Երկխոսություն
Արա Գուրզադյան -Սերգեյ Խաչիկօղլյան
Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական անտարբերության պայմաններում, լրացնելու համար այն ահռելի բացը հայ մշակույթում, որը մենք ժառանգել ենք մեր պատմության խորհրդային ժամանակաշրջանից համաշխարհային քաղաքակրթության շերտերին հայերենով անտեղյակ լինելու առումով: Ի՞նչ գաղափարներ են ընկած ձեր ծրագրի հիմքում և ինչպիսի՞ն է այդ ծրագրի ընդհանուր ուրվագիծը:
Սերգեյ Խաչիկօղլյան. – Ես արդեն առիթ եմ ունեցել հրապարակելու մեր ծրագիրը, խնդիրներն ու նպատակները հրատարակչության լույս ընծայած անդրանիկ գրքում (Պ.Գոգեն, 1994): Չեմ կարծում, թե այդ պահից սկզբունքորեն ինչ-որ բան փոխվել է, և եթե այսօր գրելու լինեի այդ «մշակութային-հրատարակչական մանիֆեստը», հավանաբար նույնկերպ կձևակերպեի մտքերս:
Դրանք ինձ պարզ և միանգամայն ըմբռնելի են թվացել դեռևս 80-ականներին, երբ տարիների ընթացքում շարունակ աճող անհանգստությունը, որ առաջ էր բերել հայ հոգևոր, մշակութային, գիտական կյանքի խիստ անբավարար, անհանդուրժելի մակարդակը, փոխարինվեց հստակ վճռի` իրական քայլեր անել այդ վտանգավոր իրավիճակը փոխելու, ամուր հիմքեր դնել` հետագայում առողջ հոգևոր կառույց բարձրացնելու համար: Միասնական մարդկությունը, մեր մոլորակի բնակչությունը տրոհված է ազգերի ու ցեղերի, որոնցից յուրաքանչյուրը, կրելով իր մեջ համամարդկայինն ու սնվելով նրանից, այդ համամարդկայինին բերում-ավելացնում է իր անհատականը, այն, ինչ դարերի ընթացքում, որոշակի պայմաններում, դառնում է իր հոգևոր դիմապատկերը, իր էությունը: Աշխարհն ապրում է ըստ ունիվերսալ, տիեզերական, վերազգային իդեալների, սակայն սրանք բեկվում են ազգային գիտակցությունների մեջ, մարմին առնում նրանցում, անհատական, յուրահատուկ բնույթ ու դրսևորում ստանում, և այդպես է գոյանում մարդ տեսակի պոլիֆոնիկ, բազմազգ մշակույթը:
Ամեն առանձին մաս կապված է մյուսների հետ, պահանջ ունի այլ մասերի և ամբողջի, որը պակասավոր է, երբ որևէ միավոր չի կարող կամ այլևս չի ուզում կատարել իր անհատական գործը, իր «պարտքը» մնացյալ մասերի և ամբողջի հանդեպ: Այդժամ տուժում է Երկիր մոլորակի, աշխարհի ամբողջական կուլտուրան, իսկ իր հոգևոր պոտենցիալը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չիրականացրած միավորը կորչում է, տեղը զիջում այլոց:
Սրանում է, ի վերջո, այս կամ այն ժողովրդի գոյունակության գաղտնիքը. քանի դեռ ժողովուրդը, ցեղը կարող է հոգևոր սնունդ առնել ամբողջից և տալ ամբողջին, մասնակցել համայն մարդկության քաղաքակրթության կառուցմանը, քանի դեռ զորեղ է նրա հոգևոր, ստեղծարար միջուկը, նա ենթակա չէ կորստյան, ինչպիսի բնական, քաղաքական, պատմական արհավիրքներ էլ որ անցնեն նրա գլխով: Եվ հակառակը. ոգեպես տկարացած ազգն ի վերջո տկարանում է մարմնապես, կորցնում հողը, երկիրը, բնակչությունը, այլևս ուժ չունի դիմադրելու արտաքին ու ներքին թշնամիների հարձակումներին, բնական աղետներին, ուժեղների քաղա- քական խարդավանքներին: Ուրեմն, սկիզբների սկիզբը հենց այդ հոգևոր միջուկն է, իդեաների և իդեալների այն հանրագումարը, որ ընկած է այս կամ այն քաղաքակրթության հիմքում, նաև` այդ կենարար մտքերի կրողները, այն ինտելեկտուալները, որոնք ամեն պարագայում պետք է, իրենց կոչումին համեմատ, լուծեն ի վերուստ իրենց վրա դրված խնդիրը` կարողանան տարբերել ոգեղենը ոգեզուրկից, կարևորը անկարևորից, առողջը հիվանդագինից, կենարարը մահաբերից և ըստ այդմ կերտեն ազգի ու երկրի կյանքը: Ես միտումնավոր չեմ օգտագործում «մտավորական», «մտավորականություն» բառերը. դրանց այսօրվա ընկալումը հեռու է ճշմարիտ լինելուց: Ինտելեկտուալ ասելով` նկատի ունեմ այն մարդուն, ոգու ասպետին, որն ապրում է առողջ, վերանձնական մտքի ոլորտում, կրում այն և անհատականապես իրականացնում կյանքում անշահախնդրորեն:
Հայ ժողովրդի վերջին դարերի, պայմանականորեն ասած` «հետգրաբարյան» շրջանի հոգևոր գահավիժումը, որն, ի վերջո, հիմնական պատճառը դարձավ 1915 թվականի աղետի, հենց այդպես հասկացված ինտելեկտուալիզմի և հոգևոր բարձր գիտակցության պակասի կամ, հաճախ, բացակայության դրսևորում է: Այսօր էլ, մեր այժմյան կյանքում տագնապալի փոքր է, եթե ընդհանրապես կա, ինտելեկտուալիզմի կշիռը բոլոր ոլորտներում` մշակութային, տնտեսական, քաղաքական, կրոնական: Ես հեռու եմ այն մտքից, թե պատճառը սոսկ կոմունիզմն է, որի կապարե ստվերը մամլիչի պես պառկեց մեր առանց այն էլ տկար, անկազմակերպ ոգու ու մարմնի վրա: Իհարկե, կոմունիզմն արեց իր սև գործը` ոչնչացնելով 10-20-ական թվականների տաղանդավոր, ուսում առած ու արթնացող սերունդը, որն ազդարարեց և սկսեց իրագործել «Հոգևոր Հայաստան» փրկարար գաղափարը, և պատվանդան հանելով գորշ, կիսագրագետ, անթռիչք, հավերժաբար գավառացի, հավակնոտ «բանվոր-գյուղացիական մտավորականին» (անհեթե~թ բառակապակցություն), որն էլ մինչև օրս միանգամայն հանիրավի դիտվում է որպես մտավորականի միակ հնարավոր կերպ:
Սակայն կոչը հնչել է, և «Հոգևոր Հայաստանը», իդեալական «Նաիրին» այլևս անհնար է լռեցնել, այլևս անհնար է երկիր կառուցել այդ գաղափարային մայրուղուց հեռու: Նորից հրամայական է դարձել մաշտոցյան միտքը` յուրացնել տիեզերականը հայերեն լեզվով ու մշակույթով, պատվաստել և հագեցնել ազգայինը համամարդկային ոգեղենով, սնել հայի հոգին ամենաբարձր հոգևոր սնունդով, որպեսզի նա ևս ի վիճակի լինի ծնելու այն և հագեցնելու ամբողջը: Սա գոյության խնդիր է, քանզի «անպտուղ թզենին» ապրելու որևէ հեռանկար չունի: Մեզ դարձյալ մեր լեզվով հարկավոր է գիր ու գրականություն, այն լավագույնը, ինչ մարդկությունը, այդ թվում` մեր իսկ ցեղը, ստեղծել է հազարավոր տարիների ընթացքում և այսօր էլ ստեղծում է` փիլիսոփայություն, աստվածաբանություն, գիտություն, արվեստ, – կարճ ասած` հայերեն մտածված մեծ մտքեր:
Ա.Գ.- 1994 թ. Ձեր հրատարակած առաջին գրքի (Պոլ Գոգեն, «Նոա-Նոա, Առաջ և հետո,. հոդվածներ, նամակներ») «Մուտք»-մանիֆեստում կան հետևյալ տողերը. «Ու թեև այժմ չափազանց մեծ են նյութական դժվարություններն ու արգելքները, այսուհանդերձ, մեր խոր համոզմամբ, այսօր Արարատյան երկրում բաց են բոլոր հոգևոր դռները, ներքին կենսատու աղբյուրները, այսինքն` մեզ աննախադեպ հնարավորություն է ընձեռված վերագտնելու ու վերակերտելու մեր քաղաքակրթական ուրույն գոյակերպը և առաջ տանելու մեր ազգային զարգացումը` Ժամանակի Ոգուն համընթաց»: Վերջին տասնամյակի ընթացքում մենք չափազանց հոգնել ենք վերամբարձ ու դատարկ «ազգային» փրկության կամ վերածնունդի ծրագրային պոռթկումներից, որոնք ուղեկցվում են սոցիալ-տնտեսական, հոգևոր կյանքի պերմանենտ աղքատացմամբ: Հինգ տարի է անցել Ձեր առաջին գրքի հրատարակումից, և եթե առկա չլինեին այդ տարիների ընթացքում Ձեր հրատարակած գրքերը,-