Ռուբիկոն

Սա ծխամորճ չէ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Նկարել չի նշանակում հաստատել

Լեզվական նշանների և պլաստիկական տարրերի խիստ տարանջատում, նմանության և հաստատման համարժեքություն: Այս երկու սկզբունքների վրա է հիմնված դասական նկարչությունը, քանզի երկրորդ սկզբունքը վերստին մտցնում էր խոսքը (հաստատումը միայն խոսքին է հատուկ) այնպիսի նկարչության մեջ, որտեղից լեզվական տարրը հետևողականորեն դուրս էր մղվել: Սրանով է բացատրվում այն փաստը, որ իրեն լեզվից դուրս համարելով հանդերձ դասական նկարչությունը խոսում էր – և այն էլ շատ էր խոսում: Սրանով է բացատրվում այն փաստը, որ այն լուռ հենվում էր խոսքային տարածքի վրա: Սրանով է բացատրվում այն փաստը, որ նրա ներքևում ստեղծվում էր մի տեսակ ընդհանուր տարածք, որտեղ նա կարող էր վերականգնել պատկերի և նշանների հարաբերությունները:

Մագրիտը միացնում է նշանները և պատկերային տարրերը, բայց առանց իզոտոպիայի նախնական պայմանի: Նա խուսափում է հաստատական խոսքի ֆոնից, որի վրա հանգիստ հենվում է նմանությունը, և պարզ նմանություններ ու ոչ հաստատական բառային գրություններ է մտցնում տեղորոշիչ չունեցող ծավալի անկայունության և պլան չունեցող տարածության մեջ: Որոշ առումով «Սա ծխամորճ չէ» նկարը ամփոփում է այդ գործողության կանոնները.

1)         Կիրառել կալիգրամ, որում միաժամանակ առկա և տեսանելի են պատկերը, տեքստը, նմանությունը, հաստատումը և նրանց համար ընդհանուր տարածքը:

2)         Հետո միանգամից բացել այնպես, որ կալիգրամն իսկույն քանդվի և անհետանա` որպես հետք թողնելով միայն իր սեփական դատարկությունը:

3)         Այնպես անել, որ խոսքն իր սեփական ծանրության ներքո ընկնի և ստանա տառերի տեսանելի ձև, տառեր, որոնք լինելով նկարված` անհստակ, անորոշ, միահյուսված հարաբերության մեջ են մտնում բուն նկարի հետ, բայց որևէ մակերես չի կարող նրանց համար որպես ընդհանուր տարածք ծառայել:

4)         Մյուս կողմից հնարավորություն տալ, որ նմանություններն ինքնուրույն բազմապատկվեն, ծնվեն իրենց սեփական գոլորշուց և անվերջ բարձրանան դեպի ավելի ու ավելի քիչ տարածականացած եթեր, որտեղ նրանք միայն իրենք իրենց են արտացոլում:

5)         Գործողության ավարտին հավաստիանալ, որ վերջին փորձանոթի նստվածքը փոխել է գույնը, որ սպիտակը սևի է փոխվել, որ «Սա ծխամորճ է» գրությունը իսկապես դարձել է «Սա ծխամորճ չէ»: Մի խոսքով` նկարչությունը դադարել է հաստատել:

* Folie des grandeurs բառացիորեն նշանակում է մեծությունների խելագարություն (ծ.թ.):

Les Cahiers du chemin, հ 2, 15-ը հունվարի 1968 թ.,

էջ 79-105 (նվիրված է 1967 թ. օգոստոսի 15-ին վախճանված

Ռ. Մագրիտի հիշատակին)

Ֆրանսերենից թարգմանությունը` Ամալյա Մուրադյանի

Կարդալ նաև

Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության… Արվեստ Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից Ալբրեխտ Դյուրեր … Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն: Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի… Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան…