է քառաչափ կոնտինուումով։ Եթե ենթադրեմ, որ ռիմանյան մետրիկան է գործում այնտեղ և հարցնեմ, թե որոնք են այն պարզագույն օրենքները, որոնց կարող է բավարարել այդպիսի մետրիկան, հանգում եմ դատարկ տարածության մեջ գրավիտացիայի ռելյատիվիստիկական տեսությանը։ Եթե այդ տարածության մեջ ենթադրենք վեկտորական դաշտի կամ դրանից ստացվող անտիսիմետրիկ դաշտի գոյությունը և հարցնեմ, թե որոնք են այն պարզագույն օրենքները, որոնց այդպիսի դաշտը կարող է բավարարել, հանգում եմ դատարկ տարածության մեջ Մաքսվելի հավասարումներին։
Այս կետում դեռևս չունենք որևէ տեսություն տարածության այն մասերի վերաբերյալ, որտեղ էլեկտրական լիցքի խտությունը չի անհետանում։ Դը Բրոյլը մտածեց ալիքային դաշտի գոյությունը, և դա ի վերջո բացատրեց նյութի որոշ քվանտային հատկություններ։ Դիրակը սպինորներով ներմուծեց դաշտի նոր տեսակի մեծություններ, որոնց պարզագույն հավասարումները մեծապես հնարավորություն ընձեռեցին դուրս բերելու էլեկտրոնի հատկությունները։ Այնուհետև ես իմ գործընկեր Վալտեր Մայերի հետ հայտնաբերեցի, որ այս սպինորները մաթեմատիկական տեսակետից կազմում են քառաչափ համակարգի հետ կապված դաշտի մի նոր տեսակ, որն անվանեցինք «կիսավեկտորներ»։ Պարզագույն հավասարումները, որոնց այս կիսավեկտորները կարող են բավարարել, տալիս են այն բանալին, որը թույլ է տալիս հասկանալու երկու տիպի տարրական մասնիկների գոյությունը, որոնք ունեն իրարից տարբեր նկատելի զանգվածներ և հակառակ նշանի էլեկտրական լիցքեր։ Այս կիսավեկտորները սովորական վեկտորներից հետո այն պարզագույն դաշտերն են, որոնք հնարավոր են քառաչափ մետրիկական վակուումում, և, կարծես թե, նրանք բնական ձևով բացատրում են էլեկտրական մասնիկների որոշ հիմնական հատկություններ։
Մեզ համար կարևոր է նկատել, որ բոլոր այս կառույցներին և դրանք իրար կապող օրենքներին կարող ենք հանգել մաթեմատիկական պարզագույն հասկացությունների և նրանց միջև առնչությունների որոնման սկզբունքով։ Մաթեմատիկական տեսակետից հնարավոր սահմանափակ թվով պարզ տիպի դաշտերի և դրանք կապող պարզագույն հավասարումների մեջ է տեսության հույսը՝ ըմբռնել իրականությունն իր ողջ խորությամբ։
Միևնույն ժամանակ, այս կարգի դաշտի տեսության մեծ փորձաքարը նյութի և էներգիայի ատոմական կառուցվածքի գաղափարի մեջ է։ Տեսությունը ոչ– ատոմային է, քանի դեռ այն գործ է ունենում է բացառապես տարածության մեջ անընդհատ ֆունկցիաների հետ, մինչդեռ դասական մեխանիկայում հիմնական գաղափար է նյութական կետը, որը, որպես այդպիսին, տուրք է տալիս նյութի ատոմական կառուցվածքին։
Իր կառուցվածքով Դը Բրոյլի, Շրյոդինգերի և Դիրակի անունների հետ կապված ժամանակակից քվանտային տեսությունը, որը գործ ունի անընդհատ ֆունկցիաների հետ, Մաքս Բորնի պարզորոշ կերպով տված մի համարձակ մեկնաբանության շնորհիվ հաղթահարել է այս դժվարությունները։ Համաձայն դրա՝ հավասարումներում հայտնվող տարածական ֆունկցիաները չեն հավակնում լինել ատոմական կառուցվածքի մաթեմատիկական մոդելը։ Այդ ֆունկցիաները, ենթադրաբար, տալիս են միայն հավանականություն, որ եթե չափումներ կատարվեին, այդ կառույցները կգտնվեին տվյալ կետում կամ տվյալ վիճակում։ Այս մոտեցմանը չի կարելի հակաճառել տրամաբանական տեսակետից, և ի պատիվ իրեն՝ այն ունեցել է կարևոր հաջողություններ։ Դժբախտաբար, սակայն, այն ստիպում է