Ռուբիկոն

Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Պոլ Վալերի

Ես արդեն խոսել եմ ոգու ինչ-ինչ քաղաքականության մասին: Ես ստեղծեցի բավականաչափ անորոշ և խորհրդավոր այս արտահայտությունը, որն ինձ համար նշանակում է մեզնից յուրաքանչյուրի, ամեն անհատի և մեր մեջ եղած ցանկությունների, հուշերի, կանխատեսումների, առասպելների ու արժեքների աշխարհի հարաբերությունների միասնություն, երևակայական ուժերի նկատմամբ ունեցած մեր հակումների ու դիմակայությունների ամբողջություն, ուժեր, որոնցով ներթափանցված է և որոնցով կառավարվում է մեր ողջ իրական կյանքը. վերջապես պահը գերազանցող բովանդակ մի աշխարհ, որ, համենայն դեպս, մեզ շատ հաճախ թվում է ավելի մոտ, քան այն ամենը, ինչ շոշափելի է, քան նույնիսկ մեր մարմինը: Մեր գիտակցական կյանքի ամեն պահի այդ ուժերը ստեղծում են իսկապես անհուն անցյալի ու անսահման ապագայի պատրանք և մեզ են հրամցնում մտածողությանն ու գործողությանը բնորոշ բոլոր համոզումները: Դրանք պատկերներին հաղորդում են արժեք, կազմում են մեր գաղափարների գրավականը, սահմանում մեր ծրագրերի կորիզը: Ըստ իս, այս ամենը կարելի էր ի մի բերել Ոգու քաղաքականություն անվան տակ, քանզի մտավոր ողջ գործունեության անմիջական կենտրոնում գոյություն ունի ինչ-որ կառավարում: Մեր էության մեջ կան նաև իսկական հաստատություններ, ինչպիսին է, օրինակ, լեզուն: Մեր հակումների միջև կայանում են բանակցություններ, տեղի են ունենում ներքին իրադարձություններ, որոնք մասնավորապես երևան են գալիս իբրև մեծ գաղափարներ կամ ուժգին զգայություններ, երբեմն լինում են մշուշոտ միտումներ, խորհրդավորություններ, լինում են և ավանդույթներ: Այս քաղաքականությունը մյուս քաղաքականության նման ունի իր հակառակորդ ուժերը, իր վայրիվերումները, կարգուկանոնի ու անկարգության միջև` իր տատանումները և պետական շահերը` ինքնության պահպանում, ես-ի զարգացում, ես-ի իշխանության ուժգնացում մյուսների և իր վրա: Բանականության այս քաղաքականությունը այստեղ ունի պաշտպանության ենթակա իր մեծ շահերը, իրագործելիք իր հայեցակարգերը, հետազոտության և կազմավորման իր անհայտ տարածքները: Նա անպայմանորեն ունի իր պետական գործիչները, ստրատեգները և նույնիսկ հոգևոր դասը: Ունի իր մաքիավելլիները, ռիշելյոները, թալեյրանները և բիսմարկները կամ իր մետերնիխները: Երբեմն բանական մի ամբողջ դարի վրա իշխում է գերագույն նշանակության մի ոգի, երբեմն ինչ-որ ազնվականություն, գլուխների որևէ փոքրաթիվ խումբ թելադրում է գաղափարներ, ճաշակներ, ոճեր, սահմանում տվյալ ժամանակի արժեքները:

Գյոթեն պատկանում է այն մարդկանց թվին, որոնք աշխարհին են պարտադրել հույժ բանաստեղծականորեն դատելու և կյանքը արժևորելու գերիշխանությունը: Կյանքի նկատմամբ, դեպքերի ճանաչողության և մտածողության հանդեպ նա վարել է սքանչելիորեն հաշվարկված, համառորեն հետապնդված, ճարտար և ինքնիշխան քաղաքականություն. ազատության և ես-ի ներդաշնակության համար վիճարկող արտաքին ու ներքին ուժերի հավասարակշռության օրինակ: Այս քաղաքականության հիմքում ի սկզբանե ընկած էր հետևյալը. արտաքսել ոգու թշնամիներին, այսինքն` անօգուտ շեղումները, չափ ու սահման չճանաչող հույզերը, արգահատելի երևույթները: Եվ քանի որ Գյոթեն երբեք անձնատուր չի լինում դրանց, սահման է դնում մինչև իսկ սիրուն, երբ այն թվում է, թե գերազանցում է իր իսկ նշանակած գաղափարը: Երբ որևէ հափշտակություն տևում է աստվածային ժամանակից ավելի երկար, թեև դա մնում է աննկատ, նա իսկույն ևեթ ընկնում է անհամբերության գիրկը: Չկա որևէ քնքշանք, սովորույթ կամ հետաքրքրություն, որի գերին նա դառնա հարկ եղածից ավելի: Չկա մեկը, որի մեջ առավել իշխի ազատության բնազդը, քան նրա: Նա անցնում է կյանքի, կրքերի, հանգամանքների միջով առանց երբևէ համաձայնելու, թե որևէ բան արժե ամբողջը: 

Պաշտպանողական այս քաղաքականությունը լրացվում է նվաճողական քաղաքականությամբ: Նա ամենամեծ հետաքրքրության տեր մարդն է, հետաքրքրություն, որը երբևէ շարժել է մարդկային միտքը: Ընդմիշտ լինելու ամենազորեղ զգացումը տիրում է նրան. նա պիտի ամեն ինչ ճաշակի, ամեն ինչ իմանա, զգա, ես կասեի` գրեթե ամեն ինչ ստեղծի: Այս առումով նա շռայլող է այն ամենում, ինչ է. նա սփռում է իր կերպերը և իր բազմաձևության սքանչելի պտուղները: Սակայն նախանձախնդրորեն զուսպ է այն բանում, ինչ կարող էր լինել: Նա ագահ է իր վաղվա օրվա նկատմամբ: Ի վերջո, մի՞թե կյանքը հանրագումարի չի բերվում պարադոքսալ այս բանաձևում. ապագայի պահպանություն: Սա նշանակում է զարմանալի քանակությամբ կերպեր ընդունելու կարողություն. անսպառը նրա բնության մեջ է: Ահա ինչու, իր մահվանից անմիջապես հետո նա դասվում է աստվածությունների, ինտելեկտուալ առասպելի հերոսների շարքը, նրանց կարգը, ում անունները դարձել են խորհրդանիշ: Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս, և նրա անունը իսկույն ևեթ ոգեկոչում է, մարդկային մտքին պարտադրում զար- մանահրաշ մի երևույթ, ըմբռնման և ստեղծարար ուժի մի հրեշ, կենսասիրության հրեշ, հարափոփոխության հրեշ, անդորրի հրեշ, որ որսալուց, հոշոտելուց և անմահ երկերի փոխակերպելուց հետո այն ամենը, ինչ մարդկային փորձը նրա կյանքում կարողացել է ընդգրկել ու խտացնել, ինքն էլ ի վերջո վերածվել է առասպելի, քանզի հարկադրում է հա- ջորդ սերունդներին ստեղծել և հավիտյանս փառաբանել այն անզուգական Գյոթեին, որի վերադարձի ականատեսն ենք մենք դարավերջին, վերադարձ առ ոգու երկնային ամենավերին բարձունքները:

Իրականում, աշխարհի խաղասեղանին այս նշանավոր մարդը մարդկային ճակատագրի բերած ամենադիպուկ հարվածներից մեկն է: Այսօր ավարտվում է տարին, Գյոթեի հոբելյանական տարին, որի ընթացքում ամեն ինչ ասվեց և վերստին ասվեց նրա մասին: Չկա նշանակալի որևէ գրող, որ այս մեծ հիշատակին չբերի իր համոզումների տուրքը, իր ուշադրության ապացույցները, սեփական ոգու և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող փառահեղ ստեղծագործության աղերեսների դրսևորումը: Այս հոբելյանը նույնիսկ բնավ զերծ չմնաց ոմանց այն մտայնությունից, թե այս փառքի գերիշխանությունը վերջացած է և թե անմահ համարվող այս երկը այլևս չի համապատասխանում սարսափելի նոր աշխարհի հոգևոր պահանջներին, աշխարհ, որ խիստ դժվարությամբ է երևան գալիս մեր մեջ և մեր շուրջ (ինչին կարելի է ուղղակի պատասխանել, որ այդ նոր աշխարհը կարծես այնքան էլ տարված չէ ոգու խնդիրներով): Պետք է խոստովանել, սակայն, որ մեծ մարդիկ մահանում են երկու անգամ: Իրենց վախճանից հետո նրանց վիճակվում է կորցնել մարդկային հոգիներում նվաճած իրենց տեղն ու իշխանությունը: Ուշագրավ հանգամանք է այն, որ երկրորդ մահը, որին ենթակա են նրանք, արդյունք է կյանքի գործունեության, կյանք, որ շարունակվում է, որ սպառում է նրանց երկի սուբստանցը և, մյուս կողմից, ներշնչանքի աղբյուր գտնում նորանոր օբյեկտների մեջ: Ընդունենք, որ սա անհավասար պայքար է. առճակատման մեջ են դրվում ստեղծագործությունը, որ ավարտուն է, կայացած, իր վերջնական վիճակի մեջ անփոփոխ, և իրարահաջորդ մարդկանց անդադար աշխատանքը, որն ի վերջո իր ավարտին է հասնում ամենակուռ կա- ռույցներում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Բնություն Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…