Երկխոսություն
Ա.Գ. – Հրատարակչական Ձեր ծրագիրն իրոք պատկառելի է, իրոք հիացմունք ու խոր ակնածանք է առաջացնում, որովհետև հույս ու վստահություն է գոյանում, որ այսօրվա և վաղվա մեր երիտասարդությունը իր կրթական պրոցեսում հնարավորություն կստանա հայերենով առնչվելու համաշխարհային մշակույթի մնայուն արժեքներին: Ներկայիս հասարակությունը կարծես հրաժարվել է կարդալուց, էլ չեմ ասում կարդալու կուլտուրայից: Շուկայում հայերեն գիրքը գրեթե չի գնվում, որովհետև ինտելեկտուալ շուկան նորից մնում է կենտրոնացած հիմնականում ռուսալեզու գրականության վրա: Պատճառները տարբեր են. նախ կարծում եմ, որ շուկայում չափազանց էական է ոչ միայն գրքի «ինչը» (բովանդակությունը), այլև «ինչպեսը» (պոլիգրաֆիան): Հայերեն գրքի պոլիգրաֆիան սովետական շրջանից ի վեր եղել է այնպիսին, որ նրա «իմիջը» աստիճանաբար հավասարվել է զրոյի, համենայն դեպս ինտելեկտուալների համար: Այսօր այդ իներցիան դեռ շարունակվում է, երբ արդեն չկա ոչ միայն գաղափարական-աշխարհայացքային ճնշում «վերևից», այլ նաև վարչա-հրամայական` «ներսից»: Հայերեն գիրքը կարծես դատապարտված է «գավառական» կարգավիճակի: Ձեր հրատարակչական ջանքերը ակներևաբար ուղղված են նաև պատշաճ պոլիգրաֆիական կերպար ձևավորելու խնդրին: Սակայն օրիգինալ և նորարարական լուծումներից մենք դեռ հեռու ենք, քանի որ ֆինանսական ծախսերը կենտրոնացած են հիմնականում տեքստը ստեղծելու (թարգմանության, խմբագրության, սրբագրության) և գրքի տպագրական պրոբլեմների վրա: Դիզայնը մնում է ամենավերջին տեղում, որի պատճառով էլ չի ձևավորում գրքի թե՛ մշակութաբանական, թե՛ սպառողական «իմիջը»: Կարծում եմ` նաև այս խնդրի լոծումից է կախված լինելու հայերեն գրքի կարգավիճակը մեր մշակութային կյանքում: Ինչպիսին է Ձեր հրատարակչության ստրատեգիան և տակտիկան նման արտադրական և շուկայական ոլորտներում:
Ս.Խ. – Նախ ես չեմ կարծում, թե իսկական ընթերցողները հրաժարվել են գրքից կամ էլ կորցրել են կարդալու կուլտուրան (որքանով որ այն եղել է): Ինտելեկտուալ գրականությունը չի կարող մեծ լսարան ունենալ ըստ սահմանման:
Այն քչերի համար է, լավագույն փոքրամասնության համար, որը և ձևավորում է ազգի դեմքն ու էությունը, կամ կձևավորի, երբ իրեն հասունացած կզգա և երբ կգա դրա պահը: Երկրի ինտելեկտուալ սերուցքը գոյանում է լուռ, աղմուկից ու արտաքին անցուդարձից հեռու, հանրությանն անհայտ անհատականությունների հոգում: Հոգևոր կայացումը միջոցառում չէ, այն անհնար է ո՛չ պատվիրել, ո՛չ էլ իրականացնել արտաքին միջոցներով: Միակ բանը, որ կարելի է անել, որոնող, հոգով երիտասարդ և իրենց վրա աշխատել ցանկացող մարդկանց համապատասխան մտավոր սնունդ տալն է, որոշակի ինտելեկտուալ նախապայմաններ և մթնոլորտ ստեղծելն է: Մնացյալը կարողությունիցդ վեր է. եթե հողը պատրաստ է, սերմը կընդունվի և ծիլ կտա:
Հայ ինտելեկտուալ գրքի «շուկա» չկա և դեռ չի կարող լինել բնական պատճառներով. մեր ազգը դեռևս չունի ձևավորված ինտելեկտուալ խավ, կան առանձին արթուն անհատականություններ, երիտասարդության մեջ կա որոշակի տոկոս, որ պահանջ ունեն նման գրքերի, և իրենք գնում են կամ նվեր ստանում մեր հրատարակությունները: Այսօր ես իմ խնդիրը տեսնում եմ այդ հոգևոր սնունդը պատրաստելու և դրա պահանջը զգացող կամ միգուցե միայն վաղը դրա կարևորությունը գիտակցող մարդկանց այն հասցնելու մեջ: Ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նկատեցիք, չկան ամենակարևորից զատ այլ խնդիրների մասին մտածելու: Իհարկե, վատ չի լինի, եթե գրքերն ավելի գեղեցիկ ձևավորված լինեն, բայց անկեղծ ասած, դա չէ իմ հոգսն այսօր:
Բացի այդ, կա մի հանգամանք ևս: Գրքարվեստը չափազանց բարդ ու բազմասպեկտ արվեստ է, հազար ու մի բանից կախված, հազար ու մի կոմպոնենտից բաղկացած: Այսօր մենք չունենք գրքի մեծ վարպետներ, ինչպիսիք էին Սարյանը, Կոջոյանը, Արուտչյանը: Ինձ հաճախ այս ու այն կողմից իրարարամերժ խորհուրդներ են տալիս գրքերիս տեսքը բարելավելու համար` հիմնականում անհատական ճաշակի կամ «դուր գալու» սկզբունքով առաջնորդվելով: Ես նախընտրում եմ հանգիստ, ոչ հավակնոտ, չեզոք ձևավորում: Իմ կարծիքով, գիտական գրքին ամենից վայել ոճը: Սակայն ուրախ կլինեմ, եթե հայերեն գիրք տեսնեմ` բարձրաճաշակ, բարձրարվեստ. իբրև ընթերցողի` դա ինձ երջանկություն կպատճառեր: Մյուս կողմից` մեր պոլիգրաֆիայի իրոք անբավարար մակարդակը թույլ չի տալիս բարդ խնդիրներ լուծելու. որքան հետաքրքիր լինի նկարչի մտահղացումը, այնքան ավելի որակյալ պիտի լինի պոլիգրաֆիկ կատարումը, այլապես կոչնչացվի նկարչի միտքն էլ, գիրքն էլ: Հետևաբար այս կամ այն գիրքը հրատարակելիս ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով. նվազագույն դիզայն, մինիմում ձևավորում, որպեսզի քիչ բան լինի ձևախեղելու ու փչացնելու:
Երևի թե սա ժամանակավոր երևույթ է, և եթե հայ պոլիգրաֆիան երբևէ բարձրացնի իր մակարդակը, կփոխվի նաև հրատարակվող գրքի արտաքինը:
Իսկ առայժմ` տեքստ, տեքստ և էլի տեքստ: Առանց գեղեցիկ դիզայնի ծայրահեղ դեպքում կարելի է ապրել, առանց Պլատոնի «Դիալոգների» ու Արիստոտելի «Մետաֆիզիկայի», գերմանական դասական փիլիսոփայության ու եվրոպական նորագույն մտքի հայացման հայ աշխարհաբար մշակույթը չի կայանա:
Ա.Գ. – Ձեր հրատարակած և հրատարակվելիք գրքերի մեծ մասը թարգմանություններ են ֆրանսերենից, գերմաներենից, անգլերենից, հունարենից: Իմ տպավորությամբ դրանք բավականին բարձրորակ ու բարեխիղճ թարգմանություններ են, որ անցել են մանրակրկիտ խմբագրման փուլով, և արդյունք են թարգմանչի հետ խմբագրության համատեղ ստեղծագործական աշխատանքի, որն ինչ-որ առումով նաև սևագործ աշխատանք է և միշտ չէ, որ «հարթ» է ընթանում: Լինու՞մ են արդյոք սկզբունքային անհամաձայնություններ թարգմանչի հետ, որի պատճառով գիրքը կարող է մնալ չհրատարակված կամ «գնալ» ուրիշ հրատարակչի մոտ: Այս առումով ինչպես եք տեսնում թարգմանչական բարձրորակ դպրոցների ձևավորման մոտավոր ապագան (չմոռանանք, որ Հայաստանում թարգմանչաց արվեստը պատմականորեն միշտ եղել է հոգևոր մշակույթի ամենակարևոր բաղկացուցիչը և այսօր դադարել է այդպիսին լինելուց), ընտրության լայն հնարավորություններ ապահովելու տեսանկյունից:
Ս.Խ. – Ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է այն ճիշտ ձևակերպել, հստակ որոշել նպատակը, միջոցները, անելիքը: Եթե գիտակցում ես ինչ-որ բանի կարևորությունը և եկել է պահը դա անելու, քայլեր ես ձեռնարկում, որոնք հետզհետե անպայման տալու են դրական արդյունք: Ահա ասում ենք. հայերեն լեզվով, բնագրից թարգմանված, մեզ անհրաժեշտ է համաշխարհային գիտական, փիլիսոփայական գրականություն: Բնականաբար, միայն օտար լեզվի իմացությունը կամ նույնիսկ թարգմանական պրակտիկան քիչ է: Իդեալական տարբերակը` երբ թարգմանիչը տվյալ բնագավառի մասնագետ է: Սակայն մեզանում արմատավորված միջակության ու կիսագրագիտության պայմաններում սա հազվագյուտ բան է. մարդ իմանա իր գործը, օտար լեզու, մայրենի լեզու, գրելու որոշակի ձիրք ունենա… Մենք հաճախ դիմում ենք հմուտ բանասեր-թարգմանիչների, հաշվի ենք առնում նրանց նախասիրությունները, հետաքրքրությունները, կարողությունները և աշխատում նրանց հետ: Իհարկե, որքան էլ փայլուն ստացվի տեքստի լեզվական կողմը, այդպիսի թարգմանությունը հարկ է լինում չափազանց ուշադիր, մանրակրկիտ կարդալ-խմբագրել: Մեզ այս հարցում օգնում են մասնագետներ, որոնք նաև գրում են գրքերի առաջաբանները: Տարաձայնություններ, զուտ ստեղծագործական բնույթի, լինում են, դա բնական է: Սակայն և՛ թարգմանիչը, և՛ հրատարակչությունը նախ և առաջ շահագըրգռված են լավագույնս լուծելու գերխնդիրը` հայերեն տալու բնագրին համարժեք տեքստ, որքան ժամանակ ու ջանք էլ որ պահանջվի: Միասին հասնում ենք դրական արդյունքի: