Ռուբիկոն

Երկխոսություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Գիտական, փիլիսոփայական լիարժեք արձակ արդի հայերենը դեռևս չունի, և թարգմանելով զարգացած մշակույթների գրական-գիտական գլուխգործոցները, բախվելով լեզվամտածողության բոլորովին այլ աստիճանների հետ` թարգմանիչն ու խմբագիրները, օգտագործելով աշխարհաբար հայերենի անսահման հնարավորությունները, բայց և հաղթահարելով լեզվի առկա անբավարար վիճակի իներտ դիմադրությունն ու «վախերը», հարստացնում են մեր լեզուն, լեզվամտածողությունը, հասու դարձնում մտքի ամենախորունկ ու ամենանրբին երանգներին: Յուրաքանչյուր հաջողված թարգմանություն, ամեն մի խորապես ապրված և հստակ ձևակերպված միտք քայլ է դեպի լեզվի և ազգի հասունություն, ոգու ընդլայնում ու խորացում:

Կարծիք կա, թե աշխարհաբարը «զիջում է» գրաբարին, թե վերջինիս հնարավորությունները շատ ավելի էին, քան արդի լեզվինը: Իհարկե, այդպես չէ: Պարզապես գրաբարի մասին խոսելիս նկատի են առնում կայացած, մշակութային հասուն պտուղներ տված լեզու, մինչդեռ աշխարհաբարը դեռևս երիտասարդ տարերք է` նոր-նոր իր մայրական-իգական, «պոետական» փուլից ելած ու դեպի հայրական-արական, «մետաֆիզիկական» ոլորտ ոտք դրած: Այսօր մեր լեզուն (և երիտասարդ «աշխարհաբար հայությունը») ակտիվ խմորման մեջ է, ունի զարգացման հսկայական, անսպառ հնարավորություններ: Պարզապես պետք է շատ աշխատել, անընդհատ ընդլայնել մտածողության (= լեզվամտածողության) շրջանակները, օգտագործել լեզվի ներքին ռեսուրսները, քաղել և՛ գրաբարից, և՛ օտար լեզուներից (մի բան, որից սարսափում են սահմանափակ հոգիները): Սա երկար, դժվարին պրոցես է, որ ազգն անցնում է և անցնելու է իր լավագույն զավակների` ինտելեկտուալների ջանքերով: Ես կասկած չունեմ, որ իր հասուն վիճակում աշխարհաբարը ոչնչով չի զիջելու ո՛չ գրաբարին, ո՛չ գերմաներենին կամ լատիներենին: Կրկնում եմ. մեր լեզուն անափ օվկիանոս է` դեռևս չնավարկված, բայց և կենսական ներուժով առլեցուն: Թո՛ղ երիտասարդ մասնագետները, ուսանողները մտածեն այս մասին, թո՛ղ իրենց մասնագիտության հետ մեկտեղ սովորեն օտար լեզուներ և փորձեն թարգմանություններ անել, թո՛ղ իրենց սովորածն ու գիտցածը գրեն հնչեցնեն մայրենի լեզվով, թո՛ղ շատ աշխատեն ու չվախենան դժվարություններից,- և, հաստատ կարող եմ ասել, կլինեն թարգմանչական դպրոցներ, կլինեն նաև առողջ ազգային-հոգևոր հիմքի վրա խարսխված գիտական դպրոցներ: (Գիտական դպրոց, որքան էլ ուզես, չես հիմնի ռուսերենի կամ այլ օտար լեզվի վրա, հիմնածն էլ երկար չի ապրի:)

Ա.Գ.- Ժամանակակից աշխարհում հայ մշակույթի կայացման կերպը էապես կախված է նորագույն ժամանակների հոգևոր ձևագոյացումների համաշխարհային փորձի ստեղծագործական յուրացման տեմպից: Այդ ահռելի փորձին ինչ-որ չափով տեղյակ մարդու համար, որը գիտակցում է նաև արդի աշխարհի աննախադեպ արագացումների, ճգնաժամային համաճարակների, նոր կռապաշտական սեկտաների, մասսայական կուլտուրայի շուկայական աղմուկ-աղաղակի, անբարոյական երևակայության հաղթարշավի իրական վտանգները, իհարկե, չափազանց ուրախալի է համաշխարհային հումանիզմի մնայուն արժեքների հոգևոր ներարկման կուրսը, որ որդեգրել է «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը: Բայց մոտավորապես պատկերացնելով վերջին հարյուրամյակների բացթողումների իրական մասշտաբները, չի՞ թվում Ձեզ արդյոք, որ մենք անհույս ետ ենք մնացել և ետ ենք վարժվել արդիականության չափանիշներից, և անխուսափելիորեն  դատապարտված ենք մեր հազարամյակների գոյությունը սոսկ գոյատևման կարգավիճակում պահելու և դրանով հպարտանալու տխուր ռեժիմին: Թե՞ հնարավոր է մեր մեկուսացման, կոնսերվացման «հարյուր տարվա մենությունը» վերափոխել այնպես, որ առանց կրկնելու արևմտյան աշխարհի զարգացման տրամաբանությունը, հնարավորին չափ քիչ տրվելով արևմտյան գայթակղություններին (այսինքն` դրանք էապես յուրացնելով, կողմնորոշվելով և «իմունիտետ» զարգացնելով այդ գայթակղությունների անծայրածիր ջունգլիներում) արարել «նոր տեսողության» մի մշակույթ, որը թույլ կտա ոչ թե գոյատևել, այլ ստեղծագործաբար ապրել առաջիկա XXI դարի նոր անհայտության տարածքներում:

Նոր սնունդ ինտելեկտուալ հեգնանքի համար` նոր գավառական ուտոպիա:

Ս.Խ.- Հարցը չափազանց տարողունակ է և պահանջում է հանգամանալից պատասխան, եթե ընդհանրապես հնարավոր է «պատասխանել» հարցը լիովին սպառելու իմաստով: Կփորձեմ հակիրճ ներկայացնել իմ ըմբռնումը: Իհարկե, համաշխարհային քաղաքակրթության հետ որևէ չափով առնչվելիս առաջին ցնցող տպավորությունը ստանում ես մշակութային այդ աներևակայելի բազմազանությունից ու հարստությունից, որը անհնար է ամբողջությամբ յուրացնել ու սեփականացնել: Այն ստեղծվել է հազարամյակների ընթացքում բազմաթիվ հին ու նոր ժողովուրդների ջանքերով, և մեկ ազգ սկզբունքորեն չի կարող անցնել նույն ճանապարհն ամբողջությամբ, անգամ եթե նույնքան ժամանակ տրվեր նրան:

Բայց այդպիսի խնդիր գոյություն չունի~: Յուրացնել չի նշանակում մեխանիկորեն «կրկնել» ուրիշի արածը. պատվաստի ֆունկցիան սեփական պոտենցիալը հզորացնելու և այն պտղաբերության նախապատրաստելու մեջ է: Աշակերտը չի կրկնում ուսուցչի ճամփան, այլ սոսկ վերցնում է այն կենդանի սերմերը, որոնք թույլ կտան իրեն հասունանալու և առաջ գնալու` ի՛ր ճանապարհով: Ոչ մի ազգ երբեք չի կրկնում այլոց կյանքն ու մշակույթը: Հույները պատմական ասպարեզ իջան, երբ իր բարձրակետն անցել էր եգիպտական մեծ մշակույթը: Եվ երիտասարդ, դեռևս ոչ կիրթ, բայց զարգացման բոլոր նախադրյալներով օժտված ցեղը ավագ մշակույթից վերցրեց ճիշտ այնքան, որքան պետք եղավ կերտելու սեփականը: Նույն կերպ, դարեր անց, հույների նկատմամբ վարվեցին հռոմեացիք, այդ հնազանդ ու ջանասեր աշակերտները: Ավելի ուշ, Վերածննդի շրջանում, հռոմեացիներից սովորեցին և նրանց մշակույթից քաղեցին իտալացիք և այլ եվրոպական երիտասարդ ժողովուրդներ: Կրկնում եմ. վերցվում է այնքան, որքան անհրաժեշտ է բարձրացող, ոտքի կանգնող էթնոմշակութային օրգանիզմին:

Եվ միշտ չէ, որ այդ յուրացումն ընթանում է քրեստոմատիկ-անթոլոգիական եղանակով. երբեմն արտաքուստ ոչ առաջնակարգ (բայց տիպակա՛ն) փաստը կարող է նույնքան (և ավելի) խթանիչ դեր կատարել, որքան այս կամ այն առաջնակարգ երևույթը: Յուրացումը պարզ շարժում չէ, այստեղ լինում են և՛ հակասություններ, և՛ «ոչ-տրամաբանական», ինտուիտիվ քայլեր: Անշուշտ, բոլոր դեպքերում պետք է ձգտել նախ և առաջ ըմբռնել ու յուրացնել այն բարձրագույն արժեքները, որոնք դիմացել են ժամանակի քննությանը և այսօր էլ կենդանի խթանիչներ են ողջ մարդկության համար: Ինչպիսի՞ն է մեր պարագան: Արդյո՞ք մեկընդմիշտ հետ ենք մնացել աշխարհից ու հևիհև, գլխապատառ պիտի վազենք մեծ արագությամբ առջևում հեռացող գնացքի ետևից: Եթե այդպես լիներ, մենք, իրոք, ոչ մի շանս չէինք ունենա դարձյալ քաղաքակիրթ լինելու և աշխարհին համընթաց զարգանալու, լավագույն դեպքում մեզ վիճակված պիտի լիներ «լուսանցքային» գոյատևում` գոհանալով լոկ աշխարհի մշակութային ճոխ սեղանից մեզ բաժին ընկած հազվագյուտ փշուրներով: Անկեղծ ասած, ես մեծ իմաստ չեմ տեսնում սոսկ գոյատևելու մեջ. եթե, ինչպես կարծում են, իր դարն ապրած հին, հոգնած, կենսուժը սպառած ժողովուրդ ենք, գրեթե ամեն բան կորցրած` պատմական տարածքներ, որ կազմում են երկրի 90%-ը, բնակչություն, ազգային գիտակցություն, միտք ու երգ, ուրեմն մեզ իսկապես պիտի մնար, լավագույն դեպքում, միայն արժանապատիվ կերպով ավարտել մեր օրերը և չարատավորել ողջ փառահեղ ուղին վերջին ժամերի քայքայման զառամությամբ…

Կարդալ նաև

Մշակութաբանություն Զարմանահրաշ և աններհայելի Նիկոլա Բոյլ (հարցազրույց) Կենսագիր Նիկոլա Բոյլը այսօր Գյոթեի շանսերի մասին Բոյլ, 53 տարեկան, դասավանդում է գերմանական գրականություն Քեմբրիջի Մագդալենա քոլեջում: Վերջերս C.H.Beck հրատարակչությունում լույս տեսավ Գյոթեի կենսագրությունը ներկայացնող նրա երկրորդ… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է…