Ջոն Դրայդեն. Հատվածներ «Օվիդիուսի նամակների նախաբանից»
There saw I Danè turned into a Tree,
I mean not the Goddess Diane,
But Venus Daughter, which that hight Danè.[10]
Մի փոքր մտորելով ես հասկացա, որ այստեղ հարկ է վերականգնել հետևյալ իմաստը. ծառի է վերածվել Դափնեն՝ Պենեյոսի դուստրը: Ես չեմ համարձակվում նույնը անել նաև Օվիդիուսի հետ, որպեսզի հետագայում չհայտնվի Միլբորնը և չհայտարարի, թե ես չհասկանալով հեղինակին, շեղվել եմ նրանից:
Բայց կա նաև կարծիք, որ ես չպիտի թարգմանեի Չոսերին ճիշտ հակառակ պատճառով: Ասողները վստահ են, որ Չոսերի հին լեզուն ասես պաշտամունքի առարկա է, և այն փոփոխելը համազոր է գռեհկացման և սրբապղծության: Դեռ ավելին, նրանք կարծում են, որ նրա էությունից ինչ-որ բան թարգմանության մեջ կխաթարվի, իսկ մտքերի հմայքը, որը հին բարքերի պայմաններում թերևս ավելի նրբագեղ է, մեծ իմաստով, անշուշտ, կկորչի: Այս կարծիքին էր իմ հիշատակած բացառիկ անձնավորությունը՝ Լեստերի ավագ կոմսը, որի մեծարանքը Չոսերի հասցեին նույնքան մեծ էր, որքան պրն. Քաուլիի արհամարհանքը: Իմ Տերը համոզեց ինձ ետ կանգնել այս ձեռնարկումից (քանի որ նրա մահից արդեն մի քանի տարի առաջ ես մտածում էի դրա մասին), և նրա հեղինակությունն այնքան երկար ժամանակ իշխեց ինձ վրա, որ նրա նկատմամբ ունեցածս հարգանքից ես նրա կենդանության օրոք ետ կանգնեցի այդ խրթին ձեռնարկումից: Սակայն իմ փաստարկները չէին կարող տեղի տալ նրա առարկություններին: Եթե գրողի առաջին նպատակը հասկացվելն է, ապա ավելի ուշ, երբ նրա լեզուն աստիճանաբար հնանում և դառնում է ոչ գործածական, նրա մտքերը նույնպես պետք է որ դառնան մութ.
Multa renascentur, quae nunc cecidere; cadentque
Quae nunc sunt in honore vocabula, si volet usus,
Quem penes arbitrium est et jus et norma loquendi. [11]
Երբ հնչունական կամ իմաստային ինչ-ինչ նկատառումներից ելնելով անհրաժեշտ է լինում պահել որևէ հին բառ, ես անհրաժեշտ ողջախոհություն եմ ցուցաբերում և պահում եմ այն: Սրանից դուրս ամեն բան սնոտիապաշություն է: Բառերը նման չեն ուղենիշների, որոնց անձեռնմխելիությունը թույլ չի տալիս երբևէ տեղաշարժել դրանք. ավանդույթները փոխվում են, և անգամ օրենքները լռելյայն չեղյալ են համարվում, երբ վերանում է դրանք գործի դնող պատճառը: Ինչ վերաբերում է փաստարկի մյուս մասին, ըստ որի բառերի նորարարության պատճառով հեղինակի մտքերը կկորցնեն իրենց նախնական գեղեցկությունը, ապա ոչ միայն գեղեցկությունը, այլև իրենք այդ մտքերը վերանում են այնտեղ, ուր բառն այլևս չի հասկացվում, և դա առնչվում է ներկայիս դեպքին: Հավատացնում եմ՝ ցանկացած փոխադրության դեպքում ինչ-որ բան պիտի կորչի, դա այդպես է բոլոր թարգմանություններում: Կարևոր է պահել իմաստը: Բայց չէ որ իմաստը կորչում կամ առնվազն աղավաղվում է, եթե դժվարըմբռնելի է, այն էլ՝ քչերի համար: Ո՞վքեր են այն քչերը, որ կարդալով Չոսեր, կարող են լիովին հասկանալ նրան: Եթե չեն հասկանում, ապա կարդում են անօգուտ և առանց հաճույքի: Մի քանի հին սաքսոն ընկերների համար չէ, որ ես Չոսերի հետ միասին կրում եմ այս տառապանքը. թո՛ղ նրանք մերժեն իմ թարգմանությունը, քանի որ չունեն դրա կարիքը: Ես թարգմանել եմ նրանց համար, ովքեր իմաստը և պոեզիան, երբ դրանք դրված են իրենց հասկանալի բառերի մեջ, հասկանում են նույքան լավ, որքան հին սաքսոն բարեկամները: Առաջ ընկնելով՝ կհամարձակվեմ հավելել, որ ինչ-ինչ հատվածներում կորցրածս գեղեցիկ տեղերը ես հատուցել եմ այլ հատվածներում, որոնք բնագրում այդքան էլ գեղեցիկ չէին: Թերևս այս հարցում ես կարող եմ կողմնապահ լինել ինքս իմ հանդեպ. թո՛ղ դատի ընթերցողը, իսկ ես հանձնվում եմ նրա դատին: Եվ հիմա, կարծում եմ, առիթ ունեմ բողոքելու նրանցից, ովքեր հասկանալով Չոսերին, մեծ մասամբ կզրկեին իրենց հայրենակիցներից մեծ մասին այդ առավելությունից և կթաքցնեին նրան, ինչպես դա անում են ժլատներն իրենց պապերի ոսկու հետ, որպեսզի միայն իրենք դիտեն այն և թույլ չտան մյուսներին օգտվել դրանից: Կարճ ասած, ես ամենայն լրջությամբ հավատացնում եմ, որ ոչ մի մարդ երբևէ չի ունեցել և չի ունենա ավելի մեծ ակնածանք Չոսերի նկատմամբ, քան ես: Նրա երկերի մի մասը ես թարգմանել եմ լոկ նրա հիշատակը հավերժացնելու կամ գոնե հայրենակիցների մեջ նրա հիշողությունը թարմացնելու համար: Եվ եթե որոշ դեպքերում ես փոխոխությունների արդյունքում բարելավել եմ նրան, պիտի խոստովանեմ նաև, որ առանց նրա ոչինչ անել չէի կարողանա: Facile est inventis addere-ն մեծ գովեստ չէ, և ես այնքան սնափառ չեմ, որ կարծեմ, թե արժանի եմ ավելիին: Նշեմ միայն մի փաստ. ինձ ծանոթ մի կին, որը նամակագրական կապի մեջ է ֆրանսիացի մի քանի ազնիվ հեղինակների հետ, նրանցից տեղեկացել է, որ օրիորդ դը Սկուդերին, որը ծեր է ինչպես Սիբիլլան և նրա հետ միասին ոգեշնչված է պոեզիայի նույն Աստծուց, այժմ ֆրանսերեն է թարգմանում Չոսերին: Դրանից ես եզրակացնում եմ, որ Չոսերը թարգմանված է եղել հին պրովանսերեն, քանի որ չեմ կարծում, թե այդ կինը տիրապետում է հին անգլերենին: Սույն փաստը ստիպեց ինձ մտածել, որ այստեղ ճակատագրական ինչ-որ բան կա, և կգա մի ժամանակ, երբ մեծ կատակաբանների հռչակն ու հիշատակը կվերադառնա. Չոսերը կլինի թե՛ Ֆրանսիայում, թե՛ Անգլիայում: Եվ գուցե այս բացառությունը հնարավորություն է, որին ես չեմ համարձակվում ավելի բարձր անուն տալ սնահավատության մեջ մեղադրվելու վախից:
V
…Այս ամենը մղում է ինձ մեկ-երկու բառ ասել թարգմանության մասին ընդհանրապես. անգլիացիներն այստեղ պետք է որ ավելի աչքի ընկնեն բոլոր ազգերի մեջ, սակայն իրերի ընթացքը ցույց է տալիս, որ մենք շատ քիչ ենք առաջ անցել ֆրանսիացիներից: Իհարկե հարկ է նշել դրա հիմնավոր պատճառը. դա այն է, որ այստեղ նման գործեր ձեռնարկողները գրավաճառներն են, իսկ դրանք մարդիկ են, որոնք ավելի շատ նվիրված են իրենց շահին, քան հասարակական պատվին: Նրանք շատ տնտեսող են, որպեսզի պարգևատրեն անպիտան գրչակներին, որոնց գործի են դնում, և նրանց չի մտահոգում, թե ինչպես կարվի աշխատանքը, կարևոր է, որ այն արվի: Նրանք ապրում են՝ վաճառելով ոչ թե գրքեր, այլ վերնագրեր, և եթե վերնագիրը գրավում է որևէ մեկի ուշադրությունը, ապա նրանք համարում են, որ հասել են իրենց նպատակին և նրանց չի հուզում, թե ինչ պատուհասներ են կրում հեղինակները իրենց նման չարչիներից:
Քանի դեռ թարգմանություններն այսպես գրավաճառների տնօրինության տակ են, և ներկայացված լինելու համար ավելի լավ դատավորներ կամ գնահատողներ չունեն, հնարավոր չէ, որ մենք որևէ առաջընթաց ունենանք մի արվեստում, որը շատ օգտակար է ուսումնատենչ մարդկանց, ինչպես նաև գիտելիքի զարգացման ու ընդլայնման համար, որը վատագույն միջոցը չէ ստրկության դեմ:
Պետք է խոստովանել, որ երբ գրավաճառը աննշան գրողների շահամոլ ծրագրերին հետևելուց բացի հետաքրքրություն է տածում նաև որակի և հանճարի հանդեպ, ինչպես ասենք Պլուտարքոսի և Լուկիանոսի «Կենսագրությունների» դեպքում է, ընթերցողը կարող է բավարարվել արդեն նրանով, որ թարգմանության մեջ զգում է հեղինակի շունչն ու ոգին: Այս պարոնայք շատ լավ գիտեն, որ չպետք է ստորաքարշորեն սող տան իրենց հեղինակի բառերի հետևից, ինչպես դա արել են ոմանք: Քանի որ դա անխուսափելիորեն կստիպի նրանց ստեղծել առոգանության և դարձվածաբանության նոր ձև, որը կլինի օտարոտի, և կքննադատվի ճիշտ այնպես, ինչպես պրն. Սպենսը մի ժամանակ քննադատվեց իմ տեր Դորսեթի կողմից: Բանն այն է, որ Սպենսը այնքան հմուտ թարգմանիչ էր, որ նրա թարգմանությունը հասկանալու համար պահանջվում է իմանալ բնագիրը: Չէ որ յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատկությունները և դարձվածքները, որոնք հնարավոր չէ փոխադրել ուրիշ լեզվով առանց մշտական անհեթեթությունների: