Ռուբիկոն

Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»

Հրապարակվել է
8 մայիսի 2022

Ոչ ոք չի կարող թարգմանել պոեզիա, եթե չունի տվյալ արվեստի ձիրքը և չի տիրապետում իր հեղինակի և իր մայրենի լեզուներին. և մենք պիտի հասկանանք ոչ միայն պոետի լեզուն, այլև նրա մտքերի և արտահայտությունների հատուկ դարձվածները, որոնք մյուս բոլոր գրողներից նրան առանձնացնող բնորոշ գծերն են: Երբ դա հաջողվում է անել, մենք կարողանում ենք ճիշտ գնահատել ինքներս մեզ, համաձայնեցնել մեր ձիրքը նրա ձիրքին, հաղորդել նրա մտքին համարժեք միևնույն դարձվածը, եթե մեր լեզուն թույլ է տալիս դա, իսկ եթե ոչ, ապա` փոխել հագուստը` չվնասելով և չփոխելով էությունը: Միևնույն մոտեցումը պիտի ցուցաբերենք նաև արտաքին զարդուկապի` բառերի հանդեպ: Երբ դրանք ունեն գեղարվեստական նրբագեղություն, (ինչը պատահում է հազվադեպ), փոխել դրանք, կնշանակի անարդարություն գործել հեղինակի նկատմամբ: Բայց, քանի որ ամեն լեզու ունի իր առանձնահատկությունները, և այն, ինչը գեղեցիկ է մի լեզվում, հաճախ բարբարոսություն և երբեմն անգամ անիմաստություն է մյուսում, անխոհեմ կլիներ ստիպել թարգմանչին կուրորեն հետևել իր հեղինակի բառերին, եթե բավական է, որ նա ընտրի արտահայտություն, որը չի խեղաթյուրի իմաստը: Ենթադրում եմ, որ նա կարող է ցուցաբերել այդպիսի շրջահայեցություն, սակայն թարմացնելով մտքերը՝ նա, ըստ իս, դադարում է լինել շրջահայաց: Այդ միջոցները գուցե խեղաթյուրեն բնագրի ոգին, սակայն չպիտի կորցնեն այն. և այդուհանդերձ ակնհայտ է, որ պրն. Ջոն Դենհեմի առաջադրած փաստարկը ուժի մեջ է սոսկ արտահայտչականության համար, քանի որ միտքը, եթե այն ճշգրիտ թարգմանենք, չի կարող կորչել ուրիշ լեզվում: Սակայն բառերը, որոնք հասցնում են այն մեր ըմբռնմանը (լինելով այդ մտքի պատկերն ու զարդը), կարող են ընտրված լինել այնքան անհաջող, որ այն հայտնվում է ասես անշուք հագուստով և զուրկ է իր բնատուր շքեղությունից: Ահա ինչու թույլատրելի է արտահայտության ընտրության որոշ ազատություն, և բնավ անհրաժեշտ չէ, որ բառերը և տողերը պահպանեն բնագրի չափը: Հեղինակի նկատի ունեցած իմաստը պետք է պահպանվի որպես սրբազան և անձեռնմխելի: Եթե Օվիդիուսի երևակայությունը հարուստ է, ապա նրա կերպարը ևս այդպիսին է, և եթե ես սեղմեմ նրան, նա այլևս չի լինի Օվիդիուս: Կրկնում եմ, որ իր երկարաշունչ տողերի կրճատման դեպքում նա շահում է, բայց ես համակարծիք եմ, որ թարգմանիչն այդ բանն անելու իրավունք չունի: Ենթադրում եմ, որ նկարիչը, երբ նա պատճենում է կյանքը, ավելի լավ նկար ստանալու իր հավակնության մեջ չունի հատկանիշներ ու գծեր փոխելու որևէ արտոնություն, և գուցե հնարավոր է, որ նրա պատկերած դեմքը լինի ավելի ճշգրիտ, եթե քիթն ու աչքերը ենթարկվեն որոշ փոփոխության, սակայն նկարչի խնդիրը պատկերը բնօրինակին նման դարձնելն է: Երկու դեպքում էլ կարող է առաջ գալ թվացյալ դժվարություն. ինչ անել, եթե միտքն անուղղելիորեն դատարկ կամ անազնիվ է: Երկու դեպքում էլ տեղին է նույն պատասխանը. այն պետք չէ թարգմանել:      

… Et  quae

Desperes tractata nitescere posse, relinquas.[7] 

Արդ, ես խիզախեցի ներկայացնել այս հարցի վերաբերյալ իմ կարծիքը, որը հակադրվում է երկու մեծ այրերի հեղինակությանը, բայց, հուսով եմ, չի վիրավորում նրանց հիշատակը, քանի որ երկուսին էլ շատ սիրել եմ նրանց կյանքի օրոք, և հիմա, երբ նրանք չկան, շատ եմ գնահատում: Սակայն իմ առարկություններից հետո, եթե գտնվեն ավելի լավ դատողներ, որոնք կարծում են, թե թարգմանության փառքը երկը առավել գեղեցիկ դարձնելն է, որպեսզի այդկերպ հատուցվի լեզվական փոխադրության արդյունքում ծագած կորուստը, ես պատրաստ եմ սովորել նրանցից և շտկվել:

Իսկ մինչ այդ ես շարունակում եմ կարծել, որ մեր սակավ հաջողված թարգմանությունների ճշմարիտ պատճառը ոչ այնքան բնագրի իմաստին հնարավորինս հետևելն է, որքան այն, որ թարգմանության համար անհրաժեշտ բոլոր տաղանդներն ունեն միայն շատ քչերը, և ճանաչողության այս էական բնագավառը պատշաճ չի խրախուսվում:

II

Վերջին կես տարին ինձ համակել էր թարգմանության ախտը (եթե կարող եմ այդպես կոչել այն). պաղ արձակի նոպաները, որոնցից ես հոգնում եմ ամենից շատ, հետապնդեցին ինձ «Լիգայի պատմության» մեջ, իսկ ջերմը, որ հաջորդեց դրանց՝ համակեց ինձ «Բանաստեղծությունների ժողովածուի» այս հատորում: Ճշմարտությունն այն է, որ ես որոշ թեթևացում զգացի պարոքսիզմի փոփոխության մեջ: Երբեք չէի կարծի, թե հումորը կարող է անհետանալ Թեոկրիտոսի երկու կամ երեք «Պաստորալներից» և Հորատիուսի «Ներբողներից»: Բայց հուսալով կամ առնվազն մտածելով, թե գտել եմ դրանց մեջ մի բան, որն ավելի գոհացնող էր, քան իմ շարքային երկերը, ես որոշեցի թարմացնել իմ հին ծանոթությունը Լուկրետիուսի և Վերգիլիուսի հետ և իսկույն կենտրոնացա նրանց այն տեղերի վրա, որոնք ընթերցելիս ամենից շատ էին տպավորել ինձ: Իմ նախաձեռնության իրական ազդակները դրանք էին: Սակայն կար նաև դիպվածային շարժառիթ, որը հարկադրական էր. Աստված թող ների նրան, ով եղավ դրա պատճառը: Դա իմ Տեր Ռոսքոմոնի «Փորձ թարգմանական պոեզիայի մասին» երկն էր, որն անօգուտ էր ինձ համար մինչև որ ես վերջապես փորձեցի պարզել, թե արդյոք ի վիճակի եմ հետևել նրա կանոններին և կարող եմ արդյոք այդ մտահայեցողությունը վերածել պրակտիկայի: Շատերի համար պոեզիայի որևէ պարզ կանոն նման է մաթեմատիկական ապացույցի, որը միանգամայն ճշգրիտ է գծապատկերի մեջ, սակայն մեխանիկական գործողության համար՝ թերի: Ինձ թվում է, ես, ընդհանուր առմամբ, դիտարկել եմ նրա ցուցումները և վստահ եմ, որ դրանց ճշմարտության և օգտակարության մասին իմ դատողությունները բավականաչափ համոզիչ են: Եվ թող սնապարծություն չթվա, եթե ես նաև ավելացնեմ, որ առնվազն մի քանի դեպքերի համար կարող եմ օրինակներ կառուցել նրա կաննոների համար: Եվ այդուհանդերձ, պիտի խոստովանեմ, որ հաճախ չափն անցել եմ, քանի որ կատարել եմ և՛ հավելումներ, և՛ կրճատումներ, իսկ երբեմն էլ իմ հեղինակներին վերաբերող այնպիսի համարձակ ծանոթություններ եմ գրել, որպիսիք ոչ մի հոլանդացի մեկնաբան ինձ չէր ների: Հավանաբար առանձին այդպիսի դրվագներում, ինձ թվացել է, թե գտել եմ մի գեղեցկություն` ցավոք չբացահայտված նշված պեդանտների կողմից, որը բանաստեղծից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող հայտնաբերել: Այն, որ ես կրճատել եմ նրանց որոշ ձևակերպումներ, հավանաբար պայմանավորված է վստահությամբ, որ այն, ինչը գեղեցիկ է հունարեն կամ լատիներեն, անգլերեն այդքան բարեհունչ չէր լինի, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա ես կցանկանայի, որ կեղծ քննադատները չկարծեին, թե այդ մտքերն ամբողջովին իմն են, այլ, որ դրանք թաքուցյալ ձևով առկա են բանաստեղծի մոտ, կարող են արտածվել նրանից, կամ, եթե այս երկու կարծիքներն էլ թերի են, գոնե կարծեն, որ իմ գրածը համահունչ է նրա գրածին, և որ եթե նա լիներ ողջ և լիներ անգլիացի, ապա իմ լրացումները հենց այն են, ինչը նա թերևս գրած կլիներ:

 Ի վերջո թարգմանիչը պետք է անի այնպես, որ իր հեղինակը ներկայանա հնարավորինս առինքնող, պայմանով, որ կպահպանի իր բնույթը և չի դադարի նման լինել ինքն իրեն: Թարգմանությունը հետմահու նկարչության տեսակ է. ամեն ոք կընդունի, որ գոյություն ունի նմանության երկու տեսակ` լավ և վատ: Մի բան է նկարել ճիշտ եզրագծեր, նման դիմագծեր, ճշգրիտ համամասնություններ և ինքնին մոտավոր գունավորում, և այլ բան է ողջ այս նրբագեղությունը ստեղծել դրության, ստվերների և գլխավորապես ոգու միջոցով, որը կենդանություն է հաղորդում ամբողջին: Չեմ կարող սառնասրտորեն նայել գերազանց բնագրի թերի թարգմանությանը, հատկապես չեմ կարող անտարբեր մնալ Վերգիլիուսի, Հոմերոսի և մի քանի ուրիշների հարցում, որոնց տողերի գեղեցկությանը փորձել եմ նմանակել ողջ կյանքում, տողեր, որոնք այդքան աղավաղել են անճարակ թարգմանիչները (այդ բանը կարող եմ ասել նաև նրանց դեմքին): Հունարենին կամ լատիներենին անծանոթ ո՞ր անգլիացի ընթերցողը կհավատա ինձ կամ ցանկացած ուրիշի, ով մեծարում է այդ հեղինակներին, և կընդունի, որ մեր հիացմունքի համար մենք պարտական ենք Օգլբիի թարգմանություններին: Բայց ես ինձ թույլ կտամ վստահեցնել նրանց, որ վատ թարգմանության մեջ լավ բանաստեղծը հեռու է ինքն իրենից նույնքան, որքան սատկած լեշը՝ կենդանի մարմնից: Շատերն են հասկանում հունարեն կամ լատիներեն, բայց նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին: Անգլերենի յուրակերպությունը և նրբությունները հայտնի են քչերին, անգամ խելամիտ մարդը չի կարող հասկանալ և կիրառել դրանք, առանց առաջադեմ կրթության, երկար ընթերցանության և առանց յուրացնելու մեր ունեցած սակավ մեծ հեղինակներին, առանց իմանալու մարդկանց և նրանց վարքը, բարքերի ազատությունը և երկու սեռերի ամենալավ ընկերակցությամբ տեղի ունեցող զրույցները. կարճ ասած, առանց սրբելու այն ժանգը, որով նրան ծածկել են պասիվ ուսումնառության տարիները: Դժվար է հասկանալ անգլերենի մաքրությունը և դժվար է քննադատորեն տարբերել ոչ միայն լավ գրողին վատից, պատշաճ ոճը անտեղի ոճից, այլև նշմարել այն մաքուրը, որ կա գրողի մեջ և տարբերել այն նրա մեջ եղած տկարից ու կեղծից: Ցանկանալով գտնել այս բոլոր տարրերը կամ դրանցից շատերը` մեր ճարտարամիտ, նորովի մտածող երիտասարդներից շատերն իրենց համար որպես օրինակ են վերցնում անուն հանած որևէ անգլիացի բանաստեղծի, դարձնում են նրան պաշտամունքի առարկա և նմանակում են նրան ինչպես կարող են՝ չիմանալով, թե որն է այդ բանաստեղծի թերությունը, որն է նրա ոչ հասուն և թույլ կողմը, որ նրա մտքերը չեն համապատասխանում նյութին կամ, որ նրա արտահայտությունները համարժեք չեն նրա մտքերին, կամ որ դրանք աններդաշնակ են: Այսպիսով, նախքան օտար լեզվից թարգմանելը, անհրաժեշտ է լավ իմանալ մայրենին: Եվ բավական չէ, որ թարգմանիչը կարողանա դատել բառերի և ոճի մասին. նա պարտավոր է լինել դրանց վարպետը. նա պիտի կատարելապես հասկանա իր հեղինակի լեզուն և բացարձակորեն տիրապետի մայրենուն: Հետևաբար կատարյալ թարգմանիչ լինելու համար, նա պիտի լինի կատարյալ բանաստեղծ: Սակայն գեղեցիկ անգլերենով, բանաստեղծական արտահայտություններով ու երաժշտական հանգով իր հեղինակի մտքերը հաղորդելն էլ բավարար չէ, քանի որ, թեև այդ ամենը շատ դժվար է իրագործել, այդուհանդերձ, դեռ մնում է ավելի բարդ խնդիր, որի առեղծվածի շուրջ թարգմանիչներից քչերն են մտածել: Այս առնչությամբ ես արդեն արել եմ մեկ-երկու ակնարկ. այն է՝ պահպանել հեղինակի խառնվածքը, որը տարբերում է նրան մյուսներից, դարձնում նրան այն առանձնահատուկ բանաստեղծը, որին կուզեիր թարգմանել: Օրինակ, Վերգիլիուսի և Օվիդիուսի ոչ միայն մտքերը, այլև ոճն ու չափածոն են տարբեր: Սակայն ես նկատել եմ, որ անգամ մեր ամենալավ բանաստեղծները, որոնք թարգմանել են վերոհիշյալ հեղինակների որոշ դրվագներ, ինչի արդյունքում վերջիններիս տաղանդն ասես խամրել է, աշխատելով միայն հանգի բարեհնչության և ներդաշնակության վրա, այնքան նման են դարձրել երկու հեղինակներին, որ եթե ծանոթ չլինեի բնագիր տեքստերին, թարգմանություններից երբեք գլխի չէի ընկնի, թե որն է Վերգիլիուսը և որը՝ Օվիդիուսը: Ուշ շրջանի մի նշանավոր նկարչի հանդիմանում են իր նրբագեղ նկարներում բնօրինակից հեռանալու համար: Բանն այն է, որ նա ավելի շատ նկարում է ինքն իրեն, քան նրանց, ովքեր նստում են նրա առաջ: Այդպիսի թարգմանիչների դեպքում ես հեշտորեն կարող եմ տարբերել ձեռքը, որ ստեղծում է երկը, բայց չեմ կարող տարբերել նրա թարգմանած հեղինակներին: Երկու հեղինակներ կարող են լինել հավասարապես բարեհունչ, սակայն բարեհնչության մեջ նույնպես մեծ տարբերություն կա, այնպես, ինչպես ասենք շաքարից և մեղրից պատրաստված քաղցրավենիքի դեպքում:

Կարդալ նաև

Գրականություն Պաուլ Ցելան. Միջօրեականը Բանախոսություն` Գեորգ Բյուխների անվան մրցանակի ստացման առիթով (հոկտեմբեր 22, 1960 թ.)։ Աղբյուրը՝ Paul Celan, Der Meridian und andere Prosa, Frankfurt am Main, 2010: Տիկնայք և պարոնայք, Արվեստը, դուք սա հիշում եք, խամաճիկանման, հնգոտնյա-յամբային և,- այս… Գրականություն Թոմաս Սթեռնս Էլիոթ. «Համլետը և նրա խնդիրները» Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Համլետը և նրա խնդիրները» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: Քիչ քննադատներ են խոստովանել, որ «Համլետի» գլխավոր խնդիրը հենց… Գրականություն Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։ Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921: I Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի…