Գիտություն և կրոն
Ավելի ճիշտ, երբ երևութաբանական համախմբում դեր խաղացող գործոնների թիվը շատ է մեծանում, գիտական մեթոդը մեզ անհաջողության է մատնում: Կարելի է հիշատակել եղանակը, երբ կանխատեսումը, նույնիսկ մի քանի օր առաջ, անհնար է: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կասկածում, որ գործ ունենք պատճառային կապի հետ, որի պատճառային բաղադրիչները հիմնականում մեզ հայտնի են: Այս ասպարեզում իրադարձությունները կանխատեսման համար մեզ անմատչելի են խաղին մասնակցող բազմազան գործոնների պատճառով և ոչ որովհետև բնության մեջ օրինաչափություններ չկան:
Մենք շատ ավելի քիչ ենք թափանցել կենդանի օբյեկտների թագավորություն այնտեղի օրենքներն ուսումնասիրելու նպատակով, սակայն դա արել ենք բավարար չափով` առնվազն զգալու համար, որ գործում է խիստ անհրաժեշտության օրենքը:
Բավական է հիշատակել թեկուզ ժառանգականության կամ կենդանի օրգանիզմների վրա թույների, օրինակ, ալկոհոլի ազդեցության հետ կապված համակարգային օրինաչափությունը: Ինչ այստեղ չունենք, դա համընդհանուր խոր կապերի ըմբռնում է, բայց ոչ՛ օրինաչափության իմացություն որպես այդպիսին:
Որքան մարդ ավելի շատ է խորանում բոլոր երևույթների կանոնավոր օրինաչափությունների մեջ, այնքան ավելի ամուր է դառնում նրա համոզվածությունը որ այս կանոնավոր օրինաչափությունները չեն կարող տեղ թողնել այլ բնույթի պատճառների համար: Նրա համար ոչ՛ մարդու ստեղծած օրենքը և ոչ՛ էլ աստվածային կամքի օրենքը չեն կարող լինել բնական երևույթների համար անկախ պատճառ: Եթե ճիշտն ասենք, անձնավորված Աստծո` բնական երևույթներին միջամտելու հայեցակետը երբեք չի կարող հերքվել գիտության կողմից բառիս իսկական իմաստով, քանի որ այդ հայեցակետը միշտ կարող է թաքստոց գտնել այն տիրույթներում, որտեղ գիտական իմացությունը դեռևս չի կարողացել ոտք դնել:
Բայց համոզված եմ, որ կրոնի ներկայացուցիչների նման գործելակերպը ոչ միայն անպատշաճ կլիներ, այլ նաև ճակատագրական: Որովհետև, եթե որևէ հայեցակետ չի կարող գոյություն պահպանել պարզ լույսի տակ, այլ` միայն խավարում, կարող է պատեհ պահին կորցնել ազդեցությունը մարդկության վրա, ինչն անչափ վնաս կհասցներ մարդկության առաջընթացին: Բարոյական բարու համար մղված պայքարում կրոնի ուսուցիչները պետք է առաքինություն ունենան հրաժարվելու անձնավորված Աստծո հայեցակետից, այսինքն հրաժարվելու վախի և հույսի այդ աղբյուրից, որն անցյալում այդքան լայն իշխանություն է ընձեռել կղերականներին: Նրանք պետք է տքնեն իրենց մեջ գտնել այն ուժը, որը կարող է մշակել Բարին, Ճշմարիտը և Գեղեցիկը հենց մարդկության մեջ: Սա, հաստատ, ավելի դժվար, բայց անհամեմատ ավելի արժանավոր խնդիր է: Երբ կրոնի ուսուցիչներն ավարտեն մաքրման նշված ընթացքը, նրանք հաստատապես հրճվանքով կհամոզվեն, որ իսկական կրոնը ազնվացել է և դարձել ավելի խորը շնորհիվ գիտական իմացության: Կրոնի նպատակներից մեկն է մարդկությանը, որքան հնարավոր է, ազատել եսամոլական ձգտումներից, ցանկություններից և վախից, իսկ գիտական մտածողությունը կրոնին կարող է օգնել մեկ այլ տեսանկյունից: Չնայած ճիշտ է, որ գիտության նպատակն է` գտնել օրենքներ, որոնք կկապեին և կկանխատեսեին փաստերը, բայց սա նրա միակ նպատակը չէ: Այն նաև ձգտում է հայտնաբերված առնչությունները հանգեցնել հնարավորին չափ իրարից անկախ հայեցակարգային փոքրաթիվ տարրերի: Բազմազանության այս տրամաբանական միասնականացման ձգտման մեջ են նրա խոշորագույն հաջողությունները, չնայած այս ձգտման մեջ է նաև պատրանքի զոհ դառնալու մեծագույն վտանգը: Սակայն ով այս ասպարեզում հաջող առաջընթացի փորձառություն է ձեռք բերել, խոր ակնածանքով է համակված գոյության դրսևորած տրամաբանության նկատմամբ: Ըմբռնման ճանապարհով նա հասնում է անձնական հույսերի և ցանկությունների կապանքներից հեռահաս ազատագրման և դրանով գալիս մտքի այն խոնարհ վիճակին` գոյության մեջ մարմնավորված տրամաբանության վեհության հանդեպ, որն ամենախոր հատակին հասնելու իմաստով անմատչելի է մարդուն: Այս դիրքորոշումը, սակայն, թվում է կրոնական` բառիս ամենաբարձր իմաստով: Եվ այսպիսով, ինձ թվում է, որ գիտությունը ոչ միայն մաքրում է հավատքի մղումը նրա մարդակերպության ավելորդություններից, այլ նաև նպաստում կյանքի` մեր ըմբռնման ոգեղենացմանը:
Որքան ավելի առաջ է ընթանում մարդկության հոգևոր զարգացումը, այնքան ինձ ավելի որոշակի է դառնում, որ դեպի ճշմարիտ կրոն տանող ճանապարհը անցնում է ոչ թե կյանքի կամ մահվան նկատմամբ վախի կամ կույր հավատի, այլ դեպի տրամաբանական իմացություն տանող ջանքերի միջով: Այս իմաստով համոզված եմ, որ հոգևորականը պետք է դառնա ուսուցիչ, եթե ցանկանում է արդարացնել կրթելու իր բարձր առաքելությունը:
Անգլերենից թարգմանությունը`
Սոս Հարությունյանի