Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բնականաբար, կաթողիկոս դնելով իրենց ընտրած թեկնա- ծուին, Յոյները նրան նաեւ պարտադրում են ընդունել քաղկեդոնական դաւանանքը, որ սակայն չի ընդունւում  Հայ եկեղեցու մեծ մասի կողմից: Հայ պատմագիրները վկայում են, որ Յովհան Բագարանցին համարուել է հակաթոռ կաթողիկոս: Այդ է ցոյց տալիս եւ այն, որ նա չի նստել Դուինի կաթողիկոսարանում, այլ առանձին նոր կաթողիկոսարան է կառուցել Աւանում իր իսկ կառուցած կաթողիկէի կողքին: Ահա, Յովհան Բագարանցու հակաթոռ (նաեւ քաղկեդոնական) եղած լինելու հանգամանքն էլ առիթ է դարձել Հայոց կաթողիկոսների գաւազանագիրքի այդ հատուածում շփոթութիւն առաջացնելու համար: Տարօրինակ է նաեւ այն, որ հակաթոռ համարուելով հանդերձ, նա իր գահակալութեան 26 տարիներով մտել է Հայոց կաթողիկոսների բոլոր ցուցակների մէջ: Այսինքն, առկայ է ե՛ւ նրան հակաթոռ համարելը (բոլորը գրում են այդ մասին), ե՛ւ էլ նրան օրինական կաթողիկոս համարելը (մտցուած է բոլոր գաւազանագիրքերի մէջ իր 26 տարիներով):

Այս եւ սրան յաջորդող պատմական անցքերի ժամանակները համեմատելով, ստանում ենք, որ Յովհանը իր կաթողիկոսութեան միայն մի հատուածում (վերջում) է եղել հակաթոռ, իսկ սկզբում նա գահակալել է իբր կաթողիկոս ամենայն Հայոց: Ճշգրտելով այս շրջանի անցուդարձի ժամանակագրութիւնը, ստանում ենք դէպքերի ժամանակային հետեւեալ յաջորդականութիւնը:

551 թ. Հայոց կաթողիկոս է դարձել Մովսէս Եղիվարդեցին: Նա էլ իր կաթողիկոսութեան սկզբում (551թ.) ժողով է գումարել օրացոյցի հարցը լուծելու համար: Որոշուել է առանձին հայկական տոմար հիմնել, որը եւ արել է Աթանաս Տարօնացին: 560 թուին՝ Մովսէսի 10-րդ տարում Աղէքսանդրիայում կարգադրուել է միասնական քրիստոնէական տոմարի խնդիրը, ընդունուել է 532-ամեայ (ՇԼԲ) պարբերաշրջանը, նոյնիսկ՝ Հայերի համար անշարժ տոմար են կարգել, սակայն Հայոց եկեղեցին մերժել է դա եւ շարունակել է իր սկսած տարեհաշիւն ու աւանդական (365-օրեայ) տարիով օրացոյցը՝ Նաւասարդի մէկ շրջիկ տարեմուտով: Այդուհանդերձ, լրիւ ընդունել է աղէքսանդրեան ՇԼԲ շրջանի սկզբունքները (վերադիրներ եւն):

Մովսէս կաթողիկոսի օրօք են եղել Ս. Յիզտբուզիտի նահատա- կութիւնը, (Փոքր) Վարդան Մամիկոնեանի ապստամբութիւնը, պարսիկ Սուրէն մարզպանի սպանումը 571 թ., եւ Խաղամախի նշանաւոր ճակատամարտը:

581 թ. վախճանւում է Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսը: Քաղաքական կացութիւնը խոչընդոտում է բնականոն կերպով կաթողիկոսի ընտրութիւն անցկացնելուն եւ երեք տարի տեղապահ է մնում Վրթանէս Քերթող վարդապետը:

581-584 թթ. Վրթանէսի տեղապահութիւնն է: Այս ընթացքում, օգտուելով Հայոց եկեղեցու տկարացումից, Կիւրիոնը Վրաց եկեղեցին անջատում է Հայոց եկեղեցուց:

584-ին, օգտուելով Պարսից ներքին անկայուն վիճակից, Յունաց Մօրիկ կայսրը կաթողիկոս է դարձնում Յովհան Բագարանցուն, նրան պարտադրելով քաղկեդոնական դաւանանք: Այդուհանդերձ, այս կաթողիկոսը ճանաչում չի ստանում բոլոր եպիսկոպոսների կողմից եւ Մօրիկը չի կարողանում Յովհանին նստեցնել Դուինի կաթողիկոսարանում, այլ նոր կաթողիկոսարան եւ կաթողիկէ տաճար է հիմնում Յունաց բաժնում, սահմանին մօտ՝ Կոտայքի Աւան գիւղում: Սրանով էլ խափանւում է Վրթանէսի տեղապահութիւնը եւ որոշ ժամանակ (գոնէ մինչեւ Մօրիկի մահը 602-ին) համայն Հայոց կաթողիկոս է դիտւում Յովհան Բագարանցին:

602-ին Մօրիկի մահից յետոյ Պարսիկները պատերազմական գործողութիւններ են ծաւալում Հայաստանում եւ Յովհանը Աւանից փախնում է Կարին: Հաւանական է, այս ժամանակից էլ նա դիտուել է հակաթոռ:

607-ին Պարսից արքայ Խոսրով Բ-ը Հայաստան է ուղարկում Սմբատ Բագրատունուն, որն էլ կազմակերպում է կաթողիկոսական կանոնաւոր ընտրութիւն, ուր ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրւում Աբրահամ Աղբաթանեցին:

610-ին Պարսիկները գրաւում են Կարինը եւ ժողովրդի հետ միասին գերեվարում անդ ապաստանած ծերունի Յովհան կաթողիկոսին, տանում են Համադան, ուր եւ նա վախճանւում է: Նոյն տարին վախճանւում է եւ Աբրահամ Աղբաթանեցին՝ գահակալելով միայն 3 տարի:

610-ին կաթողիկոս է ընտրւում Կոմիտաս Աղցեցին:

Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայոց տոմարի կարգադրութիւնն ու Հայոց Մեծ թուականի հիմնումն էլ ամբողջովին Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսի ձեռակերտն են, որ իրականացրել է Աթանաս Տարօնացին:

Ի մի բերելով Հայոց Մեծ թուականի մասին ասուածը, կարող ենք այդ օրացոյցի ստեղծումը, բնոյթը եւ կրած փոփոխութիւնները պատկերել հետեւեալ կերպ:

552 թուականին աւարտւում է Անդրէաս Բիւզանդացու 200-ամեայ զատկացուցակը, որով ի թիւս այլ ազգերի, առաջնորդւում էին եւ Հայերը: Այս ժամանակ տակաւին լուծուած չի

եղել նոր համընդհանուր օրացոյցի հարցը: Օգտուելով առիթից, Հայոց կաթողիկոս Մովսէս Եղիվարդեցին կարգադրում է հայկական տոմարի հարցը: Նա վճռում է ստեղծել ինքնուրոյն ազգային օրացոյց: Նրա կարգադրութեամբ Աթանաս Տարօնացին Հայկական հնաւանդ շարժական օրացոյցի հիման վրայ կազմում է քրիստոնէական տօնացոյց, որի տարեհաշիւն էլ դառնում է Հայոց Մեծ թուականի հիմքը:

Այստեղ ամբողջովին պահպանւում է Հայոց օրացուցային աւանդական դրուածքը. տարուայ տեւողութիւնը միշտ 365 օր (առանց նահանջ տարիների), տարեմուտն էլ՝ Նաւասարդի մէկը չորս տարում մի օր առաջ է ընկնում հռոմէական ամսաթուերից: Այս կառուցուածքով օրացոյցը անխուսափե- լիօրէն պատճառ պիտի դառնար տոմարական թիւրիմացութիւնների, երբ Նաւասարդի մէկը հասնէր Մարտ-Ապրիլին: Դրա համար էլ 7-րդ դարում Անանիա Շիրակունին բարեփոխում է այն: Նա տարեմուտը առանձնացնում է Նաւասարդի մէկից եւ կայուն դնում Յունուարի 6-ի դիմաց՝ անկախ հայկական ամիս-ամսաթուից, իսկ Նաւասարդի մէկը էլի մնում է շրջիկ: Նա նաեւ կազմում է մանրակրկիտ աղիւսակներ 532 տարիների համար: Սակայն, Անանիայի բարեփոխումը պաշտօնական վաւերացում չի ստանում: Ի հետեւանք այս ամենի, Մեծ թուականը սկսում է կիրառուել երկու տարբեր ձեւերով. մէկն ըստ Աթանասի սահմանածի՝ 552 թ. Յուլիսի 11-ից  սկսուող, փոփոխական տարեմուտով, միւսն ըստ Անանիայի բարեփոխման՝ 553 թ. Յունուարից սկսուող, կայուն տարեմուտով:

Այս կերպ էլ Հայոց Մեծ թուականը հասել է մինչեւ մեր օրերը:

Այս օրացոյցի յաջորդ բարեփոխութիւնը եղել է 11-12-րդ դարերում եւ դա արել է եռամեծ իմաստասէր Յովհաննէս Սարկաւագը: Սակայն ի տարբերութիւն նախորդ բարեփոխութեան, այս անգամ Մեծ թուականը թողնւում է անփոփոխ, եւ դրան կից ստեղծւում ու կիրառութեան մէջ է դրւում նոր բարեփոխեալ օրացոյց՝ Հայոց Փոքր թուականը:

Արդ նայենք, թէ ինչ է իրենից ներկայացրել Յովհաննէս Սարկաւագի ստեղծած Հայոց Փոքր թուականը, ինչ փոփոխութիւններ են կատարուել հայկական օրացոյցում այս կապակցութեամբ եւ որն է եղել դրանց հիմքը:

Շարունակությունը հաջորդ համարում

Ծանոթագրություններ

  1. Այս մասին տես՝ Գր.Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց օրացոյցը մինչեւ Մեծ թուականը, «Էջմիածին», 1984, թւ ե, էջ 54-58:
  2. Տես՝ օր. Բ.Ե.Թումանեան, Տոմարի պատմութիւն, Երեւանի Համալսարանի Հրատ., Երեւան, 1972, էջ 44-45: 3. Ղ.Ալիշան, Յուշիկք Հայրենեաց Հայոց, հ. Ա, Վենետիկ, 1869, էջ 76-104:
  3. Տես՝ Գր. Բրուտեան, Նշ. աշխ.:
  4. Այս մասին տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին, Հայոց Բուն թուական, «Էջմիածին», 1985, թւ Ա, էջ 51- 57, թւ Բ-Գ, էջ 72-104:
  5. Յունական եւ փոքրասիական տարբեր օրացոյցների մասին յայտնում է Անանիա Շիրակունին (Շիրակացին): Տես՝ Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, ՀՍՍՌ Մատենադարանի Հրատ., Երեւան 1994, էջ 116-122:
  6. Այս մասին մանրամասն տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Օրացոյցի բարեկարգումն ու կաթողիկոսների գահացուցակը, ՙԷջմիածին՚, 1994, թւ Ը, էջ 30-48:
  7. Տես՝ նոյն տեղում:
  8. Տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Մեծ թուական, «Էջմիածին», 1983, թւ Ը, էջ 41-44:
  9. Ներկայումս ընդունուած եւ տարածուած է այս հեղինակի անունը՝ Անանիա Շիրակացի: Սակայն իր աշխատութիւններում նա ինքն իրեն անուանում է Շիրակունի, ուստի եւ աւելի ճիշդ եմ տեսնում նրան կոչել իր իսկ ձեւով՝ Շիրակունի: Պատահում է եւ Ա. Անեցի ձեւը:
  10. Այս օրացոյցը տոմարական գրականութեան մէջ յայտնի է տարբեր անուններով. թուականութիւն Հայոց, թուականութիւն Հայկազեան, Բուն թուական Հայոց, Ասքանազեան թուական եւ այլն: Շփոթութիւնից խուսափելու համար դա կը կոչենք Մեծ թուական, կամ Մեծ օրացոյց անուններով:
  11. Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, էջ 262-282:
  12. Հայ միջնադարեան տոմարական գրականութեան մէջ որպէս գարնանամուտի կայուն օր ընդունուած է ոչ թէ Մարտի 21-ը, այլ 20-ը:
  13. Տես՝ Գր. Բրուտեան, ՙԷջմիածին՚, 1983, թւ Ը, էջ 41-44:
  14. Հնգեակը, Վերադիրը եւ Եօթներեակը տոմարական հասկացութիւններ են, որ կիրառուել են միջնադարում օրացուցային հաշւումներ անելու համար: Եօթներեակով որոշուել է շաբաթուայ ինչ օր լինելը, վերադիրով՝ Լուսնի փուլը, իսկ հնգեակը տարուայ 12 ամիսներից դուրս մնացած 5 յաւելեալ օրերն են, որ 19 տարում կուտակուելով կազմել են 95 օր (5×19=95):
  15. Աւելի մանրամասն այս մասին տես՝ Գր.Բրուտեան, «Էջմիածին», 1985, թւ Ա, էջ 52:
  16. Տես՝ Ա.Գ.Աբրահամեան, Տոմարատիեզերագիտական երեք բնագրեր, «Բնագիտութեան եւ տեխնիկայի պատմութիւնը Հայաստանում. VII», ժողովածուում, գլխ. խմբ. Գ.Բ.Պետրոսեան, ՀԽՍՀ ԳԱ Հրատ., Երեւան, 1979, էջ 62-65:
  17. Այս մասին մանրամասն տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին» 1994, թւ Ը, էջ 30-48:
  18. Այս եւ հետագայ շարադրանքին վերաբերող մանրամասները տես՝ Գր. Բրուտեան, «Էջմիածին» 1994, թւ Ը, էջ 30-48:
  19. 532-ամեակը փաստօրէն Լուսնի 19-ամեայ եւ Արեւի 28-ամեայ պարբերաշրջանների արտադրեալն է (19×28=532), որով եւ 532 տարի պարբերութեամբ կրկնւում են Լուսնի փուլերի, ամիս-ամսաթուերի եւ շաբաթուայ օրերի համապատասխանութիւնները, ուրեմն նաեւ Զատիկները եւ միւս տօները: Իր ժամանակին այս պարբերաշրջանի գիւտը շատ մեծ ոգեւորութիւն է առաջացրել, որպէս օրացուցային հարցի վերջնական կատարեալ լուծում: Իրականում, սակայն, այս պարբերութիւնն այնքան էլ «հաւերժական չէ»: Բանն այն է, որ սա հիմնուած է Լուսնի 19-ամեայ (Մեթոնի) շրջանի եւ Յուլեան օրացոյցի վրայ: Իսկ սրանք երկուսն էլ որոշակի սխալներ են պարունակում, այնպէս որ, 532 տարի անց աղիւսակը կրկնելու պարագայում ի յայտ պիտի գային որոշ անհամաձայնութիւններ Լուսնի իրական փուլերի, գիշերահաւասարի օրուայ եւ աղիւսակում տրուածի միջեւ: Ի վերջոյ, այս անհամաձայնութիւններն էլ ստիպեցին անցնելու նոր տոմարի՝ 1582-ին:
  20. Գաւազանագիրք (Գաւազանագիր) է կոչւում ժամանակագրական կանոնը (ցուցակը), որտեղ ներկայացուած են յաջորդական տիրակալները (կաթողիկոսները) իրենց գահատարիներով:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայ. ընկոյզ բառի տոհմածառը Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…