Ռուբիկոն

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Անանիայի Տոմարի բաղադրիչ մասերից միայն մէկն է, որում անկասկած ներկայացուած է անշարժացուած հայկական օրացոյց: Դա Շիրակունու վերոնշեալ օրացուցային աղիւսակներն են, որ յայտնի են ՇԼԲ բոլորակ անուամբ: Որոշ արդի հետազօտողներ այս աղիւսակներում ներկայացուած հայկա- կան օրացոյցը համարել են շարժական, ելնելով նրանից, որ այստեղ հայկական Նաւասարդի մէկը իրօք շարժական է, չորս տարին մէկ առաջ է ընկնում հռոմէական համապատասխան ամսաթուերից: Սակայն այդ աղիւսակների մանրակրկիտ վեր- լուծութիւնը համոզում է, որ դրանցում հայկական օրացոյցը իրօք անշարժացուած է14:

Սակայն բանն այն է, որ Անանիա Շիրակունին օրացոյցն անշարժացրել է փոքր-ինչ անսովոր ձեւով: Ընդհանրապէս, անշարժ օրացոյց ասելով, հասկանում են մի օրացոյց, որի տարեմուտը անշարժ է տարուայ եղանակների նկատմամբ:

Եւ տարեմուտն էլ, բնականաբար, կապւում է ամսակարգի սկզբի՝ առաջին ամսի առաջին օրուայ հետ: Շիրակունին հայկական օրացոյցն անշարժացրել էր էլի տարեմուտը անշարժացնելով, բայց ի տարբերութիւն աւանդական պատկերացման, նա իրարից անջատել էր տարեմուտն ու ամսակարգի սկիզբը (այսինքն՝ Նաւասարդի մէկը): Շիրակունու բարեփոխութեամբ Նաւասարդի մէկը՝ մնալով փոփոխական, դադարում է տարեմուտ դիտուել: Հայկական ամիսները առաջուայ պէս մնում են շարժական, իսկ տարեմուտ է համարւում միշտ Յունուարի 6-ը, անկախ դրան համապատասխանող հայկական ամիս-ամսաթուից: Այսինքն, մի տարի տարեմուտը կը լինէր, ասենք, Մեհեկան 7-ին (Յունուարի 6-ին), չորս տարի անց՝ Մեհեկան 8-ին (Յունուարի 6-ին), եւս չորս տարի անց՝ Մեհեկան 9-ին եւ այլն: Անշուշտ, այսպիսի բարեփոխութիւնը, մեղմ ասած, փոքր-ինչ խրթին է:

Իր բարեկարգած օրացոյցի խրթինութիւնը յաղթահարելու, դրա կիրառութիւնը առաւել դիւրին ու մատչելի դարձնելու համար էլ Շիրակունին կազմում է յիշեալ մանրամասն աղիւսակները: Այս աղիւսակներում բոլոր 532 տարիների համար տրուած են թուականը (նաեւ՝ նահանջը), տարուայ հնգեակը, վերադիրը, եօթներեակը, Յայտնութեան օրը, Բարեկենդանի, գարնանամուտի, Լուսնի աւագ լրման, եւ Զատիկի ամիս-ամսաթուերը15: Ընդ որում, այս ամենը տրուած են զուգահեռաբար թէ՛ հայկական, եւ թէ՛ հռոմէական ամիս-ամսաթուերով: Օրացոյցի այսպիսի մանրակրկիտ մատուցումը պատճառ է դարձել դրա լայն կիրառութեան, եւ սրա շնորհիւ, թէպէտ վաւերացուած չի եղել, այդուհանդերձ Անանիայի կազմած օրացոյցը ապրել է շատ երկար եւ հասել մինչեւ մեզ: Համոզուելու համար, որ իրօք այս աղիւսակներում ներկայացուած հայկական օրացոյցը անշարժացուած է, մի փոքր վերլուծենք դրանք:

Առաջին ակնառու փաստը, որ վկայում է տարեմուտը Նաւասարդի մէկից տարբեր եղած լինելու մասին, հետեւեալն է:

Այստեղ իւրաքանչիւր տարեթուի համար տրուած է այդ տարուայ Զատիկը ե՛ւ հայկական, ե՛ւ էլ հռոմէական ամիս-ամսաթուերով: Միեւնոյն ժամանակ, Զատիկն էլ շարժական տօն է, ունի 35 օրուայ շարժականութիւն: Դրա հետեւանքով հնարաւոր է այնպիսի իրավիճակ, որ երբ Նաւասարդի մէկը քիչ-քիչ յառաջանալով հասնէր Մարտ-Ապրիլ միջակայքին, ապա ստացուէր այնպէս, որ Նաւասարդի մէկից մինչեւ յաջորդ Նաւասարդի մէկն ընկած ժամանակահատուածում պատահէր ոչ թէ մէկ, այլ երկու Զատիկ, իսկ դրա յաջորդ (կամ նախորդ) 365 օրերի ընթացքում ոչ մի Զատիկ չլինէր: Այսպիսի դէպքում Նաւասարդի մէկով սկսուող հայկական մի «տարին» պիտի երկու Զատիկ պարունակէր, իսկ միւս «տարին» բնաւ Զատիկ չպարունակէր: Նման իրավիճակ իրօք տեղի է ունեցել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել Հայոց ՅԻԹ (329) թուին: Սրա նախորդ տարուայ Զատիկը եղել է ՅԻԸ (328) թուի Հրոտից ամսի 19-ին (Ապրիլի 3-ին): Դրա յաջորդ Զատիկը եղել է 385 օր յետոյ՝ ՅԻԹ (329) թուի Նաւասարդի 4-ին (Ապրիլի 23-ին): Իսկ դրան յաջորդողն էլ՝ 350 օր անց՝ Հրոտից 24-ին (Ապրիլի 8-ին): Եթէ տարեմուտ համարուէր Նաւասարդի մէկը, ապա կը ստացուէր, որ Հայոց ՅԻԹ (329) տարին Զատիկ պիտի չունենար: Այդ «տարին» պիտի սկսուած լինէր Նաւասարդի 1 = 880 թ. Ապրիլի 20-ին և աւարտուած լինէր աւելեաց հինգերորդ օր = 881 թ. Ապրիլի 19-ով: Իսկ այդ ժամանակահատուածը ընկած է եղել երկու յաջորդական Զատիկների միջեւ, եւ այդ ընթացքում Զատիկ չի եղել: Սրան հակառակ, Հայոց ՅԼ (330) «տարին» պէտք է երկու Զատիկ ունենար, այդ «տարին» սկսուել է Նաւասարդի 1 = 881 թ. Ապրիլի 20-ին, աւարտուել է աւելեաց հինգ = 882 թ. Ապրիլի 19-ին: Իսկ այդ ընթացքում եղել է երկու Զատիկ՝ 881 թ. Ապրիլի 23-ին եւ 882 թ. Ապրիլի 8-ին: Այդուհանդերձ, Անանիա Շիրակունու ՇԼԲ աղիւսակում Հայոց բոլոր տարիներն էլ ունեն Զատիկ եւ այն էլ՝ մէկական: Նման իրավիճակ հայկական օրացոյցում կրկնուել է ՅԼԲ (332), ՅԽ (340), ՅԽԳ (343) եւ բազում այլ տարիների, մինչեւ Հայոց ՆԼԲ (432) թուականը: Եւ բոլոր նման դէպքերում էլ Շիրակունու տոմարական աղիւսակներում Հայոց ամեն մի տարի ունի իր Զատիկը եւ այն էլ՝ միայն մէկը: Սա նշանակում է, որ  այս աղիւսակները կազմողը տարեմուտ չի համարել Նաւասարդի մէկը: Այսինքն, Շիրակունու կազմած 532-ամեայ տօնացոյցում (ՇԼԲ բոլորակում) Մեծ թուականի տարին տարբեր է եղել ամսակարգից եւ չի սկսուել Նաւասարդի մէկով, որը շարժական էր:

Անանիա Շիրակունու կազմած ՇԼԲ բոլորակը  մի անկախ փաստ եւս տալիս է, դրանում ներկայացուած հայկական օրացոյցի բնոյթը որոշելու համար: Այստեղ հայկական իւրաքանչիւր տարուայ համար տրուած է երկուական եօթներեակ: Սա շատ տարօրինակ է, եթէ տարեմուտ սեպենք Նաւասարդի մէկը: Իրօք, եօթներեակը մէկից եօթ միջակայքում գտնուող մի թիւ է, որով որոշւում են շաբաթուայ օրերը տարուայ կամայական օրուայ համար: Բնականաբար, մէկ տարում եօթներեակը պիտի մէկը լինէր: Այդպէս է սոյն տոմարական աղիւսակի՝ հռոմէական ամիսներով տրուած մասում (այստեղ երկուական եօթներեակ ունեն միայն նահանջ տարիները, այն էլ՝ դրանցից մէկը Յունուար-Փետրուար ամիսների, միւսը՝ Մարտ-Դեկտեմբերի համար): Հայկական եօթներեակների կրկնակիութիւնը հասկանալի է դառնում, եթէ հրաժարւում ենք տարեմուտը Նաւասարդի մէկին նոյնացնելուց: Իրօք, եթէ տարեմուտը տարբեր լինէր Նաւասարդի մէկից, ապա հայ- կական իւրաքանչիւր տարին բաղկացած պիտի լինէր երկու հատուածից. մէկը՝ տարեմուտից մինչեւ Նաւասարդի մէկն ընկած մասն է, միւսը՝ Նաւասարդի մէկից մինչեւ տարեվերջ հատուածը: Եւ այս երկու հատուածներն էլ, բնականաբար, պիտի ունենան իրենց տարբեր եօթներեակները: Զանց առնելով մանրամասների քննարկումը, նշենք, որ Շիրակունու ՇԼԲ աղիւսակում հայկական եօթներեակների կրկնակիութիւնը եւս վկայում է, որ այս աղիւսակում ներկայացուած հայկական օրացոյցի տարեմուտը չի եղել Նաւասարդի մէկը16:

Կան այլ փաստեր եւս, որ այս աղիւսակի վերլուծութիւնը տալիս է ի հաստատումն այն բանի, որ դրանում Հայոց օրացոյցի տարեմուտը կապուած չի եղել Նաւասարդի մէկին, այլ եղել է անշարժ: Իսկ թէ երբ է եղել հայկական տարեմուտն ըստ Անանիայի բարեփոխութեան, իմանում ենք նրա տոմարի մասը կազմած «Յայտնութեան ճառից», ուր հեղինակն ինքը յայտ- նում է, որ Քրիստոսի Յայտնութեան տօնը (իմա՛ Յունուարի 6- ը) դրել է տարուայ եւ տարեկան տօների գլխին: Այս մասին աւելի հանգամանօրէն պատմում է Առաքել Նախիջեւանցին17, որ ուղղակի նշում է, թէ Մեծ թուականի տարեմուտը, սկիզբը դրուել է Յայտնութեան օրը՝ Յունուարի 6-ին:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Հայ. ընկոյզ բառի տոհմածառը Վահան Սարգսյան Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ հոմանիշ ձևեր, գրական և բարբառային զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման… Մշակութաբանություն Հայրենիք կոչվող վերապրումից Վացլավ Հավել ՆԵՐԱԾԱԿԱՆ «Ազատությունը, բառիս ամենախորը իմաստով, թերևս նշանակում է ավելին, քան առանց այլևայլության իմ մտածածն ասելը: Ազատություն նշանակում է նաև տեսնել ուրիշին, կարողանալ լինել նրա վիճակում, ներզգայել նրա փորձը, ներհայել նրա հոգին և ի վիճակի… Մշակութաբանություն Ռուբիկոնն անցնելու դրաման Արա Գուրզադյան Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն…