Ռուբիկոն

Գիտություն և կրոն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

II

Դժվար չէ համաձայնության գալ այն հարցում, թե ինչ ենք հասկանում գիտություն ասելով: Գիտությունը դարեր շարունակ գործադրված ջանքերն են այս աշխարհի ընկալելի երևույթները կարգավորված մտածողության միջոցով հնարավորինս ավելի ընգրկուն միասնականության հանգեցնելու: Համարձակորեն կարելի է ասել, որ դա գոյության ետին թվով վերակառուցումն է մտածողական պրոցեսի միջոցով: Սակայն երբ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ է կրոնը, չեմ կարողանում այդքան հեշտությամբ պատասխան գտնել: Եվ նույնիսկ պատասխան գտնելուց հետո էլ, որով կարող եմ բավարարվել այս ներկա պահին, դեռ մնում եմ համոզված, որ երբեք, ցանկացած հանգամանքներում, չեմ կարող նույնիսկ չնչին չափով ի մի բերել բոլոր նրանց մտքերը, ովքեր այս հարցը լուրջ դիտարկման առարկա են դարձրել:

Այդ պատճառով, ինչ է կրոնը հարցը տալու փոխարեն կնախընտրեի հարցնել` ինչով են բնութագրվում այն անձնավորության մղումները, որն ինձ վրա թողնում է հավատացյալ մարդու տպավորություն: Կրոնով լուսավորված մարդն ինձ թվում է մեկը, ով կարեցածի չափով իրեն ազատել է սեփական եսամոլական ցանկությունների կապանքներից և համակվել այնպիսի մտքերով, զգացմունքներով և իղձերով, որոնց կառչել է դրանց վերանձնական արժեքի պատճառով: Ինձ թվում է, կարևորն այդ վերանձնական բովանդակության ուժն է և համոզմունքի խորությունն առ նրա անհաղթահարելի իմաստությունը, անկախ այն բանից` փորձ արվում է միավորելու այդ բովանդակությունը աստվածային Գոյի հետ, թե ոչ, այլապես հնարավոր չէր լինի Բուդդհային և Սպինոզային համարել կրոնական անձնավորություններ: Համապատասխանաբար, հավատացյալ մարդն առաքինի է այն իմաստով, որ կասկած չունի այդ վերանձնական օբյեկտների նպատակների կարևորության և վեհության վերաբերյալ, որոնք ոչ՛ կարոտ են և ոչ՛ էլ ենթակա տրամաբանական հիմնավորման: Դրանք գոյություն ունեն նույն անհրաժեշտությամբ և ակնհայտությամբ, ինչ ինքը: Այս իմաստով կրոնը մարդկության հնամենի ջանքն է` պարզորոշ և լիակատար ձևով գիտակցելու այս արժեքների և նպատակների գոյությունը և անընդհատ ուժեղացնելու ու տարածելու դրանց ազդեցությունը: Եթե կրոնն ու գիտությունն ընկալվեն այս ձևակերպումներին համապատասխան, ապա հակամարտությունը նրանց միջև, թվում է, կլինի անհնար: Որովհետև գիտությունը կարող է միայն որոշակիացնել, թե ինչը ինչ է, բայց ոչ թե ինչը ինչ պիտի լինի, և իր տիրույթից դուրս գտնվող ամեն տեսակի արժեքային գնահատականները մնում են անհրաժեշտ: Կրոնը, մյուս կողմից, գործ է ունենում միայն մարդու մտքերի և գործողությունների արժևորման հետ, այն չի կարող անաչառ կերպով խոսել փաստերի և դրանց միջև փոխհարաբերությունների մասին:

Այս մեկնաբանությունների լույսի տակ կրոնի և գիտության միջև անցյալում ծագած հայտնի հակամարտությունները պետք է վերագրել նկարագրված իրադրության թյուրըմբռնմանը: Օրինակ` հակամարտություն է ծագում, երբ կրոնական համայնքը պնդում է, թե Կտակարանում արձանագրված բոլոր իրադարձությունները բացարձակ ճշմարտություններ են: Սա նշանակում է կրոնի միջամտություն գիտության ոլորտի մեջ, սա է այն տեղը, որտեղից գալիս է Գալիլեոյի և Դարվինի հայեցակարգերի դեմ Եկեղեցու պայքարը: Մյուս կողմից, գիտության ներկայացուցիչները հաճախ են փորձեր արել գիտական մեթոդի հիման վրա դատողություններ անել արժեքների և նպատակների մասին և այդկերպ իրենց հակադրել են կրոնին: Այս հակամարտություններն առաջ են եկել ճակատագրական սխալների հետևանքով:

Ներկայումս, չնայած կրոնի և գիտության տիրույթները իրարից պարզորոշ կերպով սահմանազատվել են, այնուամենայնիվ երկուսի միջև գոյություն ունեն ուժեղ փոխհարաբերություններ և փոխկապվածություններ: Չնայած կրոնը թերևս այն է, ինչը որոշում է նպատակը, այնուամենայնիվ նա գիտությունից, լայն իմաստով, սովորել է, թե որ միջոցները պետք է դեր խաղան իր դրած նպատակների նվաճման գործում: Սակայն գիտությունը կարող են արարել միայն նրանք, ովքեր ամբողջովին համակված են ճշմարտությանու իմացության տենչով: Զգացմունքի աղբյուրը, սակայն, գտնվում է կրոնի ոլորտում: Այստեղ է նաև հավատն առ այն, որ գոյության աշխարհի օրինաչափությունները տրամաբանական են, այսինքն մատչելի են բանականությանը: Չեմ կարող պատկերացնել իսկական գիտնականի, որը խոր հավատ չունի: Այս իրավիճակը կարելի է ներկայացնել հետևյալ պատկերի միջոցով. Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր:

Չնայած վերևում պնդում էի, թե իրականում չի կարող գոյություն ունենալ օրինական հակամարտություն կրոնի և գիտության միջև, պետք է այնուամենայնիվ կրկին վերագնահատեմ այս միտքը պատմականորեն գոյություն ունեցած կրոնների իրական բովանդակության կարևոր դիտակետից: Այս վերագնահատումը կապված է Աստծո հասկացության հետ: Մարդկության հոգևոր կրթության պատանեկան շրջանում մարդու երևակայությունը ստեղծեց աստվածներ մարդու կերպարանքով, որոնք իրենց կամքի գործադրմամբ ենթադրաբար կարող էին կառավարել կամ առնվազն ազդել երևույթների աշխարհի վրա: Մարդը ձգտում էր կախարդանքի կամ աղոթքի միջոցով փոխել աստվածների վերաբերմունքը հօգուտ իրեն: Ներկայումս ուսուցանվող Աստծո գաղափարը աստվածների հին գաղափարի մաքրազտումն է: Նրա մարդակերպ բնույթը երևում է, օրինակ, այն բանում, որ մարդիկ աղոթքով դիմում են Աստվածային Գոյին`աղերսելով իրենց իղձերի իրականացումը: Իհարկե ոչ մեկը չի հերքի, որ մի ամենազոր, արդար և ամենայն բարեգթությամբ լեցուն Աստծո գաղափարն ունակ է մարդուն մխիթարության, օգնության և ուղղորդման արժանացնել, ավելին` իր պարզության շնորհիվ այն մատչելի է ամենաչզարգացած ուղեղին: Բայց մյուս կողմից, հենց այս գաղափարի մեջ կան վճռական նշանակություն ունեցող թույլ կողմեր, որոնք ցավալիորեն զգալ են տվել իրենց հենց պատմության սկզբից: Օրինակ, եթե այն ամենազոր է, ապա մարդու ամեն գործողություն, մարդու ամեն միտք և մարդու ամեն զգացում ու իղձ նույնպես Նրա աշխատանքի արդյունքն է, ուրեմն ինչպե՞ս կարելի է մարդուն պատասխանատվության ենթարկել իր արարքների և մտքերի համար այդպիսի ամենազոր Գոյի առաջ: Պատժով կամ խրախուսանքով այն որոշակի չափով գնահատում է հենց Իրեն: Ինչպե՞ս կարելի է սա համատեղել Նրան վերագրվող բարության և արդարամտության հետ:

Գիտության և կրոնի ոլորտների միջև ներկա հակամարտությունների հիմնական աղբյուրն ընկած է անձնավորված Աստծո գաղափարի մեջ:

Գիտության նպատակն է` հաստատել այն ընդհանուր օրենքները, որոնք կորոշեին առարկաների և դեպքերի միջև փոխադարձ կապը ժամանակի և տարածության մեջ: Այս կանոնների կամ բնության  օրենքների  համար  համընդհանուր ճշգրտություն է պահանջվում, բայց ոչ ապացուցում: Դա միայն ծրագիր է, իսկ սկզբունքորեն դրա իրականացման հնարավորության նկատմամբ հավատը հիմնված է մասնակի հաջողությունների վրա: Բայց դժվար թե գտնվի մեկը, ով կհերքի մասնակի հաջողությունները և դրանք կվերագրի մարդու ինքնախաբեությանը: Այն փաստը, որ այս օրենքների հիման վրա որոշակի տիրույթներում կարող ենք մեծ ճշտությամբ և որոշակիությամբ կանխատեսել երևույթների ժամանակային վարքը, խոր նստած է ժամանակակից մարդու գիտակցության մեջ, չնայած հնարավոր է, որ նա շատ քիչ բան ըմբռնի այդ օրենքների իմաստից: Նրան բավական է աչքի առաջ ունենալ, որ մոլորակների ընթացքն արեգակնային համակարգությունում նախապես կարող ենք հաշվել մեծ ճշգրտությամբ  սահմանափակ  թվով պարզ օրենքների հիման վրա: Նման ձևով, չնայած ոչ նույն ճշգրտությամբ, հնարավոր է նախապես հաշվել էլեկտրաշարժիչի, փոխանցման համակարգի կամ ռադիոսարքավորման գործողության կարգը, նույնիսկ երբ գործ ենք ունենում նոր մտահղացումների հետ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն Արա Գուրզադյան Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային… Փիլիսոփայություն Աշխատանք և խոսք «Պատմություն և ճշմարտություն» գրքից Պոլ Ռիկյոր Պոլ Ռիկյորը ծնվել է 1913 թ. Վալանսում: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում: Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է: Ոգեշնչվել է Է. Հուսսեռլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից: Հակառակ Ֆ.… Փիլիսոփայություն Ազատ ժամանակի արարումը և զբաղված ժամանակի ֆենոմենոլոգիան (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան Պլատոնի «Թեետետոսում» կա դրվագ, երբ Սոկրատեսը, հավանաբար վախենալով, որ չափազանց երկարած խորհրդածությունը կարող է շեղել ու խճճել զրուցակցին, ասում է. «… սակայն տեսնո՞ւմ ես, Թեոդորոս, թե մի բառը ելնելով մյուսից և փոքրից դառնալով մեծ, ինչպես է…