Ռուբիկոն

Երկխոսություն

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ` Դենի Դիդրո «Սալոններ» (1994), «Խորանների մեկնություններ» (1995), Պոլ Սեզան «Նամակներ, զրույցներ» (1996), Բրասսայ «Զրույցներ Պիկասսոյի հետ» (1997), Վինսենթ Վան Գոգ «Նամակներ» (1999), Կոստան Զարյան «Նավատոմար» (1999), Անրի Մատիս «Հոդվածներ, նամակներ, զրույցներ» (1999), Շառլ Բոդլեր «Էսթետիկա, քննադատություն» (1999), Օգյուստ Ռոդեն «Արվեստ» (2000), ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ` «Ռոլանդի երգը» (1995), Վիկտոր Հյուգո «Արքան զվարճանում է» (1998), ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ` Վահան Սարգսյան «Ուրարտական քաղաքակրթությունը և բասկերի նախահայրենիքի հարցը» (1998), Պիեր Տեյար դը Շարդեն «Մարդու Ֆենոմենը» (1998), Ռուդոլֆ Շտայներ «Ազատության փիլիսոփայություն» (1998), Անրի Ֆոսիյոն «Ձևերի կյանքը», «Գովք ձեռքին» (1999), Պլոտինոս «Էննեադներ», գիրք V (1999), «ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՍ» մատենաշար` Մորիս Ռոշլեն «Հոգեբանության պատմություն» (1999), Պոլ Պուպար «Կրոններ» (1999), ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ` «Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի» (1999), – «չափազանց մեծ նյութական դժվարությունների ու արգելքների» շարունակական ուղեկցությամբ, Ձեր խոսքերը ևս կդառնային դատարկ ու վերամբարձ: Սակայն հրատարակված գրքերի այս պատկառելի ցուցակը հաստատում է Ձեր գաղափարների ուժն ու իսկությունը, Ձեր մտադրությունների ծրագրային հեռանկարայնությունը: Իսկ ի՞նչ է սպասվում առաջիկայում:

Ս.Խ.- Առաջին գիրքը, ճիշտ է, լույս է տեսել 1994-ին, սակայն սրան նախորդել է յոթնամյա նախապատրաստական փուլ: 1987-ին, երբ Ազգային պատկերասրահ ընդունվեցի աշխատելու որպես գիտ. քարտուղար, այն ժամանակվա տնօրեն  Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի և արվեստի տեսաբան Վիլհելմ Մաթևոսյանի հետ միասին որոշեցինք ստեղծել «Արվեստի մատենաշար»` հայերեն լեզվով երբևէ չեղած մի ամբողջ գրադարան, որ պիտի արվեստասեր հասարակայնությանը, ինտելեկտուալ հետաքրքրություններ ունեցող բոլոր մարդկանց ներկայացներ աշխարհի, այդ թվում և հայ, խոշորագույն նկարիչների, քննադատների, արվեստաբանների երկերը, գրական ժառանգությունը: Նման ծրագիր մեզանում որևէ հրատարակչություն կամ ինստիտուտ երբեք չի իրականացրել, և հարկ էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ` մասնագիտական, լեզվական, նաև ֆինանսական, պոլիգրաֆիկ բնույթի և այլն: Տեր-Գաբրիելյանը կարողացավ որոշ գումար ստանալ Կուլտուրայի մինիստրությունից, և սկսեցինք աշխատել: Ես պետք է ասեմ, որ այս գաղափարի, նաև անձիս ձևավորման գործում վիթխարի դեր է խաղացել Վիլհելմ Մաթևոսյանը: Տարիներ շարունակ մեր գրեթե ամենօրյա զրույցներում հասունացել է այս ծրագիրը, կերպ ստացել: Ամեն պահ վայելել եմ և վայելում եմ նրա բարոյա-հոգևոր և մասնագիտական օգնությունը` սկզբունքային խնդիրներից մինչև կոնկրետ տեքստի մշակում: Ընդհանրապես անհնար է գերագնահատել այդ հզոր ինտելեկտուալի խորքային ազդեցությունը իր սերնդակիցների վրա ու նաև մերօրյա հոգևոր կյանքում` թերևս փոքր-ինչ քողարկված, բայց միշտ կենարար ու անվրեպ,- այն չափով, որչափով որ կամեցել են և ի վիճակի են եղել կրելու այդ ազդեցությունը: Ահա այս եռյակի ջանքերով ծայր առավ ծրագիրը, և 90-91 թթ. մենք արդեն պատրաստ ունեինք Գոգենի, Դիդրոյի հատորների, «Խորանների մեկնությունների» ձեռագրերը, հոր` Կոստան Զարյանի ժողովածուի վրա էր աշխատում Արմեն Զարյանը, այդ փայլուն ու բացառիկ անհատականությունը, որը նույնպես միշտ ոգևորել ու ուղղություն է ցույց տվել ինձ: Ցավոք, շարքի առաջին գիրքը լույս տեսավ նրա մահից երկու ամիս անց միայն:

Հետո սկսվեց այն հայտնի ավազակային, խայտառակ արշավանքն ընդդեմ Պատկերասրահի, երբ «Պիոներ կանչից» մինչև «Կոմունիստ» ու «Հայք» գրեթե բոլոր թերթերը զրպարտական սարսափելի պարսավագրեր էին տպում, ցեխ նետում թանգարանի և նրա աշխատակիցների վրա: (Այսօր էլ կրկնվում են նման փորձերը:)

Այդ տարիների քաղաքական թոհուբոհի մեջ, երբ բոլոր կողմերը, արդարությունը դեն նետած, ամեն բան օգտագործում էին հօգուտ իրենց քաղաքական կամ անձնական շահերի, մութ հոգիները, չնայած մեր ամեն հակամիջոցի, հասան իրենց նպատակին. ի վերջո տնօրենին հեռացրին աշխատանքից, շատ ծրագրեր մնացին անավարտ, առկախ վիճակում մնաց նաև մեր այնքան փայփայված երազանքը` «Արվեստի մատենաշարը»: Ժող. վերահսկողության կոմիտեն մեզ մեղադրեց «ապօրինի հրատարակչական գործունեության» մեջ, թեև Հրատպետկոմի համաձայնությունը ստացել էինք: Մնալով մեն-մենակ այս ծրագիրն իրականացնելու բեռի հետ, առանց մի կոպեկի` դիմեցի պետական և արդեն ստեղծված մասնավոր հրատարակչություններ, կառավարական մարմիններ, հազար ու մի ատյան ու անհատի: Ապարդյուն:

Արվեստը, մշակույթը ոչ մեկին չէին հետաքրքրում: Գրքերը, ի սկզբանե պարզ էր, շահութաբեր չէին կարող լինել, իսկ գործը դժվարին ու աշխատատար էր, ուստի ոչ ոքի այդ ամենը պետք չէր: Ասում էին (առերևույթ լուրջ մարդիկ)` ռուսերեն կա, յոլա կգնանք, սրա ժամանակը չէ, կգա այդ օրն էլ…

Փառք Աստծո, թանգարան եկավ Շահեն Խաչատրյանը, արվեստին անմնացորդ նվիրված մարդ, որը ոչ միայն պաշտպանեց գաղափարը և սկսված գործը, այլև ամեն կերպ խրախուսեց, աջակցեց, առաջնորդեց, նոր լիցքեր հաղորդեց ծրագրին: Միասին դիմեցինք նոր բացված Ֆրանսիական դեսպանատուն, հանդիպեցինք դեսպան տ. Ֆրանս դ՛Արտենգի և մշակույթի ատտաշե պ. Պատրիկ Տոնապետյանի հետ, որոնք հանձն առան օգնելու ֆրանսիացի հեղինակների հրատարակման հարցում: Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ տեսել ու այլևս չտեսա խնդրի կարևորության այդչափ ըմբռնում ու բարյացակամություն, որքան որ ցուցաբերեցին դեսպանը և ատտաշեն` այդ երկու ազնվական անձնավորությունները: 1993 թ. ստեղծեցինք «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը, որը գործում է Ազգային պատկերասրահում, կարելի է ասել` նրա ծնունդն է: Եվ ահա այս հինգ տարիների ընթացքում լույս տեսան Ձեր նշած հատորները:

Այս պահին շուրջ երեսուն անուն գիրք, տարբեր փուլերում, պատրաստում ենք հրատարակության: Նշեմ միայն այն գրքերը, որոնք լույս կտեսնեն առաջիկա 1-1,5 տարում. ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ` Վասիլի Կանդինսկի «Հոգևորն արվեստում, էսսեներ», Հերբերտ Ռիդ «Արդի նկարչության համառոտ պատմություն», Էլի Ֆոր «Արվեստի պատմություն», հ. 1, «Հին  աշխարհի  արվեստ»,  Վիլհելմ Մաթևոսյան «Զրույցներ Սարյանի հետ», ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ` Անրի Բերգսոն «Ստեղծարար էվոլյուցիա», «Մետաֆիզիկայի ներածություն», «Բարոյականության և կրոնի երկու ակունքները», Իմմանուել Կանտ «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի», Շառլ Դիլ «Բյուզանդիայի պատմության հիմնական պրոբլեմները», Գ.Վ. Լայբնից «Քննախոսություն մետաֆիզիկայի մասին», Ժան Գեբսեր «Ծագում և արդիականություն», Թելման Գևորգյան «Համամասնությունները հայ ճարտարապետության մեջ», Յուրգիս Բալտրուշայտիս «Ուսումնասիրություն հայ և վրացական միջնադարյան արվեստի»:

Ավաղ, պատրաստվող գրքերի մեծ մասի հրատարակման հեռանկարները մշուշոտ են: Յուրաքանչյուր գրքի համար ամեն անգամ հարկ է լինում հովանավոր գտնել, մի բան, որ հասկանալի է, անշնորհակալ զբաղմունք է: Ամեն նոր հրատարակություն մի արկածախնդրություն է, մի Գողգոթա, որ պիտի անցնես: Սակայն դժվարություններն ու ծանր պահերը մոռացվում են ու անէանում. գիրքը ծնվում է, ապրում տասնամյակներ, կատարում իր քաղաքակրթիչ, լուսավորիչ ֆունկցիան, իսկ դրա համար արժե ապրել ու տքնել: Ինչ է սպասում ապագայու՞մ: Դժվար է ասել: Տնտեսության փլուզման, երկրի թշվառացման, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների ցավալի կուրության պայմաններում հեշտ չէ նման գործունեություն ծավալել: Մյուս կողմից` ընթերցող զանգվածի սոսկալի կենսամակարդակը թույլ չի տալիս հուսալ, թե լույս տեսած գիրքը արագ կվաճառվի, եկամուտ կբերի հաջորդի համար: Տիրաժի զգալի մասը նվեր է տրվում` գրադարաններին, անհատ մարդկանց: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում. պետք է անել, և վերջ, ինչ գնով էլ լինի: Չափազանց մեծ է պատասխանատվությունը և պահի լրջությունը, այլևս հապաղելու իրավունք չունենք: Այդ տրամադրությամբ էլ ապրում և գործում է մեր հրատարակչության և տպարանի փոքրիկ անձնակազմը, մեր բարեկամ մասնագետների ու թարգմանիչների խումբը, որ, հաճախ զուտ սիմվոլիկ վարձատրությամբ կամ նույնիսկ անհատույց, ստեղծում է այդ գրքերը` Վիլհելմ Մաթևոսյան, Շահեն Խաչատրյան, Էդուարդ Աթայան, Վիգեն Ղազարյան, Հենրիկ Բախչինյան, Յուրի Խաչատրյան, Սոֆի Ավագյան, Արուս Բոյաջյան, Ալբերտ Ստեփանյան, Նվարդ Վարդանյան, Ամալյա Մուրադյան, Արա Գուրզադյան, Սուսաննա Խաչատրյան, Հրաչյա Ստեփանյան, Վահան Սարգսյան, Սիմոն Գրքաշարյան, Վահան Ալավերդյան, Սուսաննա Բոչոլյան, Կարինե Նալչաջյան, Շուշան Մակարյան, Սերգեյ Ստեփանյան:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Զարմանահրաշ և աններհայելի Նիկոլա Բոյլ (հարցազրույց) Կենսագիր Նիկոլա Բոյլը այսօր Գյոթեի շանսերի մասին Բոյլ, 53 տարեկան, դասավանդում է գերմանական գրականություն Քեմբրիջի Մագդալենա քոլեջում: Վերջերս C.H.Beck հրատարակչությունում լույս տեսավ Գյոթեի կենսագրությունը ներկայացնող նրա երկրորդ… Մշակութաբանություն Մշակութային մոտեցում կոմունիկացիային Ջեյմս Վ. Քյարի Երբ տարիներ առաջ որոշեցի լրջորեն զբաղվել կոմունիկացիայի մասին գրականությամբ, մի խելոք մարդ ինձ խորհուրդ տվեց սկսել Ջոն Դյուիից: Այդ խորհրդին հետևելու համար երբեք չեմ զղջացել: Թեև Դյուին իր թերություններն ունի (Ուիլիամ Ջեյմսի նկարագրությամբ` նրա… Մշակութաբանություն Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը (մաս 2) Գրիգոր Բրուտեան Գ. Հայոց Փոքր թուական: Ինչպէս արդէն նշուեց, Հայոց Մեծ թուականը կիրառւում է զուգահեռաբար երկու ձեւերով. ըստ աւանդական ձեւի (Աթանասի սահմանածի) եւ ըստ Անանիայի բարեփոխութեան: Աւանդական ձեւով կիրառութիւնը արդէն Հայոց ՆԾԲ (452) թուին յառաջ է…