Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1
Այս առաքինությունների մասին Խորենացին նշում է նաև մեկ այլ տեղ. «Այլ այսպէս զսա կարգեալ գտաք ի ուշմագունէ և յընթերցասիրէումեմնէ Ասորւոյ և հավատարիմ թուեցաւ մեզ ասացեալն»10: Ուշիմության և ընթերցասիրության առաքինությունների առավելագույն աստիճանով զարդարված անձի /Մար Աբաս Կատինայի/ ասածը Խորենացին բնորոշում է որպես ճշմարտությանը հավատարիմ: Նա նկատել է տալիս նաև այլ առաքինություններ` ճանաչելով «վեհագոյն և բարձրագունից արժանաւոր գովութեանց» նրան /Սահակ Բագրատունուն/, որը խորհում է «օժանդակութիւնս իմաստից»11, բնութագրելով նաև նրանց, որոնք իմաստության նկատմամբ անհոգություն կամ «անսիրելութիւն» ցուցաբերեցին12, որպես «առ ի իմաստն տխմարութիւն, և անկատարութիւն ոգւոյն բանականի»13: Սուրբ հոր համար գովելի են ամենքը, որ այսպիսի բաղձանքով առաջնորդվելով կարգվեցին որպես «վարժ ամենայն իմաստությամբ» /Բերոսոս/14 և ապա` «իմաստութեան ջանք` փոյթ անձին կալան աւանդել»15 և որը «պետ յանձին կալավ մատենագրել»16: Առաքինությունների այս հոգեկան կարգավորությամբ է բնորոշում Խորենացին իմաստություն պատմող և ուսանող անձանց, նրանց վերաբերյալ նշելով հետևյալ առաքինությունները, որոնք պետք է ունենալ` ուշիմ, ընթերցասեր, ջանասեր, ուսումնասեր, դառնալու համար վարժ և ապա գիտակցելով հանձնառելու պիտոյականություն` իմաստություն պատմել և ուսուցանել «զկնեացն»: Նշանակալի է ջանքի դերը, որն ուղղորդելով մարդուն կհաստատի ընթերցասիրության այնպիսի մոդուսով, որը կարելի է բնորոշել որպես պատմությամբ հայտնվածի նկատմամբ ընկալող միտում: Ընթերցասեր լինելով` մոտենում ենք, ուսումնասեր լինելով` ակնկալում, «ջանիւ»` ընդարձակում նախկին մեր սովորականը, ուշիմությամբ` ընկալունակ հաղորդվող իմաստն «ի միտ առնելուն» և այս բոլորով` պատմվածով ուսուցումն ուսանում:
Խորենացին շատ կարևոր է դիտում հոգեկան այնպիսի կարգավորությունը, որը բերում է ասվածի նկատմամբ շնորհակալ վերաբերմունքին: «Այլ եթե շնորհակալ և մերոյս տքնութեանց և ջանից լինիցիս, ո՛վ ուսումնասէր դու և յայսոսիկ զմեզ աշխատեցուցանող»17: Խոսքն այստեղ լոկ երախտագետ լինելու մասին չէ, այլ` «շնորհը կալող լինելու», որով և` պտղավոր առ Աստված, բարի պտուղներ առաքինության և գործերի իրականացնելով կյանքում, պատմվածի «լուսավորությամբ» լուսավորվելով` ապրել լույսի մեջ, սփռել և բազմապատկել այդ իմաստը: Սա իսկ է երախտագիտություն` ուսանել, չկորցնել այդ, այլ` պահպանել, լինել ուսյալ և ուսուցմամբ փոխանցել: Էական է նաև այս մտքի արտահայտման ձևը: Մեր իմաստուն հայրը ընթերցողին կոչում է առաքինության, նրան ուղղելով խոսքը որոշակիորեն, ասելով ու շեշտելով` «ո՛վ ուսումնասէր դու»: Սա հռետորական որոշակի ձև է` ասածի նկատմամբ կենտրոնացնելու և ըմբռնել տալու, որ անձամբ հենց նրան է ուղղված խոսքում ասվածը` յուրաքանչյուրին, ով ընթերցում է այդ տողը: Կազմակերպվում է ոչ միայն հերմենևտիկական իրադրություն /հերմենևտիկայի ժամանակակից ըմբըռնմամբ/, այլ այստեղ ընթերցողը մտերիմ հորդորումով կանչվում է հասկացման, և նրա այդ ուղղվածությունում ներկա են նաև իմաստուն ուսուցչի վարդապետությունը ուսանել սկսող «մանուկ» հոգու պարզություն, սեր և իմաստության տենչ, բաղձանք և մատուցվող ճշմարտության նկատմամբ հավատով ակնկալություն ու վստահող անսացում, որն իհարկե տարբեր է հասկացողական մեկ այլ ուղղորդվածությունից, ըստ Գադամերի բնորոշման, ասվածին սոսկ որպես հնարավոր ճշմարտության վերաբերող հասկացողական կեցողությունից18, նույնպես դրական, բայց որը, նկատի ունենալով, թերևս, կյանքում առկա, ինչպես նաև մշակույթից փոխանցվող մոլորեցնող մտքերի, վարք ու բարքի հնարավորությունը, առավել զգուշավոր, ասվածի նկատմամբ հեռավորություն պահող կեցվածք է: Ոչ միայն այդպիսի տեսական ու մտային, այլև սիրելով, ձգտմամբ նմանվելով կամ կերպարանելով` ի կատարումն ուղղված հասկացման այս իրադրությունը յուրահատուկ է նաև նրանով, որ Խորենացին ստեղծում է հոգեհարազատ, անմիջական իրադրություն, հալեցնելով տեքտում ասվածի նկատմամբ դիստանցիա պահող (Մ. Վեբեր) և ընթերցումը դեպի քննադատող մոտեցում կողմնորոշող «սրտի սառույցը»: «Բայց սակայն սկսայց, թէպէտ և ջանիւ. միայն թէ շնորհակալ ոք մերոյս գտանիցի աշխատութեանցս»19:
Այստեղ ի հայտ է բերվում այն, որ սերունդներին հղված ասելիքը գրվել է տքնութեամբ ու ջանքով, որի նկատմամբ Խորենացին սրտի խորքից բխած և ընթերցողին «ջերմացնող» ու մերձեցման մղում առաջացնող ըղձանքով էական դիրքորոշման և վերաբերման է կանչում (ընթերցողին), այն է` շնորհակալության: Սա է ուղղում և հիմնում խոնարհություն «հայրական ջանքի» ու ասվածի նկատմամբ, և դրանով իսկ ընթերցողը պատվում է ասացյալը և նրանով հաղորդված խորհուրդը, որը իմաստն է և բերում է իմաստության:
Այսպիսով, Խորենացին կազմակերպում է ունկնդիր, և հենց այդպիսի «որդի», լսարան նկատի ունի իր պատմության համար սուրբ հայրը. հաստատվում է ընթերցողի որոշակի, ճշմարիտ ուղղվածություն և վերաբերում իմաստության նկատմամբ: Նա է «աշխատեցուցանողը» և նրա համար է նախատեսված պատմությամբ ասվածը, իսկ ընթերցանության այլ կերպով առաջնորդվելիս անհաղորդ ենք մնում պատմված իմաստին: Պատմված իմաստն այսպես կազմակերպված «ընթերցող» ինտենցիոնալությանը նկատելի է դառնում որպես ներկայի կարիքների համար սկզբունքորեն ուսանելի, ինչը բխում է կարիքների և խնդիրների, իրենց հիմնային դրվածքում անժամանակային, ունիվերսալ բնույթից: Այսպիսով, առաքինություններով կարգավոր հոգևորությամբ բացված ընթերցողությունը դեպի պատմվածն է ուղղորդված ուսանելիի սպասումով, տեսանումով, ընկալումով, և այս դեպքում է ասվածը յուրաքանչյուր ժամանակի, ինչպես նաև մեզ համար վարդապետություն, ուսուցողություն և մենք` ուսումնասեր:
3. Պատմության դիտավորությունը
Խորենացու պատմությունը նպատակաբանական /թելեոլոգիական/ է: «Պատմություն Հայոց» աշխատությունը նպատակային կամ դիտավոր է բազում իմաստներով: Բոլոր այս իմաստները ի հայտ են կացուցված մի առանցքի վրա և նրան միահյուս ամբողջական և մեկ-միասնական դիտավորություն են կազմում: Ո՞րն է այն: Առանցքը` առաջադրանք-դիտավորությունն է: Խորենացին ասում է` «զորդի ի հորէ ծննդաբանելով ազգաբանիցեմք զբովանդակն, իսկ զՀայաստանեայցս նախարարութիւն զամենեցուն զուստն և զզիարդն յայտնելով համառոտ և հաւաստի»20:
Ազգաբանության ի հայտ բերելը` ծնունդը և ինչպիսին լինելը ցուցանելն է առաջադրանքը, այն, ինչը և խոստացված անելիքն է Խորենացու. «զյայտարարութիւն մերոյ ազգաբանութեանս խոստացաք յանդիման կացուցանել»21:
Դիտավորությունը կազմող մնացած իմաստները ի հայտ են գալիս, երբ հարց է տրվում, թե ինչպիսին է այն արվածում և այսպիսի հարցով ի հայտ բերվում անելիքի և արվածի /նոեմայի և նոեզիսի/ փոխհարաբերակցությունում: Դիտավորության մեկ-միասնական իմաստը ի հայտ է ցուցված նրա պատմության հյուսվածքում: Պատմությունը Խորենացու համար սոսկ միջոց չէ պատմվող բովանդակությունից առանձին կամ ծածկված իմաստներ հաղորդելու համար: Նրա պատմությունը և նրանով ասելիքը կամայածին չէ, ինչպես և ինքն է ասում22: Նա, որպես «ասելիք», պատմությամբ հաղորդում է հենց այն, ինչը պատմության սկզբունքային իսկ դիտավորությունն է: Նրա պատմությունը հյուսված է այդ հիմքի վրա և առանց այդ իմաստային հիմունքի և լուսավորության չէր կարող լինել և պատմությունը, չէր լինի պատմելիքը և պատմումը: «Պատմութիւն Հայոց»-ում, այսպիսով, նպատակային բնույթն իր երկկողմանիությամբ, որպես պատմումի և պատմվածի դիտավորություն, ներկա է միասնականորեն: