Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)
Քնարական հոգին նրա մեջ փոխադարձաբար տեղի է տալիս բուսաբանի հանգիստ ու համբերատար հոգուն: Նա սիրահար է և արարող, ուսյալ և նրբակիրթ: Նա համադրում է ազնվությունն ու պարզահոգությունը այն ցինիկությանը, որ Մեֆիստոֆելը փոխ է առել թերևս Ռամո զարմիկից: Նա գիտե բարձրագույն ազատությունը զուգորդել իր պետական պաշտոնավարության բծախնդիր ճշտապահությանը: Եվ վերջապես, սեփական հայեցողությամբ նա ստեղծում է Ապոլլոն և Դիոնիսոս, կոմիկականն ու հնադարյանը, դժոխք ու սանդարամետ, Աստված և սատանա: Այս բոլոր հակասությունները գերազանցում են նրան… Հզոր` իր կենսական ուժի մեջ, աննկուն` իր բանաստեղծական հրայրքում, տեր ու տնօրեն` սեփական հնարավորությունների հարցում, ազատ` ինչպես ստրատեգ, ներքին խուսավարումների դեպքում, անբռնազբոս` սիրո դեմ, անկաշկանդ ողբերգության հանդեպ, ազատական` զուտ մտածողության առջև, մտածողության մտածողության առջև, – Գյոթեն առանց ճիգ ու ջանքի, առանց մրցակցության իր ուրույն տեղն է գրավում ոգու աշխարհում և զբաղեցնում է այդ տեղը այնքան բացահայտորեն կամ ավելի շուտ` ստեղծում է այն, իր իսկ էությամբ սահմանում է դրա պայմանները այնքան ակնբախորեն, որ հենց 1818 թ. աստղաբանական մի անհրաժեշտությամբ պիտի կայանար գրեթե ցանկալի այն կոչն ու հանդիպումը. սքանչելի լինելու համար` չափից դուրս նախապատրաստված և ասես բանաստեղծական ճակատագրականությամբ խիստ տեղին պատվիրված այդ կոչն ու հանդիպումը Նապոլեոնի հետ:
Գյոթեն երբեք չմոռացավ այդ տեսակցությունը, անտարակույս, իր ամենամեծ հիշողությունը և իր հպարտության ադամանդը…
Գործուն բանականության վրա հիմնված գերիշխանությունը և ազատաշունչ բանականության գերիշխանությունը խորազննում են միմյանց, խոսակցում մի պահ… Բայց ի~նչ պահ: Անզուգական մի պահ, երբ կազմակերպված Հեղափոխության հերոսը, Արևմուտքի Դևը, Հզոր Զինյալը, Հաղթանակի Գայթակղիչը, նա, ում համար Ժոզեֆ Մեստրը ասում էր, թե նրա մասին գրված է Հայտնության մեջ, հրավիրում է Գյոթեին Էրֆուրտ, հրավիրում է և ցուցաբերում մարդավայել վերաբերմունք, այսինքն` հետը վարվում է հավասարի պես…
Ի~նչ պահ … Հենց տարեթիվը` 1808-ը, անգին մի պահ է, երբ իր գագաթնակետին է հասնում Աստղը: Կայսրին ուղղված ինքնին խոսուն մի պահ, երբ կարող են հնչել դաշինքի բախտորոշ բառերը. «Կանգնեցրո՛ւ ինձ… չքնաղ եմ ես»: Այդ պահը այնքան հրաշագեղ է, որ Եվրոպայի բոլոր միա- պետները Էրֆուրտում են, այդ թագակիր Ֆաուստի ոտքերի առջև… Սակայն նա չի մոռանում, որ լայն ապագայի առումով իր իսկական ճակատագիրը ճակատամարտերի ճակատագիրը չէ: Անշուշտ, աշխարհի բախտը իր ուժեղ ձեռքերում է, բայց իր անվան բախտը` գրիչ բռնող ձեռքերում: Նա գիտե, որ իր ողջ մեծաշուքությունը` վեհությունը այն կայսրի, որ երազում է միայն հետագայի մասին, որ ամեն հարցում երկնչում է անարգագրից ու հեգնանքից, վերջիվերջո կախում ունի տաղանդավոր մի քանի մարդկանց տրամադրությունից: Նա ուզում է իրեն ապահովագրել բանաստեղծներով և, քաղաքական նկատառումով, երկրի իշխաններից բացի իր շուրջն է համախմբում Գերմանիայի հռչակավոր գրողներին:
Զրույց է ծավալվում գրականության մասին: Վերթերն ու ֆրանսիական ողբերգությունը հիշատակվում են պատշաճ ժամանակը լցնելու համար: Սակայն բուն խնդիրը միանգամայն ուրիշ է: Թեև խոսակցության ընթացքում ոչինչ զգալ չի տալիս զուգադիպության, դեպքերի շաղկապման ողջ ծանրությունը, որ միմյանց դեմ հանդիման է կանգնեցրել կորսիկացի կայսրին և մարդուն, որ գերմանական միտքը կապում է կլասիցիզմի արևային ակունքին և կռահել է ձևի մաքրության հեշտագին գաղտնիքը, փաստերի, գաղափարների, հնարավորությունների այդ ամբողջ աշխարհը դժվարացնում է իրավիճակը: Սակայն նման զրույցում գերիշխողը մնում է շուք ու փայլը: Ամեն մեկն ուզում է հանգիստ ու բնական երևալ և ընտրում է իր ժպիտը: Երկու հիացողներ փորձում են հմայել միմյանց: Նապոլեոնը դառնում է Ոգու, նույնիսկ Գիր ու Գրականության կայսր: Գյոթեն այս դեպքում իրեն զգում է հենց Ոգու կրող: Թերևս կայսրը առավել ճիշտ է ընկալում իր իշխանության բուն էությունը, քան կարող էր դա պատկերացնել Գյոթեն:
Նապոլեոնը ավելի լավ, քան որևէ մեկը, գիտեր, որ իր իշխանությունը առավել, քան աշխարհի որևէ իշխանություն, անժխտելիորեն մոգական է. ոգու իշխանություն` մյուսների ոգու վրա, հմայություն: Նա ասում է Գյոթեին. «Դուք եք Մարդը»: (Կամ` Գյոթեի մասին. «Ահա Մարդը»:) Գյոթեն հուզվում է: Նա շոյվում է մինչև հոգու խորքը: Գերվում: Այս հանճարը, որ զմայլված է մյուս հանճարով, երբեք չի ազատվի այդ հմայանքից: Այն կմեղմանա 1813-ին, երբ ողջ Գերմանիան կշիկանա, և կայսրությունը տեղի կտա:
Դուք եք Մարդը: Մ ՞արդ… Այսինքն` ամեն բանի չափանիշ, այսինքն` անձնավորություն, որի կողքին մյուսները ուրվապատկերներ են, մարդկային բեկորներ, գրեթե մարդ, քանզի ամենևին նրանք չեն չափորոշում ամեն բան, ինչպես անում ենք մենք` Դուք և ես: Մեր մեջ, պարոն Գյոթե, կա լիակատարության տարօրինակ մի հատկություն, գործելու, կռահելու, վերափոխելու մոլուցք կամ ինչ-որ ճակատագրականություն, մեզնից հետո աշխարհը չթողնելու նման մինչ այդ եղածին…
Իսկ Գյոթեն, – սա այլևս իմ երևակայության արդյունքը չէ, – Գյոթեն խորհրդածում է և ապավինում Դիվայինի իր արտասովոր մտահղացմանը:
Եվ իրոք, երրորդ Ֆաուստի համար ի~նչ կերպար է Բոնապարտը:
Իրականում այս երկու նախագուշակների, նորագույն ժամանակների այս երկու մարգարեների միջև կա զարմանալի համանմանություն, որը երևան է գալիս միայն հեռավորության վրա, և ինձ համար ակներև մի համաչափություն, թեկուզ աշխարհում ամենից քիչ ես հակված լինեմ դա տեսնելու: Թերևս ես դրանից արտածեմ միանգամայն մտացածին մի հայեցակարգ, սակայն այդ մասին դատեք նրա բնույթից: Բավական է մի հայացք նետել` նկատելու համար:
Թե՛ մեկը, թե՛ մյուսը արտասովոր ուժի և ազատության ոգի են. Բոնապարտը, որ փոթորկում է իրա- կանության մեջ, մոլեգնորեն, խելահեղորեն մղում այն առաջ և վերափոխում, որ ղեկավարում է դեպքերի նվագախումբը կատաղի շարժումով և մարդկային գործերի իրական ընթացքին հաղորդում ուրվատեսլական ցնորքի արագություն և անձկալից շահախնդրություն…, ամենուր է. նա շահում է ամեն տեղ, նրա փառքին սնունդ է տալիս մինչև իսկ դժբախտությունը: Նա հրամաններ է արձակում կետ առ կետ ամեն կետի համար: Ընդսմին, լիակատար գործողության, այսինքն` պատկերացված գործողության իդեալական օրինակը, որ կառուցվում է մտքում ամենայն մանրամասնությամբ ու անհավատալի ճշգրտությամբ և իրագործվում լիցքաթափվող գիշատչի արագությամբ ու բովանդակ եռանդով, ապրում է նրա մեջ և բնորոշում է նրան ճշգրտորեն: Լիակատար գործողության համար ստեղծված մարդու այս կազմակերպվածությունը, այս հատկանշական գիծը, անտարակույս, նրան տալիս է անտիկ տեսք, ինչը նկատել են հաճախ:
Նա մեզ թվում է հնադարից եկած, ինչպես Կեսարն է թվում ժամանակակից, քանզի թե՛ մեկը, թե՛ մյուսը կարող են հայտնվել ու գործել բոլոր ժամանակներում: Հզոր ու ճշգրիտ երևակայությունը չի ճանաչում իրեն խոչընդոտող ավանդույթներ, իսկ ինչ վերաբերում է նորույթներին, ապա դրանցից գլուխ է հանում: Լիակատար գործողությունը միշտ և ամենուր գտնում է իշխելու առարկա: Նապոլեոնը ունակ է հասկանալու և կառավարելու բոլոր ցեղերին: Նա կարող է գլխավորել արաբներին, հինդուներին, մոնղոլներին, ինչպես առաջնորդեց նեապոլցիներին Մոսկվա, իսկ սաքսոններին` Կադիքս: Սակայն Գյո- թեն իր ոլորտում դիմում է, հրավիրում և ուղղորդում Եվրիպիդեսին, ինչպես Շեքսպիրը, Վոլտերը` Եռամեծին, Դիդրոն` Հոբին, Աստված` սատանային: Նա ընդունակ է դառնալու Լիննեյ և դոն Ժուան, հիանալու Ժան-Ժակով և Մեծ դքսի պալատում հարթելու նրբավարության հետ կապված անախորժությունները: Ե՛վ Գյոթեն, և՛ Նապոլեոնը երբեմն տեղի են տալիս, յուրաքանչյուրն ըստ իր խառնվածքի, արևելյան հմայքին: Բոնապարտը իսլամի մեջ արժևորում է պարզ ու ռազմական կրոնը: Գյոթեն արբենում է Հաֆիզով, երկուսն էլ հիանում են Մուհամմեդով … Բայց առավել եվրոպական ի՞նչ կարող է լինել, քան Արևելքով հրապուրվելը: