Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»
III
…Ես միշտ համարել եմ, որ խստագույն քննադատներին գոհացնելու միջոցը բանաստեղծին տառացի թարգմանելը չէ, հատկապես՝ Վերգիլիուսին: Բառերի նրա ընտրության բացառիկ գեղեցկությունը տրված չէ ինձ, և դրան խանգարում է մեր հերոսական չափածոյի նեղ շրջանակը, քանի դեռ ես օգտվում եմ բացառապես միավանկերից և բաղաձայնների կուտակումներից, որոնք մեր մայրենու մեռած բեռն են: Պիտի խոստովանեմ, որ թեպետ շատ հազվադեպ, բայց պատահում է, որ միավանկերով գրված բանաստեղծությունը կարող է հնչել ներդաշնակորեն. նման օրինակներ ինձ պատահել են: «Էնեականի» իմ առաջին տողը վատը չէ:
Arms, and the Man I sing, who forc’d by Fate, etc.[8]
Բայց շատ ավելի հաջող օրինակ կարելի է համարել Մանիլիուսի վերջին տողը, որն անգլերեն է թարգմանել մեր ուսյալ և ողջամիտ պրն. Քրիչը:
Nor could the world have borne so fierce a Flame-[9]
Այստեղ մեծ թվով ձայնորդ բաղաձայնները դրված են այնքան հմտորեն, որ բարեհնչություն են հաղորդում բառերին, չնայած, որ դրանք բոլորն էլ բաղկացած են մեկ վանկից:
Ճշմարիտ է, որ ես էլ երբեմն ստիպված եմ եղել այդպես վարվել այս երկի այլ տեղերում, սակայն դա երբեք չի եղել ինքնանպատակ. ավելի շուտ դրա պատճառը եղել է փութկոտությունը և կամ էլ Վերգիլիուսը չի թողել ինձ բառերը պաճուճելու ոչ մի հնարավորություն. չէ՞ որ հազվադեպ է պատահում, որ միավանկ բառերից կազմված տողը չափածոն վերածի արձակի, անգամ եթե այդ արձակը չլինի հարթ ու ներդաշնակ: Փիլարքոսը, հիշում եմ, ստիպում է Բալզակին մեկ դրվագում տեղադրել քսան միավանկեր, որոնց արանքում ոչ մի երկվանկ չկա: Իմ ընտրած եղանակն այնքան միագիծ չէ, որքան փոխասույթը (metaphrase), ոչ էլ այնքան ազատ, որքան շրջասույթը (paraphrase), որոշ բաներ կրճատել եմ, իսկ որոշ բաներ ինքս եմ ավելացրել: Եվ հուսով եմ, որ բացթողումները թելադրված են կոնկրետ դեպքերով, որոնք անգլերեն գեղեցիկ չէին հնչի, իսկ հավելումները, վերստին հուսով եմ, Վերգիլիուսի ոգով են: Հավելումները (հանդգնում եմ առնվազն կարծելու այդպես) ոչ թե ներմուծվում են նրա մեջ, այլ բխեցվում են նրանից: Նա տիրապետում է հակիրճությանը ավելի, քան որևէ այլ բանաստեղծ, բայց նրա օգտին է գործում նաև լեզվի առանձնահատկությունը, որը թույլ է տալիս շատ բան տեղավորել նեղ տարածության մեջ: Մեր և մյուս բոլոր ժամանակակից լեզուները ժամանակային և հոլովական նշաններից և այլ կոպտություններից զատ, որոնց հիման վրա մեր նախնիների մեղքով կառուցվել է մեր խոսքը, ունեն նաև ավելի շատ հոդեր և դերանուններ: Հռոմեացիները մշակեցին իրենց [լեզուն]` հիմնվելով հույների վրա, իսկ հույները, ինչպես հայտնի է, ջանասիրաբար աշխատել են իրենց լեզվի վրա հարյուրավոր տարիներ, մինչև որ հասցրել են այն կատարելության: Նրանք մերժեցին բոլոր այդ դերանունները և հնարավորինս հրաժարվեցին հոդերից` մեկ բառով հասկացնելով այն, ինչը մենք մի կերպ արտահայտում ենք երկու բառով, և դա մեկն է այն պատճառներից, թե ինչու մենք չենք կարողանում գրել նրանց նման ամփոփ: Օրինակ pater բառը նշանակում է ոչ միայն հայր, այլև քո հայրը, իմ հայրը, նրա հայրը, և այդ ամենը բովանդակված է մեկ բառի մեջ:
Այս անհարմարությունը բնորոշ է բոլոր ժամանակակից լեզուներին, և հենց սա է մեզ ստիպում ավելի շատ բառեր կիրառել, քան հները: Սակայն նախկինում էլ նկատելով, որ Վերգիլիուսը ջանում է լինել հակիրճ և միաժամանակ նրբաոճ, ինքս հետամուտ եմ եղել նրա վարպետությանը և չեմ պահպանել հակիրճությունը, քանի որ Վերգիլիուսը նման է անուշահոտ համպարի, թանկարժեք օծանելիքի, բայց այնքան խիտ ու կպչուն, որ այն պիտի բացվի մշկայուղի ցածրորակ հոտով կամ մշկաբէշկով, այլապես նրա քաղցրությունը չի արտացոլվի մյուս լեզվում:
Ընդհանուր առմամբ, հասկացա, որ հարմար է շարժվել շրջասույթի և տառացի թարգմանության այս երկու ծայրահեղությունների արանքով, հնարավորինս հարազատ մնալ իմ հեղինակին` պահպանելով նրա բոլոր արժանիքները, որոնցից կարևորագույնը նրա բառերի գեղեցկությունն է. պիտի հավելեմ, որ այդ բառերը միշտ պատկերավոր են: Դրանցից այնպիսիք, որոնք պահպանում են իրենց նրբագեղությունը նաև մեր լեզվում, փորձել եմ փոխանցել, բայց դրանցից շատերն էլ անխուսափելիորեն պիտի կորչեն, քանի որ փայլում են միայն բնագրում: Վերգիլիուսը հաճախ մեկ տողում օգտագործում է երկու այդպիսի բառ, բայց մեր հերոսական չափածոյի սահմանափակությունը չի կարող հանդուրժել մեկից ավելին, և դա պետք է արդարացում լինի նաև շատ ուրիշների համար, ովքեր չեն հանդուրժում անգամ մեկը: Այսպիսին է լեզուների տարբերությունը կամ այսպիսին է բառերի ընտրության հմտության իմ պահանջը: Բայց համարձակվում եմ պնդել և հույս ունեմ, որ իմ պնդումը կլինի նույնքան փաստարկված, որքան ֆրանսիացի թարգմանչինը, որ գործ ունենալով աստվածային այս հեղինակի բոլոր երկերի հետ, ես փորձել եմ հնչեցնել Վերգիլիուսին այնպիսի անգլերենով, որով նա ինքը կխոսեր, եթե ծնված լիներ Անգլիայում և ապրեր մեր դարում:
IV
…Գրեթե ավարտել էի Չոսերի հետ կապված աշխատանքս, երբ ստիպված եղա պատասխանելու ներկայիս գործին վերաբերող մի քանի առարկությունների: Պարզվում է` ինչ-ինչ մարդիկ վիրավորված են, որ ես այս պատմվածքները թարգմանել եմ ժամանակակից անգլերեն, քանի որ նրանց կարծիքով դրանք արժանի չէին իմ այս ջանքերին, և համարում են Չոսերին չոր, հնաոճ կատակաբան, որին չարժեր երկրորդ կյանք տալ: Ես հաճախ եմ լսել Լեսթերի ավագ կոմսից, որ պրն. Քաուլին նույնպես այդ կարծիքին է: Վերջինս, կարդացած լինելով Չոսերին իմ Տիրոջ խնդրանքով, հայտարարել է, որ նա իր ճաշակով չէ: Նախօրոք չեմ համարձակվում հակադրել կարծիքս այդքան մեծ հեղինակի դատողությանը, սակայն, հավատացած եմ, որ այնուամենայնիվ ազնիվ կլիներ այդ որոշումը թողնել հասարակությանը: Պրն. Քաուլին շատ համեստ էր բռնապետի տեղ անցնելու համար, և հավանաբար, Չոսերի հին ոճից վրդովված, այլևս չի քննել նրա ողջ խորությունը: Ընդունում եմ, որ Չոսերն անմշակ ադամանդ է, և փայլելու համար, նախ պիտի հղկվի: Միևնույն ժամանակ ես չեմ ժխտում, որ ապրելով մեր պոեզիայի վաղ օրերում, Չոսերը միշտ չէ, որ գրել է էականի մասին, այլ երբեմն երրորդական բաները խառնել է առավել արժեքավոր դրվագների հետ: Երբեմն, բայց ոչ հաճախ, պատահում է, որ նա, ինչպես Օվիդիուսը, չի զսպում իրեն և չի զգում, թե երբ է ասվածը բավարար: Սակայն Չոսերի կողքին եղել են նաև շատ ուրիշ նշանավոր սրամիտներ, որոնց թերությունը եղել է իրենց անհարկի ծայրահեղությունը և ցածր հարգը: Հեղինակը պիտի գրի ոչ թե այն, ինչ կարող է, այլ այն, ինչ պետք է գրի: Նկատելով Չոսերի մոտ այս ավելորդությունը (չէ՞ որ հասարակ մարդու համար հեշտ է սխալներ գտնել ավելի մեծի մոտ)՝ ես չեմ դատապարտել ինձ տառացի թարգմանությանը և հաճախ կրճատել եմ այն, ինչ անհրաժեշտ կամ գեղեցիկ մտքերի կողքին երևալու համար բավարար չափով արժանի չեմ համարել: Որոշ տեղերում համարձակվել եմ ավելի հեռու գնալ և հավելումներ եմ արել այնտեղ, ուր, ըստ իս, հեղինակս թերի է և չի հաղորդել իր մտքերին պատշաճ պերճություն այնպես, ինչպես կպահանջեին բառերը մեր լեզվի վաղ օրերում: Այդ հարցում ինձ քաջալերեց այն, որ ես (եթե կարող եմ այդպես ասել ինքս իմ մասին) հայտնաբերեցի նրա հետ իմ հոգեհարազատությունը և որ ինքս էլ տարված եմ նույնատիպ դիտարկումներով: Մեկ ուրիշ բանաստեղծ մեկ ուրիշ ժամանակաշրջանում կարող է նույնքան ազատ վարվել իմ գրվածքների հետ, եթե իհարկե դրանք ապրեն այնքան, որ դրանց շնորհվի բարելավման հնարավորություն: Երբեմն հարկ էր լինում անգամ վերակառուցել Չոսերի միտքը, որը կա՛մ կորել, կա՛մ աղավաղվել է տպագրական վրիպակների պատճառով: Վերցնենք հետևյալ օրինակը. «Պալամոն և Արսիտե» պատմվածքում, որտեղ նկարագրվում է Դիանայի տաճարը, մեր հեղինակի բոլոր հրատարակություններում կգտնեք հետևյալ տողերը: