Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1
Ներկայի կարիքով պատմությանն առաջադրված խնդրի ունիվերսալությունը ի հայտ է բերում հայրերով մեզ ավանդված ժառանգության ժամանակակից, ինչպես նաև մշտական, «մինչև ի կատարած աշխարհի» (Մատ. ԻԸ, 20), նշանակալիությունը: Եվ այս առումով առինքնող ու նշանակալի է, նաև բոլոր ՙներկա՚ ժամանակներին Ժամանակակից` Ս. Մովսես Խորենացու պատմության քրիստոնեական ուսմունքը, որը հյուսված է ըստ աստվածաբանական սկզբունքների: Այս հիմնադրությամբ նրանում պատմվողը ի մի է բերված ու հաստատված որոշակի կարգավորությամբ: Խորենացու աշխատությունը կարգավոր պատմություն է` պատմության դիտավորության, նյութի ընտրության ու շարադրման հիմքերի, անհատի և ազգի կարգավորման խնդիրների նկատմամբ իր նշանակության տեսակետից կազմակերպված կայացումով:
Իսկ ինչպե՞ս մեկնել հայրերի ժառանգությունը, որպեսզի լեզվական նոր ձևակերպումի կամ վերասման մեջ իրենց ուղիղ դրվածքով ի հայտ բերվեն նրանց պատմություններում հայտնվա՛ծ իմաստները, ապահովվի հոգևորությամբ, իմաստով նմանությունը: Հայրերի ժառանգությունն օգնություն է ցուցաբերում նաև այս հարցում: Մեզ ավանդված են նրանց մեկնողական ուսմունքների կամ մոտեցումների, նրանցում ասվածի` պիտանավոր նշանակալիությամբ ասելիքի մեկնությունները: Ս. Դավիթ Անհաղթը, այս առումով, որպես «զսովորականն պատմողաց», այսինքն` ընդունված կարգ, նշում է ութ գլուխ` «դիտավորութիւն, պիտանացուն, պատճառք մակագրութեան, հարազատութիւն, բաժանումն գլխոցն, կարգն, վարդապետական եղանակն, առ ինչ մասն վերաբերումն»5:
Տեքստի իմաստասիրական քննության խնդրով առաջնորդվելով, հոդվածաշարով կներկայացվի Մ. Խորենացու պատմափիլիսոփայական ուսմունքի դիտավորության, պիտանացուի, մասնակիորեն` վարդապետական եղանակի, ինչ մասին վերաբերելու հիմնահարցը, ինչպես նաև պատմության գոյավորության և գոյության կարգերի բացահայտման խնդիրները, այս հոդվածում սահմանափակվելով միայն դիտավորության հարցով: Կներկայացվի նաև պատմության փիլիսոփայության քննության համար նշանակալի հասկացությունների որոշակի մի համակարգ: Պետք է նաև կատարել երեք էական ուղղում սրբերի, քրիստոնյա հայրերի և նրանց ավանդության նկատմամբ ժամանակակիցներիս մոտեցման ու անդրադարձի վերաբերյալ: Առաջին. ճշմարտությունը նրանց համար հավատի ճշմարտությունն է: Այս տեսակետից, պետք է միշտ նկատի ունենալ մեր սուրբ հայրապետի` Սուրբ Գրիգոր Լուսավորչի արտահայտած միտքը /տե՛ս բնաբանը/: Ըստ էության, նույն այս հարցին է վերաբերում Ա. Տեր-Միքելյանի հետևյալ նկատումը. «Մինչեւ անգամ միմիայն մեր ամբողջ պատմութիւնը դիտելով տեսնում ենք, որ նախնեաց փառաւոր գործունեութիւնը միշտ հաստատուած է եղել քրիստոնեական ճշմարիտ հայեցողութեան վրա. այդ հայեցողութիւնը նոցա հավատքն է եղել, որից և սփռուել է նոցա գործունեութեան ոյժն և ուղղութիւնը: Նոցա անձնական և հասարակական կենցաղը, իտեալական ձգտումները ու յավերժական վաստակները միահամուռ ծնունդ են եղել այդ հաւատքից: Հաւատքը, որ է մարդու աշխարհայեցողութեան սկզբունքն ու ամփոփումը, նոցա կեանքի կողմնացոյցը, յառաջավարն, կազդուրիչն է եղել»6:
Երկրորդ. նրանց բոլորի նկատմամբ ընդհանուր է այն, որ գրով ավանդվում էր իմաստություն ի ուսանում: Իսկ ո՞րն է իմաստության խնդիրը: Քրիստոնյա մեր հայրերի համար սա պարզագույնն ու կարևորագույնն էր, հոգու համար ամենաէական ու առաջնային կարիքը` փրկությունը:Այդ մասին բազմիցս ասվում է Սուրբ Գրքում, այդ թվում` Գիրք Սաղմոսացում, Սողոմոնի Առակներում, Սողոմոնի Իմաստությունում, Սիրաքի Գրքում, Պողոս Առաքյալի թղթերում և այլն: Հոգին ամենից առավել կարոտ է (և մարդու համար ամենաանհրաժեշտն է) ուսանել Աստծո արդարությունն ու իրավունքը, ուսանելու այն իմաստությունը, որը կուղղի ու կառաջնորդի ի փրկություն: Իմաստության այս դերը ամենից պարզն ու մերձավորագույնը լինելով մեր հայրերի համար, նրանց ավանդությանը մեր գիտական անդրադարձում հիմնականում անտեսվում կամ երկրորդական է համարվում, և առաջադրվում են այլ հիմնախնդիրներ կամ ձևակերպվում այլ հետաքրքրություններ նրանց նկատմամբ: Այս կերպ մեր մոտեցումը համապատասխան չէ ավանդված տեքստերին, ժամանակակից է գիտության նախապաշարումների (կանխադատությունների) առումով, և գրով ասված ու մեզ հղված ասելիքն իր դիտավորության և պիտանության մեջ` իսկությամբ հասկացման հնարավորություն չի ընձեռում: Սակայն պատկերն այլ է, երբ հասկացողական որոնումը կազմակերպվում է ըստ հայրերի ուսուցման, որպես ուսանություն, ի տարբերություն ժամանակակից փիլիսոփայական հերմենևտիկայում առկա նաև այլ տեսակետների: Նրանց ավանդությանը հասու լինելու համար արգասավոր է այնպիսի հասկացողական որոնումը, որը կազմակերպվում է վերոնշյալ հոգևոր սկզբունքին` «փրկությանը», համապատասխան և այն նկատի ունենալով որպես քրիստոնյա հայրերի տեքստերի նկատմամբ «բանալի»:
Երրորդ. սուրբը, որպես այդպիսին, չի կարող միտումնավոր աղավաղել ու կեղծել. քրիստոնեական հավատն է և աստվածանմանությունն է7նրան որպես այդպիսին կատարելագործում: Սա էական է նկատի ունենալ ոչ միայն մեկնողական, այլև վերը որպես բովանդակության ճշգրտում բնորոշված ժամանակակից պատմագիտության մոտեցմամբ հետազոտություններ իրականացնելիս: Լիովին այլ է, երբ նա ինքն է նշում իր պատմության որոշ հատվածների մոտավոր կամ սխալական լինելը` ելնելով պատմվող ժամանակաշրջանների վերաբերյալ աղբյուրների սղությունից և անստույգ լինելուց: Իսկ աղավաղման ու կեղծության մեղադրանքներ և անպատշաճ վերաբերմունք բազմիցս արտահայտվել են մեր սրբերից շատերի և հատկապես Ս. Մովսես Խորենացու նկատմամբ անցյալ (XIX) դարից սկսած մինչև այսօր: Այսպիսի մոտեցումները սկզբունքորեն իսկ մեզ անհաղորդ են պահում հայրերի ժառանգությանը, և այլևս նկատելի չէ ասվածի նշանակալի բացվածքը` իմաստը և իմաստությունը: Այդկերպ հետազոտողը մնում է ժամանակակից գիտական ըմբռնումների, ինչպես նաև նրան բնորոշ կանխադատությունների սահմաններում: Չկա այն «ջանքը», որի մասին ասում է Խորենացին, որը և, կարծես ճեղքելով, ուսումնասիրողին դուրս կբերեր իր սովորական պատկերացումների շրջանակից, որ նաև ժամանակակից ներկային իր բնորոշությամբ է որպես այդպիսին (սովորական) սահմանված, և կուղղորդեր պատմվածի նկատմամբ մեր հարաբերության մեկ այլ կողմնորոշման: Որպես այդպիսին է նկատվում մեկնողական մոտեցումը, ըստ որի, առավելապես նշանակալի ու էական է դիտվում պատմությամբ հղված ու հաղորդված ասելիքը քննության առնվող յուրաքանչյուր ժամանակին, մասնավորապես V դ. պատմիչի ասելիքը իր ժամանակակցին, կամ, մասնավորապես, ընթերցողին ու պատմիչին, ինչպես նաև այժմյան ներկային:
2. Հասկացման իրադրությունը և պատմության ընթերցողը
Ինչպե՞ս կողմնորոշվել դեպի հայրերի ավանդությունը` այս նույնպես ուսուցանում է մեզ Խորենացին: Նա ասում է. «Իսկ դու, ո~վ ուշիմ ընթերցասերդ, հայեաց… և զարմացի՛ր»8: Հարկավոր է ուշիմ կերպով ընթերցասիրել, ընկալելու համար «անսուտ»9 իմաստը: Սա, ըստ էության, հոգևոր նախապատրաստություն է, և այսպիսի կազմակերպվածությամբ նա կանչվում է հայելու, պատմվածով ի հայտ եկողը ոչ զգայական աչքով, այլ առանձնահատուկ ձևով դիտելու, նկատելու, և, որի դեպքում նա կզարմանա: Ուղղորդված կազմակերպվածությունը դեպի իմաստ ընկալելը կբերի զարմացման, որ սկիզբն է իմաստասիրության /Պլատոն/: