Ռուբիկոն

Արվեստի իմաստը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այսպիսով, էության մասին հարցը կանխորոշված է տրամաբանական օրենքով. և որքանով որ իմացության այս կամ այն ոլորտի տրամաբանությունը (գիտությունների, արվեստների մասնավոր տրամաբանությունները) մենք կառուցում ենք ընդհանուր տրամաբանությունից ելնելով, այդքանով արվեստի էության մասին հարցը կլուծվեր առանց անդրադառնալու արվեստի ներքին էությանը. այն կլուծվեր արվեստի տրամաբանության (մեթոդիկայի) կառուցումով: Բայց այդպիսի տրամաբանության կայացման համար մենք պետք է ընդհանուր տրամաբանությունից արտածենք նրա անհրաժեշտ նախադրյալները, այնուհետև այս կամ այն կերպ խմբավորված այդ նախադրյալները կապենք փորձնական նյութի հետ (էսթետիկական ձևերի առկայությամբ): Մենք պետք է խմբավորենք զանազան եղանակների համաձայն (գիտական, էթիկական, կրոնական, գեղագիտական): Արվեստի էության հարցը նախկին իմաստով հանվում է օրակարգից, եթե մենք մտադիր ենք պարզորոշ կերպով արտահայտել մեր հայացքները արվեստի վերաբերյալ:

Էության մասին հարցի փոխարեն մենք պետք է բարձրացնենք արվեստին հարաբերվելու մեթոդների հարցը, պարզենք մեթոդների թիվը և դրանց զուգահեռ տեղադրենք մեթոդաբանական արդյունքները, այնուհետև պետք է հաստատենք ցանկացած մեթոդաբանական շարքի կապը արվեստի տեսական նախադրյալի հետ: Առանց այսպիսի սև, նախապատրաստական աշխատանքի, արվեստի ազատության կամ անազատության և այլնի պնդման իրավունքը մենք չունենք: Գեղագիտության մեթոդաբանությունը ներկայումս դեռ չի մշակված, դեռ չկա նաև արվեստի հատուկ տրամաբանություն: Կոհենը, Նատորպը շատ են աշխատել գիտությունների մասնավոր տրամաբանությունների վրա: Մենք սպասում ենք արվեստի կրթված տեսաբանների, որոնք արվեստի ընդհանուր հարցերը կհասցնեն ցանկալի սահմանին: Իսկ առայժմ պետք է զգուշություն արվեստի մասին դատողություններում. ահա այն ամենը, ինչ կարող ենք պահանջել տեսաբանից, եթե նա մեզ առաջարկում է իր կոնցեպցիաները: Մենք կարող ենք արվեստին վերապահել այս կամ այն էությունը, բայց այդ էությունը հաստատվում է մեր կողմից որպես մեր հավատ: Ճիշտ է հավատը կարող է կրել անմիջական համոզչականության կնիքը, հատկապես եթե մենք ամրացնենք այն արվեստի իմաստի ցուցումով. այստեղ իր իրավասության մեջ է մտնում մեր կրոնական credo-ն, մանավանդ եթե այդ credo-ն արտահայտվում է  գեղարվեստական կերպարներով: Այստեղ մենք գործ կունենանք գեղարվեստական կռահումի (прозрение), արվեստի մետաֆիզիկայի, կրոնի և ոչ թե արվեստի տրամաբանության հետ: Բայց չէ որ միայն այդպիսի տրամաբանությամբ է գեղագիտությունը դուրս բերվում մի շարք հարակից մեթոդաբանություններից որպես ինքնուրույն դիսցիպլին:

Մյուս կողմից` արվեստի սուբստանցը սահմանափակելով փորձով` մենք պետք է ձևերի գոյություն ունեցող բազմազանությունը դիտենք իբրև փորձի առարկաներ. ուսումնասիրել ձևերի էվոլյուցիայի, դիֆերենցիացիայի և ինտեգրացիայի օրենքները: Ահա թե ինչու մեզ ավելի ու ավելի են ետ պահում արվեստների սոսկ ֆորմալ գծերը: Բովանդակությունը որոշարկելի է լոկ ձևում. արվեստի ձևը` մարմնավորված բովանդակությունն է: Այդ իսկ պատճառով էլ մենք պետք է մատնանշենք արվեստի «զգայական» բովանդակության (նրա մարմնի) և զգայականության ձևերի (տարածության կամ ժամանակի) միջև առկա կապը:

Յուրաքանչյուր գեղագիտություն նաև տրանսցենդենտալ գեղագիտություն է կանտյան իմաստով, այսինքն` այն առնչվում է տարածությանն ու ժամանակին: Գեղագիտական ձևի հնարավորության ընդհանուր պայմանների դասավորության մասին ուսմունքը ուսմունք է տարածության և ժամանակի մեջ տեղաբաշխության մասին: Այնուհետև ձևերի բարդեցման մեջ մենք որոշում ենք այսպես կոչված բովանդակությունը. այս տեսանկյունից բովանդակությունն արտածելի է ձևից: Իմաստը, այսինքն` յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական նպատակը, կարող է այստեղ հանդես գալ որպես օժանդակ միջոց` գեղագիտության ֆորմալ պայմանները լուսավորելով այս կամ այն կրոնական լույսով:

Չունենալով արվեստների խիստ մշակված տրամաբանություն (տեսաբանների առաջիկա հետազոտությունների առարկան)` մենք ակամայից գեղագիտության տիրույթը, որպես ինքնուրույն ամբողջություն, պարագծում ենք իմացության տեսության և մետաֆիզիկայի (ըստ էության միշտ կրոնական) տիրույթով: Այստեղ արվեստի բովանդակությունը մենք հարկադրված ենք դիտել մերթ որպես ձև, մերթ որպես իմաստ. առաջին դեպքում տվյալների բազմազանությունը մենք դուրս ենք բերում տարածության և ժամանակի տրամաբանական հարաբերությունների միատեսակությունից, երկրորդ դեպքում այդ բազմազանությունը լուսաբանում ենք ստեղծագործության նպատակների տեսանկյունից: Վերջապես, հանուն հակիրճության, մենք միացնում ենք հարաբերության այդ երկու եղանակները, այսինքն` արվեստի զարգացման ֆորմալ օրենքներում կանխատեսում ենք սիմվոլիկ իմաստ: Գործելով այսպես` մենք ամենևին չենք մոլորվում ուղու պայմանականության առումով. բայց չէ՞ որ ողջ գեղագիտությունը, Լեսինգից մինչև Նիցշե, չէր կարող այդ ուղով չգնալ: Իսկ արվեստի գիտական բացատրությունը արվեստի պատմության հետ մեկտեղ ոչ մի կերպ չեն իմաստավորում էսթետիկական ֆենոմենները. ո՛չ գիտությունը, ո՛չ պատմությունը մեզ ոչինչ չեն ասում իմաստի մասին: Մեր օրերում ուրիշ մեթոդ գտնելը նշանակում է լինել Կոպեռնիկոս գեղագիտության ոլորտում:

Հետագայում ես կքննարկեմ վերոասվածից գոյացող անխուսափելի հարցերը և կաշխատեմ տալ դրանց սխեմատիկ (պայմանական) լուծումը: Կաշխատեմ ճշգրիտ լինել հաստատված սահմաններում, չնայած այդ սահմաններն ավա~ղ պայմանական են. այստեղ ես մեղք չունեմ. անկարելի է լինել ճշգրիտ, եթե բացակայում է արվեստների տրամաբանությունը: Ճշգրտությունը կարող է լինել լոկ այս կամ այն մեթոդի սահմաններում: Ես չեմ շոշափում մեթոդաբանական բացատրություններ. իմ խնդիրն է նշել արվեստի հավանական իմաստը: Իսկ իմաստն ու մեթոդը համերաշխ չեն միմյանց հետ:

#3

Արվեստի էության օբյեկտիվ դիտարկումը հանգում է մեր ժամանակի ոգով մի շարք մեթոդաբանական լուծումների հաստատման:

Եղանակի ճշտությունը չի երաշխավորում լուծման անվերապահություն: Որպես անվերապահության պայման այստեղ հանդես է գալիս մեթոդի կատարելագործումը և ոչ թե այն բանի, ինչը մտցվում է մեթոդի մեջ: Բովանդակության և մեթոդի միջև անանցանելի անդունդ է: Այս իմաստով արվեստի էության հետ կապված հարցերը պայմանական են. դրանք հենվում են հետազոտության եղանակների զարգացման պրոցեսի վրա. տվյալ հարցի պատասխանը արվեստի գենեզիսը կլիներ: Արվեստի ծագումը կապ չունի ո՛չ արվեստի իմաստի, ո՛չ էլ էության հետ. այստեղ իրավասու են դառնում բնագիտությունը, հոգեբանությունը, մշակույթի պատմությունը, կրոնի պատմությունը, արվեստի պատմությունը: Եվ արվեստի ինչ լինելու հարցը սպառվում է բնագիտությամբ, հոգեբանությամբ և այլնով արվեստը լուսաբանելով: Ես մի կողմ եմ թողնում այդ հարցերը:

Կա մի ուրիշ մոտեցում արվեստի ըմբռնմանը, այդ մոտեցումը այն փաստի ակնհայտության մեջ է, թե արվեստը հենվում է իրականության վրա: Արվեստի յուրաքանչյուր ձև որոշվում է իրականության այն արմատական գծի տեսանկյունից, որը նա արտացոլում է առավել ամբողջական:

Կարդալ նաև

Արվեստ Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու… Արվեստ Գիրք, որին սպասում էինք վաղուց Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…