օգտագործել մի կոնտինուում, որի չափողականությունը չի համընկնում մինչ այժմ տարածությանը վերագրվող չափողականության հետ (չորս), այլ անորոշ կերպով մեծանում է դիտարկվող համակարգը կազմող մասնիկների թվի աճի հետ միասին։ Չեմ կարող չխոստովանել, որ միայն անցումային կարևորություն եմ տալիս այդ մեկնաբանությանը։ Ես դեռ հավատում եմ իրական մոդելի հնարավորությանը, այսինքն այնպիսի տեսության, որն իրերը կներկայացներ որպես այդպիսիք, այլ ոչ թե պարզապես կտար նրանց հայտնվելու հավանականությունը։
Մյուս կողմից, ինձ թվում է, թե տեսական մոդելում պետք է հրաժարվենք մասնիկների լիակատար տեղայնացման գաղափարից։ Թվում է, թե սա է Հայզենբերգի անորոշությունների սկզբունքի մնայուն արդյունքը։ Սակայն ատոմի տեսությունը բառի իսկական իմաստով, այլ ոչ թե որպես պարզապես մեկնաբանություն, մաթեմատիկական մոդելի մեջ առանց մասնիկների տեղայնացման, շատ էլ տրամաբանական է։ Օրինակ, հաշվի առնելու համար էլեկտրականության ատոմական բնույթը, դաշտի հավասարումները պետք է հանգեցնեն միայն հետևյալ եզրակացությանը, եռաչափ այն տիրույթը, որի եզրին էլեկտրական լիցքի խտությունը ամենուրեք անհետանում է, միշտ պարունակում է ամբողջ թվով ներկայացվող էլեկտրական լիցք։ Կոնտինուումային տեսության մեջ ատոմի բնութագրերը բավարար կերպով կարող են տրվել ինտեգրալ օրենքներով, առանց ատոմական կառուցվածքը կազմող մասնիկների տեղայնացման։
Քանի դեռ ատոմի կառուցվածքը հաջողությամբ չի ներկայացվել այս կերպ, ես քվանտային հանելուկը չեմ համարի լուծված։
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՀԻՄՔԵՐԸ
Science-ից, Վաշինգտոն, 24 մայիսի 1940։
Գիտությունը փորձ է մեր զգայություն-փորձի քաոսային բազմազանությունը համապատասխանեցնելու մտքի տրամաբանորեն համասեռ համակարգի։ Այս համակարգում առանձին փորձերը պետք է առնչված լինեն տեսական կառույցների հետ այնպես, որ ստացված համապատասխանությունը լինի միարժեք և համոզիչ։
Զգայություն-փորձերը մեզ տրված մշակման նյութն են։ Սակայն տեսությունը, որ պետք է մեկնաբանի դրանք, կառուցում է մարդը։ Այն համապատասխանեցման ծայրահեղ աշխատատար պրոցեսի արդյունք է, մտացածին է, երբեք լիովին չի ավարտվում և միշտ մնում է կասկածի ենթակա։
Գաղափարներ ձևավորելու գիտական ուղին ոչ էականորեն է տարբերվում ամենօրյա կյանքում դրանք կառուցելու ուղուց, պարզապես՝ հասկացությունների և եզրահանգումների ավելի ճշգրիտ ձևակերպումներով, փորձարառական նյութի ավելի մանրազնին ու համակարգված ընտրությամբ և տրամաբանական գործողությունների ավելի շատ տնտեսմամբ։ Այս վերջինի տակ հասկանում ենք բոլոր հասկացությունների և առնչությունների՝ հնարավորինս ավելի քիչ թվով տրամաբանորեն անկախ հիմնարար հայեցակետերի և աքսիոմների բերմանն ուղղված ջանքերը։ Այն, ինչ կոչում ենք ֆիզիկա, ընդգրկում է բնական գիտությունների մի խումբ, որում ընդունված հայեցակարգերը հիմնվում են չափումների վրա և որի հասկացություններն ու գաղափարները տրվում են մաթեմատիկական ձևակերպման։ Նրա ոլորտը, համապատասխանաբար, որոշվում է մեր ամբողջական գումարային իմացության այն մասով, որը կարող է արտահայտվել մաթեմատիկական հասկացություններով։ Գիտության առաջընթացի հետ միասին ֆիզիկայի ոլորտն այնքան է ընդարձակվել, որ թվում է, թե կարող է սահմանափակվել հենց միայն մեթոդի հնարավորություններով։