Ռուբիկոն

Երկխոսություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Բայց այժմյան տկարությունը ա՛յլ բնույթի է: Աշխարհաբար հայությունը մեռնող ազգ չէ, ընդհակառակը` երիտասարդ, նույնիսկ մանուկ ցեղ է (բայց դեռևս նախնյաց վերհուշի բարդույթով), որին զարգացում և ծաղկունք է սպասում: Ես ավելի քան վստահ եմ դրանում և ապրում եմ այդ ճշմարիտ զգացողությամբ տոգորված: Ինձ համար սա լոկ կարծիք չէ, որին, չհուսահատվելու համար, հարմար է հետևել, այլ` խորապես ապրված ներքին, անհերքելի ճշմարտություն:

Անշուշտ, կարող եք մատնացույց անել արտաքին ծանր հակափաստարկներ. Հայաստանի վերջին տարիների զանգվածային խայտառակ հայաթափությունը (իշխանավորների հանցավոր թողտվությամբ), երկրի սրընթաց, գրեթե ծրագրված թշվառացում, տնտեսական և կենցաղային պարզունակ բնազդների հաղթանակ, մշակույթի ապակողմնորոշում ու շփոթ… Սակայն հարկ է կամք դրսևորել և տեսնել խորքային տենդենցները ևս, որ թեկուզ քիչ նշմարելի, բայց կան և զարգանում են այսօր: Պետք է տեսնել և հասկանալ նաև ձևավորվող մյուս բևեռը, որն այժմ դեռևս ամփոփված է հազվագյուտ արթուն ինտելեկտուալների հոգում, իսկ վաղը կարող է դրսևորվել և իր բարեփոխիչ դերը խաղալ ազգի սոցիալական կյանքում:

Ո՞ր տենդենցը կհաղթի, կկայանա՞ հայ նոր մշակույթը  (=աշխարհաբար էթնոսը), թե՞ արտաքին ուժերի կողմից և ներքին տհասությամբ մեզ պարտադրված տձև, չկենտրոնացած, «խալխային» գոյությունը կդառնա հավերժ իշխողն ու միակը և կսպանի զարգացման առաջին նուրբ բողբոջները: Սա տեսական հարց չէ, անհնար է պատասխանել «այո» կամ «ոչ», մնալով այդ` էությամբ հոգևոր պայքարից դուրս: Նման բաներն  անհնար է «իմանալ» a priori, և ով կարծում է, թե գիտի` սխալվում է: Նման «բարձրագույն ոլորտներում այլևս ոչ թե գիտես, այլ գործում ես», և ինչպես քվանտային մեխանիկայում` արդեն փորձին մասնակցելիս դու փոխում ես փորձի պայմանները: Ամեն պահ պահանջում է հոգևոր կամք և կենտրոնացում` Էմերսոնի խոսքերով` «կյանքում միակ բարիքը»: Եվ ամեն պահ քո գործողությամբ փոխում ես ներքին և արտաքին իրավիճակը: Որպեսզի Հայաստանը թոթափի դրսից պարտադրվող և ներսում թուլակամորեն ընդունվող գավառականության մոդելը, պետք է արթնանալ և աշխատել, իսկ թե ո՛ր բևեռը կհաղթի, այժմ չեմ էլ ուզում մտածել. կիմանանք, երբ կհաղթենք:

Ի մի բերելով ասեմ. նոր, աշխարհաբար Հայաստանը կարող է և պարտավոր է ոգեպես կայանալ և աշխարհին ասել իր մշակութային խոսքը: Հանուն այդ գերխնդրի այսօր անհրաժեշտ է հագեցնել մեր լեզուն և մեր գիտակցությունը մարդկության մտավոր մեծագույն արժեքներով, հասունանալ ու մաքառել` մեր մեջ եղած ամեն հնացածն ու հողեղենը հաղթահարելով և նորին ու հոգևորին շավիղներ պատրաստելով: Նորը կգա: Արդեն իսկ գալիս է:

Ա.Գ.- Շնորհակալություն:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Զարմանահրաշ և աններհայելի Նիկոլա Բոյլ (հարցազրույց) Կենսագիր Նիկոլա Բոյլը այսօր Գյոթեի շանսերի մասին Բոյլ, 53 տարեկան, դասավանդում է գերմանական գրականություն Քեմբրիջի Մագդալենա քոլեջում: Վերջերս C.H.Beck հրատարակչությունում լույս տեսավ Գյոթեի կենսագրությունը ներկայացնող նրա երկրորդ… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է…