Ռուբիկոն

Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Կասկածից վեր է, որ Գյոթեն խորհած չլինի իր հեղինակության ապագայի, իր երկի դարավոր ազդեցության շուրջ: Նշանակում է, նա մտածել է մեր մասին: Ո՞վ գիտե, հետագա ի՞նչ սերունդների է նա պատկերացրել, նա, որ Հեղափոխության դարաշրջանում կարողացավ պարզ ու հստակ տեսնել և հռչակել նոր աշխարհի ծնունդը… Այդ աշխարհը հենց սա է, ժամանակային որոշ առումով մենք ենք այն ապագան, որի մասին կարող էր մտորած լինել Գյոթեն: Սա նաև նշանակում է, որ մենք կարող ենք, հայացք նետելով մեր շուրջը և մեր իսկ մեջ, քննել, թե ինչ է փառքը հարյուր տարվա հնությունից, մեկդարյա փորձությունից, մրցակցություններից, տարաբնույթ արձագանքներից հետո: Հաշվեք միայն նշանավոր երկերի թիվն ու կարևորությունը, 1832 թվականից սկսած հոգևոր աշխարհում ստեղծագործող մեծ գրողների քանակությունը… Ինքնին հասկանալի է, մտապահեք միայն այն մարդկանց ու գործերը, որոնք եվրոպական նշանակություն են ձեռք բերել. Հյուգոներ, Վագներներ, Տոլստոյներ, Նիցշեներ… Սա չի նշանակում, թե մենք առանձնացնում ենք մեր նախասիրությունները, այլ` հիշատակում ենք ինտելեկտուալ գերիշխանության փոփոխականությունը: Այսքան մեծությունների և նշանավոր երկերի միջամտությամբ ձևափոխվում է զգայունակությունը, ի հայտ են գալիս նորոնոր ոլորտներ, որոշ սահմանափակումներ վերանում են, ներմուծվում են ինչ-ինչ անկաշկանդ մոտեցումներ, զանազան համարձակ միտումներ: Կարճ ասած` տեղի է ունենում բարեկիրթ մարդկության ճաշակների և անճաշակության ձևափոխություն: Սա արդյունք է կյանքի` ընդդեմ ավարտուն, անփոփոխ, մեկընդ- միշտ կայացած հուշարձանի, ինչպիսին է ստեղծագործությունը, անդադար պայքարի, անհավասար պայքարի, ինչպես ասացի` կյանքի` ընդդեմ մահվան պայքարի: Փորձը ցույց է տալիս, որ երկերը դիմակայում են այդ ահավոր փորձությանը, այդ ճնշող և շարունակ նորոգվող մրցակցությանը, որ նրանց համար ստեղծում են նորահայտ գործերը, իրենց մեն միակ արժանիքով` ձևով:

Հիրավի կարծում եմ, որ Գյոթեի նման երևելի քաղաքագետի համար այս նկատառումը մեծ տեղ էր գրավում. սերն առ ձևը ամենահատկանշական այն գծերից մեկն է, որ կարելի է տեսնել նրա մեջ: Նա ձևաբանության ըմբռնումը հասցնում էր այնպիսի բացառիկ աստիճանի, որ կարելի է նրան որակել իբրև կերպացյալի մեծ ջատագով: Նա բևեռում է դիտողունակության իր ողջ կամքը, անհուն երևակայության ողջ իշխանությունը զգայական աշխարհի ուսումնասիրման և պատկերման վրա: Նա ապրում է Լինկեոսի պես, որի ակնավայել հաճույքները այնքան սքանչելիորեն է երգում երկրորդ «Ֆաուստում»: Նա ապրում է աչքերով, և նրա խոշոր աչքերը երբեք չեն հոգնում պատկերներ ու գույներ ըմբոշխնելուց: Նա արբենում է լույսի արտացոլած ամեն առարկայով. նա ապրում է տեսնելով: Տեսանելին այնքան ուժգնորեն է հակադրվում նրա ներքին կյանքի անկայուն ու աննկարագրելի աշխարհի ամենայն բանին, որ նա որոշակիորեն հայտարարում է, թե երբեք չի հետաքրքրվել մեր գիտակցության խորքերի հետազոտությամբ: «Ես երբեք չեմ խորհել մտածողության մասին», – ասում է նա: Եվ մի այլ տեղ ավելացնում. «Այն, ինչ մարդը զննում է և զգում է իր մեջ, ըստ իս, կազմում է նրա գոյության նվազագույն մասը: Ավելի շուտ նա նկատում է իր չունեցածը, քան ունեցածը»:

Գյոթեն հասկացել էր, որ եթե մենք ունենում ենք ինքնին ապարդյուն անթիվ-անհամար զգայություններ, ապա հենց այդ գանձարանից ենք վերցնում, որքան էլ անկարևոր լինի այն և ասես մեր անմիջական օրգանական կյանքի համար անշահավետ, մեր գիտություններն ու բոլոր արվեստները հետաքրքրությունների միանգամայն անհատույց զարգացման ընթացքում: Կենդանին, ինչպես և մենք, տեսնում է աստղերը: Բայց նա չի ներքնավորում դրանք: Նրա օրգանական կյանքի շրջանը պարփակվում է ինքն իրենով:

Ես երբեմն մտածում եմ, թե ոմանց համար, ինչպիսին Գյոթեն է, գոյություն ունի նույնքան լարված և խորը արտաքին կյանք, որքան այն կյանքն է, որ վերագրում ենք մենք ճգնակյացների ու միստիկների ներքին աղջամուղջին ու բացահայտված գաղտնիքներին: Ի~նչ հայտնություն պիտի լինեն վիրահատության ենթարկված ի ծնե կույրի համար աչքի ծիածանաթաղանթի վրա ցերեկվա լույսի առաջին, ցավագին բեկումները, և ձևերի ու մարմինների լիակատար ճանաչողության ու հստակեցման զարմանահրաշ ու հարամիտվող, աստիճանական ի~նչ առաջխաղացում պիտի զգա նա…

Սակայն նրա համար, ով համենում է խորհրդածել ձև հասկացության շուրջ, ով խորացնում է այն անմի- ջական գաղափարը, թե ձևն ու շարժումը սերտորեն շաղկապված են իրար, այլևս չկա ձևի մի դրսևորում, որ իր մեջ չպարունակի սերնդի գաղափար, այսինքն` չկա մի ձև, որ տարանջատվի այն ձևերի ընտանիքից, որոնք արտածվում են մեկը մյուսից կենսական ուժերի ազդեցության ներքո: Հենց այս առումով է Գյոթեի մտածողությունը, որ միաժամանակ խորամուխ է եղել բնական գիտությունների, պոեզիայի և պլաստիկ արվեստի բնագավառների մեջ, իր ողջ ստեղծագործությանը հաղորդում ամենաբնական միասնականություն: Նա ինքն իր մեջ գտնում է կերպարանափոխության սկզբունքը, որից բխում է միաժամանակ թե՛ էսթետիկայի ոլորտին և նույնիսկ սրտի տիրույթին առնչվող (ինչը բնորոշ է նրա խառնվածքին) մոդուլյացիաների հանդեպ ունեցած հակումը, թե՛ տրանսֆորմիստ բազմիմաստ հասկացությունը, որի առաջին հրապարակողներից մեկը եղել է ինքը: Գյոթեի համար ամեն կենդանի ձև վերափոխման տարր է, անցումային պատկեր: Նա կրքոտորեն տարվում է կերպարանափոխության գաղափարով, որի հավաստիքը տեսնում է բույսի կամ ողնաշարավորների կմախքի մեջ: Նա հետևում է կերպերի բազմազանությանը. պատճառականության գործոններն ու շարունակականությունը երևան են գալիս հետևանքների ընդհատության ներքո: Նա բացահայտում է, որ տերևը վերածվում է ծաղկաթերթի, առէջի, վարսանդի, որ խորունկ նմանություն կա տերևապատյանի և կոկոնի միջև: Ամենայն ճշգրտությամբ նա նկարագրում է հարմարվողականության արդյունքները: Բույսի մասին խոսելիս հիշատակում է, որ «այն միավորում է նախասկզբնական, ժառանգական, առանձնահատուկ կայունությունը հաջող շարժունակությանն ու ճկունությանը, ինչը թույլ է տալիս նրան, ձևափոխվելով, հարմարվել երկրի մակերևույթի հրամցրած ամենաբազմազան պայմաններին»: Հանդուգն ոչինչ չկա, երբ այստեղ (այսինքն` բուսաբանական տեսակի` մեկ բույսի իդեալական տեսակի և էվոլյուցիոնիստական հայեցակարգի նշանակալի համադրման մեջ) տեսնում ենք այս մեծ մտածողի հանգուցակետերից, գլխավոր խնդիրներից մեկը: Հենց սա է նշանակում ապագայի հասկացությամբ միանգա- մայն պլատոնական գաղափար ստեղծել: Ամեն ինչ հիմնվում է բանականության վրա. որքան մեծ է այն, այնքան շաղկապված է ինքն իր մեջ կամ ավելի շուտ` նրա ընդգրկունությունը լոկ իր փոխկապակցվածության ամենավերին աստիճանն է: Սակայն (խիստ ցայտուն մի հանգամանք) կերպացյալի այս մեծ ջատագովը, տրանսֆորմիզմի այս մարգարեն ինքն էլ մի Պրոթեոս է: Նա մի կյանքով ապրում է բազում կյանքեր: Նա միաձուլում է ամեն ինչ և ամեն ինչից վերցնում է իր սուբստանցը: Ինչպես բույսը կամ կենդանին իրենց շնչառությամբ կամ սննդառությամբ վերափոխում են միջավայրը, ուր ապրում են, այնպես էլ նրա ոգին է վերափոխում այն միջավայրը, ուր արմատավորվում է ու բարգավաճում: Վայմարում նա գտնում է մի սքանչելի հող, ուր հաստատվում է և իրենով իսկ դարձնում նշանավոր: Առավել բարենպաստ ի՞նչ կարող է լինել, քան մշակույթի այդ փոքրիկ անդաստանը` զորանալու, նորանոր ընձյուղներ արձակելու համար. ինչը շուտով նկատելի է դառնում ամբողջ աշխարհում: Այստեղ նա պալատական է, վստահելի անձ և մինիստր, ճշտապահ պաշտոնյա և բանաստեղծ, հավաքածուատեր և բնախույզ: Նա գտնում է բավականաչափ հախուռնալից ազատ խամանակ` եռանդով ու ոգևորությամբ թատրոն ղեկավարելու համար, մինչ հսկում է իր հետազոտած հազվագյուտ բույսերի սածիլներն ու պատվաստաշիվերը կամ գուցե խնամքով հետևում է, որ հարսնյակի բոժոժը բացվի: Բայց այստեղ նա կարող է նաև հեշտ ու հանգիստ, ասես ցուցափեղկում, զննել դիվանագիտական ու քաղաքական կյանքի մանրակերտը. և դյուրավ ենթարկվելով արարողակարգերի ու վարվելակերպի բոլոր պահանջներին` նա շնչում ու նորացնում է հոգեպարար ազատության մթնոլորտը: Թերևս նա վերջին մարդն է, որ վայելել է Եվրոպայի կատարելությունը: Վերջին հաշվով Գյոթեն մեզ հրամցնում է հակադրությունների լիակատար մի համակարգ. հազվագյուտ ու արգասավոր համադրություն, որ տարբերակում է բոլոր առաջնակարգ մտածողներին: Նա դասական է և ռոմանտիկ փոխնիփոխ. փիլիսոփա է, որ մերժում է փիլիսոփայության գլխավոր միջոցի` սյուժեի (թեմայի, առարկայի) վերլուծությունը: Գիտնական է, որը չի կարող կամ չի ուզում գործածել ամենազորեղ գործիքը` մաթեմատիկան: Նա նաև միստիկ է, սակայն բացառիկ միստիկ` գլխովին անձնատուր արտաքնայինի հայեցողությանն ու խորհրդածությանը: Նա փորձում է ստեղծել բնության այնպիսի կոնցեպցիա, որը չի հիմնվում ո՛չ Նյուտոնի, ո՛չ Աստծո վրա, համենայն դեպս այն Աստծո, որ առաջարկում են կրոնները: Նա մերժում է այն արարումը, որի անառարկելի հերքումն է տեսնում օրգանիզմների էվոլյուցիայի մեջ: Մյուս կողմից, նա չի ընդունում կյանքի` միայն ֆիզիկական ու քիմիական ուժերի միջոցով տրված բացատրությունը: Ինչպիսի~ բազմազանություն: Ապրելու և ըմբռնելու ի~նչ կամք, որին ամեն ինչ զոհաբերելու անսահման բացառիկ ուժն է նա դրսևորում: Գյոթեն չի ընկրկում երևութական ոչ մի հակասության առջև, եթե այդ հակասությունը հարստացնում է նրան, անկաշկանդորեն խզում է բոլոր կապերը, նույնիսկ ամե- նաքնքուշները: Կամենում է մոռացության տալ բոլոր դառնությունները, նույնիսկ սրտամոտ վշտերը, եթե այդ կապերն ու դառնությունները ավելի շատ կյանքը տալու երկյուղն են ներշնչում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Իր նախասիրած բույսերից մեկի նման նա մշտապես շրջվում է դեպի ամենալուսեղեն և ջերմագին պահը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Բնություն Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…