Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Այդուհանդերձ, սոյն ակնարկը չծանրաբեռնելու եւ առաւել ընկալելի դարձնելու միտումով, այստեղ բաց կը թողնուեն բազմաթիւ փաստերի քննարկումները, ապացոյցները եւ որոշ մանրամասներ: Սրա հետ մէկտեղ, շարադրանքը (ինչպէս՝ հետազօտութիւնը) կը տրուի հակառակ ժամանակային յաջորդականութեամբ՝ տրամաբանական ամբողջականութիւնը պահպանելու միտումով:

Արդ ի մի բերենք այն ամենը, ինչ մեզ յայտնի է հայկական օրացոյցի աւանդական կառուցուածքի մասին:

Ա. Հայկական օրացոյցի աւանդական կառուցուածքը:

Միջնադարից մեզ հասած զանազան սկզբնաղբիւրներով մեզ է աւանդուել հայկական օրացոյցի հետեւեալ կառուցուածքը: Տարին բաղկացած է եղել 12 ամիսներից, որոնցից իւրաքանչիւրը պարունակել է 30-ական օր: Այս 12 ամիսներից յետոյ տարեվերջում դրուել են 5 յաւելեալ օրեր. սրանք դիտուել են տարուց դուրս և համարուել են արարչութեան օրեր (արարչութեան հինգ օրերը, որոնք նախորդել են մարդու արարմանը): Ընդհանուր անուամբ այդ հինգ օրերը կոչուել են Աւելիք կամ աւուրք աւելեաց: Այսպիսով, օրացուցային պարբերաշրջանը դարձել է 365 օր (12 ամիս x 30 օր + 5 օր = 365 օր): Նահանջի օր այստեղ չի կիրառուել: Ուշ միջնադարի որոշ մատենագիրների եւ տոմարագէտների երկերում հանդիպում են դէպքեր, երբ տարուայ վերջում դրուող յաւելեալ օրերը դիտուած են իբր առանձին՝ 13-րդ «ամիս», բաղկացած միայն 5 օրից: Աւելեաց օրերը (Աւելիքը) իբր առանձին ամիս է դիտուած  նաեւ արդի հայ տոմարագէտներից ոմանց աշխատութիւններում: Սակայն յիշենք այս առիթով, որ ե՛ւ Անանիա Շիրակունին (Շիրակացին), ե՛ւ Յովհաննէս Սարկաւագը, ե՛ւ միջնադարի այլ ականաւոր տոմարագէտներ հայկական օրացոյցում իմացել են միայն 12 ամիս, իսկ Աւելիքը (աւելեաց օրերը) համարել են տարուց դուրս՝ արարչութեան օրեր: Եւ դա բնական էլ է, զի ամիս հասկացութիւնը ընդհանրապէս կապուած է Լուսնի փուլերի պարբերութեան հետ (որ մօտ 30 օր է), ուստի եւ չի կարող լինել 5-օրեայ «ամիս»: Փաստօրէն, հայկական միջնադարեան տոմարագիտութեան մէջ տարին համարուել է միայն 360 օր, իսկ 5 յաւելեալ օրերը դրուել են «տարուց դուրս» (օրացուցային պարբերութիւնը

բնականին մօտեցնելու համար):

Այս 365-օրեայ պարբերաշրջանը մօտ քառորդ օրով կարճ է արեւադարձային տարուայ տեւողութիւնից (365,2422 օր), որի հետեւանքով էլ այսպիսի տարիներով օրացոյցի տարեմուտը պիտի լինէր շարժական եւ 1506 արեւադարձային տարում այս օրացուցային տարուայ սկիզբը պիտի շրջէր տարուայ եղանակներով: Այսինքն, 1506 արեւադարձային տարում պիտի հաշուուէր 1507 հայկական 365-օրեայ տարի (1506 x 365,2422 = 1507 x 365):

Այսպիսին է եղել հայկական օրացոյցը միջնադարում, ընդհուպ մինչեւ Յովհաննէս Սարկաւագի տոմարական բարեփոխումը: Փաստեր կան՝ վկայող, որ Հայոց օրացոյցի կառուցուածքն այդպիսին է եղել նաեւ քրիստոնէութեանը նախորդած դարերում1: Այսինքն, միջնադարեան հայկական օրացոյցի այս կառուցուածքը ժառանգութիւն է նախաքրիստոնէական ժամանակներից:

Հայկական օրացոյցում յատուկ անուններ են ունեցել ե՛ւ տարուայ 12 ամիսները, ե՛ւ ամսուայ 30 օրերը, ե՛ւ էլ յաւելեալ 5 օրերը: Ահա հայկական ամիսների եւ օրերի անունները:

Ամիսներ

  1. Նաւասարդի,
  2. Հոռի,
  3. Սահմի,
  4. Տրէ,
  5. Քաղոց,
  6. Արաց,
  7. Մեհեկան,
  8. Արեգ,
  9. Ահեկան,
  10. Մարերի,
  11. Մարգաց,
  12. Հրոտից:

Որոշ ամսանուններ մեզ հասել են տարբերակներով, ինչպէս՝ Տրէ-Տրեայ, Մեհեկան-Մեհեկի, Մահեկի, Ահեկան-Ահկի: Մեզ են աւանդուել նաեւ երկու ամսանունների հին, նախնական տարբերակները: Ըստ Յովհաննէս Երզնկացու եւ Անանիա Շիրակունու վկայութիւնների, Հոռի (Խոռի) ամիսը նախապէս կոչուել է Մատրան (այստեղից էլ՝ Աշխարհամատրան տօնի անունը), իսկ Ահեկանը նախապէս եղել է Հարաւանց (կայ եւ Հարուանց ձևը):

Օրանուններ

  1. Արեգ                              
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեզ
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց
  11. Երեզկան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրօն
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ
  29. Վարագ
  30. Գիշերավար:

Աւելեաց 5 օրերի անուններն են.

  1. Լուծ
  2. Եղջերու
  3. Ծկրաւորի
  4. Արտախոյր
  5. Փառազնոտի:

Օրացուցային այս անուններից զատ մեզ հասել են նաեւ հայկական ժամանունները: Օրը բաժանուել է երկու մասի՝ ցերեկ եւ գիշեր, որոնք էլ, իրենց հերթին, բաժանուել են 12-ական ժամերի, որոնցից իւրաքանչիւրն ունեցել է իր յատուկ անունը: Ցերեկ է համարուել արեւածագից մինչեւ արեւամուտ ժամանակը, իսկ գիշեր՝ Արեւի մայրամուտից մինչեւ արեւածագ:

Բնականաբար, այսպիսի բաժանմամբ, ցերեկային եւ գիշերային ժամերի տեւողութիւնները տարբեր կը լինէին տարուայ տարբեր եղանակներին. ամռանը երկար կը լինէին ցերեկային ժամերը եւ կարճ՝ գիշերայինները, իսկ ձմռանը՝ ընդհակառակը՝ երկար կը լինէին գիշերային ժամերն ու կարճ՝ ցերեկայինները: Օրինակ, այսպիսի ժամաբաժանմամբ, ամառնամուտի օրերին գիշերային մէկ ժամը (ժամանակի այսօրուայ միաւորներով) պիտի տեւէր ընդամենը 45 րոպէ, իսկ ցերեկային մէկ ժամը՝ 75 րոպէ:

Այսպիսի անհաւասար ժամաբաժանումը, որ չէր կարող յարմար լինել կենցաղի ու տնտեսութեան մէջ (առաւել եւս գիտութեան մէջ), անշուշտ, պիտի ստեղծուած լինէր կրօնական- պաշտամունքային նկատառումներով: Կան տուեալներ յօգուտ այն բանի, որ արդէն վաղ միջնադարում (գոնէ 4-րդ դարից) Հայաստանում կիրառուել է օրուայ բաժանումը 24 հաւասար ժամերի (անկախ գիշեր-ցերեկից)2: Թէ երբուանից է անհաւասար ժամաբաժանումը փոխարինուել հաւասար ժամաբաժանմամբ Հայաստանում, դժուար է ասել, յայտնի է միայն, որ անտիկ գիտութեան մէջ առաջին անգամ օրուայ հաւասար ժամաբաժանում կիրառել է Կղաւդիոս Պտղոմէոսը (2-րդ դար): Ի տարբերութիւն ամսանունների եւ օրանունների, հայկական ժամանունները մեզ են հասել հիմնականում մէկից աւելի տարբերակներով: Ահա հայկական ժամանունները (իրենց տարբերակներով):

Ցերեկային ժամեր

  1. Այգն,
  2. Ծայգն /Ծագեալն/,
  3. Զօրացեալն /Զայրացեալն/,
  4. Ճառագայթեալն,
  5. Շառաւիղեալն /Շառավեղն, Շառաւեղեալն/,
  6. Երկրատեսն,
  7. Շանթակալն /Շանթակողմն, Շանթակողն/,
  8. Հրակաթն,
  9. Հուր թափեալն /Հուր կաթեալն, Հուր փայլեալն/,
  10. Թաղանթեալն /Թաղարթափեալն/,
  11. Առաւարն /Տարափն/,
  12. Արփողն /Տարափողն/:

Գիշերային ժամեր

  1. Խաւարականն /Խաւարակն, Գիշերակն/,
  2. Աղջամուղջն /Աղջամղջակն/,
  3. Մթացեալն /Բաւանդակն/,
  4. Շաղաւօտն /Խուժակն/,
  5. Կամաւօտն /Համառօտն/,
  6. Բաւականն /Կատաղատեսն/,
  7. Հաւթափեալն /Խօթափեալն/,
  8. Գիզակն /Գիջակ, Դազակն/,
  9. Լուսաճեմն /Լուսակ, Լուսագայ/,
  10. Առաւօտն /Փողահարն/,
  11. Լուսափայլն /Հետազօտն/,
  12. Փայլածումն /Կաքաւողն/:

Այս ժամանուններից որոշները այսօր էլ հայերէնում կիրառական բառեր են եւ նշանակում են օրուայ տարբեր մասերը (այգ, ծայգ, առաւօտ, աղջամուղջ եւն):

Հայկական օրացոյցի այս աւանդական կառուցուածքը ընդհանրապէս չի վիճարկուել: Այս հարցում միակ տարակարծութիւնը հ. Ղ. Ալիշանի ենթադրութիւնն է, ըստ որի, հնում այս շարժական տարեմուտով օրացոյցի հետ մէկտեղ Հայերն ունեցել են մի այլ օրացոյց եւս, Յուլեան օրացոյցի նմանութեամբ՝ չորս տարին մէկ մուծուող նահանջի օրով եւ 365,25 օր միջին տեւողութեամբ տարիներով3: Սակայն այս ենթադրութիւնը տոմարական ոեւէ փաստի վրայ յեցած չէ, եւ ընդհակառակը, կան փաստեր յօգուտ այն բանի, որ քիստոնէութեան մուտքին նախորդած ժամանակաշրջանում երկար դարեր Հայաստանում կիրառուել է 365-օրեայ հաստատուն աննահանջ տարիներով եւ շարժուն տարեմուտով օրացոյցը4: Հիմք ընդունելով հայկական օրացոյցի այսպիսի կառուցուածքը, տարբեր հետազօտողներ փորձեր են արել՝ տոմարական ետհաշուարկով գտնելու Հայոց Բուն օրացոյցի սկիզբը, որ ըստ տարբեր հեղինակների, դրւում է ն.Ք. 2492-ից ն.Ք. 455 թթ. միջակայքում5: Այս հարցը քննարկած բոլոր հեղինակներն էլ լռելեայն ընդունում են, որ հայկական օրացոյցի կառուցուածքը իր սկզբնաւորումից մինչեւ 5-6-րդ դարը (30-ից 9 դար) եղել է անփոփոխ: Կառուցուածքի անփոփոխ եղած լինելուն կ’անդրադառնանք իր տեղում, իսկ այստեղ նկատենք, որ այսպիսի կառուցուածքով օրացոյցը ունէր մէկ մեծ թերութիւն եւ երկու (աւելի մեծ) առաւելութիւն: Թերութիւնն այն էր, որ ի հետեւանք տարուայ օրերի թուի կայունութեան (365 օր), այստեղ տարեմուտը դանդաղ պիտի շրջէր տարուայ եղանակներով. ինչպէս վերը նշուեց՝ մի պտոյտ 1506 տարում: Սա, բնականաբար, պիտի առաջ բերէր բազմաթիւ անպատեհութիւններ, թէկուզ նրանով, որ տարբեր դարերում պիտի տարբեր լինէր օրացուցային ամիսների եւ տարուայ եղանակների համապատասխանութիւնը (մօտ 750 տարում ձմեռային ամիսը կը դառնար ամառային եւ ամառայինը՝ ձմեռային):

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայ. ընկոյզ բառի տոհմածառը Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…