Ռուբիկոն

Միքելանջելո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պապը զգացել է իր սխալը, բայց դրանից ամենևին չի մեղմացել նրա ցասումը արվեստագետի դրսևորած տաքարյունության պատճառով: Բազում ամիսներ նա հորդորներ ու սպառնալիքներ է հղել` համոզելու Միքելանջելոյին վերադառնալ իր մոտ: Վերջինիս ուրախությամբ են ընդունել Ֆլորենցիայում, և Պիետրո Սոդերինին` Հանրապետության գոնֆալոնիերը որոշել էր առիթից օգտվելով հանձնարարել նրան գեղանկարներով զարդարել խորհրդի սրահը: Բայց պապի համառությունն ու ցասկոտ սպառնալիքները ստիպել են նրան հրաժարվել այդ ձեռնարկումից5: Սոդերինին հրահանգել է Միքելանջելոյին վերադառնալ Հռոմ, ասելով, որ Հանրապետությունը չի կարող այդ պատճառով ներքաշվել պատերազմի մեջ: Արվեստագետը դիմադրել է: Այդ ժամանակ նա սուլթանից հրավեր էր ստացել և պատրաստ էր վերջինիս առաջարկով կառուցել մի վիթխարի կամուրջ, որը պիտի միացներ Կոստանդնուպոլիսը Բերային, չնայած գոնֆալոնիերի առարկություններին, թե ճիշտ չի լինի աշխատել հօգուտ թուրքերի: Տևական բանակցություններից ու միջնորդություններից հետո Միքելանջելոն համաձայնել է վերադառնալ պապի մոտ, բայց դա արել է միայն Հանրապետության դեսպան կարգվելուց հետո, նկատի առնելով, որ նման պատվավոր պաշտոնը փոքր-ինչ կկասեցներ Հուլիուս II-ի մոլեգնության առաջին պոռթկումները: Վերջինս այդ ժամանակ հաղթանակած մուտք էր գործել Բոլոնիա, և այստեղ էլ Միքելանջելոն միացել է նրան: Պապը նստած է եղել սեղանի առջև, երբ նրա մոտ են բերել մեղադրյալին: «Փոխանակ ինքդ գաս մեզ մոտ,– ասել է նրան մոլեգնած պապը,սպասել ես, որ մենք գանք քեզ ընդառաջ»: Այդ ընթացքում ծնկաչոք Միքելանջելոն ըստ կարելվույն ներողամտություն է հայցել իր անմիտ քայլի համար: Ներկա գտնված եպիսկոպոսներից մեկը, դրությունը հարթելու և ներումն ապահովելու համար նկատել է, թե իբր բոլոր արվեստագետները սովորաբար կոպիտ են, պատշաճ վարք ու բարքից գրեթե անտեղյակ և հեռու այն ամենից, ինչը չի վերաբերում իրենց արվեստին: Այդ անխոհեմ մարդու միջամտությունը շատ օգտակար է եղել խեղճ արվեստագետի համար, բայց ոչ այնպես, ինչպես եպիսկոպոսն ինքը կարծել է. քանզի Հուլիոսը վերջինիս մի հարված հասցնելով իր անթացուպով` ասել է նրան սաստիկ մոլեգնած. «Ես ձեզ շատ հանդուգն եմ համարում, որ մեր ներկայությամբ նման մարդուն ուղղում եք այնպիսի կշտամբանքներ, որոնց մենք համամիտ չենք և որոնց նա բնավ արժանի չէ: Անտեղյակը դուք եք, անճարակը դուք եք որ կաք, հեռացե՛ք իսկույն այստեղից»: Շնորհիվ այդ ընդհարման, որի զոհը Միքելանջելոն չի եղել, վերջինս կրկին միանգամայն արժանացել է նախկին ողորմածությանը: Հուլիոսը հանձնարարել է նրան բրոնզից կերտել իր մեծածավալ արձանը` տեղադրելու համար Բոլոնիայի Սուրբ Պետրոնիուսի եկեղեցու ճակտոնին:

«Ի՞նչ դնենք այս ձեռքին, սրբազա՛ն հայր,– հարցրել է Միքելանջելոն պապին` ներկայացնելով այն մոդելը, որի վրա աշխատելիս է եղել,– գի՞րք»: «Ի~նչ գիրք,– ասել է Հուլիուսը,– սո՛ւր դիր. ես այն ավելի լավ եմ գործածում: Իսկ այս մե՞կը,– շարունակել է պապը` ցույց տալով մյուս ձեռքը,– օրհնո՞ւմ է, թե՞ նզովում»: «Այն սպառնում է պատժել ժողովրդին, եթե խելոք չլինի»,– ասել է արվեստագետը:

Արձանը կերտվել ու տեղադրվել է, բայց շատ չանցած, երբ Բենտիվոլյիները վերադարձել են Բոլոնիա, ժողովուրդն անխնա տապալել ու ջարդել է նվաճողի քանդակը, իսկ նրա հումքը հանդիսացող բրոնզը վաճառվել է Ֆեռարայի դուքս Ալֆոնս դ’Էստեին և վերաձուլվել թնդանոթի, որ կոչվել է «Հուլիանա»: Պահպանվել է միայն գլուխը, որը երկար ժամանակ գտնվել է Ֆեռարայում:

Այդ ժամանակ էր, որ պապը հանձնարարել է Միքելանջելոյին նկարազարդել Սիքստուս IV-ի կապելլայի առաստաղակամարը: Բրամանտեն է այդ միտքը կաթացրել նրա ականջին` ծածուկ հուսալով, որ Միքելանջելոն ստիպված ձեռք զարկելով մի ժանրի, որից ետ էր վարժվել, հաջողություն չէր գտնի և կընկներ իր հովանավորի աչքից: Հատկանշական է, որ Բուոնարրոտին իր թշնամիների նախանձին էր պարտական կատարելու այն աշխատանքը, որը պիտի փառավորեր նրան, և որն իսկապես նա ձեռնարկել էր անչափ տհաճությամբ: Երկար ժամանակ արդեն նա թողել էր գեղանկարչությունը և մասնավորապես որմնանկարչության ասպարեզում անփորձ էր: Ուստի և չափազանց վախեցել է վարկաբեկել իր անունը` կատարելով մի աշխատանք, որին ունակ չի համարել իրեն: 

Միքելանջելոն հայտարարել է պապին, որ իր բուն արվեստը քանդակագործությունն է: «Գեղանկարչությունը,– ասել է նա,– բոլորովին տարբեր արվեստ է, որին ես այլևս վարժված չեմ: Իմ բոլոր ջանքերն ուղղված են այլ նպատակի»: Բայց ոչ մի արդյունք: Նա պիտի ստանձներ այդ աշխատանքը: Ի սկզբանե նրան անհնարին է թվացել իրագործել այն: Առաստաղակամարը բաղկացած էր ինը մասից, որտեղ հարկավոր էր պատկերել Հին կտակարանի բազմաթիվ սյուժեներ: Ջրհեղեղը ներկայացնող առաջին նկարի կեսին հազիվ հասած, գեղանկարն ամբողջովին սկսել է բորբոսնել ու ծածկվել թանձր շերտով: Միքելանջելոն ներքուստ հրճվել է այդ անհաջողությունից` ասելով. «Ես նախազգուշացրել էի նրան. դուք տեսնում եք, ես չգիտեմ գործն ինչպես գլուխ բերել, ամեն քայլափոխի ես պիտի կանգ առնեմ»: Սակայն պապն ամենևին չնահանջելով իր ծրագրից` ուղարկել է ճարտարապետ Սան Գալլոյին, և վերջինս գտել է, որ սվաղը, որի վրա կատարվել է գեղանկարը, եղել է շատ խոնավ, և պատից փչող խոնավությունն է նկարի փչանալու պատճառը: Բարձր որակով կատարված նախապատրաստումից հետո այլևս ոչ մի արդարացում չկար, և արվեստագետին մնում էր շարունակել գործը:

Միքելանջելոն ցանկացել է գեթ հնարավոր աջակցություն գտնել և Ֆլորենցիայից հրավիրել է որմնանկարչության ժանրի մեջ առավել ճանաչված նկարիչների: Աշխատացրել է նրանց իր աչքի առաջ և անգամ առաջարկել օգնել իրեն, բայց տեսնելով նրանց փորձերը` լցվել է տհաճությամբ. և դա թերևս մղել է նրան անմիջապես հասկանալու այն ամենն, ինչը ինքն ի զորու էր անել: Մի օր էլ նրանց երեսին փակել է դուռը` զանց առնելով նրանց վատ տրամադրությունը և մի առավոտ, մոլուցքի պահին, ոչնչացրել է այն ամենն, ինչ նրանք արել էին: Դրանից հետո էր, որ ոգեշնչված այդ գեղեցիկ մտահղացմամբ, միայնակ և իրեն աստիճանաբար համակող ներշնչանքով տարված, ամբողջովին մխրճվել է ստեղծագործական աշխատանքի մեջ, իր ձեռքով պատրաստել է ներկերը, անկողին մտել զգեստները հագին` մի կերպ աչքը կպցնելով, քանզի նրա հանճարն այնքան վհատությունից հետո հանկարծակի անցել էր չափազանց բուռն խանդավառության: Ասում են, թե նա պապին անգամ դժկամորեն էր թույլ տալիս մուտք գործել իր աշխատատեղին6 և մի օր, վերջինիս այցելության համար սովորականից ավելի դժկամ, նա բարձր տախտակամածից ցած է նետել մի խոշոր տախտակ, որ զարհուրելի աղմուկով ընկել է Հուլիուսի ոտքերի առաջ, և վերջինս կատաղած հեռացել է: Բայց այդօրինակ հանդգնությունները չէին կարող քակտել երկու համանման մարդկանց միասնությունը:

Նկարիչը չափազանց բարկացել է` իմանալով, որ մի օր, իր աշխատանքի ամենաթեժ շրջանում, Բրամանտեն օգտվելով իր բացակայությունից, գաղտնի կապելլա է բերել Ռաֆայելին. վերջինիս համար, ինչպես կարծում են, իզուր չի անցել այդ թռուցիկ գաղտագողի զննումը:

Կարդալ նաև

Արվեստ Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը… Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության…