Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը
Ի մի բերելով այս ամենը, տեսնում ենք, որ Անանիա Շիրակունին իրօք անշարժացրել է հայկական օրացոյցը՝ տարեմուտը դնելով Յունուարի 6-ին, անկախ հայկական ամիս-ամսաթուից: Ուրեմն, ըստ նրա բարեփոխութեան, Հայոց Մեծ թուականի սկիզբը պիտի հաշուել ոչ թէ 552 թ. Յուլիսի 11-ից, այլ 553 թ. Յունուարի 6-ից (պարզութեան համար կարելի է վերցնել Յունուարի 1-ից, դա շօշափելի սխալի չի բերի): Այսպէս է Հայոց Մեծ թուականը ներկայացուած նրա կազմած տոմարական աղիւսակում՝ ՇԼԲ բոլորակում: Փաստօրէն, ստացւում է Հայոց Մեծ թուականի երկու տարբերակ՝ հին ու նոր՝ ըստ Աթանաս Տարօնացու եւ ըստ Անանիա Շիրակունու: Այս երկրորդ տարբերակը, թէպէտ պաշտօնապէս վաւերացուած չի եղել, այդուհանդերձ ունեցել է բաւական լայն կիրառութիւն (թերեւս՝ շնորհիւ Անանիայի բացառիկ մեծ հեղինակութեան, կամ նրա կազմած աղիւսակների մատչելիութեանն ու յարմարութեանը): Որպէս սրա արդիւնք, մեզ են հասել Հայոց Մեծ թուականով տրուած տարեթուեր երկու տարբերակով էլ՝ ե՛ւ Մեծ թուականը դիտելով իբր 552 թ. Յուլիսի 11-ից սկսուող շարժական տարեմուտով օրացոյց, ե՛ւ էլ իբր 553 թ. Յունուարից սկսուող անշարժ օրացոյց: Սա էլ նշանակում է, որ հայկական այս օրացոյցով տրուած տարեթուերը Փրկչականի վերածելիս հարկ է նկատի ունենալ հնարաւոր անճշդութիւնը (մինչեւ մէկ տարի), եւ հնարաւորութեան դէպքում տարեթիւը ճշգրտել կողմնակի այլ տուեալներով: Հայոց Մեծ թուականի մասին մեր պատկերացումը ամբողջացնելու համար հարկ է ճշդել նաեւ նրա հիմնադրման ճշգրիտ ժամանակը եւ այն, թէ ով է եղել դրա պատուիրատու կաթողիկոսը: Ինչպէս արդէն նշուեց, այս հարցերին իրարամերժ պատասխաններ են տրուել տակաւին միջնադարից: Որպէս տոմարի կարգադրիչ, հայ մատենագիրները յիշատակում են երեք տարբեր կաթողիկոսների անունները: Մերօրեայ հրատարակութիւններում եւս այս հարցը լուսաբանուած է ոչ միարժէքօրէն18: Ընդ որում, այս հարցերը տոմարագիտութեան եւ պատմագրութեան առումով մեծ կարեւորութիւն են ունեցել իրենց ծագումից ի վեր, եւ դրա վկայութիւնն է այն, որ Հայոց տոմարին եւ 6-րդ դարի պատմական անցքերին անդրադարձած համարեա բոլոր հեղինակներն էլ անդրադարձել են այդ հարցերին եւ ջանացել են այս կամ այն կերպ պատասխանել դրանց: Միեւնոյն ժամանակ, մատենագիր սկզբնաղբիւրներում այս հարցերի պատասխանների իրարամերժ լինելը վկայում է, որ սրանց հետ կապուած թիւրիմացութեան պատճառը ինքը շատ հին է, եւ պէտք է այդ թիւրիմացութիւնը փնտռել հէնց Հայոց Մեծ թուականի հիմնադրման ժամանակներում:
Հայոց պատմութեան այս ժամանակաշրջանը հարուստ է բուռն իրադարձութիւններով, մեծ վայրուվերումներով, սակայն, դրան հակառակ (կամ գուցէ դրան ի հետեւանք), յոյժ աղքատ
է ժամանակակից պատմական սկզբնաղբիւրներով: Որպէսզի հնարաւոր լինի եղած սկզբնաղբիւրների տուեալներով որոշել Մեծ թուականի հիմնման ժամանակն ու պատուիրատու կաթողիկոսի ինքնութիւնը, զուգահեռաբար կը քննենք նաեւ մի քանի այլ իրադարձութիւնների ժամանակի հարցը. Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսի ընտրութիւնը, ՇԼԲ պարբերաշրջանի գիւտը, Ս. Յիզտբուզիտի նահատակութիւնը, Հայոց կաթողիկոսութեան բաժանումը երկուսի, Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի ընտրութիւնը եւ որոշ այլ իրադար- ձութիւններ, որոնք ժամանակագրօրէն աղերսւում են տոմարի կարգադրութեանը եւ կարող են օժանդակել մեր խնդրի լուծմանը:
Միեւնոյն ժամանակ, հէնց իր՝ օրացոյցի քննութիւնը ծանրակշիռ փաստեր է տալիս որոշելու համար, թէ երբ պիտի լինէր Մեծ թուականի հիմնումը:
