Արվեստի իմաստը
mv2/2 -ն կենդանի ուժի բանաձևն է: Արդյո՞ք սա ճանաչողություն է: Ոչ`, սա պարզապես պայմանների իմացություն է. ու՞մ, ինչի՞: Փաստի՞: Ու՞ր են այդպիսի ճանաչողության օբյեկտները: Իհարկե ոչ փորձի աշխարհում, նույնիսկ ոչ կեցության աշխարհում: Որպես էներգիայի կոմպլեքս հասկացված հանքաքարը վեր է ածվում մոդելի, գիտական սիմվոլի և ոչ թե գաղափարի, ալեգորիայի: Իմացությունն, այսպիսով, մեզ տանում է մոդելների ստեղծագործության, և եթե երևույթի (հանքաքարի) հիմքում ընկած է սիմվոլիկ պատկերացում, ապա այդ պատկերացումը տրամաբանորեն առաջնային է երևույթից. նա է արարում այն: Ուրեմն ստեղծված երևույթի ետևում կանգնած է նրա արարող սկզբունքը (начало): Այսպես է սկսվում դուալիզմը (երևույթների աշխարհն ու ինքնին իրը), քանի դեռ մենք կանգնած ենք հատուկ իմացության հայեցակետում: Բայց երբ կհասկանանք, որ ամենաընդհանուր մեխանիկական պատկերացումները նախասահմանված են ճանաչողական գործունեության ձևով, մենք կհանգենք ճանաչողության հայեցակետին: Ինքնին իր կդառնա իրեն օբյեկտներ կանխորոշող մեր դատողական գիտակցությունը: Եվ այսպես, դատողական գիտակցությունը բանականության օրենքների համաձայն իր համընդհանուր և անհրաժեշտ դատողություններում կանխորոշել է պայմանների այնպիսի համակցություն, որոնց ամբողջությունը (совокупность) ծնել է իմ մեջ հանքաքարի մասին պատկերացում: Իսկ հանքաքարի հատկությունների ճանաչողության մեջ ես վերադարձել եմ հանքաքարը կանխորոշող պայմանների համակցությանը: Եվ քանի որ այդ չիմացությունը առհասարակ դատողական գիտակցությունն է, ուրեմն ես վերադարձել եմ իմ դատողական գիտակցության օրենքներին: Այսպես փոխվում է հայացքը ճանաչողության հանդեպ. այն դառնում է ինքնագիտակցություն:
Երկրորդ` իմացության ժամանակակից տեսությունը գործնական բնույթ է հաստատում հենց ճանաչողության հասկացության հետ. այն պետք է իր նպատակներն իրագործի, հետևաբար` ես ճանաչում եմ ինչ-որ բան ինչ-որ բանի համար. առանց այդ էթիկական պահի, որ մտցված է ճանաչողության ակտի մեջ, թե՛ ճանաչողական գործունեությունը, թե՛ նրա օբյեկտները (մեթոդները), թե՛ մեթոդաբանական մշակման նյութը (փորձի առարկաները) սոսկ տրվածքներ են և ուրիշ ոչինչ: Տրվածքից չես արտածի և ոչ մի իմաստ, իսկ իմաստը պետք է լինի, հակառակ դեպքում ճանաչողությունը կլիներ աննպատակ ճանաչողություն: Ճանաչողությունը ենթարկվում է միակ նորմին, իսկ այդ նորմը պարտավորությունն է (долженствование), բայց որպեսզի պարտավորությունը դատարկ ձև չլինի, այն պետք է կապվի ինչ-որ տրվածքի հետ: Միանալով ճանաչողության տրվածքին` այն կազմում է մետաֆիզիկական արժեք, միանալով մեթոդին` տալիս է գիտական արժեք, միանալով արտաքին փորձի առակաների հետ` այն տալիս է էթիկական արժեք, միանալով ներքին փորձի առարկաներին (ապրումների ամբողջականության հետ)` պարտավորությունը կազմում է կրոնական արժեքների շարքեր, միանալով ապրումի և կերպարի միասնությունն արտահայտող կապին, այսինքն` գեղագիտական սիմվոլի հետ, պարտավորությունը կազմում է գեղագիտական արժեքների շարքեր. գեղագիտությունն, այսպիսով, հարակից տիրույթ է զբաղեցնում էթիկայի և կրոնի հետ: Միայն արժեքի դրսևորման եղանակն է զատում նրան կրոնից և էթիկայից, հակառակ գիտական և մետաֆիզիկական արժեքի, էթիկան, էսթետիկան և կրոնը գործ ունեն առարկայական և ոչ թե ճանաչողական տրվածքների հետ. այստեղից էլ` կրոնը իրագործվում է նպատակահարմար ձևավորված ապրումներում, էթիկան` նպատակահարմար ձևավորված վարքում, էսթետիկան` նպատակահարմար տեղաբաշխված կերպարների շարքում: Տեղ զբաղեցնելով վարքի նորմերի (ֆորմալ նպատակահարմարություն) և ապրումների նորմերի (ներքուստ ռեալ նպատակահարմարություն) միջև` արվեստն ունի գծեր, որոնցով նա տարբերվում է թե՛ էթիկայից, թե՛ կրոնից: Կերպարային նպատակահարմարությունը ոչ ֆորմալ է, ոչ էլ ներքուստ ռեալ (կրոնական ուղղակի իմաստով): Սա չէ՞ արդյոք պատճառը, որ Կանտը հանճարեղորեն բացահայտեց արվեստում նպատակահարմարությունն առանց նպատակի:
Այսպիսով, պարտավորության միացումը այս կամ այն տրվածքի հետ ծնում է արժեք: Բայց միացման ակտը, նախաձեռնությունը ընկած է անձի ազատ կամքում: Այդ իսկ պատճառով, թե՛ գիտական իմացությունը, թե՛ փիլիսոփայությունը, թե՛ էթիկան, թե՛ էսթետիկան, թե՛ կրոնը սոսկ տարբեր տեսակի ստեղծագործություններ են: Ճանաչողությունը կանխորոշված է ստեղծագործությամբ:
Ստեղծագործությունն իրագործում է կեցությունը, ինչպես և ճանաչողությունը. երկուսն էլ առանց ստեղծագործության ակտի միայն նյութ են ամեն տեսակ մեռած տրվածքների համար` նախնադարյան Քաոս, որից գոյանում են աշխարհներ: Արվեստը կյանքի կերպարները փոխարկելով արժեքների կերպարների, չնայած չի իրագործում այդ արժեքները (ինչպես կրոնը), բայց ցուցանում է իրագործման ուղիները. այն, ինչ սկսվում է արվեստում, ավարտվում է կրոնում:
Արվեստն այդ իսկ պատճառով ավելի հստակ է արտահայտում ստեղծագործության գաղափարը, քան մեզ տրված կյանքի ձևերը: Այն արժեքներ է արարում:
Արվեստի վերջնական նպատակներն այդ իսկ պատճառով համընկնում են մարդկության հետագա նպատակների հետ: Անհատական աճի վերջնական նպատակները թելադրվում են մասամբ էթիկայով, բայց ավելի շատ կրոնով, որն այդ անհատական նպատակները վեր է ածում կոլեկտիվ նպատակների: Արվեստը կրոնի և էթիկայի հետ մեկտեղ կազմելով արժեքների համասեռ մի խումբ, այնուհանդերձ, ավելի մոտ է կրոնին, քան էթիկային, դրա համար էլ արվեստի կողմից առաջ քաշված նպատակների խորքում թաքնված են կրոնական նպատակներ. այդ նպատակներն են` մարդկության կերպարանափոխություն, նոր ձևերի ստեղծում … Ինչի՞: Արվեստի ձևերի՞:
Իսկ ի՞նչ բան է արվեստի ձևը:
#5
Արվեստը ստեղծարար գործունեություն է, բայց ամեն մի ստեղծարար գործունեություն արվեստ չէ: Արվեստը առանձնահատուկ գործունեություն է. այն իրագործվում է վերապրումի և այս կամ այն արտաքին փորձի առարկայի միջև կապերի ստեղծարարմամբ: Այդ կապը կարելի է բնորոշել որպես գեղարվեստական ձևի մեջ տեսանելիության հետ իրականության միացում. հավատարմությունն իրականությանը այստեղ իրագործվում է գեղարվեստական կերպարի ձևի մեջ մտնող տեսանելիության տարրերի ազատ խմբավորմամբ: Տեսանելիությունը պահպանվում է շնորհիվ հենց տեսանելիության տարրերի, այսինքն` հնչյունների, գույների, բառերի և այլ նյութի:
Տեղին չէ այստեղ խորանալ այն բանի իմացաբանական վերլուծության մեջ, թե ինչ է արվեստի կերպարը: Գեղարվեստական սիմվոլիզմի իմացաբանական արդարացումը կպահանջեր իրականության մասին հասկացությունների հիմնարար վերլուծություն:
Բայց հոգեբանական տեսակետից էլ է հնարավոր արդարացնել գեղարվեստական սիմվոլիզմը: Ոգին և մատերիան, ըստ Գեֆֆդինգի, «Միասնության չբերվող երկուություն է (двоица)» …
Բայց կարելի է ասել և հակառակը` միասնության չբերվող երկուությունը մեկ արտաքին տերմինով, մեկ արտաքին ու ներքին տերմիններում ինչ-որ միասնության հայեցողության արդյունքն է, որտեղ երևույթների կապը (a) մեկ դրանց ֆունկցիոնալ կախվածությունն է (b), մեկ` սուբյեկտիվ ակտիվ մոտիվացումը (c):