Սա ծխամորճ չէ
Կալիգրամը հազարամյա ավանդույթով հաստատված եռակի դեր ունի` համակշռել այբուբենը, կրկնել առանց դիմելու ճարտասանության, իրերը կրկնակի գրության թակարդը գցել: Այն նախ հնարավորին չափ իրար է մոտեցնում տեքստը և պատկերը, կոմպոզիցիա է ստեղծում` բաղադրելով առարկայի ձևը սահմանազատող գծերը նրանց հետ, որոնք տառերի հաջորդականությունն են որոշում: Կալիգրամը գրությունները տեղադրում է պատկերի տարածքումև տեքստի միջոցով ասում, թե ինչ է պատկերում նկարը: Կալիգրամը մի կողմից գաղափարագիրը վերածում է այբբենական գրության, ընդհատվող տառեր է մտցնում և այդպիսով խոսեցնում անընդհատ գծերի լռությունը: Բայց և մյուս կողմից այն բաշխում է գիրը մի տարածքում, որը չունի թղթի անտարբերությունը, ընկալունակությունն ու իներտ սպիտակությունը. այն նրան ստիպում է, որ բաշխվի համաձայն միակից ձևերի օրենքների: Կալիգրամը թռուցիկ հայացքի համար հնչողությունը վերածում է միալար աղմուկի, որը համալրում է պատկերի եզրագծերը, բայց և նկարը դարձնում բարակ թաղանթ, որը պետք է ծակել, որպեսզի հնարավոր լինի բառ առ բառ հետևել նրա ներքին տեքստի շարադրանքին:
Ուստի կալիգրամը կրկնաբանություն է, բայց ճարտասանությանը հակառակ եղանակով: Վերջինս օգտվում է լեզվի գերառատությունից, նույն բանը տարբեր բառերով երկու անգամ ասելու հնարավորությունից, այն օգտվում է հավելյալ հարստությունից, որը թույլ է տալիս միևնույն բառով երկու տարբեր բաներ արտահայտել. ճարտասանության էությունը այլաբանության մեջ է: Այնինչ կալիգրամն օգտագործում է տառերի հատկանիշը` հանդես գալու որպես տարածության մեջ դասավորվելու ունակ գծային տարրեր և, միաժամանակ, որպես հնչական սուբստանցի միասնական շղթայում առկայծող նշաններ: Որպես նշան հանդես եկող տառը թույլ է տալիս ամրակայել բառը, գծայնությունը բառին տալիս է իրը պատկերելու հնարավորություն: Այսպիսով կալիգրամը խաղի ձևով ասես վերացնում է մեր այբբենական քաղաքակրթության ամենահին հակադրությունները, որպիսիք են` մատնանշել և անվանել, պատկերել և ասել, վերարտադրել և արտաբերել, ընդօրինակել և նշանակել, նայել և կարդալ: Կրկնակի հետապնդելով այն առարկան, որի մասին խոսում է, կալիգրամը նրա համար ամենակատարյալ թակարդն է լարում: Իր երկակի մուտքով այն ապահովում է այդ գերումը, որը խոսքը կամ զուտ նկարը առանձին-առանձին վերցրած անկարող են իրականացնել: Այն արտաքսում է անպարտելի բացակայությունը, որը բառերն անկարող են հաղթել տարածության մեջ շարժվող գրերին խորամանկությամբ տալով նրանց անվանած առարկայի տեսանելի ձևը. դրսից, իրենց նկարած լուսանցքով, էջի դատարկ տարածության վրա իրենց զանգվածի ձևվածքով թղթի վրա հմտորեն դասավորված նշանները կոչում են հենց այն իրը, որի մասին խոսում են: Իսկ մյուս կողմից գիրը խորացնում է տեսանելի ձևը, բառերն ակոսում են այն, մշակում ներսից և արտաքսելով անշարժ, անորոշ, անանուն ներկայությունը, ժայթքեցնում են նշանակությունների ցանց, որոնք մկրտում, որոշարկում, ամրակայում են այդ ներկայությունը խոսքի աշխարհում: Կրկնակի որոգայթ, անխուսափելի թակարդ. էլ որտեղի՞ց պետք է փախչի թռչունների երամը, ծաղիկների վաղանցուկ ձևը, հորդացող անձրևը:
Իսկ այժմ դառնանք Մագրիտի նկարին: Ինձ թվում է, թե այն ստեղծված է քանդված կալիգրամի կտորներից: Կարծես վերադառնալով նախկին դասավորությանը` նա վերցնում է նրա երեք ֆունկցաները, բայց խեղաթյուրում դրանք, այդկերպ իսկ խախտում լեզվի և պատկերի ավանդական հարաբերությունները: Տեքստը, որը ներխուժել էր պատկերի մեջ հին գաղափարագիրը վերստեղծելու նպատակով, ահա նորից իր տեղն է գրավել: Այն իր բնական տեղն է վերադարձել` ներքևում, ուր հենարան է ծառայում նկարին, զետեղում է այն տեքստերի հաջորդականության և գրքի էջերի մեջ: Այն նորից դառնում է «բացատրություն»: Այնինչ ձևը նորից բարձրանում է վերև, որտեղից մի պահ իջել էր տառերի և տարածության փոխհամաձայնությամբ. ազատված տեքստային ամեն կապանքից, այն նորից կկարողանա ծածանվել իր սկզբնական լռության մեջ: Վերադարձ է կատարվում դեպի էջը և նրա բաշխման հին սկզբունքը: Բայց միայն առերևույթ: Քանի որ բառերը, որ ես այժմ կարող եմ կարդալ նկարի ներքևում, իրենք էլ նկարված են. սրանք բառերի պատկերներ են, որ նկարիչը տեղադրել է ծխամորճից դուրս, բայց իր նկարի ընդհանուր տարածքում (որն, ի դեպ, չի կարող նրանց հատկացվել): Իրենց գեղագրական անցյալից (որ ես ստիպված եմ նրանց վերագրել) բառերը պահպանել են իրենց պատկանելությունը նկարին և նկարված բան լինելու իրենց կարգավիճակը. այնպես որ, ես դրանք ստիպված եմ կարդալ այնպես, կարծես իրենք իրենց մակադրված լինեն: Նրանք պատկերի մակերևույթին վերարտադրում են բառեր, որոնք ասում են, թե սա ծխամորճ չէ: Նկարված տեքստ: Բայց և, մյուս կողմից, պատկերված ծխամորճը նկարված է նույն ձեռքով և նույն վրձնով, ինչ և տեքստի տառերը. սա ոչ այնքան գրվածի պատկերազարդումն է կամ պակասի լրացումը, որքան ավելի շուտ, նրա շարունակումը: Այն կարծես լցված լինի մանր, խառնիխուռն տառերով, բեկորների վերածված և նկարի ողջ մակերեսով ցրված գրանշաններով: Սա գրի ձև ունեցող պատկեր է: Գեղագրության նախնական անտեսանելի գործողությունը միահյուսել է գիրն ու նկարը, և երբ Մագրիտը իրերը նորից իրենց տեղն է դրել, նա հոգ է տարել, որ պատկերը գրվածի նման լինի, իսկ տեքստը` ոչ այլ ինչ, եթե ոչ իր իսկ նկարի վերածված պատկերումը:
Նույնը կարող ենք ասել կրկնաբանության մասին: Առերևույթ Մագրիտը գեղագրական կրկնությունից վերադառնում է պատկերի և նրա բացատրության համապատասխանությանը. մի համր և բավականաչափ ճանաչելի պատկեր առանց խոսքի ցույց է տալիս իրն իր էության մեջ. իսկ ներքևում մի անուն այդ պատկերից ստանում է իր «իմաստը» և օգտագործման եղանակը: Սակայն բացատրության ավանդական ֆունկցիայի հետ համեմատած Մագրիտի տեքստը կրկնակի պարադոքս է պարունակում: Այն փորձում է անվանել այն, ինչ ակնհայտորեն դրա կարիքը չունի (ձևը չափազանց ծանոթ է, անունը` չափազանց հայտնի): Եվ ահա անունը տալու պահին տալիս է այն, բայց ժխտելով, որ նա է: Որտեղի՞ց է գալիս այս տարօրինակ խաղը, եթե ոչ կալիգրամից: Կալիգրամից, որը նույն բաները երկու անգամ է ասում (այն դեպքում, երբ մեկը միանգամայն բավական կլիներ), կալիգրամից, որն (առանց այդ տպավորությունը ստեղծելու) իր ցույց տվածի և ասածի միջև ժխտման հարաբերություն է մտցնում, քանզի ցիրուցան տառերի միջոցով ծաղկեփունջ, թռչուն կամ տեղատարափ անձրև նկարելով կալիգրամն այդ ձևի մասին երբեք կեղծ անմիջականությամբ չի ասում` «սա աղավնի է, ծաղիկ է, թափվող անձրև է»: Այն խուսափում է անվանել այն,ինչ նկարվում է գրերի դասավորությամբ: Պետք է ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում բառերի միջև` տառերի կիսալռության մեջ: Չպետք է ասել, թե ինչ գծեր են տեքստի եզերին սահմանազատում և առանձնացնում այն: Այժմ, երբ Մագրիտը տեքստը պատկերից դուրս է բերել, գրությունը պետք է իր վրա վերցնի ժխտական հարաբերությունը և իրեն հատուկ շարահյուսությամբ ժխտման վերածի այն: «Չասել»-ը, որը ներսից և լռությամբ էր կյանք տալիս կալիգրամին, այժմ դրսից է ասվում «չէ» բառային ձևով: Բայց իր ետևում թաքնված կալիգրամի շնորհիվ ծխամորճի ներքևում տեղադրված տեքստը կարողանում է միաժամանակ մի քանի բան ասել: