Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»
Ընթերցման արժանի թարգմանչի վարպետությունը թարգմանող և թարգմանվող լեզուներին տիրապետելն է: Բայց եթե կարելի է թույլ տալ թերացում դրանցից որևէ մեկում, դա պետք է լինի բնագրի լեզուն, քանի որ, եթե թարգմանիչը տիրապետում է դրան այնքան, որ կարող է հասկանալ հեղինակի մտքերը, ապա կարող է պատշաճ կերպով արտահայտել դրանք իր մայրենի լեզվով, եթե իհարկե լիովին տիրապետում է մայրենուն: Սակայն առանց մայրենու իմացության նա երբեք չի կարող արտահայտել դրանք գործուն և վայելուչ, իսկ առանց այս երկուսի ընթերցանությունը դառնում է տանջանք և չարչարանք: Իհարկե, յուրաքանչյուր լեզվում կլինեն բազում գեղեցիկ բաներ, որոնք կախված են այդ լեզվի առոգանությունից, և դրանք կկորչեն այն թարգմանության մեջ, որի թարգմանիչը լավ չի տիրապետում իր հեղինակի բնագիր լեզվին: Մյուս կողմից սակայն, նախ հնարավոր չէ երկու լեզուներով հաղորդել խոսքի բոլոր այդ չնչին նրբությունները, և եթե անգամ թարգմանիչը կատարելապես ընկալում և զգում է իր հեղինակի շունչն ու ոգին, ունի ոճ և կարողանում է լավ արտահայտվել իր լեզվով, ապա հեշտությամբ կտեսնի, որ այդ ամենը, միևնույն է, կորչում է վերոհիշյալ թերության պատճառով:
Բնագրին հատուկ ուժով և ոգով գրող թարգմանիչը երբևէ չպետք է կառչի իր հեղինակի բառերից: Նա պիտի ունենա լիակատար ինքնատիրապետում և կատարելապես ըմբռնի իր հեղինակի հանճարն ու միտքը, առարկայի բնույթն ու արվեստին կամ առարկային առնչվող տերմինները: Այդ դեպքում նա այնքան ճշմարիտ ու բնական կարտահայտի իրեն, ասես ինքն է գրել բնագիրը: Մինչդեռ նա, ով թարգմանում է բառ առ բառ, ձանձրալի փոխադրության մեջ կորցնում է ողջ ոգին:
Չէի ցանկակա` կարծեիք, թե ըստ իս թարգմանիչը պիտի լինի այնքան ազատ, որ գրի ինչպես պրն. Սպենսը, երբ Լուկիանոսի անմեղ կատակի և ատտիկյան սրամտության տեղում մենք հանդիպում ենք Բիլինգսգեյթի կամ Մուրֆիլդսի և Բարթոլոմյու Ֆեյրի վեհաշուք լեզվին:
Ահա ինչու ես գրում եմ ոչ թե այդպիսի թարգմանիչների համար, այլ նրանց, ովքեր կարող են արտահայտել իրենց հեղինակների ոգին ու հանճարը, մի բան, առանց որի իրենց ողջ աշխատանքը ոչ միայն անօգուտ կլիներ, այլև ամոթի մեջ կթաղեր հենց իրենց` վնասելով սպանդանոցում հայտնված իրենց հեղինակին:
Կարծում եմ` ընթերցողին թարգմանության այս ձևից բացի ուրիշ որևէ կանոն տալու կարիք չունեմ. չէ՞ որ օրինակն այստեղ առավել ազդեցիկ է այն կանոնից, որին ես հիմա հղում եմ նրանց:
Այն, ինչում մարդն արդարացիորեն որակվում է որպես թարգմանիչ, կբացահայտի թարգմանչի և նրա գործունեության համար բացառիկորեն օգտավետ շատ կանոններ: Սակայն մարդու համար, որը ձգտում է այդպիսի նախաձեռնության համար անհրաժեշտ այս բնական որակներին, բոլոր առանձին կանոնները կծառայեն լոկ մեկ նպատակի` դրանք կդարձնեն նրան առավել նշանավոր ինքնահավան:
[1]Բառը բառով կատարելապես չի թարգմանվում (տողացի թարգմ. Ա. Վ.):
[2]Այդ ստորաքարշ շավիղը, թեպետ ազնվորեն չի հրաժարվում
Բառացի և տողացի լինելուց
Հետամուտ չէ նոր և առավել ազնիվ ճանապարհի՝
Ստեղծելու համար նաև թարգմանություններ և թարգմանիչներ:
Նրանք պահպանում են մոխիրը, չնայած, որ հուրն է
Հավատարիմ իր իմաստին, բայց առավել՝ իր փառքին:
(Տողացի թարգմ. Ա. Վ.)
[3]Եվ նույն քամիները կտանեն ձեր առագաստներն ու հավատարմությունը:
(Տողացի թարգմ. Ա. Վ.)
[4] Երբ փորձում եմ հակիրճ լինել, դառնում եմ անհասկանալի (տողացի թարգմ. Ա. Վ.):
[5] Մուսա, երգի՛ր մարդուն, ով Տրոյայի պաշարումից ի վեր
Այդքան քաղաքներ և բարքեր տեսավ:
(Տողացի թարգմ. Ա. Վ.)
[6]Ով տառապեց թափառական (տողացի թարգմ. Ա. Վ.):
[7] Եթե չկա հույս լիակատար ապաքինման, թողեք դա:
(Տողացի թարգմ. Ա. Վ.)
[8] Զենքեր եմ երգում և այն հերոսին, որ, ճակատագրի կողմից հալածված, ևն (Պուբլիուս Վերգիլիուս Մարո, Էնեական Անտիկ, միջնադարյան և վրածննդի գրականություն, Եր. 1990, 768 էջ, թարգմ. Գրիգոր Արեյան):
[9] Աշխարհը չէր կարող ծնել այդչափ անողոք մի Բոց (տողացի թարգմ. Ա.Վ.):
[10] Այնտեղ տեսա Դանեին, որ վերածվեց ծառի,
Նկատի ունեմ ոչ թե աստվածուհի Դիանային,
Այլ Վեներայի դստերը, որին կոչում են Դանե:
(Տողացի թարգմ. Ա.Վ.)
[11] Horatius, Ars Poetica, 456-457:
Անգլերենից թարգմանությունը՝ Անահիտ Վարդանյան