Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը
Ի հակակշիռ այս ակնյայտ անպատեհութեանը, օրացոյցի այսպիսի կառուցուածքն ունէր այն ակնառու առաւելութիւնը, որ ի տարբերութիւն բազմաթիւ այլ օրացոյցների, սրա կառուցուածքը չափազանց պարզ էր, ուստի եւ դիւրին էր այն մտապահելն ու կիրառելը (բոլոր ամիսները պարունակում են միեւնոյն թուով օրեր ու բոլոր տարիներն իրար նման են): Սրա միւս առաւելութիւնն այն էր, որ այսպիսի կառուցուածքը շատ լաւ ներդաշնակեցուած էր իր ժամանակի տիեզերաբանական-կրօնական պատկերացումներին (ամիսները՝ 12 հատ – հէնց այնքան, որքան կեդանակերպերը երկնքում, եւ ամսուայ օրերն էլ՝ 30 – այնքան, որքան Լուսնի պարբերութիւնն է):
Այսինքն, այսպիսի կառուցուածքը պիտի ամեն կերպ պաշտպանուէր նաեւ կրօնի-հաւատքի կողմից: Աւելացնենք նաեւ, որ սրա հիմնական թերութիւնը՝ տարեմուտի շարժունութիւնը, իր ժամանակին կարող էր այնքան էլ էական չդիտուել: Մէկ մարդու կեանքի տեւողութեան ընթացքում (մօտ 80 տարի) տարեմուտի տեղաշարժը կը կազմէր ընդամենը 20 օր, որ այնքան էլ զգալի չպիտի լինէր կենցաղում: Այս նոյն տիպի կառուցուածք է ունեցել նաեւ հին եգիպտական օրացոյցը, ինչպէս նաեւ իրանական եւ փոքրասիական վաղմիջնադարեան մի շարք օրացոյցներ6:
Բնականաբար, հարց է առաջանում, թէ երբուանից է սկիզբ առել այսպիսի հայկական օրացոյցը ու նաեւ՝ թէ ինչպիսին է եղել դրան նախորդած հայկական օրացոյցը: Այս հարցերը հայ մտաւորականներին հետաքրքրել են շատ վաղուց: Սրանց պատասխան տալու մեզ յայտնի առաջին փորձը վերաբերում է Անանիա Շիրակունուն (VII դար), այդ մասին տեղեկութիւններ են հաղորդել նաեւ Յովհաննէս Սարկաւագը, Գրիգոր Տաթեւացին եւ միջնադարեան այլ հեղինակներ: Սակայն նրանց յայտնած տեղեկութիւնները այսօրուայ գիտութեան առումով յոյժ անբաւարար են, թէպէտ որոշ առումներով՝ խիստ էական: Սրանք տրուած են առանց յստակ ժամանակագրական համակարգի, եւ այս տուեալներից տարեթիւ դուրս կորզելը անհնար է:
Այդուհանդերձ, միջնադարեան հեղինակների տեղեկութիւնները այդ մասին շատ կարեւոր են, եւ դրանց կ’անդրադառնանք իր տեղում: Իսկ նախքան հայկական օրացոյցի սկզբնաւորման հարցին անդրադառնալը, ջանանք առաւել լրիւ պատկերացում կազմել հայկական միջնադարեան ամենահիմնական, ամենակիրառական օրացոյցի՝ Հայոց Մեծ թուականի մասին, հասկանանք դրա կառուցուածքը, փոփոխութիւնները, դրան առնչուող պատմական անցքերը:
Բ. Հայոց Մեծ թուական: Ընդհանրապէս, ոեւէ օրացոյցի մասին փոքր ի շատէ ամբողջական պատկերացում ունենալու համար հարկ է իմանալ հետեւեալ հարցերի պատասխանները.
ա. ե՞րբ (եւ ում կողմից) է հիմնուել այդ օրացոյցը,
բ. ի՞նչ կառուցուածք է ունեցել,
գ. երբուանի՞ց է սկսուել տարեհաշիւը, այլ կերպ ասած՝ ո՞րն է հաշուարկի սկզբնակէտը,
դ. ի՞նչ փոփոխութիւնների է ենթարկուել հետագայում (եւ ե՞րբ, ու՞մ կողմից են դրանք եղել):
Թէպէտ, ինչպէս նշուեց, Հայոց Մեծ թուականը միջնադարում, ընդհուպ մինչեւ 19-րդ դարը Հայաստանում ամենատարածուած, ամենաշատ կիրառուած օրացոյցն է եղել եւ օգտագործւում է նաեւ մեր օրերում, այդուհանդերձ, այս օրա- ցոյցի պարագայում վերոշարադրեալ չորս հարցերի պատասխաններն էլ տակաւին միանշանակ չեն: Ընդ որում, այդ պատասխանների բազմազանութիւնը ծնունդ է ոչ թէ մերօրեայ հետազօտութիւնների, այլ գալիս է տակաւին միջնադարից:
Արդէն իսկ 10 – 11-րդ դարերի հեղինակները սրա հիմնումը վերագրել են Հայոց երեք կաթողիկոսների՝ Յովհաննէս Գաբեղեանին, Ներսէս Աշտարակեցուն եւ Մովսէս Եղիվարդեցուն7: Բնականաբար, տրւում են նաեւ հիմնադրման տարբեր ժամանակներ: Արդի հետազօտողներն էլ այդ ակնյայտ դժուարութիւնը յաղթահարելու համար, այս օրացոյցի հիմնումը բաժանել են երկու փուլի, Ներսէս կաթողիկոսին տուել են բուն հիմնումը, իսկ Մովսէս կաթողիկոսին՝ դրանից բաւական անց՝ պաշտօնական վաւերացումը8: Աւելի բարւօք չէ մեր պատկերացումների վիճակը նաեւ այս օրացոյցի կառուցուածքի հարցում: Այստեղ էլ կան երկու իրարամերժ պատասխաններ: Ոմանք (արդի հոտազօտողներից) այս օրացոյցը համարում են 365-օրեայ, շարժական տարեմուտով օրացոյց (տարեմուտը՝ Նաւասարդի մէկը), ոմանք էլ լրջօրէն հիմնաւորում են այս օրացոյցի անշարժ լինելը9:
Համանման է վիճակը նաեւ տարեհաշուի սկզբի հարցում: Այստեղ էլ կան լաւ հիմնաւորուած երկու մօտեցումներ՝ Հայոց Մեծ թուականի սկիզբը Փրկչական 552 թուից (Յուլիսի 11-ից) կամ մի տարի անց՝ 553-ից: Երկու մօտեցումներն էլ հիմքում ունեն բազմաթիւ փաստեր:
Փոքր ի շատէ պարզ է վիճակը մեր չորրորդ հարցի պարագայում: Այս կէտում հիմնականում ընդունուած տեսակէտ է, որ 7-րդ դարում Մեծ թուականը բարեփոխել է Անանիա Շիրակունին10: Համակարծիք են նաեւ բարեփոխութեան բնոյթի խնդրում. Անանիա Շիրակունին անշարժացրել է Հայոց տոմարը: Միակ տարակարծութիւնն այն է, որ ոմանք նրա բարեփոխած տարբերակը համարում են կորած, ոմանք էլ համոզուած են, որ այն հասել է մեզ:
Ահա, ընդհանուր առմամբ այն ամենը, ինչ այսօր ունենք Հայոց միջնադարեան հիմնական օրացոյցի վերաբերեալ: Ինչպէս տեսնում ենք, այստեղ հարցերի իրարամերժ պատասխանները գոյացրել են մի թնջուկ, որով կարելի է ասել, թէ այս օրացոյցի մասին էլ մեր իմացածը, մեղմ ասած, յստակ չէ: Փորձենք ըստ կարելւոյն յստակեցնել մեր պատկերացումներն այս օրացոյցի մասին: Սկսենք նախ կառուցուածքի հարցերը քննելուց:
Նախ նկատենք, որ օրացոյցի կառուցուածքի հարցը սերտօրէն կապուած է դրա բարեփոխութեան հարցին: Իրօք, եթէ օրացոյցը ենթարկուել է բարեփոխութեան, ապա շատ սպասելի է, որ մեզ հասած լինեն բեկորներ ե՛ւ նախնական, ե՛ւ էլ՝ բարեփոխեալ տարբերակներից: Այնպէս որ, օրացոյցիս կառուցուածքը քննելիս հարկ է նկատի ունենալ, որ հաւանաբար մենք գործ ունենք իրար խառնուած երկու տարբերակների հետ, եւ պիտի ջանանք ըստ կարելւոյն դրանք զատել իրարից:
Արդ տեսնենք, թէ ինչ ունենք մենք Հայոց Մեծ թուականին11, դրա կառուցուածքին վերաբերող:
Ամենածաւալուն ու կարևոր տեղեկոյթ այս մասին պահ- պանուել է Ա. Շիրակունու անուամբ մեզ հասած տոմարական աղիւսակներում, մասամբ նաեւ տոմարական այլ գրուածքներում (Շիրակունու՝ Յայտնութեան եւ Զատկի ճառերը, ՇԼԲ աղիւսակները, Յովհ. Սարկաւագի Տոմարական Պատճէնը, Հայկական տոմարի մեկնութիւնը եւ այլն): Ահա այս աշխատութիւնների հիման վրայ էլ փորձենք պարզել Մեծ թուականի կառուցուածքը, սկիզբը եւ փոփոխութիւնները:
Իր նշանաւոր Զատկի ճառի վերջում Անանիա Շիրակունին յայտնում է, որ ինքը 532 տարիների համար կազմել է մանրամասն աղիւսակներ, որտեղ բոլոր 532 տարիների համար տուել է Զատիկները և տոմարական բացատրութիւններ: Այս աղիւսակները հասել են մեզ, եւ որոշ խմբագրութեամբ հրատարակուած են Շիրակունու աշխատութիւնների շարքում12: Սրանք Փրկչական 580 – 1112 թթ. ընդգրկող աղիւսակներ են, որ պարունակել են Հայոց ԻԹ (29)-ից ՇԿ (560) թուականները՝ ընդամենը 532 տարի: Շնորհիւ այն բանի, որ այս աղիւսակները բաւական մանրամասն են, դրանց վերլուծութեամբ հնարաւոր է գաղափար կազմել թէ՛ Անանիա Շիրակունու կատարած օրացուցային բարեփոխութեան, եւ թէ՛ մինչ այդ եղած օրացոյցի մասին: Նախ մի քանի խօսք, նախքան Շիրակունու բարեփոխութիւնն եղած վիճակի մասին: