Ռուբիկոն

Սա ծխամորճ չէ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երկրորդ սկզբունքը ելնում է նմանության փաստիև պատկերման կապի հաստատման համարժեքությունից: Եթե պատկերը նման է որևէ բանի (կամ մի այլ պատկերի), եթե նրանց միջև համանմանության հարաբերություն կա, դա բավական է, որ նկարչության խաղի մեջ սողոսկի ակնհայտ, սովորական, հազար անգամ կրկնվող և գրեթե միշտ լռակյաց մի գրություն (այն նման է անվերջ, համառ շշուկի, որ պարուրում է պատկերների լռությունը, ներգործում նրա վրա, իրենից դուրս հանում և ի վերջո նետում անվանելի իրերի ասպարեզը). ՙԻնչ որ տեսնում եք, դա է, որ կա՚: Այս դեպքում նույնպես կարևոր չէ, թե ինչ ուղղվածություն ունի պատկերման հարաբերությունը, թե արդյոք այն արտացոլում է իրեն շրջապատող տեսանելին, թե ինքն է ստեղծում նրան նմանվող անտեսանելին: Կարևորը նմանությունն ու հաստատումը տարանջատելու հնարավորությունն է: Կանդինսկին ազատագրել է նկարչությունը այդ համարժեքությունից ոչ թե նրանով, որ տարանջատել է այդ համարժեքության եզրերը, այլ որովհետև միաժամանակ հրաժարվել է թե՛ նմանությունից, թե՛ պատկերելու ֆունկցիայից:

Առերևույթ ոչ ոք այնքան չի հեռացել Կանդինսկուց և Կլեեից, որքան Մագրիտը: Նրա նկարչությունը մյուսներից ավելի է կապված նմանությունների ճշգրտությանը, այն աստիճան, որ նա դիտավորյալ ավելացնում է նմանությունները` կարծես դրանք հաստատելու համար, բավական չէ, որ հենց նկարում ծխամորճը նման լինի մի այլ ծխամորճի, որն իր հերթին… և այլն: Նրա նկարչությունը, ավելի քան մյուսները, հակված է խնամքով, անողոք կերպով անջատելու գրային տարրը պլաստիկականից, եթե այնպես է պատահում, որ նրանք հավելվում են մեկը մյուսին, ինչպես նկարը և իր անվանումը, ապա պայմանով, որ գրությունը վիճարկի պատկերի բացահայտ ինքնությունը և այն անունը, որ նրան պատրաստվում են տալ: Եվ սակայն, Մագրիտի նկարչությունը հեռու չէ նրանից, ինչ ձեռնարկել են Կլեեն և Կանդինսկին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այն հակադրվող և միաժամանակ լրացնող պատկեր է ստեղծում` ելնելով նրանց ընդհանուր համակարգից:

Բառերի խուլ աշխատանքը

Մագրիտի ստեղծագործության մեջ գրաֆիզմի և պլաստիկայի այդքան բացահայտ արտաքին բնույթը խորհրդանշվում է նկարի և վերնագրի հարաբերության բացակայությամբ, կամ, համենայն դեպս, նկարի և իր վերնագրի շատ բարդ ու քողարկված հարաբերությամբ: Այդքան մեծ հեռավորությունը, որը թույլ չի տալիս, որ մարդ միաժամանակ և միանգամից կարողանա ընթերցող և դիտող լինել, ապահովում է այն, որ պատկերը հանկարծակի հայտնվում է բառերի հորիզոնական շարվածքի վերևում: «Վերնագրերն այն ձևով են ընտրված, որ թույլ չեն տալիս տեղադրել նկարներս այնպիսի մի ծանոթ տարածքում, որում դրանք անպայման կտեղադրեր ավտոմատ մտածողությունը` անհանգստությունից խուսափելու համար»: Մագրիտն իր նկարները վերնագրում է (այն անանուն ձեռքի նման, որը ծխամորճը նշանակել է «Սա ծխամորճ չէ» ասույթով)` անվանումը զգալի հեռավորության վրա պահելու համար: Եվ սակայն այդ փշրված և անկայուն տարածքում ստեղծվում են տարօրինակ հարաբերություններ, տեղի են ունենում ներթափանցումներ, կատարվում են հանկարծակի, կործանարար ներխուժումներ, բառերի մեջ պատկերների անկումներ, բառային կայծակներ, որոնք ակոսում են նկարները և դրանք կտոր-կտոր անում: Կլեեն համբերությամբ կառուցում է անանուն և անձև տարածություն` միահյուսելով նշանների շղթան և պատկերների հենքը: Այնինչ Մագրիտը թաքուն քանդում է տարածությունը` առերևույթ պահպանելով նրա ավանդական դասավորվածքը: Բայց նա այդ տարածությունը փորում է բառերի օգնությամբ, և հեռանկարների հնադարյան բուրգը վերածվում է փլվելու պատրաստ խլրդաբնի: 

Բավական էր ամենախոհեմ նկարին ավելացնել «Սա ծխամորճ չէ» մակագրությունը, որ պատկերը ստիպված լինի անմիջապես իրենից դուրս գալ, հեռանալ իր տարածքից և վերջապես սկսել ծածանվել իրենից հեռու կամ իրեն մոտ, հայտնի չէ իրեն նման, թե իրենից տարբեր: «Զրույցի արվեստը» նկարը «Սա ծխամորճ չէ» նկարի հակառակն է. աշխարհի սկիզբ կամ հսկայամարտություն ներկայացնող բնապատկերի ֆոնի վրա երկու գաճաճ անձնավորություն զրուցում են. անլսելի զրույց, շշնջոց, որ անմիջապես շարունակվում է քարերի, այն պատի լռության մեջ, որի հսկայական զանգվածները կուտակվել են երկու համր զրուցասերների գլխավերևում. սակայն մեկը մյուսի վրա անկանոն դրված այդ զանգվածները իրենց հիմքում կազմում են տառերի միասնություն, որոնցում հեշտ է վերծանել RÊVE (երազ) բառը, ասես բոլոր այդ դյուրաբեկ և անկշիռ բառերը ձեռք են բերել քարերի այդքաոսը կազմակերպելու կարողություն: Կամ կարծես, ընդհակառակը, մարդկանց աշխույժ, բայց շուտով ընդհատված շաղակրատանքի ետևում լռակյաց և նիրհող իրերն ի վիճակի են բառ կազմել` կայուն մի բառ, որ ոչինչ չի կարողանա ջնջել. և սակայն այդ բառը նշում է ամենաանորսալի պատկերները: Բայց դա ամենը չէ. քանզի մարդիկ, որոնք ի վերջո ստիպված են լռել, երազում են հաղորդակցվում իրերի նշանակության հետ և ներթափանցվում դրսից եկող այդ հանելուկային, համառ բառերով: «Սա ծխամորճ չէ» նկարը խոսքի միջամտությունն է իրերի ձևի մեջ, ժխտելու և երկատելու նրա անորսալի կարողությունը: Այնինչ «Զրույցի արվեստը» նկարը իրերի սեփական ձգողականությունն է, իրեր, որոնք մարդկանց անտարբերության մեջ իրենց սեփական բառերն են ստեղծում և թելադրում վերջիններիս առօրյա զրույցի ժամանակ, և նրանք այդ մասին չեն էլ իմանում:

Մագրիտի ստեղծագործությունը այս երկու ծայրակետերի միջև է ծավալում բառերի և պատկերների խաղը: Բացարձակապես լուրջ մարդու դեմքը, որի ո՛չ շրթունքներն են շարժվում, ո՛չ էլ աչքերն են կկոցվում, «պայթում է» ծիծաղից, որն իրենը չի, որ ոչ ոք չի լսում և որը ոչ մի տեղից չի գալիս: «Երեկոն, որ իջնում է» չի կարող ընկնել առանց կոտրելու պատուհանի ապակին, և նրա բեկորները, որոնց սուր ծայրերին` ապակե լեզվակներին, դեռ արտացոլվում են արևի ճառագայթները, ծածկում են հատակն ուպատուհանի գոգը. այն բառերը, որոնք «ընկնել» են անվանում արևի անհետանալը, իրենց ստեղծած պատկերով պայմանավորել են ոչ միայն ապակին այլև այն մյուս արևը, որը որպես կրկնակ նկարվել է թափանցիկ և ողորկ մակերևույթին: Զանգից կախված լեզվակի նման բանալին ուղղահայաց դիրքում է «փականքի անցքում՚ և այնտեղ անհեթության աստիճան հնչեցնում է ծանոթ արտահայտությունը: Ի դեպ, լսենք Մագրիտին. «Բառերի և առարկաների միջև կարելի է ստեղծել նոր հարաբերություններ և խոսքի ու առարկաների միջև ճշտել որոշ հատկանիշներ, որոնք առօրյա կյանքում մոռացված են»: Կամ էլ «Երբեմն առարկայի անունը ասես պատկեր լինի: Բառը կարող է իրականության մեջ որևէ առարկայի տեղը գրավել: Պատկերը կարող է նախադասության մեջ որևէ տառի տեղը զբաղեցնել»: Եվ հետևյալ միտքը, որը ոչ թե հակասություն է պարունակում, այլ վերաբերում է պատկերների և բառերի խճճված ցանցին և միաժամանակ նրանց հատկացվելիք ընդհանուր տարածքի բացակայությունը. «Նկարում բառերը և պատկերները նույն նյութից են: Պատկերները և բառերը տարբեր ձևով են ընկալվում նկարում»:

Կարդալ նաև

Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան…