Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը
Պատմութիւնից գիտենք, որ քիրստոնէութեան պաշտօնական ընդունումից յետոյ Հայաստանեայց եկեղեցին մասն է կազմել ընդհանրական եկեղեցու, մասնակցել է (մինչեւ 451թ.) եկեղեցու տիեզերաժողովներին: Բնականաբար, օրացոյցի (եկեղեցական տօների) հարցում եւս պիտի լինէր միասնութիւն Հայոց եկեղեցու եւ միւս քոյր եկեղեցիների միջեւ: Անշուշտ, սա է պատճառը, որ Հայոց գրերի սքանչելի գիւտից շատ չանցած՝ 5-րդ դարի սկզբներում՝ հայերէն է թարգմանւում Անդրէաս Բիւզանդացու 200-ամեայ զատկացուցակը եւ տոմարը: Սա 353 – 552 թթ. ընդգրկող տօնացոյց է եղել, որով առաջնորդուել են բոլոր քրիստոնեայ ազգերը: 552 թուականին աւարտւում է այս զատկացուցակը, եւ քրիստոնեայ աշխարհում տոմարական խառնաշփոթ է յառաջանում:
Բանն այն է, որ Անդրէասի զատկացուցակը կազմուած է եղել 19-երեակներով: Սա Լուսնի 19-ամեայ պարբերաշրջանն է, որ յայտնի է նաեւ Մեթոնի շրջան անունով: Այդ ժամանակներում 19-ամեակներով էին կազմւում բոլոր օրացոյցները: Ահա, Անդրէասի ցուցակն էլ պարունակել է 10 հատ 19-երեակ եւ 10 տարի եւս՝ յաջորդ 19-երեակից (10 x 19 + 10 = 200): Նոր տոմար սկսելը, անշուշտ, շատ յարմար էր 19-ամեակի սկզբից, ուստի հարկ էր սպասել 9 տարի եւս ու նոր 19-երեակի սկզբով սկսել նոր տոնացոյցը: Այս է պատճառը, որ 9 տարի տոմարական խառնաշփոթ է տիրում քրիստոնեայ աշխարհում:
Ահա, այս օրացուցային խառնաշփոթի հէնց սկզբում Հայաստանեայց եկեղեցին, չսպասելով հարցի համընդհանուր լուծմանը, իր տոմարական հարցերը կարգադրում է սեփական միջոցներով: Յիշենք, որ այս շրջանում (6-րդ դարի կէսերին) արդէն սկսել էին ծաւալուել ու թափ առնել դաւանաբանական տարաձայնութիւններն ու վէճերը, Քաղկեդոնի 451թ. ժողովի որոշումների շուրջ, եւ Հայաստանեայց եկեղեցին աւելի ու աւելի էր հեռանում-անջատւում Բիւզանդականից: Չի բացառւում, որ ինքնուրոյն տոմար հիմնելն այս ժամանակ, եղել է նաեւ քաղաքական քայլ, Հայոց եկեղեցու ինքնուրոյնութիւնը ամրակայելու ուղղութեամբ: Յայտնի է նաեւ, որ Հայաստանեայց եկեղեցու այս քայլը բնաւ հաւանութեան չի արժանանում արեւմուտքում: Ամեն դէպքում, Հայոց կաթողիկոսի պատուէրով Գլակայ Սուրբ Կարապետի վանքի վանահայր Աթանաս Տարօնացին, լինելով հմուտ տոմարագէտ, կազմում է սեփական զատկացուցակ եւ բնականաբար՝ նաեւ տարեհաշիւ: Անդրէասի ցուցակի վերջին Զատիկը 552 թուականինն էր (Մարտի 31-ին), Աթանասի ցուցակի առաջին Զատիկն էլ դրա յաջորդն է՝ 553 թուականինը (Ապրիլի 20-ին): Հէնց այս Զատկացուցակի տարիների թուահաշիւն էլ դառնում է Հայոց Մեծ թուականի տարեհաշիւ: Աթանասի ժամանակ հայկական աւանդական օրացոյցը տակաւին ոեւէ փոփոխութեան ենթարկուած չէր եւ կիրառւում էր 365-օրեայ տարիներով ու Նաւասարդի մէկ շարժական տարեմուտով: Հէնց այս օրացոյցն էլ Աթանաս Տարօնացին դնում է իր կազմած տօնացոյցի հիմքում: Աթանասի ժամանակ (552թ.) Նաւասարդի մէկը համապատասխանում էր Յուլեան օրացոյցի Յուլիսի 11-ին, եւ Նաւասարդի մէկի չորս տարին մի օրով փոփոխուելը բնաւ չէր խանգարում տոմարական հաշւումներին, զի Զատիկը որո- շելուց էականը գարնանամուտի օրն էր՝ Մարտի 20-ը13: Մարտի 20-ից մինչեւ Յուլիսի 11-ը կար 113 օր, այնպէս որ դեռ 452 տարի կար (113 x 4 = 452), մինչեւ Նաւասարդի մէկը չորս տարին մէկ օր յառաջանալով, հասնէր գարնանամուտի օրուան եւ խանգարէր տոմարական հաշւումներին: Ուստի, Աթանասը, չվախենալով ոեւէ թիւրիմացութիւնից, կարող էր կազմել թէ՛ 95-ամեայ, թէ՛ 200-ամեայ, եւ թէ՛ այլ տեւողութեան զատկացուցակներ (միայն թէ 452 տարուց ոչ աւելի տեւողութեամբ): Այսօր ստոյգ չգիտենք, թէ քանի տարի է ընդգրկել Աթանասի կազմած տոմարը, գուցէ դա եղել է ընդամենը 95 տարուայ համար, կամ՝ Անդրէասի նմանութեամբ՝ 200 տարուայ: Վստահ կարող ենք լինել միայն նրանում, որ այն չի գերազանցել 452 տարին:
Փաստօրէն, Հայոց Մեծ թուականը հիմնուել է, որպէս շարժական տարեմուտով օրացոյց՝ Նաւասարդի մէկ տարեմուտով, որ չորս տարում մի-մի օր տեղաշարժուել է: Եւ այս կերպ հիմնուած տարեհաշուի սկիզբն էլ եղել է 552 թ. Յուլիսի 11 = Նաւասարդի մէկը: Այս օրացոյցով առաջին Զատիկը եղել է 553 թ. Ապրիլի 20-ին, որ համարուել է Հայոց (Մեծ) թուականի առաջին տարուայ Զատիկը:
Կարող ենք ասել, որ Աթանաս Տարօնացին առաջինն էր, որ հայկական աւանդական շարժական օրացոյցի հիման վրայ կազմեց քրիստոնէական տօնացոյց (առաջին ինքնուրոյն հայկական քրիստոնէական տօնացոյցը), որի տարիների հաշիւն էլ դարձաւ Հայոց Մեծ թուական կոչուող տարեհաշիւը (552 թ. Յուլիսի 11-ից սկիզբ առնող):
Ցաւօք սրտի, այստեղ կար մի շատ էական անպատեհութիւն:
Բանն այն է, որ հայկական աւանդական օրացոյցը ստեղծուել էր քրիստոնէութիւնից շատ առաջ, բոլորովին այլ կրօնի պայմաններում եւ, բնականաբար, կոչուած էր բաւարարելու ա՛յդ կրօնի պահանջները, որին էլ նա ծառայել էր երկար դարերի ընթացքում: Քրիստոնէութիւնը, լինելով նոր կրօն, թէպէտ շատ հին արմատներով, անշուշտ, ունէր նաեւ նոր պահանջներ օրացոյցի նկատմամբ: Հարկաւ, այդ նոր պահանջները չէին կարող ներդաշնակել հայկական հնաւանդ օրացոյցի հնարաւորութիւններին:
Քրիստոնէական տօնացոյցը հիմնուած է ե՛ւ լուսնա-արեգակնային օրացոյցի վրայ, որը գալիս էր հրէական տոմարական աւանդոյթից, ե՛ւ էլ արեգակնային օրացոյցի վրայ, որն էլ գալիս էր հռոմէական տոմարից: Հայկական օրացոյցը ներդաշնակ չէր սրանցից եւ ոչ մէկին: Եւ, որպէս բնական հետեւանք օրացուցային հնարաւորութիւնների ու պահանջների այս լուրջ տարաձայնութեան, պիտի շատ մեծ դժուարութիւններ յառաջանային հայկական օրացոյցով քրիստոնէական տօնացոյց կազմելիս: Այս դժուարութիւնների մի մասը, որ կայանում էր հաշւումների խրթինութեան մէջ, Աթանասը յաղթահարում է իր տօնացոյցը կազմելիս: Սակայն կային եւ դժուարութիւններ, որ շատ աւելի սկզբունքային բնոյթի էին եւ Աթանասի ժամա- նակ դեռ խոչընդոտ չէին, ուստի եւ նա փորձ էլ չի արել դրանք յաղթահարելու:
Ահա այս դժուարութիւններն էին, որ Աթանասից մէկ դար անց ստիպեցին նորից անդրադառնալ տոմարին: Այս անգամ Հայոց կաթողիկոս Անաստաս Ակոռեցին ինքն է զբաղւում տոմարի հարցով: Նրա կարգադրութեամբ ժամանակի խոշորագոյն գիտնական Անանիա Շիրակունին ստեղծում է հայկական անշարժ օրացոյց, բայց այդ օրացոյցը պաշտօնապէս վաւերացնելուց առաջ վախճանւում է պատուիրատու կաթողիկոսը, նրա յաջորդը այդ հարցում անփոյթ է լինում, քիչ ժամանակ անց մահանում է եւ Անանիա Շիրակունին, որով եւ անշարժ օրացոյցի հարցը փակւում է: Այդուհանդերձ, Շիրակունու տոմարական աշխատութիւնները մեծաւ մասամբ հասել են մեզ: Յայտնի է, որ Մեծն Անանիան հեղինակել է մի ծաւալուն տոմարական աշխատութիւն, որում մանրամասն ներկայացուած են եղել 14 քրիստոնեայ ազգերի օրացոյցները, անշարժացուած հայկական օրացոյցը եւ լուսնացոյց: Եղել են նաեւ այլ օժանդակ միաւորներ (տոմարական տարբեր աղիւսակներ եւ բացատրական բնագրեր): Անանիայի ծաւալուն Տոմարի մէջ 14 քրիստոնեայ ազգերի օրացոյցները զուգահեռաբար ներկայացուած են եղել նրա կազմած «Խառնախորան»-ում, իսկ հայկական օրացոյցը, իւրայատուկ լինելու պատճառով, տրուած է եղել առանձին՝ ՇԼԲ բոլորակում: