Գիտություն և կրոն
Ալբերտ Այնշտայն
Մաս I Պրինստոնի աստվածաբանական դպրոցում ելույթից 1939թ, մայիսի 19, հրապարակվել է Out of My Later Years-ում, Նյու-Յորք, Փիլիսոփայության գրադարան, 1950: Մաս II՝ Science, Philosophy and Religion: Գիտության վերաբերյալ կոնֆերանսի հրապարակած ժողովածու, Փիլիսոփայությունը և Կրոնը դրանց՝ ժողովրդավարական ապրելակերպի նկատմամբ փոխհարաբերության մեջ, ինկորպ., Նյու-Յորք, 1941:
I
Անցյալ և դրան նախորդող դարի մի մասի ընթացքում լայնորեն ընդունված տեսակետ էր, որ իմացության և հավատքի միջև գոյություն ունի անհաշտ հակամարտություն: Առաջավոր մտածողների մոտ գերաիշխում էր այն տեսակետը, որ ժամանակն է հավատքը ավելի ու ավելի շատ փոխարինելու գիտելիքով. այն հավատքը, որ չի հենվում գիտելիքի վրա, սնոտիապաշտություն է և որպես այդպիսին պետք է հանդիպի դիմադրության: Այս հայացքի համաձայն` կրթության միակ դերը ճանապարհ բացելն է մտածողության և գիտելիքի առջև, իսկ դպրոցը, որպես մարդու կրթության կարևորագույն օրգան, պետք է ծառայի այդ նպատակին:
Հավանաբար դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, այսպիսի կոպիտ ձևակերպման մեջ գտնել տրամաբանական հենակետ, քանի որ ցանկացած նրբանկատ մարդ միանգամից կտեսնի, թե որքան միակողմանի է դիրքորոշման նման ձևակերպումը: Սակայն նույնքան արդարացված է թեզը ձևակերպել կտրուկ և հստակ, եթե ցանկանում ես պարզորոշ կերպով ներկայացնել հարցի էությունը:
Ճիշտ է այն, որ համոզմունքը կարող է լավագույնս հիմնավորվել փորձով և անպաճույճ մտածելակերպով: Այստեղ պետք է անվերապահորեն համաձայնել ծայրահեղ ռացիոնալիստի հետ: Նրա հայեցակետի թույլ կետը, սակայն, այն է, որ համոզմունքները, որոնք անհրաժեշտ և որոշիչ են մեր վարքի և մտածողության համար, չեն կարող գոյություն ունենալ բացառապես միայն այս կուռ, գիտական մոտեցման շրջանակներում:
Քանի որ մեզ գիտական մեթոդը այն բանից դուրս, թե փաստերն ինչպես են փոխառնչվում իրար և պայմանավորվում իրարով, ոչինչ չի կարող սովորեցնել: Ձգտումն առ այսպիսի օբյեկտիվ իմացություն ներկայացնում է այն ամենաբարձրը, ինչին մարդն ընդունակ է, և կարծում եմ չեք մտածում, թե ցանկանում եմ փոքրացնել այս ասպարեզում մարդու նվաճումներն ու հերոսական ջանքերը: Սակայն նույնքան պարզ է, որ գիտելիքն այն մասին, թե ինչն ինչ է, անմիջականորեն դուռ չի բացում դեպի այն, թե ինչն ինչ պետք է լինի: Կարելի է ունենալ շատ պարզ և լիակատար իմացություն, թե ինչն ինչ է, սակայն դրանով հանդերձ չկարողանալ այդտեղից ստանալ, թե ինչը պետք է լինի մեր մարդկային ձգտումների նպատակը: Օբյեկտիվ գիտելիքը տալիս է հզոր գործիքներ որոշակի խնդիրներ լուծելու համար, սակայն ինքը` վերջնական նպատակը, և դրան հասնելու ցանկությունը պետք է տրված լինեն ուրիշ աղբյուրից:
Եվ դժվար թե անհրաժեշտություն կա վիճարկելու այն տեսակետը, որ մեր գոյությունը և մեր գործունեությունը իմաստ են ձեռք բերում միայն` դնելով այդ նպատակը և համապատասխան արժեքները: Ճշմարիտն իմանալը ինքնին հրաշալի է, սակայն դա այնքան քիչ է ընդունակ գործելու որպես ուղեցույց, որ չի կարող նույնիսկ հիմնավորել այդ` դեպի ճշմարիտն իմանալու ձգտման անհրաժեշտությունն ու արժեքը: Հետևաբար այստեղ գործ ունենք մեր գոյության զուտ ռացիոնալ հայեցման սահմանների հետ:
Սակայն չպետք է ենթադրել, թե բանական մտածողությունը չի կարող որևէ դեր խաղալ նպատակի և կամային որոշումների կայացման մեջ: Երբ մեկը հասկանում է, որ որոշակի նպատակի հասնելու համար տվյալ միջոցներն օգտակար են, դրանով միջոցները դառնում են նպատակ: Բանականությունը մեզ համար պարզ է դարձնում միջոցների և նպատակների փոխկապվածությունը: Սակայն զուտ մտածողությունը չի կարող տալ վերջնական և հիմնարար նպատակի զգացումը:
Այս հիմնարար նպատակների և արժեքների պարզաբանումը և անհատի զգացմունքային կյանքում դրանց ամրագրումը, ինձ թվում է, մարդու սոցիալական կյանքում հենց այն ամենակարևոր գործառույթն է, որ պիտի կատարի կրոնը: Եվ եթե հարց տրվի, թե հոգևորականությունը որտեղից պետք է գտնի այդ հիմնարար նպատակները, եթե դրանք չի կարելի հռչակել և արդարացնել լոկ բանականությամբ, կարելի է միայն պատասխանել. դրանք գոյություն ունեն առողջ հասարակության մեջ որպես հզոր ավանդույթներ, որոնք ազդում են անհատների վարքի, իղձերի և մտքերի վրա. դրանք գոյություն ունեն և դա նշանակում է, որ դրանք ապրում են, և անհրաժեշտություն չկա արդարացում գտնել դրանց գոյության համար: Դրանք կյանք են առնում ոչ թե ի ցույց ամենի, այլ ինքնաբացահայտմամբ, հզոր անձնավորությունների կարող շերտի միջոցով: Չպետք է փորձել արդարացնել դրանք, այլ, ավելի շուտ, պարզ և հասարակ ձևով զգալ դրանց էությունը:
Մեր իղձերի և մտքերի բարձրագույն սկզբունքները մեզ տրված են հրեա-քրիստոնեական կրոնական ավանդույթներով: Դա շատ բարձր նպատակ է, որը մեր թույլ կարողություններով կարող ենք ի կատար ածել միայն ոչ համարժեք ձևով, ինչը, սակայն, մեր իղձերին և արժեքներին տալիս է ամուր հիմք: Եթե այդ նպատակն առանձնացնենք նրա կրոնական հիմքից և նայենք միայն նրա մարդկային կողմին, ապա կարելի է, միգուցե, այն ձևակերպել այսպես. անհատի ազատ և պատասխանատվության ոգով զարգացում, այնպես որ նա կարողանա իր ընդունակությունները ազատ և պատրաստակամ ձևով ի սպաս դնել ողջ մարդկությանը:
Այստեղ տեղ չկա որևէ ազգի, դասակարգի, էլ չասենք անհատի աստվածացման համար: Մենք բոլորս մի հոր երեխաներ չե՞նք, ինչպես ասվում է կրոնական լեզվով: Իրականում նույնիսկ ողջ մարդկության` որպես վերացական ամբողջականության աստվածացումը չէր համապատասխանի այդ իդեալի ոգուն: Միայն անհատին է հոգի տրված: Եվ անհատի բարձրագույն կոչումը ծառայելն է, և ոչ թե իշխելը կամ իրեն մեկ այլ ձևով վեր դասելը:
Եթե ուշադրություն դարձնենք ոչ թե ձևին, այլ բովանդակությանը, ապա կարելի է այս բառերն ընդունել որպես հիմնովին ժողովրդավարական դիրքորոշման արտահայտություն: Իսկական ժողովրդավարն իր ազգին կերկրպագի նույնքան քիչ, որքան աստվածավախ մարդը, բառի մեր հասկացած իմաստով:
Իսկ ո՞րն է այս ամենում կրթության և դպրոցի դերը: Դրանք պետք է երիտասարդին օգնեն մեծանալու այնպիսի ոգով, որ այս հիմնարար սկզբունքները նրա համար լինեն իր շնչած օդի նման: Միայն ուսուցումը դա չի կարող անել:
Եթե այս սկզբունքներն աչքի առաջ ունենանք և համեմատենք մեր ժամանակների կյանքին և ոգուն, ապա հստակ կտեսնենք, որ քաղաքակիրթ մարդկությունը ներկայումս գտնվում է լուրջ վտանգի առաջ: Ամբողջատիրական պետություններում հենց իրենք` իշխողներն են իրականում ջանում կործանել մարդկության ոգին: Նվազ վտանգված տեղերում ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը, ինչպես նաև տնտեսական հարցերում անհատի հարստահարումն սպառնում են խեղդել այս շատ թանկ ավանդույթները: Գիտակցումը սակայն, թե որքան մեծ է վտանգը, աճում է մտածող մարդկանց շրջանում, և առկա է դրա առաջն առնելու միջոցների մեծ փնտրտուք, միջոցներ ազգային և միջազգային քաղաքանության ասպարեզում, օրենսդրության կամ հասարակության կազմակերպման մեջ ընդհանրապես: Այս ջանքերն, անկասկած, խիստ անհրաժեշտ են: Դեռևս հնադարում գիտեին որոշ բաներ, որոնք, կարծես, մենք մոռացել ենք: Բոլոր միջոցներն ընդամենը բութ գործիքներ են, եթե իրենց ետևում չունեն կենդանի ոգի: Բայց եթե նպատակին հասնելու ցանկությունը ուժգնորեն կենդանի է մեր մեջ, ապա չի զգացվի միջոցներ գտնելու կորովի պակաս այդ նպատակին հասնելու և այն իրական գործերի վերածելու համար: