Սա ծխամորճ չէ
Չպետք է խաբվել. այնպիսի մի տարածքում, որտեղ յուրաքանչյուր տարր կարծես ենթարկվում է միայն պլաստիկական պատկերման և նմանության սկզբունքին, լեզվական նշանները, որոնք արտաքսված տեսք ունեին, որոնք զգալի հեռավորության վրա թափառում էին նկարի շուրջը և որոնց վերնագրի կամայականությունը կարծես ընդմիշտ մեկուսացրել էր, գաղտնագողի մոտեցել են: Նրանք պատկերի ամբողջականության, նրա մանրակրկիտ նմանության մեջ մտցրել են անկարգություն` այնպիսի կարգ, որ միայն իրենց է պատկանում:
Կլեեն իր պլաստիկական նշանները տեղադրելու համար նոր տարածք է հյուսում: Մագրիտը թողնում է, որ իշխի պատկերման հին տարածքը, բայց միայն մակերեսով, քանի որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ողորկ քար, որն իր վրա է կրում պատկերներ ու բառեր, տակը ոչինչ չկա: Դա գերեզմանաքար է, պատկերները նկարող և տառերը նշող փորվածքները հաղորդակցվում են միայն դատարկության` մարմարի ամրության ներքո թաքնված ոչ-տեղի միջոցով: Ես միայն կնշեմ, որ այդ բացակայությունը բարձրանում է մինչև իր մակերեսը և հասնում բուն նկարին, երբ Մագրիտը տալիս է «Տիկին Ռեկամիե»-ի կամ «Պատշգամբ»-ի սեփական տարբերակը, նա ավանդական նկարչության պերսոնաժները փոխարինում է դագաղներով. մոմած կաղնու տախտակների մեջ անտեսանելիորեն պարունակվող դատարկությունը բացում է այն տարածությունը, որը կազմված է իր կենդանի մարմինների ծավալից, սփռված զգեստներից, հայացքի ուղղությունից և խոսելու պատրաստ բոլոր այդ դեմքերից, «ոչ-տեղը» հայտնվում է անձամբ, անձերի փոխարեն և այնտեղ, ուր այլևս ոչ ոք չկա:
Հաստատման յոթ կնիքները
Այսպիսով Կանդինսկին միակ ու զորավոր շարժումով վտարեց նմանության և հաստատման հին համարժեքությունը, ազատեց նկարչությունը թե՛ մեկից, թե մյուսից: Այնինչ Մագրիտը գործում է անջատման միջոցով` պետք է խզել նրանց կապերը, սահմանել նրանց անհավասարությունը, մեկն առանց մյուսի մտցնել խաղի մեջ, պահպանել այն, ինչ կապված է նկարչության հետ և բացառել այն, ինչ լեզվին է ավելի մոտ, հնարավորին չափ հեռու մղել նմանությունների անսահման շարունակությունը և նվազեցնել այն ամեն հաստատումը, որը կփորձեր ասել, թե ինչի են նրանք նման: Սա «Նույն»-ի նկարչություն է`ազատված «կարծես թե»-ից: Մենք հնարավորին չափ հեռու ենք պատրական նկարից: Վերջինս փորձում է անցկացնել հաստատման ամենածանր բեռը`դիմելով նմանության խորամանկությանը, որը համոզում է. «Այն, ինչ տեսնում եք այստեղ, պատի մակերեսին գծերի և գույների հավաքույթ չէ, այլ խորություն, երկինք, ամպեր, որոնք բացել են ձեր տանիքի վարագույրը, իսկական սյուն, որի շուրջը դուք կարող եք պտտվել, շարունակվող աստիճաններով սանդղաշար, որոնցով սկսել եք բարձրանալ (և ձեզանից անկախ արդեն նրա ուղղությամբ մի քայլ եք անում), քարե բազրիք, որի վրայից ներքև հակված ահա ձեզ են նայում այն պալատականների և ազնվական տիկնանց ուշադիր դեմքերը, որոնք կրում են նույն ժապավեններով նույն հագուստները, ինչ և դուք, ժպտում են` տեսնելով ձեր զարմանքն ու ժպիտը, ձեզ նշաններ են անում, որոնք առավել ևս խորհրդավոր են ձեզ համար, քանզի արդեն պատասխանել են` առանց սպասելու ձեր նշաններին»:
Այդքան նմանությունների վրա հիմնված այդքան հաստատումներին հակադրվում է Մագրիտի տեքստը, որը խոսում է ամենանման ծխամորճին շատ մոտ: Բայց ո՞վ է խոսում այդ միակ տեքստում, որըմերժում է ամենտարրական հաստատումը: Նախ և առաջ ծխամորճն ինքը. «Այն, ինչ տեսնում եք այստեղ, այս գծերը, որ ես կազմում եմ և որոնք ինձ են կազմում, այս ամենը բնավ այն չէ, ինչ դուք անշուշտ կարծում եք, այլ միայն նկար, այնինչ իսկական ծխամորճը, որն իր էությամբ շատ հեռու է ամեն չարարվեստ շարժումից և ճոճվում է իր իդեալական ճշմարտության տարերքում, ճիշտ այն նկարի վերևում է, ուր ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ պարզ և միայնակ նմանություն»: Սրան վերևի ծխամորճը պատասխանում է (դարձյալ նույն գրության միջոցով). «Ինչպե՞ս կարող է իսկապես ծխամորճ լինել այն, ինչ ճոճվում է ձեր աչքերի առջև` ամեն տարածությունից, ամեն կայուն պատվանդանից դուրս, այդ անորոշությունը, որ ո՛չ կտավի, ո՛չ էլ էջի վրա է: Մի՛ խաբվեք, ես սոսկ նմանություն եմ` ոչ թե ծխամորճի նման ինչ-որ բան, այլ այն անհստակ նմանությունը, որն առանց որևէ խզում կատարելու աչքի է անցկացնում և հաղորդում սույն տեքստի նման տեքստեր և ներքևում ներկայացրածի նման նկարներ»: Բայց տարբեր ձայներով արդեն երկու անգամ այդպես արտաբերված գրությունն իր հերթին խոսք է վերցնում իր մասին խոսելու համար. «Այս տառերը, որոնցից ես կազմված եմ և որոնցից դուք սպասում եք, որ ձեր կարդալու պահին նրանք անվանեն ծխամորճը, ինչպե՞ս կարող են համարձակվել ասել, որ ծխամորճ են, այն դեպքում, երբ այնքան հեռու են նրանից, ինչ անվանում են: Դա գրաֆիզմ է, որը միայն իրեն է նման և չի կարող համարժեք լինել նրան, ինչի մասին խոսում է»: Դեռ ավելին, այդ ձայները երկու առ երկու միախառնվում են` ասելով երրորդ տարրի մասին, որ «սա ծխամորճ չէ»: Միավորված երկուսին շրջապատող նկարի շրջանակով տեքստը և ներքևի ծխամորճը համագործակցում են. բառերը` մատնանշելու կարողությամբ, նկարը` պատկերազարդելու կարողությամբ մերկացնում են վերևի ծխամորճը, հրաժարվում ծխամորճ անվանելու իրավունքը տալ այդ անապաստան տեսիլքին, քանի որ ոչնչի հետ չկապված նրա գոյությունը իրեն համր ու անտեսանելի է դարձնում: Փոխադարձ նմանությամբ կապված երկու ծխամորճները վիճարկում են այդ գրության` իրեն ծխամորճ անվանելու իրավունքը, չէ՞ որ այն կազմված է նշաններից, որոնք ոչ մի նմանություն չունեն նրա հետ, ինչ նշանակում են: Կապված այն փաստով, որ նրանք երկուսն էլ դրսից են գալիս, և մեկը ճշմարտությունն ասելու ունակ տեքստն է, իսկ մյուսը` ինքնին իրի երևույթ, տեքստն ու վերևի ծխամորճը միավորվում են և հաստատում, որ նկարի ծխամորճը ծխամորճ չէ: Եվ գուցե պետք է ենթադրել, որ տվյալ գրության մեջ այս երեք տարրերից բացի այնտեղ խոսում է մի ձայն, և այն գրել է անձև մի ձեռք: Խոսելով միաժամանակ նկարի ծխամորճի, վերևում հայտնված ծխամորճի, վերջինս գրած տեքստի մասին` այդ անանուն ձայնն ասում է. «Սրանցից ոչ մեկը ծխամորճ չէ, այլ տեքստ, որը նման է տեքստի, ծխամորճի նկար, որը նման է ծխամորճի նկարի, ծխամորճ (որը նկարված է այնպես, կարծես նկար չի), որը նման է ծխամորճի (նկարված այնպիսի ծխամորճի ձևով, որն ինքնին նկար չէ)»: Յոթ տեքստ միևնույն գրության մեջ: Բայց առնվազն այդքան էր պետք` կործանելու համար այն ամրոցը, որում նմանությունը հաստատման գերին էր:
Այսուհետ նմանությունը հարաբերակցվում է ինքն իր հետ. իրենից է սկիզբ առնում և նորից իրեն վերադառնում: Սա այլևս այն ցուցամատը չի, որ ուղղահայաց կտրում-անցնում է կտավը և դեպի այլ բան հղում: Այն սկիզբ է դնում համանմանությունների մի խաղի, որոնք առանց ոչինչ հաստատելու կամ պատկերելու շարժվում են, տարածվում, հաղորդակցվում նկարի պլանում: Այդտեղից էլ Մագրիտի մոտ նկարի սահմաններից երբեք դուրս չեկող զուտ նմանության անվերջ խաղերը: Նրանք կերպարանափոխություններ են ստեղծում, բայց ի՞նչ ուղղությամբ: Արդյոք բույսի տերևնե՞րն են ընկղմվում, դանդաղ բուսականանում և խորասուզվում է գետնի մեջ` վերջին անգամ թրթռալով որպես կանաչ տերև («Բնական շնորհներ, Արցունքի համ»): Արդյոք կի՞նն է շշի կերպարանք ընդունում, թե՞ շիշն է կնոջ կերպարանք ընդունում` «մերկանալով» (այստեղ տեղի է ունենում պլաստիկական տարրերի խաթարում` նրանց մեջ լեզվական նշանների աննկատ ներթափանցման, ինչպես և համանմանության խաղի պատճառով, որն առանց որևէ բան հաստատելու այնուամենայնիվ երկու անգամ անցնում է գրության խաղային մակարդակով): Պատահում է այնպես, որ համանմանությունը ինքնությունները միախառնվելու փոխարեն դրանք բեկելու կարողություն է ունենում. կնոջ իրանը երեք մասերի է բաժանված (որոնց մեծությունը վերից վար կանոնավոր կերպով աճում է): Յուրաքանչյուր բեկվածքում պահպանված համամասնությունները ապահովում են համաբանությունը, սակայն մերժում ինքնության որևէ հաստատում. կա երեք համամասնական, որոնց պակասում է հենց չորրորդը, բայց այս վերջինը հաշվարկման ենթակա չէ. գլուխը (վերջին տարրը = x) չկա. «Մեծագարություն»` ասում է վերնագիրը:* Համանմանությունը պատկերային հաստատման հետ իր հին համագործակցությունից ազատվելու մի այլ ձև էլ ունի` նենգորեն խառնել (խորամանկությամբ կարծես մատնանշելով հակառակն այն բանի, ինչ ուզում է ասել) նկարը և այն, ինչ վերջինս պետք է պատկերի: Առևերևույթ այդ ձևով հաստատում է, որ նկարն իսկապես իր սեփական բնօրինակն է: Իրականում նման հաստատումը պետք է ենթադրի ներքին հեռավորություն, բաժանող տարածություն, տարբերություն կտավի և այն բանի միջև, որին պետք է ընդօրինակի: Մագրիտի մոտ, ընդհակառակը, առկա է նկարից բնօրինակը տանող պլանի շարունակություն, գծային անցում, մեկից մյուսը մշտական ներթափանցմում` կամ սահելով ձախից աջ (ինչպես «Մարդկային գոյապայման» նկարում, ուր ծովի գիծն առանց ընդհատվելու շարունակվում է հորիզոնից մինչ կտավը), կամ էլ հեռացումների շրջումով (ինչպես «Ջրվեժ» նկարում, որտեղ բնորդը առաջ է շարժվում կտավում, այն կողքերից փաթաթում և որպես ավելի հեռավոր է ներկայացնում իրենից այն կողմ գտնվողի համեմատությամբ): Ի տարբերություն այդ համանմանության, որը ժխտում է պատկերումը` վերացնելով երկվությունը և հեռավորությունը, գոյություն ունի հակառակ համանմանություն, որը խուսափում է պատկերումից և երկատման թակարդների միջոցով ծաղրում այն: «Իջնող երեկո» նկարում ապակու վրա կարմիր արև կա` նման այն արևին, որը կախված է երկնքում (սրանով հակադրվում է Դեկարտին, որը պատկերման մեջ միավորում է երևութական երկու արևները): Հակառակն ենք տեսնում «Մոտեցնող հեռադիտակ» նկարում. տեսնում ենք, թե թափանցիկ ապակու վրայով ինչպես են սահում ամպերը, ինչպես է փայլփլում կապույտ ծովը, բայց սև տարածության վրա բացվող պատուհանը ցույց է տալիս, որ այդ ամենը որևէ բանի արտացոլումը չէ: