Ռուբիկոն

Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»

Հրապարակվել է
8 մայիսի 2022

Ստորև ներկայացնում ենք հատվածներ անգիացի բանաստեղծ, դրամատուրգ, կլասիցիզմի տեսաբան Ջոն Դրայդենի  (1631-1700) Օվիդիուսի նամակների իր թարգմանությանը կցված նախաբանից, որտեղ հեղինակը քննում է թարգմանական արվեստին առնչվող հարցեր:

Աղբյուրը՝ John Dryden, Preface to Ovid’s Epistles (1680):

I

…Ինձ մնում է մի քանի խոսք ասել բանաստեղծական թարգմանությունների մասին ընդհանրապես և կարծիք հայտնել (իհարկե, ընդունելով, որ կարող են լինել նաև ավելի հաջող դատողություններ) այն մասին, թե թարգմանության որ տարբերակը կարելի է համարել լավագույնը:

Ըստ իս ամեն թարգմանություն կարելի է հանգեցնել հետևյալ երեք տեսակներին:

Առաջինը փոխասույթն է (մետաֆրազ), երբ թարգմանիչը հեղինակին բառացի և տողացի մի լեզվից փոխադրում է մյուսը: Այդպիսին կամ առնվազն դրան մոտ է Հորատիուսի «Քերթողական արվեստի» Բեն Ջոնսոնի թարգմանությունը: Երկրորդ տեսակը շրջասույթն է (պարաֆրազ) կամ ընդհանուր գծերով թարգմանությունը, երբ հեղինակին այսպես ասած չկորցնելու համար թարգմանիչը պահում է նրան իր տեսադաշտում, սակայն հետևում է ոչ այնքան նրա բառերին, որքան իմաստին, որը դառնում է շեշտված, բայց մնում է անփոփոխ: Թարգմանության այդպիսի նմուշ կարելի է համարել Վերգիլիուսի «Էնեականի» չորրորդ էկլոգի պրն. Վոլլերի թարգմանությունը: Երրորդ տեսակը նմանակումն է (իմիտացիա), երբ թարգմանիչը (եթե, իհարկե, նա դեռ իրավունք ունի կրել այդ անունը) իրեն ազատություն է վերապահում ոչ միայն հեռանալ բառերից և իմաստներից, այլև վարվել դրանց հետ իր հայեցողությամբ և վերցնելով բնագրի զուտ մի քանի ընդհանուր գծեր` շեղվել հիմնատեքստից, ինչպես ցանկանում է: Սա պրն. Քաուլիի դեպքն է, ով անգլերեն է թարգմանել Հորատիուսի մեկ և Պինդարոսի երկու ներբողներ:

Թարգմանության այս երեք մեթոդներից առաջինի մասին կարծիք է հայտնել մեր ուսուցիչ Հորատիուսը.

Nee verbum verbo curabis reddere, fidus

Interpres…            

Nor word for word too faithfully translate;[1]

ինչպես դա փոխանցում է կոմս Ռոսքոմոնը: Լինել շատ հավատարիմ, նշանակում է լինել պեդանտ. այդ հավատարմությունը նման է այն մեկին, որը ծագում է սնահավատությունից, կուրությունից, անխոհեմությունից և մոլեռանդությունից… 

*

Ահա ինչ է ասում պրն. Ջոն Դենհեմը պրն. Ռիչարդ Ֆենշոյին «Pastor Fido»-ի վերջինիս թարգմանության մասին.

That servile path thou nobly dost decline,

Of tracing word by word, and line by line:

A new and nobler way thou dost pursue,

To make translations and translators too:

They but preserve the ashes, thou the flame,

True to his sense, but truer to his fame.[2]

Գրեթե անհնար է թարգմանել սա բառացի և հաջող միաժամանակ, քանի որ լատիներենը (ամենախիստ և սեղմ լեզուն) հաճախ այդ ամենը արտահայտում է մեկ բառով, իսկ ժամանակակից լեզուների բարբարոսությունը կամ սահմանափակությունը թույլ չի տալիս ընդգրկել դա անգամ մի քանի բառով: Սա հաճախ հանդիպող երևույթ է նաև այն պատճառով, որ բովանդակությունը ձևակերպված է արտահայտությամբ, որի համարժեքն անգլերենում չկա:

Atque iidem venti vela fidemque ferent.[3]

Մեր հայրենակից բանաստեղծներից ո՞վ է օժտված այնքան երանելիորեն, որ կարողանա բառացի արտահայտել այս միտքն անգլերեն, և այնպես, որ դա լինի սրամիտ կամ գոնե իմաստ ունենա:

Կարճ ասած, բառացիորեն պատճենողն իսկույն բախվում է այնքան դժվարությունների, որ երբեք ամբողջովին չի կարող հաղթահարել դրանք բոլորը: Նա պետք է միաժամանակ նկատի ունենա թե՛ հեղինակի մտքերը, թե՛ նրա բառերը և գտնի յուրաքանչյուրի համարժեքը իր լեզվում. բացի դրանից, նա պետք է իրեն սահմանափակի թվերին և հանգավորմանը ստրկորեն հետևելու հարցում: Սա նման է լարախաղությանը. շղթայված ոտքերով մարդը պիտի ճարպկորեն խուսափի ընկնելուց և չպիտի ակնկալի մեծ վայելչություն: Կարճ ասած դա կլիներ հիմար զբաղմունք, քանզի ոչ մի ողջամիտ մարդ չի վտանգի իր պարանոցը հանուն դատարկ ծափերի, եթե կարելի է խուսափել դրանից: Մենք տեսնում ենք, որ Բեն Ջոնսոնը Հորատիուսի իր բառացի թարգմանության մեջ չկարողացավ խուսափել անպարզությունից, քանի որ փորձեց թարգմանել նրան տողացի, ավելին, Հորատիուսն ինքը չկարողացավ անել դա հույն բանաստեղծի իր թարգմանության մեջ. 

Brevis esse laboro, obscurus fio:[4] 

Այսպես թե այնպես, միշտ էլ ծագում է խորաթափանցության կամ նրբագեղության խնդիր: Հորատիուսը, իհարկե, խուսափել է այս երկու ստորջրյա խութերից Հոմերոսի «Ոդիսականի» առաջին երեք տողերի իր թարգմանության մեջ, որոնք նա սեղմել է երկու տողերում.  

Dic mihi musa virum captae post tempora Trojae,

Qui mores hominum multorum vidit, et urbes.

Muse, speak the man, who since the siege of Troy,

So many town, such change of manners saw.

                                                                  Earl of Roscommon.[5]

Սակայն «Ոդիսևսի տառապանքները», որը նախադասության կարևոր կետն է, բաց է թողնված:

ὃς μάλα πολλὰ πλάγχθη.[6]

Բառացի թարգմանության այս դժվարությունների մասին դատողություններ են արել մեր երկու հայտնի սրախոսները` սըր Ջոն Դենհեմը և պրն. Քաուլին. դա կապված էր հին հեղինակներին մեր լեզվով թարգմանելու մեկ այլ եղանակի հետ, որը նրանցից երկրորդն անվանեց նմանակում: Ենթադրում եմ, որ լինելով բարեկամներ, նրանք զրուցել են այս հարցերի շուրջ, և այդուհանդերձ, նրանց փաստարկները մի փոքր տարբեր են` չնայած որ նրանցից մեկի փորձը անչափ համեստ է: Ինձ համար նմանակել որևէ հեղինակի, ինչպես դա հասկանում են Դենհեմը և Քաուլին, նշանակում է, ապրելով ավելի ուշ, գրել ինչպես նա, ով նույն թեմայով արդեն գրել է իրենից առաջ, այն է՝ ոչ թե թարգմանել նրա բառերը կամ սահմանափակվել բնագրի իմաստով, այլ վերցնել այն որպես զուտ կաղապար և գրել այնպես, ինչպես իր կարծիքով կգրեր հեղինակը, եթե ապրած լիներ մեր դարաշրջանում և մեր երկրում: Սակայն չեմ համարձակվում ասել, թե երկուսից որևէ մեկը տիրապետել է հեղինակներին թարգմանելու այս ազատ ձևին (ինչպես այն կոչում է պրն. Քաուլին) այնպես, ինչպես պահանջում է իմ սահմանումը, քանի որ «Պինդարոսի ներբողներում» հին հունական ձևերն ու հնարքները պահպանված են: Սակայն ես չգիտեմ, թե ինչ խառնաշփոթ կառաջանա նմանատիպ նորարարության արդյունքում, երբ նմանակման այսպիսի համարձակ եղանակին դիմեն հեղինակին ոչ համարժեք գրողները: Հավելելու կամ կրճատելու պրն. Քաուլիի ընդունած այս եղանակը պետք է թողնել միայն նրան. ընդ որում միայն Պինդարոսի նրա թարգմանության վերաբերմամբ, որովհետև միայն նա ի վիճակի եղավ հաղթահարել նրան` անելով լավագույնը անգամ այնտեղ, ուր մերժել է իր հեղինակի մտքերը: Պինդարոսն առհասարակ հայտնի է որպես մութ գրող, որը կարիք ունի հոդավորման (նկատի ունեմ մեր բանականության հոդավորումը), խուսափում է ըմբռնումից և թողնում է իր ընթերցողին տարակուսանքի մեջ: Այսչափ տարերային և անկառավարելի գրողը չի կարող թարգմանվել բառացի, նրա հանճարը չափազանց ուժեղ է շղթաներ կրելու համար և ինչպես Սամսոնը, վայր է գցում դրանք: Պինդարոսին անգլերեն խոսեցնելու համար անհրաժեշտ էր պրն. Քաուլիի բարձր և անսահման հանճարը, և դա հնարավոր էր բացառապես նմանակման միջոցով: Բայց եթե նման ձևով թարգմանենք Վերգիլիուսին, Օվիդիուսին կամ ուրիշ` որպես կանոն դյուրըմբռնելի [համարվող] հեղինակների, ապա դա այլևս չի կարող կոչվել նրանց ստեղծագործությունը, քանզի ո՛չ մտքերը և ո՛չ էլ բառերը վերցված չեն բնագրից. դրանց փոխարեն ստեղծվում է մի նոր բան, որը գրեթե ուրիշի ձեռքի գործ է: Այս եղանակով կարող է ստեղծվել անգամ բնագիրը գերազանցող մի բան. բայց ո՞ւր է այդժամ Վերգիլիուսը: Նա, ով հետաքրքրված է ծանոթանալ հեղինակի մտքերին, կհիասթափվի իր սպասումներում. մարդը միշտ չէ, որ պատրաստ է նվեր ընդունել այնտեղ, ուր ակնկալում էր ստանալ կոնկրետ վարձատրություն: Ճիշտն ասած, հեղինակին նմանակելը թարգմանչի համար իրեն ցույց տալու ամենաարկածախնդիր տարբերակն է և ամենամեծ սխալը, որ կարող է գործել հանգուցյալի հիշատակի և հեղինակության հանդեպ: Սըր Ջոն Դենհեմը (որը խորհուրդ է տալիս գործել ավելի ազատ, քան ինքը) պարզաբանում է իր այդ նորարարության հիմքերը «Էնեականի» երկրորդ էկլոգի թարգմանության իր հրաշալի «Նախաբանում». «Պոեզիան այնքան նուրբ շունչ է, որ մի լեզվից մյուսը փոխադրելիս կարող է ամբողջովին ցնդել, և եթե թարգմանությանը չգումարվի նոր շունչ, ապա captum mortuum-ից բացի այստեղ ոչինչ չի մնա»: Խոստովանում եմ, որ այս փաստարկը տեղին է բառացի թարգմանության դեմ, բայց ո՞վ է պաշտպանում այն: Նմանակումը և բառացի թարգմանությունն ըստ իս այն երկու ծայրահեղություններն են, որոնցից պետք է խուսափել, ահա ինչու, եթե ես առաջարկեմ դրանց միջինը, ապա իսկույն կերևա, թե որքան գործուն է նրա փաստարկը:

Կարդալ նաև

Գրականություն Պաուլ Ցելան. Միջօրեականը Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս… Գրականություն Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները» Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Համլետը և նրա խնդիրները» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: Քիչ քննադատներ են խոստովանել, որ «Համլետի» գլխավոր խնդիրը հենց… Գրականություն Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: I Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի…