Սա ծխամորճ չէ
«Սա» (այս նկարը, որ դուք տեսնում եք և որի ձևն անկասկած ճանաչում եք) «ծխամորճ» (այսինքն` այդ բառը, որը պատկանում է ձեր լեզվին, բաղկացած է այնպիսի հնչյուններից, որ դուք կարող եք արտասանել և արտահայտված է այն տառերով, որ այժմ կարդում եք) «չէ» (էությամբ կապված չէ …, բաղկացած չէ …, նույն նյութից չէ…): Ուստի Սա ծխամորճ չէ գրությունը կարող է կարդացվել այսպես.

(ծխամորճ) չէ
Բայց միևնույն ժամանակ այս նույն տեքստը բոլորովին այլ բան է ասում. «Սա» (այդ գրությունը, որը ձեր աչքի առաջ դասավորվելով, ընդհատական տարրերից բաղկացած գիծ է կազմում, որում սա-ն ցուցիչ է և միաժամանակ առաջին բառը) «ծխամորճ» (այդ առարկաներից մեկը, որի փոխարինելի, անանուն, ուստի և որևէ անվան համար ոչ պիտանի հնարավոր մի պատկերը դուք կարող եք տեսնել այնտեղ` տեքստի վերևում) «չէ» (չի կարող համարժեք լինել, ոչ էլ իրենով փոխարինել …, չի կարող նույնությամբ ներկայացնել …): Ուստի, պետք է կարդալ.

(սա…) չէ
Սակայն ընդհանուր առմամբ դժվար չէ նկատել, որ Մագրիտի գրությունը ժխտվում է ծխամորճի նկարի և այդ նույն ծխամորճը անվանելու ունակ տեքստի անմիջական և փոխադարձ պատկանելիությամբ: Մատնանշելն ու նկարելն իրար չեն համընկնում (բացառությամբ գեղագրական խաղի, որը սահում է ամբողջի ետին պլանում և հերքվում միաժամանակ նկարով, տեքստով և նրանց այժմյան անջատումով: Այստեղից էլ գրության երրորդ ֆունկցիան). «Սա» (գրանման ծխամորճի և նկարված տեքստի ամբողջությունը) «ծխամորճ» (այդ խառնածո տարրը, որը միաժամանակ խոսք է և պատկեր և որի երկիմաստ էությունը կալիգրամը փորձում էր բացահայտել խոսքային և տեսողական խաղի միջոցով) «չէ» (անհամատեղելի է … հետ):

Սա (սա ծխամորճ չէ) ծխամորճ չէ
Երրորդ շփոթություն. Մագրիտը նորից բաց է արել այն թակարդը, որը կալիգրամը փակել էր այն բանի վրա, ինչի մասին խոսում էր: Բայց այդ բանն անմիջապես թռել է: Սովորաբար մարդ ուշադրություն չի դարձնում այն սպիտակ տարածությանը, որը պատկերազարդ գրքի էջում գտնվում է բառերի վերևում և նկարների ներքևում և մեկից մյուսը կատարվող անընդհատ անցումներին ծառայող ընդհանուր սահման է, քանի որ հենց այդտեղ, այդ մի քանի միլիմետրանոց սպիտակ տարածքի, էջի հանգիստ ավազագույնի վրա է, որ բառերի և ձևերի միջև հաստատվում են նշանակման, անվանման, նկարագրության, դասակարգման բոլոր հարաբերությունները: Կալիգրամը լցրել է այդ ազատ տարածությունը, բայց նորից բացելուց հետո չի վերկանգնում այն, թակարդը կոտրվել է դատարկության վրա. պատկերը և տեքստը ընկնում են տարբեր կողմեր` համաձայն յուրաքանչյուրին հատուկ ձգողականության: Նրանք
այլևս չունեն ընդհանուր տարածություն, ոչ էլ այնպիսի վայր, որտեղ կարողանան փոխներթափանցել, որտեղ բառերը ի վիճակի լինեն կերպարանք ընդունել, իսկ պատկերները բառապաշարի կարգը դասվեն: Այն բարակ ու նեղ, անգույն և չեզոք շերտը, որը Մագրիտի նկարում բաժանում է տեքստն ու նկարը, պետք է դիտվի որպես դատարկություն, անորոշ ու մշուշոտ տարածություն, որն այժմ բաժանում է պատկերային երկնքում ծածանվող ծխամորճը և տողի վրա միմյանց հաջորդող բառերի երկրային քայլքը: Նշենք նաև, որ չափազանցություն կլինի ասել, թե դա դատարկություն կամ բացթողում է. դա ավելի շուտ տարածության բացակայություն է, գրանշանների և պատկերների գծերի միջև «ընդհանուր տարածքի» վերացում: «Ծխամորճը», որն այն անվանող գրության և պատկերող նկարի ընդհանուր սեփականությունն էր, ստվերային այդ ծխամորճը, որում միահյուսվում Էին ձևի գծիկները և բառերի թելիկները, վերջնականապես անհետացել է: Անհետացում, որը բացվածքի մյուս կողմում տխուր հաստատում է ստանում տեքստի միջոցով` սա ծխամորճ չէ: Որքան էլ ծխամորճի այժմ արդեն մենակ մնացած նկարը փորձի առավելգույնս նմանվել այն ձևին, որ սովորաբար նշանակվում է ծխամորճ բառով, որքան էլ ներքևում նկարչի շարադրած տեքստը գիտական գրքի ճշգրտությամբ փորձի մեկնաբանել այն, նրանց միջև այսուհետև կարող է զետեղվել միայն խզման ձևակերպում, այնպիսի մի գրություն, որը վիճարկում է նկարի վերնագիրը և, միաժամանակ, տեքստի վերաբերումը:
Սրանից ելնելով` հասկանալի է դառնում Մագրիտի կողմից «Սա ծխամորճ չէ» նկարին տրված վերջին մեկնաբանությունը: Տեղադրելով ծխամորճի պատկերը և նրա բացատրությունը նկարի հստակորեն սահմանազատված մակերեսի վրա (այնքանով, որ սա նկար է, տառերը ոչ այլ ինչ են, եթե ոչ տառերի պատկերներ, այնքանով, որ սա գրատախտակ է, պատկերը որ այլ բան չէ, քան խոսքի դիդակտիկ շարունակություն), այդ նկարը տեղադրելով հաստ և ամուր փայտից պատրաստված եռոտանու վրա, Մագրիտն անում է ամեն անհրաժեշտ բան` վերականգնելու համար (կա՛մ արվեստի գործի հավերժությամբ, կա՛մ բնագիտության դասի ճշգրտությամբ) նկարի և խոսքի ընդհանուր տարածքը: Բայց այդ մակերեսն անմիջապես վիճարկվում է, քանզի ծխամորճը, որ Մագրիտն այդպիսի զգուշությամբ մոտեցրել էր տեքստին, որ տեքստի հետ մեկտեղ պարփակել էր նկարին հատկացված ուղղանկյան ներսում, թռել է. այն ծածանվում է վերևում` առանց որևէ տեղորոշչի: Եվ միայն մի փոքր դատարկ տարածություն նրա բացակայության նեղ ակոսն է թողել (ի նշան անհետք փախստյան) տեքստի և պատկերի միջև, որոնց կապը ինքը պիտի ապահովեր և հորիզոնում հանդիպեցներ: Ուստի շեղահատ ոտքերի վրա դրված նկարակալը դատապարտված է ընկնելու, մասնատվելու, նկարը և ծխամորճը գետնին են գլորվելու, տառերը ցրվելու են. ընդհանուր տարածքը,– սովորական ստեղծագործություն կամ առօրյա դաս,– անհետացել է:
Կլեե, Կանդինսկի, Մագրիտ
Իմ կարծիքով 15-20-րդ դարերի արևմտյան նկարչության մեջ երկու սկզբունք է գերիշխել:
Առաջինը տարանջատում է պլաստիկական պատկերումը (որը նմանություն է ենթադրում) լեզվականից (որն այն բացառում է): Այդ տարբերակումը կարող է իրականանալ երկու տիպի ստորադասությամբ. կա՛մ տեքստն է որոշարկվում պատկերով (ինչպես գիրք, մակագրություն, նամակ որևէ գործող անձի անունը ներկայացնող նկարներում), կա՛մ էլ պատկերն է որոշարկվում տեքստով (ինչպես այն գրքերում, որտեղ նկարն ավարտին է հասցնում,– կարծես ավելի կարճ ճանապարհով,– այն, ինչ պետք է ներկայացվի բառերով): Ճիշտ է` այդ ստորադասությունը շատ հազվադեպ է կայուն լինում, քանի որ հաճախ գրքի տեքստը այլ բան չի լինում, քան պատկերի մեկնաբանություն և միաժամանակ գոյություն ունեցող նրա ձևերի շրջանցում բառերի օգնությամբ: Պատահում է նաև այնպես, որ տեքստն է գերակայող լինում բառերի նկատմամբ, նրա բոլոր նշանակություններն են կերպավորվում նկարում: Բայց կարևոր չէ, թե ինչ ուղղություն ունի ստորադասությունը, թե ինչ ձևով է այն շարունակվում, բազմապատկվում կամ շրջվում, կարևորն այն է, որ լեզվական նշանը և տեսողական պատկերումը երբեք միաժամանակ չեն տրվում: Կլեեն վերացրել է այդ սկզբունքի գերիշխանությունը և մի անորոշ, շրջելի, ծփուն տարածքում (որը միաժամանակ թերթիկ է և կտավ, հարթություն և ծավալ, քառակուսի տետրի էջ և հողամասի չափագրություն, պատմություն և քարտեզ) առաջ քաշել պատկերների և նշանների շարահյուսության զուգադրություն: Նա այնպես է արել, որ նույն հենքում միահյուսվեն պատկերման երկու համակարգերը, դրանով (ի տարբերություն գեղագրերի, որոնք փոխադարձ ստորադասությունների խաղը բազմապատկելով ընդգծում էին այն) նա քանդում էր նրանց ընդհանուր տարածքը և սկսում նոր տարածք կառուցել: