Ռուբիկոն

Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պատմության նպատակը ճշմարտության պատմումն է: Իսկ ինչպե՞ս ընկալել ճշմարտությունը, ինչպիսի՞ն է այն` ի տարբերություն ժամանակակից գիտական ըմբռնման: Ճշմարտությունն ուղղում է փրկության: Փրկության խնդիրն առանցքային է մեր քրիստոնյա հայրերի ուսմունքներում: Դիտավորությունների այս համակարգը, ըստ էության, համընդհանուր և հիմնադիր է բոլոր պատմությունների համար, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է նաև իր առանձնակի խնդիրը և իրագործել է իր պատմումը սկզբունքային դիտավորությունների այս հորիզոնում: Մովսես Խորենացին ազգաբանությունն ի հայտ բերելու և պատմելու խնդիրն իրագործում է քրիստոնյա մեր հայրերի համար համընդհանուր դիտավորությունների այս համատեքստում:

Ըստ էության, ինչպիսի՞ մտայնությամբ է համակված Խորենացին: Նրա մտահոգություն-խնդիրն է` մասնակցաբար օժանդակել կարգ հաստատել այն ամենում, ինչն ունի դրա կարիքը և հենց բարեկարգել բոլորը: Այս առումով պատահական չէ նրա կողմից «կարգ» հասկացության հաճախակի գործածումը: Իսկ ինչպե՞ս է իրագործում իր մասնակցությունը սուրբ հայրը. աղոթքներ, բազմաթիվ շարականներ, թարգմանություններ, իմաստասիրական և քերականական աշխատություններ, պատմություններ, մարգարեություններ: Այդ կարիքը հոգալուն և այն «լցնող» իմաստության խորհուրդները բացահայտելուն, ի մի բերելուն և պատմողական շարակարգությամբ հաղորդելուն է ուղղված պատմահոր` անցյալի գործերից պատմություն կազմակերպելու ջանքն ու գործունեությունը: Որոնվում էր կորածը, մոռացվածը և նրա գտանումով ի ցույց և հիշման կարգն էր բերվում ներկայի, ինչպես նաև ապագայի համար կարգավոր և այս որպիսությամբ հաստատական կեցողությունը ազգի, նախարարաց, նրանց ինքնության` բոլորի «զուստն և զզիարդն յայտնելով»23, ինչպես նաև պետական, ազգային և այլ` բարեկարգությամբ լինելու կարիքները և պետքերը ցուցելով: Բազում մատյաններից, բանավոր զրույցներից և այլ աղբյուրներից Պատմահայրը իրականացրել է հավաքում: «Դժվարահաւաք և տաժանելի է որպէս գիւտ Ժամանակացն ի սկզբանէ», «առավել ևս գիւտ նախարարականաց ազգաց ծննդոց (ընդգծումները` Ռ.Ք.) յերից որդւոցն Նոյի»24, և այն բոլորը, ինչը կատարել է նա, իրականացված է ըստ իր մարդկային կարողության` «ճառեսցուք որքան է կարողութիւն»25, և «որչափ ջան և յիշողութիւնք բաւեցին` պատմեցաք ստուգապէս»26, խոնարհությամբ խոստովանում է Խորենացին: Նա կոչում է նաև ամենքին` ընթերցող լինելու համար անհրաժեշտ խոնարհության, պատվելով բոլոր նրանց ջանքն ու իմաստությունը, որոնց այլոց մեջ հայտնաբերել էր նա: Այդ կոչելը Խորենացին իրագործում է անկեղծ ջերմությամբ ու նաև հռետորական հնարքով27, գովելով ընթերցողներից յուրաքանչյուրին, «որք ընկալան և պատուեցին զայսպիսի գիւտս իմաստից»28:

Կարգավորելու կամ ի կարգ հաստատելու խնդիրն ունիվերսալ է, և «Պատմութիւն Հայոց»-ում այն վերաբերում ու ընդգրկում է բոլոր ոլորտները. կարգի բերել ժամանակը29, մարդուն, հայի կենցաղավարությունը, աշխարհը հայոց30 և այս բոլորը առինքնող պատմության` պատմվածի ու պատմելու միջոցով31: Այս առումով, նրա պատմությունը նշանակալի պատմություն է և խորհուրդ է պարունակում: Այն սերունդների, յուրաքանչյուր ժամանակի ու ընթերցողի նկատմամբ ցուցաբերում է նշանակություն և մեզ համար «խորհուրդ պահող» իր լինելությամբ անհրաժեշտորեն դառնում մեկնության թեմա: Խնդիրը, այսպիսով, նրա խորհրդավոր պատմության մեկնությունն է:

Պատմություններն իմաստության աղբյուր են, իմաստության` մարդկային փորձառության: Այս տեսադաշտում նկատելի է դառնում, որ պատմության սկզբունքային դիտավորությունը իմաստության հաղորդումն է, նրանով ճշմարտության ու բարության ցուցումն ի ուսանություն: Տեսական և գործնական այս առումներով, Մ. Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը իմաստասիրող պատմություն է:

Ինչո՞վ է պայմանավորված պատմության այսպիսի նպատակաուղղվածությունը` պատմելով իրողություններ ու գործեր, նրանցում և նրանցով ուսուցանել ճշմարտություն և բարին` պատմածում ի ցույց դնելով այս առումով բոլոր պիտանին:

Պատմությունները  որպես  հարացույց ունեն Աստվածաշունչը և կարգված են որպես դիտավորություն ունեցող` նրա՛ դիտավորությունն ընդօրինակելով: Իմաստությունը մարդուն իր գոյության կարգավորման խնդրում ուղղում է դեպի իր գոյության ճշմարտությունը, ինչն արտահայտվում է Խորենացու «առ ի լինել պատկեր» հասկացությամբ32 և դեպի աստվածանմանություն կազմակերպված ուղղորդվածությամբ: Այսպիսին է Ս. Դավիթ Անհաղթի իմաստասիրության չորրորդ սահմանումը. «Իմաստասիրութիւն է նմանութիւն Աստուծոյ ըստ կարողութեան մարդկան»33: Պատմության դիտավորությունն է` պատմելով ճշմարտությունը /տեսական/ և բարությունը /գործնական/34 կոչելմարդուն` ուղղել իր ընթացքն ի կարգ աստվածանմանության: Իսկ այդ ինչպե՞ս է հնարավոր դառնում պատմել ճշմարտությունն ու բարությունը` պատմության մեջ ընդգրկելով և պատմելով մարդկային գործերը: Իրոք, էական հարց է, թե ինչպիսի գործերն է պատմում և ինչ ոլորտ է ընդգրկում պատմությունը, թե առարկայական ինչպիսի տիրույթում է գործում այն: Նրանում ներկայացվում են ոչ միայն մարդկայինգործերը, և հենց նրանք էլ պատմվում են ոչ որպես սոսկ մարդկային: Պատմությունը հետամուտ է այնպիսի պատմումին, որի դեպքումպատմվող եղելություններում և գործերում ներկա է աստվածայինը: Պատմությունը պատմելով տեղի ունեցածը պատմում է` նկատել տալով Աստծո բարությունը, գիտությունը, կարողությունը, այսինքն` այն, ինչով, ասում է Դավիթը, կերպարանում է Աստված. բարությունը, զի բարությամբ է խնամում, գիտությունը, զի ամեն ինչ համանգամայն գիտե, կարողությունը կամ անսահման զորությունը, զի այն ինչ կամենում է` կարող է և այն ինչ կարող է` կամենում է35: Խորենացու պատմության և ընդհանրապես քրիստոնեական միջնադարում պատմության դիտավոր կազմակերպվածության ուրույն և առանցքային բաղադրիչներից մեկն էլ այն է, որ պատմությամբ նաև ի հայտ է ցուցվում Աստծո բարեխնամ կամքը, որ ոչ միայն արարել է, այլև բարերարությամբ յուրով մշտապես խնամում է: Ըստ Խորենացու, պատմությամբ մեզ ի հայտ է դառնում աստվածային տեսչությունը, ընդսմին, մի առանձնահատկությամբ` մարդու համար հասանելիի սահմաններում: Աշխարհում այն բոլորը, ինչը կատարվում է, և հենց պատմությունը մարդո՛ւ համար է` նախատեսումով: Անցյալի եղելությունների կամ կատարված գործերի մեջ ի հայտ կացուցված աստվածային ընկալումը իրագործվում է ըստ մարդկային կարողության, և մարդը կերպարանվում է այն բոլորով, ինչով և Աստված` բարությամբ, գիտությամբ, կարողությամբ` ըստ մարդկային կարողության36: 

Պատմությունը դիտավորություն ունի իմաստը հաղորդել ուղիղ դրվածքով: Ի՞նչ է սա նշանակում: Պատմությունը նշանակալի իրողությունների ներկայությունն է ի հիշում, ի իմաստացում: Իսկ նշանակալի են այն իրողությունները, որոնցում ի հայտ է Աստծո տեսչությունը:Պատմությունը պատմում է Աստծո հայտնությունը. սա է նրա սկզբունքային և մշտական դիտավորությունը Աստվածաշնչում և նրան նմանող, նրա ուղղությամբ ուղղորդվող մեր սուրբ հայրերի գրվածքներում: Իսկ ինչի՞ մեջ է տեսանելի Աստծո հայտնությունը. պատմվող խորհրդի, խոսքի և գործի իմաստներում, որոնք պիտանավոր նշանակալիություն են ցուցաբերում և ուղղում են մարդու լինելիությունը առաքինիկարգավորության: Իսկ առաքինի կարգավորությունը` եռամասնյա հոգու զարդարումն է չորս առաքինություններով37: Այս նույնպես Ս. Դավիթ Անհաղթը դիտում է որպես իմաստասիրության դիտավորություն. «Իմաստասիրութիւն դիտաւորութիւն ունի զհոգիս մարդկան զարդարել»38: 

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները Աշոտ Ոսկանյան Ներածություն. ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառնում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել:» «Թուրքերն եկան, ասում էր ձիապանը:… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…