Ռուբիկոն

Միքելանջելո

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

պակասում էին մի շարք զարդանախշեր, որոնք պիտի ոսկեզօծվեին: Պապը շատ զարմացել է` չտեսնելով այդ զարդանախշերը հատկապես մարգարեների վրա. և երբ պնդել է, որ պիտի անպատճառ կատարվի ոսկեզօծումը, առանց որի, նրա կարծիքով, իր կապելլան աղքատիկ տեսք կունենա, Միքելանջելոն պատասխանել է. ՙՄի՞թե Աստծո այս սպասավորները մեծահարուստ են եղել՚: Շնորհիվ այդ կատակի կապելլան մնացել է այնպիսին, ինչպես այժմ տեսնում ենք: Միքելանջելոն այն ժամանակ երեսունյոթ տարեկան էր, և առաստաղապատկերը, օ~ հրաշք, կատարվել է քսան ամսում:

1511 թվականի Ամենայն սրբոց օրը պապը գոհունակություն է ունեցել պատարագելու Սիքստինյան խորանում: Նրան, սական, վիճակված չէր երկար ժամանակ վայելել իր պատվերով ստեղծված այդ հոյակապ աշխատանքը: Ծերությունն ու տկարությունը նրան զգացնել են տվել իր մոտալուտ վախճանը. այդժամ նա զղջացել է, որ կասեցրել էր իր դամբարանի կառուցումը և մեռնելիս կարգադրել է երկու կարդինալների շարունակել այդ գործը: Բայց այդ նախագիծը չափազանց վիթխարի է թվացել: Հետնորդները, սովորաբար, այդ կարգի հուշարձաններում շատ շքեղության չեն ձգտում: Միքելանջելոյին հանձնարարել են կատարել նոր գծանկար առավել փոքրաչափ կառույցի համար. և այդ ծրագիրը, որ այնուհետև իրագործվել է միայն բազում ձևափոխումներից հետո, արվեստագետի համար անթիվ տհաճությունների ու թշնամանքների աղբյուր է հանդիսացել:

Պապ է ընտրվել Լևոն X-ը: Միքելանջելոն երիտասարդ տարիներին նրա սեղանակիցն է եղել մեծն Լորենցո Մեդիչիի մոտ, որտեղ նրանք նույն դասերն են սերտել և դաստիարակվել այն ազնվազարմ անձանց օրինակով, որոնց հանդիպել են այդ մեծ մարդու արքունիքում: Սակայն, չնայած այն անկեղծ խանդաղատանքին, որ նոր պապն իր ողջ կյանքում տածել է իր վաղեմի ընկերակցի հանդեպ, և այն հարգալից վերաբերմունքին, որով շրջապատել է նրան, Միքելանջելոն չի գտել նրա մեջ այն հուզավառությունը, որով համակված էր Հուլիուս II-ը, որի բնավորությունն այնքան ներդաշնակ էր արվեստագետի խառնվածքին: Ընդսմին, վերջինիս երախտապարտ հոգում մի տեսակ պաշտամունքի առարկա էր դարձել իր նախկին հովանավորի հիշատակը, և նրա դամբարանի կառուցումը, որքան էլ նոր նախագիծը նախկինի համեմատ անկատար էր9, արվեստագետի համար խղճի գործ էր, որն ի կատար ածելու ճանապարհին հանդիպել է բազում խոչընդոտների և անգամ` վտանգների:

Լևոն X-ը գահ բարձրանալուն պես հանձնարարել է Միքելանջելոյին մարմարե քանդակներով զարդարել Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու ճակատը, ինչը, սակայն, մնացել է անավարտ: Այդ պատվերն արվեստագետի սրտով չէր. նա գերադասել է իր պարտքը Հուլիուս II-ի հիշատակի առաջ, որքան էլ իր սկզբնական մտահղացումը ձևափոխումների էր ենթարկվել: Բացի այդ, դժվարություններ էին ծագել` կապված մարմարի և դրամական միջոցների հետ, ինչն այդ ձեռնարկման սկզբից ևեթ նրան տհաճություն է պատճառել: Նրա ստեղծագործական կյանքի վերջին շրջանը պղտորել են շահադիտական վեճերն ու բանսարկուների ստոր հնարքները, որոնք խոչընդոտել են նրա բոլոր աշխատանքներին:

Ասենք, որ այն պահից, երբ Լևոն X-ը հաջորդել է Հուլիուս II-ին, ասես մի նոր ընդմիջում է սկսվել Միքելանջելոյի գործունեության մեջ: Գրեթե ինը տարի նա իրեն բնորոշ եռանդով հանդերձ, ոչ մի ստեղծագործական աշխատանքով չի զբաղվել: Նրան համակել է վիրավորվածության այնպիսի մեծ զգացում, որ այլևս անկարող էր անդրադառնալ իրեն մեկ անգամ արդեն տհաճություն պատճառած նյութին: Հատկանշական է, որ գրեթե անընդմեջ տրված լինելով քանդակագործությանը, նա իր երկարատև կյանքի ընթացքում ավարտի է հասցրել ընդամենը տասներկու արձան: Մինչդեռ նախագծած և քիչ թե շատ մշակած քանդակների թիվը բավականին մեծ է. նա միշտ գործն սկսել է այնքան տենդագին, որ շատ հաճախ կորցրել է անհրաժեշտ շրջահայացությունը, ինչի հետևանքով հետագայում հանդիպել է հատկապես իր նման քմահաճ հոգու համար անհաղթահարելի դժվարությունների:

Այսպես, շատ հազվադեպ է պատահել, որ նա մոդելն ստեղծեր ճիշտ այն մեծության, որպիսին ցանկացել է կերտել արձանը: Բավարարվել է միայն` մոմից պատրաստելով մի փոքրիկ էսքիզ, որն ընդամենը օգնել է նրան ամրակայելու իր գաղափարը: Ապա անմիջապես, առանց նախապատրաստական զննումների, անցել է մարմարին, որը մշակել է հրաշալի թեթևությամբ, ուստի և` հաճույքով, մինչև այն պահը, երբ տհաճությամբ է լցվել չափից ավելի հապճեպության հետևանք հանդիսացող վատ հաշվարկված որոշ չափակցությունների պատճառով: Բոլորը կարող են տեսնել Փարիզի թանգարանում այս մեծ արվեստագետի կերտած մեզ հասանելի ընդամենը երկու ֆիգուրի մեջ հետևանքն այն արտակարգ պոռթկումի, որը միշտ մղել է նրան ինչ-որ կիսատ բան թողնել իր գործերում10: Այդ ֆիգուրները ներկայացնում են ստրուկների և նախատեսված են եղել Հուլիուս II-ի դամբարանի համար: Քանդակներից մեկում ստրուկի ոտքը ցոկոլից դուրս է, և ֆիգուրի հենարանը, որ ինչ-որ կենդանի պիտի պատկերեր, հազիվ նշմարելի է: Մյուս քանդակում, անտարակույս, մարմնի ոլորուն կեցվածքն արդյունք է այն բանի, որ հեղինակն ի սկզբանե զգացել է, որ մի կողքից պակասելու է քարանյութը: Իսկապես, ամբողջ վերին աջ մասում երևում է մարմարի արտաքին մակերեսը, որին անընդհատ հանգել է քանդակագործի հատիչը: Բացի այդ, մի՞թե գլուխն էլ հազիվ ուրվագծված չէ. բայց այդ տակավին սքողված դիմագծերում կա հոգի, վեհություն, որ գրավում են մեզ:

Միքելանջելոյի մաներան, որ լիովին տարբեր է լավ կշռադատող քանդակագործների մաներայից, նրան անխուսափելիորեն հանգեցրել է մեկ այլ թերության, որից առավել հանգիստ գործող արվեստագետները հեշտությամբ ապահովագրում են իրենց: Խոսքը անկանոնության մասին է, ինչը նրա գործերում այնքան հաճախադեպ է, որ նկատելի է անգամ ամենաանտեղյակ մարդու աչքին: Բայց ի՞նչ արած. սահմանափակ թերություններ ունեցող արվեստագետները նույնքան տնտեսումով են մատուցում այնպիսի գեղեցկություններ, որոնց առատությամբ մեզ հմայում են առավել խիզախ հոգիները:

Դա մի մեծ հարց է, որ բազմիցս արծարծվել և միշտ էլ կարծարծվի, քանի դեռ կան խաղաղ հոգիներ և դյուրավառ հոգիներ. հարց` իմանալու համար, թե արդյո՞ք թերությունը վնասում է հանճարեղ գործին, իսկ կանոնավորությունը բավականաչափ արժանիք է շնորհում միջակ հորինվածքին: Հարցը կարելի է լուծել միայն ըստ անհատական հակումների ու խառնվածքի, և կարիք չկա չարչրկել այն, քանզի չես կարող քո զգացումն այլոց պարտադրել: Վիճող կողմերին ես կուղարկեի դիտելու վերոհիշյալ երկու ֆիգուրները, իսկ ինչ վերաբերում է այն աշխատանքներին, որոնց մեջ քանդակագործի կարկինը նրա հանճարից ավելի շատ է գործել, ապա դրանք, փա՛ռք Տիրոջը, միշտ էլ կան, որպեսզի ծառայեն իբրև համեմատության եզր և իբրև փաստարկ` վհատեցնելու համար Միքելանջելոյի նմաններին, եթե այդպիսիք աշխարհում գտնվեն:

Դեռևս այնքան բան կա ասելու Միքելանջելոյի մասին, որ կարելի է շարադրել միայն հատորներով: Ես կհամարձակվեմ գրել մի երկրորդ հոդված և անդրադառնալ նրա մասին եղած որոշ դատողությունների և մի փոքր էլ` նրա գեղեցիկ քերթվածներին:

Կարդալ նաև

Արվեստ Եվրոպական մայրցամաքի մշակութա–պատմական ողբերգության մասին Յոզեֆ Բոյս, Յանիս Կունելիս, Անսելմ Կիֆեր, Էնցո Կուչի Սույն քննարկումը նշում է արդի արվեստաբանական տեսության այն շարքի շարունակությունը, որն ի սկզբանե փորձել է ռադիկալ արվեստը մոտեցնել ռադիկալ քաղակականությանը, սակայն առանց ենթագումարելու արվեստը… Արվեստ Սիմվոլների բնանկար Քեննեթ Քլարկ Հատված «Բնանկարն արվեստում» գրքից Անգլիացի խոշորագույն արվեստի տեսաբան և քննադատ Քեննեթ Քլարկը (1903-1983) ծնվել է Լոնդոնում. արվեստաբանություն է ուսումնասիրել Օքսֆորդի Թրինիթի քոլեջում: Առաջին գիրքը` «Գոթական վերածննունդ», գրել է 22 տարեկան… Արվեստ Արվեստ և կյանք Հատված Վ. Ս. Փրիթչետի, Գրեհեմ Սադերլենդի, սըր Քեննեթ Քլարկի և Հենրի Մուրի քննարկումից Վ. Ս. Փրիթչետ – Այս շարքի1 վերջին քննարկման մեջ կա մի կետ, որն ինձ բավական մտածել է տալիս: Բելը կարծես ձգտում է երևալ մի արվեստագետ, որ պատկերում է օդային ռմբակոծության…