Սա ծխամորճ չէ
Միշել Ֆուկո
Ահա երկու ծխամորճ
Առաջին տարբերակը` կարծեմ 1926 թվականինը, խնամքով նկարված ծխամորճ է, իսկ ներքևում (գրված կանոնավոր, փութաջան, արհեստական ձեռագրով` աշակերտական ձեռագրով, որի նմանը կարելի է գտնել որպես նմուշ, դպրոցական տետրերի վերևում, կամ էլ` գրատախտակին` ուսուցչի տված հանձնարարություններից հետո) հետևյալ նշումը`
«Սա ծխամորճ չէ»:

Մյուս տարբերակը,– կարծում եմ` վերջինը,– կարելի է գտնել «Aube à l’antipode» գրքում: Նույն ծխամորճը, նույն տեքստը, նույն ձեռագիրը: Բայց տեքստն ու նկարը այստեղ զուգադրված են ոչ թե չտարբերակված, չսահմանազատված, չճշգրտված տարածքում, այլ նույն շրջանակի ներսում, որն ինքը դրված է նկարակալի վրա, վերջինս էլ իր հերթին հատակի հստակորեն տեսանելի տախտակների վրա: Վերևում ծխամորճ` ճիշտ և ճիշտ նման նրան, որը նկարում է, միայն շատ ավելի խոշոր:
Առաջին տարբերակը վարանեցնում է միայն իր պարզությամբ: Երկրորդն ակներևաբար բազմապատկում է միտումնավոր անորոշության պահերը: Շրջանակը` հենած նկարակալին և դրած փայտե բույթերի վրա, մատնանշում է, որ դա նկարչի նկար է. սա ավարտուն, ցուցադրված գործ է, որը հավանական դիտողի համար ուղեկցված է մեկնաբանող կամ բացատրող տեքստով: Եվ սակայն, այդ պարզունակ գրությունը, որն ըստ էության ոչ ստեղծագործության վերնագիրն է, ոչ էլ նրա նկարչական տարրերից որևէ մեկը, նկարչի ներկայությունը հաստատող որևէ այլ նշանակի բացակայությունը, ընդհանուր անպաճույճությունը, հատակի կոպիտ տախտակները, – այդ ամենը դասարանում գտնվող գրատախտակ է հիշեցնում. գուցե շուտով ջնջելու են նկարը և տեքստը: Գուցե ջնջելու են միայն մեկը կամ մյուսը` «սխալն» ուղղելու համար (նկարելով մի բան, որն իսկապես ծխամորճ չէ, կամ գրելով իսկապես ծխամորճ լինելը հաստատող նախադասություն): Ժամանակավոր սխալմունք (թյուրիմացության նմանությամբ` ՙթյուրագրություն՚), որը մի շարժումով չքանալու է սպիտակ փոշու մեջ:
Բայց սա դեռ անորոշություններից նվազագույնն է: Ներկայացնենք ուրիշները. կա երկու ծխամորճ: Կամ գուցե ավելի շուտ ծխամորճի երկու նկա՞ր: Կամ էլ ծխամորճ և իր նկա՞րը, կամ էլ երկու նկար, որոնցից յուրաքանչյուրը ծխամորճ է պատկերում, կամ էլ երկու նկար, որոնցից մեկը ծխամորճ է պատկերում, բայց ոչ մյուսը, կամ էլ երկու նկար, որոնցից ոչ մեկը ոչ ծխամորճ է, ոչ էլ ծխամորճի նկար: Եվ ահա ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շփոթում եմ լինել-ը և պատկերել-ը, կարծես նրանք համարժեք լինեն, կարծես նկարն այն է, ինչ պատկերում է.և ես լավ եմ տեսնում, որ եթե հարկ լիներ,– և իսկապես հարկ է,– խնամքով զատել (ինչպես ավելի քան երեք դար առաջ առաջարկել է Պոր-Ռոյալի «Տրամաբանությունը») պատկերումն ինքը և այն, ինչ պատկերված է, ես պետք է նորից թվարկեի առաջարկված բոլոր վարկածները և դրանք կրկնապատկեի:
Ինձ նաև հետևյալն է ապշեցնում. նկարում, – գրատախտակի կամ կտավի վրա` կարևոր չէ, – պատկերված ծխամորճը` այդ «ներքևի» ծխամորճը, ամուր ընդգրկված է այնպիսի տարածքում, որն ունի ակնհայտ տեղորոշիչներ` լայնություն (գրված տեքստը, շրջանակի վերին և ստորին եզրերը), բարձրություն (շրջանակի կողմերը, նկարակալի ուղղահայաց մասերը), խորություն (հատակի գծերը): Ամուր մի բանտ: Դրա փոխարեն, վերևի ծխամորճը կոորդինատներ չունի: Նրա հսկայական չափերը անհստակ են դարձնում նրա տեղորոշումը (հակառակ տպավորությունը այն բանի, որ գտնում ենք «Մարտիկների գերեզմանը» նկարում, որտեղ հսկայականը բռնված է չափազանց ճշգրիտ տարածության մեջ). արդյոք այդ հսկայական ծխամորճը պատկերված նկարի առջևո՞ւմ է և մղել է այն իրենից շատ հեռու` դեպի ետ: Թե՞ կախված է ճիշտ նկարակալի վերևում` որպես արտաբխում, նկարից անջատված գոլորշի, ծխամորճի ծուխ, որն ինքը ծխամորճի ձևն ու ուռուցիկությունն է ստացել` այդպիսով հակադրվելով և նմանվելով ծխամորճին (համաձայն համանմանության և հակադրության այն նույն հարաբերությանը, որ գտնում ենք շոգենման և պինդ մարմինների միջև «Ճակատամարտեր Արգոնում» շարքում): Կամ էլ, ծայրահեղ դեպքում, չէ՞ր կարելի արդյոք ենթադրել, որ ծխամորճը նկարի և նկարակալի ետևում է, և այդ դեպքում է՛լ ավելի հսկայական է, քան թվում է. այն նրա անջատված խորությունն է, ներքին տարածությունը, որը դուրս է գալիս կտավի (կամ տախտակի) սահմաններից և դանդաղորեն ու անսահմանորեն ընդարձակվում տարածության մեջ` այս անգամ առանց տեղորոշիչի:
Սակայն ես նույնիսկ այդ անորոշության մեջ վստահ չեմ: Կամ, ավելի շուտ, ինձ շատ կասկածելի է թվում այն պարզ հակադրությունը, որ գոյություն ունի վերևի ծխամորճի չտեղորոշված երերուն վիճակի և ներքևի ծխամորճի կայունության միջև: Ավելի մանրամասնորեն զննելիս կարելի է հեշտությամբ նկատել նկարակալի ոտքերը, որի վրա դրված է կտավը և նկարի ամփոփող շրջանակը, այդ ոտքերը, որոնք հանգչում են հատակին, որին վերջինիս կոպտությունը ակներևություն և հավաստիություն է հաղորդում, իրականում շեղադիր են. նրանց շփման մակերեսը սահմանափակվում է երեք սուր ծայրերով, որոնք զրկում են կայունությունից այդ քիչ թե շատ ծանր ամբողջությունը: Անխուսափելի անկու՞մ: Նկարակալի, շրջանակի, կտավի կամ տախտակի, նկարի, տեքստի փլուզու՞մ: Փայտի կտորտանք, նկարի պատառիկներ, միմյանցից այն աստիճան անջատված տառեր, որ հավանաբար հնարավոր չի լինի վերականգնել բառերը, – ողջ այս խառնաշփոթը գետնին, այնինչ վերևում, չափերից և տեղորոշիչներից զուրկ խոշոր ծխամորճը կշարունակի մնալ օդապարիկի անհասանելի անշարժության մեջ:
Քանդված կալիգրամը
Մագրիտի նկարը (ես առայժմ խոսում եմ միայն առաջին տարբերակի մասին) նույնքան պարզ է, որքան բուսաբանության դասագրքի որևէ էջում տեղադրված մի նկար` իր բացատրությամբ: Չափազանց հեշտ է ճանաչել այսպես նկարված ծխամորճը, չափազանց հեշտ է արտասանել (և լեզվին դա մեզնից առաջ է հայտնի) ՙծխամորճ անունը՚: Սակայն այդ նկարին տարօրինակություն հաղորդողը սոսկ պատկերի և տեքստի ՙհակասությունն՚ է: Այն պարզ պատճառով, որ հակասություն կարող է լինել միայն երկու գրության միջև, կամ էլ միևնույն ասույթի ներսում: Սակայն այստեղ ինձ համար պարզ է, որ միայն մեկ ասույթ կա, որը չի կարող հակասական լինել, քանի որ նախադասության ենթական պարզ ցուցական է: Ուրեմն սխա՞լ է: Բայց ո՞վ կարող է ինձ լրջորեն ասել, որ տեքստի վերևի միահյուսված գծերի ամբողջությունը ծխամորճ է: Մոլորեցնում է այն, որ տեքստը նկարին վերագրելն անխուսափելի է (դրան է մեզ մղում ցուցականը, ծխամորճ բառի իմաստը, նկարի նմանությունը), և անհնար է սահմանել այն հարթությունը, որը մեզ թույլ կտար ասել, թե նման հաստատումը ճիշտ է, սխալ, հակասական, անհրաժեշտ:
Ես չեմ կարող ինձնից վանել այն միտքը, որ ողջ գաղտնիքը արդյունքի պարզության պատճառով անտեսանելի դարձած մի գործողության մեջ է, որով միայն կարելի է բացատրել նկարի առաջացրած անորոշ անձկության զգացողությունը: Այդ գործողությունը մի կալիգրամ է, որ Մագրիտը նախ թաքուն կազմել է, հետո խնամքով քանդել: Պատկերի բոլոր տարրերը, նրանց փոխադարձ դիրքն ու հարաբերությունը բխում են այդ գործողությունից, որը կատարվելուն պես չեղյալ է ճանաչվել: