Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1
Ռոմիկ Քոչարյան
«Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»:
/Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/
«Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ ամենայն ազգ կայուն է, եթե նորա անդամները գիտաստ են իւրեանց պատմական անցեալին և շարունակում է մեկ անընդհատութիւն պահպանել անցեալը ներկայով ապագային թողնելու»:
/Արշակ Տեր-Միքելեան «Հայաստանեայց Եկեղեցին եւ Բիւզանդական ժողովոց պարագայք», Մ., 1892թ./
1. Պատմության մեկնողական բնույթը
Ժամանակակից գիտության վերաբերմունքն ու անդրադարձը պատմիչներին կարելի է բնորոշել որպես միջնորդավորված` նրանց ու պատմվածի նկատմամբ հաստատվում է հավաստիության խնդրով միջնորդավորված հարաբերություն: Մասնավորապես, պատմագիտությունը իր հետազոտական խնդիրը մեզ ավանդված տեքստերի նկատմամբ, ընդհուպ մինչև այժմ, ձևակերպել ու սահմանափակել է որպես նախկինում պատմված բովանդակության ճշգրտում: Այս խնդիրը սահմանվում և իմաստավոր է ձևակերպվում հենց այն նպատակով, որին ըստ էության հետամուտ էր պատմագիտությունը` վերակազմել տեղի ունեցածի հանրագումար պատմագրական լինելությունը: Սակայն այլ է մեր պատմիչների համար «հավաստին», որն առնչված է հավատի ճշմարտությանը` հիմնավորված ու սահմանադրված նրանով, և այլ` ժամանակակից գիտության հավաստին, որն իր ակունքում ունի դեկարտյան ըմբռնումը` 2սուբյեկտի բռնահաճ ինքնակամությամբ պայմանավորված գաղափարախոսական այլևայլ սկզբունքներ դրան հավելմամբ: Հայրերի ավանդությանը այսպիսի մոտեցումը բավարար չէ և կարիք ունի ինչպես որոշ ճշգրտումների, այնպես էլ էական վերափոխման:
Փոխվել են նաև պատմագիտությանն առաջադրված խնդիրները, ինչպես նաև դրանց ընկալումները: Ինչպիսի՞ն է այժմյան խնդիրների յուրահատկությունը: Նրանք ամենևին էլ նորահայտ չեն, մշտապես եղել են անցյալում, ունեցել տարբեր ընդգրկումներ, ասպեկտներ, լուծումներ, սկզբունքորեն վերաբերել և վերաբերում են բոլոր ազգերին, պատմական և այժմյան քաղաքակրթություններին ընդհանրապես, այսինքն` բնույթով ունիվերսալ են: Պետք է նկատի ունենալ նաև այն, որ խնդիրները սահմանվում են ներկայի կարիքով և խնդիրների ունիվերսալությունն արդեն ի հայտ է բերում դրանց հոգևոր բնույթը: Ժամանակն իր յուրահատուկ կարիքով և խնդրի դրվածքով «ի խորհուրդ, ի բան, ի գործ» է կոչում պատմությանը: Այս առումով ինչպիսի՞ բնույթով և առանձնահատուկ գոյությամբ է բացահայտվում պատմությունը:
1. Կարգավոր լինելության սկզբունքների որոնման արդի խնդիրն է, իր մշակութային դրսևորմամբ, ձևակերպվում որպես պատմության հետազոտության թեմա: Պատմությունը մասնակից է դառնում ինքնության լինելությանը` մտքերին, ուսմունքներին, գործերին: Այն ներկային իր մասնակցությամբ է ժամանակակից, նշանակալից և ասելիք ունեցող: Պատմության գոյությունը դառնում է ներկա: Այս դեպքում պատմությունը մարդու համար իրոք կա՛ և հենց այնպես, ինչպես որ պետք է լիներ, ինչին կոչված էր: Այն պատմվել էր սերունդներին հղելու համար, նրանց որպես մոտ և մերձավորագույն կարգելու համար խորհրդակից ասելիք` ընթերցող յուրաքանչյուրի համար օգտակար և պիտանի իմաստավորությամբ:
2. Այժմեական նշանակալին խորհելու, ասելու և ըստ այդմ ցուցելու կամավոր հանձնառությունը պատմությունն ինքնագիտակցում է որպես իր իսկ վերաիմաստավորման և վերակազմության խնդիր: Ինքն իրեն ժամանակակից իրողություններին մերձավոր տեսնելու` պատմության միտումը իր իսկ ներսում ձևակերպում է «պատմության կարիքի» ֆենոմենը, նորովի վերապատմվելու, նորոգվելու խնդիրը, պատմումի մեջ անցյալում եղածը այնպիսի դիրքով կարգելու, որ ի հայտ բերվի դեպի ներկան նրա հղվածությունը, հայտնվի այս կերպով յուրաքանչյուր ընթերցող ներկայի նկատմամբ «ասուն» պատմության նշանակալի խորհուրդը: Մշակութային այս երևույթն ի հայտ է բերում նրա «ճկունությունը» իմաստի գիտողությունում: Այսպիսի իրադրություններում պատմությունն ի հայտ է բերում սկզբունքային հարաբերակցությունն իմաստության նկատմամբ ու ընկալունակությունը և վերակարգվում որպես իմաստավոր (նաև տվյալ ներկա ժամանակի նկատմամբ):
3. Այսպիսով, ժամանակակից պատմությունն անմիջականորեն մասնակից է պատմությանը, իր իսկ վերաիմաստավորմամբ` անցյալ, ինչպես նաև ներկա և հետագա ձևավորմանը: Պատմությունն այլևս սոսկ ինքնագիտակցում ու տեսական գիտություն չէ և դառնում է նաև յուրահատուկ գործնական:
4. Ներկայի բնույթով և կարիքով պայմանավորված տեսադաշտում անհատի, ազգի, մարդկային հանրության անցյալը բացահայտվում է որպես նշանակալի անցյալ: Ինքնության կարգավոր գոյության խնդրի տեսակետից պատմությունը մեր նկատմամբ ի հայտ է բերում նշանակություն և դառնում մեկնաբանության թեմա:
5. Պատմությունը ներկայանում է որպես հասկացման ենթակա փորձառություն, ցուցանում է նշանակալի խորհուրդ և ընթերցմամբ հասկացվում է` իմաստություն: Այն, որպես «հասկացող» և «մեկնող», ուղղորդվում է իմաստի ընկալմանը և իմաստնացմանը: Պատմությունը, որպես ժամանակակից, իր բնույթով իսկ մեկնողական է, և ոչ որպես առանձին, ուրույն գիտակարգ սոսկ կոմունիկատիվ հերմենևտիկայի նկատմամբ: Որպես մեկնողական` այն մեկնում է լինելություն և … զարմանալի է, իհարկե, նաև հիացական` մեկնում է հենց պատմություն: Այս զարմանալի իրողությունը ՙպատմություն՚ կոչվածը որպես ի՞նչ գոյավոր և ինչպիսի՞ գոյության մոդուսում է ի հայտ բերում մեր մտքի ՙդիտողության՚ հանդիման: Պատմությունը մեզ ներկայանում է, որպես գոյութենական ֆենոմեն3:
6. Մեկնողականությունը պատմության սկզբունքային հատկությունն է: Նրանում` հայրերի մեզ ավանդված ժառանգությունում, արդեն իսկ առկա է կարիքի, ժամանակների, տեղի ունեցածի, աշխարհի, մարդկային և աստվածային իրողությունների մեկնություն: Մարդկային լեզուն իսկ երկնայինի և երկրայինի մեկնություն է: Իսկ պատմությունը, իհարկե լեզվով, պատմում է նաև այս մեկնությունը` իր յուրահատուկ շարակարգությամբ: Պատմությունը սկզբունքորեն տեղի ունեցածի «լեզուն» է, ամբողջական տիեզերական իրադարձության մեկնություն: Պատմությունը, ըստ էության, իրենում պատմվող, ներկայավորվող «աշխարհ» եղելումի հասկացություն է և մեկնություն: Ամեն մի մասնավոր պատմություն, այսինքն` բանի որպես յուրահատուկ շար կարգավորություն` շարակարգություն, տվյալ եղելումի լեզուն է, որում հայտնվում է տեղի ունեցածի իմաստը, եղածի հոգևորությունը: Այսկերպ` հոգևորությամբ կամ իմաստով է պատմությունը նման տեղի ունեցածին, այլ ոչ վերջինիս հատուկ նյութական թանձրացականությամբ կամ մարմնավորությամբ: Տեղի ունեցածում կամ աշխարհում մարմնավորված և այսպես` մարդուն, պատմիչին ի հայտ հոգևորը կամ իմաստը փոխում է իր գոյավորության կարգը և պատմվում: Պատմության մեկնողականությունն են մեզ ի հայտ բերում և ուսուցանում հայրերը և հենց մեր սուրբ հայրը` Մովսես Խորենացին: Պատմությունն ընդհանրապես իր բնույթով մեկնողական է, իսկ պատմության մեկնությունը, կողմնորոշվելով Ս. Հովհան Որոտնեցու բանաձևով, որ նա տալիս է Արիստոտելի ՙՅաղագս մեկնութեան՚ աշխատության վերաբերյալ, մեկնության մեկնություն է4: