Ռուբիկոն

Արվեստի իմաստը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Իսկ երբ եզրակացնում են, թե արվեստի կոչումն է մեր հույզերն արտահայտելը, ղեկավարվում են այն բանով, որ արվեստն արտահայտում է նաև զգացմունքներ: Ստեղծագործության լեռնագագաթները այդժամ փոխակերպվում են մշուշոտ… գագաթների` րոպեական իրենց ուրվագծերը փոխող, սահելով ինչպես առօրեական, այնպես էլ էական (ценной) կյանքի կողքով: Այդպես մենք հանգում ենք լրիվ Քաոսի:

Ոչ՛:

Գեղարվեստական կերպարը նմանեցվում է լեռան, որի լանջերը ծածկված են գաղափարների որթատունկերով, այստեղ լանջի մոտ նոր գինի են պատրաստում` նոր կյանքի գինին, բայց այստեղ գինու ձևով չեն տրված գաղափարները. նրանք դուրս չեն գալիս ուղղակի կերպարից. փոխարկման, ըմբռնման, կռահման աշխատանք է պետք արվեստ ընկալող անձանց կողմից և այդ աշխատանքը «post-factum» է. կերպար է տրված. այն կա՛մ խաղողի որթ է, կա՛մ անպտուղ թզենի. միայն ժամանակն է որոշում սա է այն, թե մյուսը: Իսկ լեռան գագաթները ծածկված են հույզերի ամպերով, որոնց միջից փայլում է կայծակն ու որոտում ամպրոպը: Եվ միայն ամպերի ճեղքվածքներից շողշողում են պարտքի սառցե գագաթները` թերևս ընդունակ դառնալու կրակե շիթ երկինք նետող խառնարան, գաղափարների որթատունկերը ողողող խառնարան, որպեսզի նոր պարտքի լանջերը ծածկվեն նոր գաղափարների այգիներով: Իրոք խորը գեղարվեստական ստեղծագործության գնահատման համար պետք է աշխատանք կատարել. խաղողը փոխարկել գինու (հասկանալ) և զգացմունքների քաոսի միջով հասնել պարտքի գագաթներին` ենթարկվելով անդունդն ընկնելու վտանգին: Ահա թե ինչին է նմանվում արվեստի ճշմարիտ կերպարը` կերպար-խորհրդանիշը: Կերպարի հրաբխային ուժը մեր առջև կիտում է արժեքների նորանոր զառիթափեր, իսկ լեռների  ուրվագծերը` պարտքի նորմերն են:

Այդպես է արտահայտվում արվեստում անբաժանելիորեն ամբողջական ապրումը: Սիմվոլի ալեգորիկ իմաստը արմատացած է այն գաղափարներում, որոնք նա, ի միջի այլոց, արտահայտում է. նաիվ-ռեալիստական իմաստը որոշարկվում է ֆաբուլայով, տեղանքով, ժամանակով և միջավայրով: Յուրաքանչյուր սիմվոլ ըմբռնման երեք աստիճան ունի. ըմբռնումների ձևը փոփոխական է. կան ցածրավանդակից գագաթին տանող վերելքի շատ ուղիներ: Գագաթում են հանդիպում այդ արահետները: Միայն արահետների (ալեգորիկ սիմվոլների) միակցությունն է տալիս սիմվոլի ռելիեֆ: Յուրաքանչյուր դարաշրջան, յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր անհատականություն կարող է իմաստավորել սիմվոլը. միայն իմաստների միակցությունն է, գումարած ևս ինչ-որ բան, ամբողջացնում սիմվոլը. ահա թե ինչու արվեստի իրոք սիմվոլիկ ստեղծագործությունները նմանեցվում են նաև ջրհորի, որից չես սպառի կենարար ջուրը:

Ստեղծագործությունը գործունության կենդանի պրոցես է. դրա մեջ է մտնում միասնական նպատակ իրագործող հոգևոր ընդունակությունների միակցությունը: Միայն սիմվոլն է արտահայտում այդ միակցությունը. միայն սիմվոլիզմի մեջ է նկարչի ստեղծարար գործունեության արտահայտությունը:

#4

Արվեստը հոգու ստեղծագործունեությունն է, որ իրագործվում է նյութի հաղթահարման աշխատանքի որոշակի ուղիների օգնությամբ:

Բայց արդյո՞ք ստեղծագործությունը նաև ճանաչողություն է: Ճանաչողությունը մտնում է ստեղծագործության մեջ: Երբեմն ասում են, թե արվեստը հատուկ տեսակի ճանաչողություն է. այդպես ասելով` ճանաչողությունը խառնում են իմացության հետ. իմացության տիրույթը մեթոդով ձևավորված այս կամ այն փորձի տիրույթն է. իմացությունը գիտություն է: Ճանաչողությունը իմացության իմացությունն է. այն դիտարկում է իմացության գործիքները` մեթոդները, բայց փորձերի մեթոդաբանական շարքի սահմանները կանխորոշված են փորձի հնարավորության այս կամ այն պայմանով. փորձի պայմանը արտափորձային ծագում ունի. այդ պայմանը այս կամ այն կատեգորիան է, և որքանով կատեգորիայի միասնությունը ինքնագիտակցության միասնության մեջ է, այդքանով էլ արտափորձային կատեգորիան միշտ տրամախոհության կատեգորիան է: Իմացության իմացությունը արմատացած է ինքնագիտակցության մեջ, դատող գիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով էլ ճանաչողությունը սոսկ ինքնագիտակցում է, այսինքն` մեր ճանաչողական գործունեության օրենքների ուսումնասիրություն: Ճանաչողությունը իմացաբանության ոլորտ է. չի կարող լինել երկու ճանաչողական գործունեություն: Պնդումը, թե արվեստը առանձնահատուկ ճանաչողություն է, չունի ուղղակի տրամաբանական իմաստ: Դա կա՛մ գեղեցիկ ֆրազ է, կա՛մ երկու ոլորտի խառնաշփոթ` ճանաչողության և իմացության: Նման հայտարարության միակ իմաստն այն է, որ արվեստը իմացություն է. հետևություն` արվեստը գիտակցվող գիտություն է: Այս հետևությունից արված եզրահանգումները մահացու են յուրաքանչյուր կենդանի արվեստի համար. կենդանի արվեստը պետք է դառնա մեռած արվեստ*:

Մյուս կողմից հաստատելով արվեստը որպես ճանաչողության մեթոդ` ճանաչողության հասկացությունը դնում են առաջին տեղում, իսկ ստեղծագործության հասկացությունը արտածում են դրանից: Բայց լուծելով հարցը ճանաչողության առաջնության ընդունումով` մենք բախվում ենք մի շարք թյուրըմբռնումների հետ:

Նախ, մնալով դրական գիտությունների տիրույթում, մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր գիտական պարզաբանում իրականությունը տրոհում է իրականության մասին մի շարք հասկացությունների: Իրականության մասին գիտական հասկացությունները հեռացնում են և ոչ թե մոտեցնում մեզ ընդհանուր տրամաբանական հասկացություններին. գիտությունների հատուկ տրամաբանությունը մշակում է հասկացությունների հատուկ տեսակներ: Այդ հասկացությունների ճանաչողական իմաստը չի դառնում ավելի պարզ, այլ ընդհակառակը` ավելի է մթնում: Եղանակի ընդհանուր տրամաբանական իմաստն ու ճշտությունը կոորդինացված չեն. ատոմը է՛լ ավելի անհասկանալի է, քան բանականության իդեան, եթե մենք միայն փորձենք իմաստավորել ատոմն իբրև բանականության իդեա` հրաժարվելով ամեն տեսակ կենսակենտրոնությունից (биоцентпизм): Որպես փորձնական բացատրման պայման, ատոմը մի բան է, որպես ճանաչողական գաղափար` բոլորովին այլ բան: Օրինակ, հանքաքարը որոշարկելու համար ես պետք է գիտենամ նրա քիմիական կառուցվածքը. կառուցվածքը որոշարկելի է տարրերի հարաբերակցությամբ. ես պետք է գիտենամ տարրերի քիմիական և ֆիզիկական հատկությունները, պետք է տեղադրեմ դրանք համակարգում ըստ ատոմական  կշռի: Ատոմն այստեղ որոշարկվում է կշռի հարաբերությամբ, այսինքն` հանքաքարի փոխարեն ես ունեմ մի շարք քաշային հարաբերություններ, բայց կշռելու տիրույթը (ստատիկան) որոշվում է, իր հերթին, ուժի մասին պատկերացումով, որով- հետև հավասարակշռությունը հավասարակշռությունն է երկու հակադիր գործող ուժերի: Դինամիկայում ես նյութը վեր եմ ածում ուժերի համակարգի (հանքաքարը որպես ինչ-որ ուժագծերի կոմպլեքս): Իսկ ուժերի գործողությունը ես որոշում եմ աշխատանքով: Ու՞մ, ինչի՞ աշխատանքով:  Բայց այստեղ ես կանգնած եմ անթափանցելի գաղտնիքի առջև: Հանքաքարի որոշարկումը ներթափանցում է այդ հանքաքարի մեջ, բայց անթափանց գաղտնիքով: Մեխանիկական բացատրությունը միշտ մոդելի կառուցում է, բայց մոդելի իմաստը (ընդհանուր տրամաբանական) անհետանում է:

Կարդալ նաև

Արվեստ Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու… Արվեստ Գիրք, որին սպասում էինք վաղուց Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…