Քննելով Անդրէաս Բիւզանադացու եւ Աթանաս Տարօնացու տոմարների մասին մեզ հասած տեղեկութիւնները եւ այդ տուեալները զուգադրելով օրացոյցի կարգադրութեան մասին գրած տարբեր հեղինակների տուած տարեթուերին, գալիս ենք այն եզրակացութեան, որ Հայոց Մեծ թուականի հիմնումը եղել է Անդրէասի 200-եակի աւարտին՝ Փրկչ. 551 թուին: Փաստօրէն, Հայերը թուականը հիմնել են նախքան 200-եակի աւարտը (552 թ. Զատիկից առաջ), նախօրօք որոշելու համար Անդրէասի տօնացոյցի աւարտից յետոյ իրենց անելիքը19: Սրանից ինը տարի անց՝ 560-ին Աղէքսանդրիայում 36 տոմա- րագէտների ժողովը կարգադրում է միասնական օրացոյցի խնդիրը եւ պաշտօնապէս ընդունում է Էաս Աղէքսանդրացու գտած 532-ամեայ մշտնջենական պարբերաշրջանը: Սա նախորդ բոլոր տօնացոյցների նկատմամբ ունէր այն ակնյայտ առաւելութիւնը, որ այս աղիւսակների աւարտից յետոյ կարելի պիտի լինէր անմիջապէս, առանց ընդմիջման դրանք վերստին կիրառել սկզբից20:
Այս նոյն ժամանակ (հաւանական է՝ հէնց նոյն ժողովում, կամ դրա առնչութեամբ) Հայերի համար առանձին անշարժ տոմար են կարգում, որ սակայն Հայոց եկեղեցին չի ընդունում եւ շարունակում է իր սկսած ուրոյն տարեհաշիւը եւ ազգային աւանդական 365-օրեայ ամսակարգն ու Նաւասարդի մէկով սկսուող շարժուն տարին: Միեւնոյն ժամանակ, Հայերն ընդունում են Աղէքսանդրիայում որոշուած 500-եակի (532-ամեայ շրջանի) տոմարական կարեւոր սկզբունքները (վերադիրների ու Լուսնի լրումների համակարգը), եւ այդպիսով ապահովում են Հայոց եւ արեւմտեան եկեղեցիների Զատիկների համաժամանակութիւնը:
Աւելի դժուար է պատուիրատու կաթողիկոսի հարցը պարզելը: Ինչպէս վերը նշուեց, պատմական սկզբնաղբիւրներն այս կապակցութեամբ յիշատակում են երեք տարբեր կաթողիկոսների՝ Յովհաննէս Գաբեղեանին, Ներսէս Բագրեւանդեցուն (Աշտարակեցուն) եւ Մովսէս Եղիվարդեցուն: Միեւնոյն ժամանակ, տոմարի կարգադրութիւնը տարբեր կաթողիկոսների վերագրելով հանդերձ, այդ տարբեր սկզբնաղբիւրները տոմարի կարգադրութեան համար տալիս են հիմնականում միեւնոյն տարեթիւը: Սա շատ ուշագրաւ է. այստեղից հետեւում է, որ այդ բոլոր հեղինակներն էլ իմացել են տոմարի կարգադրութեան ճշգրիտ ժամանակը (բոլորն էլ նոյն տարին են տալիս, թէպէտ՝ տարբեր համակարգերով՝ Աշխարհի արարչու- թեան, Յունաց Փիլիպպոս կայսեր, Քրիստոսի ծննդեան, եւ այլ թուականներով): Իսկ նոյն թուին եղած նոյն գործը տարբեր կաթողիկոսների վերագրելը հետեւանք է այն բանի, որ տարբեր հեղինակների ձեռքի տակ եղած գաւազանագիրքերում21տարբեր են եղել Հայոց կաթողիկոսների տարիները, եւ իւրաքանչիւր հեղինակ, նայելով, թէ ըստ իր ունեցած գաւազանագիրքի, ով է եղել 551 թուին Հայոց կաթողիկոսը, նրան էլ վերագրել է տոմարի կարգադրութիւնը: Իսկ ինչո՞ւ պիտի գաւազանագիրքերում շփոթուած լինէին Հայոց կաթողիկոսների տարիները: Այս հարցի պատասխանն էլ ժամանակի պատմական անցքերի մէջ է:
Յայտնի է, որ 6-րդ դարի կէսերին Հայաստանը բաժանուած էր Պարսկաստանի եւ Բիւզանդական կայսրութեան միջեւ եւ այս երկու գերտէրութիւնների անհաշտ պայքարը աւերում էր ոչ միայն Հայոց երկիրը, այլեւ Հայոց եկեղեցին: Օգտուելով դէպքերի նպաստաւոր ընթացքից, Յունաց կայսրը Հայաստանի յունական մասում ստեղծում է նոր կաթողիկոսութիւն, կաթողիկոս է կարգում Յովհան Բագարանցուն եւ նստավայր ընտրում Յույն-Պարսկական սահմանին մօտիկ Աւան գիւղը (այժմ՝ Երեւանի շրջագծում). այնտեղ էլ Յովհան Բագարանցին կառուցում է Աւանի նշանաւոր կաթողիկէն: Այս կաթողիկոսը աթոռակալել է 26 տարի: Նրա գահակալութեան վերջերում յունա-պարսկական հակամարտութեան մէջ յաջողութիւնը անցնում է Պարսիկներին, որոնք էլ վերջ են տալիս Աւանի կաթողիկոսութեանը: