Ռուբիկոն

Գյոթե (Ասում են Գյոթե, ինչպես կասեին Օրփեոս)

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Երկուսն էլ ներկայացնում են ամենամեծ դարաշրջանների հատկանշական գծերը: Նրանք միաժամանակ խորհել են տալիս առասպելական հնադարի և դասական հնադարի մասին: Ահա և նմանության մեկ ուրիշ նշանակալի եզր. երկուսն էլ գաղափարախոսությանը վերաբերվում են քամահրանքով: Զուտ հայեցողությունը խորթ է թե՛ մեկին, թե՛ մյուսին: Գյոթեն չի ուզում խորհել մտածողության մասին: Բոնապարտը արհամարհում է այն, ինչ միտքը կառուցում է առանց պահանջելու հիմնավորում, ճշգրտում, իրագործում, դրական ու շոշափելի արդյունք:

Վերջապես, երկուսն էլ կրոնների հանդեպ ցուցաբերում են միմյանց հետ բավականաչափ համեմատելի վերաբերմունք, ուր տեղ են գրավում շրջահայացությունը և արհամարհանքը: Երկուսն էլ համամիտ են կրոններն իբրև քաղաքական կամ դրամատիկ միջոցներ կիրառելու հարցում առանց խտրություն դնելու դրանց միջև և դրանց մեջ տեսնում են միայն իրենց համապատասխան թատերաբեմերի խթանիչներ:

Մեկը ամենաիմաստունն է, անշուշտ, մյուսը` թերևս մահկանացուներից ամենախելահեղը, սակայն դրանով իսկ թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխարհի ամենաառինքնող անձնավորություններն են: Նապոլեոնը, որ հոգին է շանթ ու որոտի, մարդկային հավաքների ու հրայրքի կիզակետի, որոնք նախապատրաստվում են գաղտնի և իրագործվում մոլեգնորեն, բնական աղետների նման գործում է ավելի շատ անակնկալորեն, քան ուժգնությամբ. մի խոսքով` հրաբխայնություն, որ կիրառվում է ռազմական արվեստում և նույնիսկ բանեցվում քաղաքականության մեջ, քանզի խնդիրը վերաբերում է նրա միջոցով աշխարհը տասը տարում վերաստեղծելուն:

Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս մեծ տարբերությունը: Գյոթեն չի սիրում հրաբուխներ: Նրա երկրաբանությունը, ինչպես նրա ճակատագիրը, դատապարտում է դրանք: Նա որդեգրել է աննկատ վերափոխությունների խորին համակարգը: Գյոթեն համոզված է, ասես սիրահարված բնության` մոր նման համրաքայլ, հուշիկ ընթացքին: Նա կապրի երկար: Մի երկար կյանք, լիարժեք, վսեմ ու հեշտալից մի կյանք: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ աստվածները դաժան չեն եղել նրա հանդեպ: Չկա մի մահկանացու, որ կարողանար այդքան բարեհաջող կերպով միավորել ստեղծարար վայելքները վատնող ու սպառող վայելքներին: Նա կարողացավ իր գոյության մանրուքներին, իր զվարճալիքներին, մինչև իսկ աննշմար տաղտուկին հաղորդել համակողմանի հետաքրքրություն: Խորհուրդ է խորին` ամեն ինչ նեկտարի վերածել մտքերի համար:

Իմաստուն` ասում են մեզ. իմաստո՞ւն: Այո, դիվական այն ամենով հանդերձ, որ անհրաժեշտ է կատարյալ լինելու համար, և վերջապես ոգու ազատության մեջ բացարձակի ու անքակտելիի այն մասնաբաժնով, որ հարկավոր է սատանային իրեն ծառայեցնելու և ի վերջո հիմարացնելու համար:

Իր կյանքի մայրամուտին, Եվրոպայի սրտում, բազում երևելի մտքերի ուշադրության և հիացմունքի կենտրոն դարձած և ամենամեծ հետաքրքրություն- ների կիզակետը իր մեջ կրող, ապրելու արվեստին տիրապետող և կյանքի համն ու հոտը խորացնող, ամենահմուտ և ամենաազնիվ վարպետը ապրեց իր լուսեղեն ծերությունը իր հնամենի իրերի, հերբարիումների, փորագրանկարների, գրքերի կողքին, իր խոհերի և մտերիմների հետ: Կյանքի վերջալույսին չկա նրա շուրթերից ելած որևէ բառ, որ չդառնա կանխատեսություն: Նա կատարում է մի տեսակ բարձրագույն ֆունկցիա, եվրոպական մտքի մագիստրատուրայի դեր, որն ավելի մեծարելի է ու շքեղաշուք, քան Վոլտերինը, քանզի նա կարողացավ ինչպես հարկն է օգուտ քաղել այն սխալներից ու մոլորություններից, որ գործեց մյուսը, առանց հանձանձելու ատելություն ու ոխ, առանց շարժելու դժգոհություն ու զայրույթ, որ բորբոքել էր վերջինս: Նա զգում է, թե ինչպես է դառնում փղոսկրից ու ոսկուց կերտված վեհաշուք ու ճաճանչափայլ Յուպիտեր` լույսի աստված, որը բազում ձևերի ներքո այցի է գնացել անհամար գեղեցկությունների, ստեղծել անհատնում հմայք ու թովչանք: Նա տես- նում է իրեն շրջապատված աստվածություններով, որոնց մի մասը իր բանաստեղծական արարումներն են, մյուսները` շատ թանկ ու հարազատ իր գաղափարները, իր կերպարանափոխությունը, հակա- նյուտոնյան գույները և խիստ մտերմիկ մտատեսիլները, իր դևերը, իր ոգիները…

Այդ աստվածացման բոսորացոլ հեռուներում նրան հայտնվում են նաև իրեն հավասարազոր հատու- կենտ դեմքեր: Նապոլեոնը թերևս նրա ամենամեծ հիշողությունն է, որի հայացքը դեռ մնում է նրա աչքերում:

Վոլֆգանգ Գյոթեն վախճանվելու է կայսրի մահվանից ավելի քան տասը տարի անց, գողտրիկ Վայմարում, որ նրա համար դառնում է մի տեսակ սքանչելագեղ Սուրբ Հեղինե, քանզի աշխարհի հայացքը սևեռված է նրա բնակատեղիի վրա, ինչպես Լոգվուդի, և նա նույնպես ունի իր Լաս Կասեսները և Մոնթոլոները, որ կոչվում են Մյուլլեր և Էքերման: Օգոստոսափառ ի~նչ մայրամուտ: Ի~նչ հայացք` իր լիարժեք ու ոսկեփայլ կյանքի վրա, երբ զառամյալ տարիքում նա խորազննում է, ի~նչ եմ ասում, դեռևս շարունակում է կերտել հոգևոր անհուն հարստությունների               չքնաղությամբ               օժտված             սեփական մթնշաղը, հոգևոր անհուն հարստություններ, որ ժողովել էր նրա ջանասիրությունը և որ շաղ էր տվել նրա հանճարը:

Այժմ արդեն Ֆաուստը կարող է ասել. «Ակնթա՛րթ, չքնաղ ես դու… Համաձայն եմ ես մահն ընդունելու…»:

Սակայն մահվան ո՞ր տարեթիվը դու կհամաձայնես ընդունելու: 1832՞-ը: Ո՛չ: Արդյո՞ք դա կլինի 1932-ը: Կապրե՞ս այս դարը, որի հերթական տարին քեզ այնքան գովեստներ շռայլեց ու փառաբանեց ամբողջ հողագնդով մեկ:

Թե՞ դու տեղի ես տալու աշխարհի տարօրինակ նորույթին և դադարելու ես ընթերցվելուց, հասկանալի լինելուց:

Քանզի հենց սա է մեծ մարդու երկրորդ և վերջնական մահը:

Մենք` Հետնորդներս, իսկապես չենք կարող մեր կյանքից փոքր-ինչ փոխ տալ մեռյալներին, ինչպես «Ոդիսևսում» գոլորշարձակ, թարմ արյամբ լի պատրաստված փոսը, որպեսզի ստվերները գան ու ճաշակեն` մի քանի րոպե նորից կյանքի կոչվելու համար, որպեսզի կարողանան դարձյալ փոքր-ինչ խոսել իրենց հարցուփորձ անող ողջերի հետ:

Մենք կարող ենք Գյոթեի հարյուրամյա այս գոյությունը երկարաձգել միայն այն դեպքում, երբ նրան կոգեկոչենք ոչ միայն մեր շրջանում, այլև ՄԵՐ ՄԵՋ` մեր արյունը ճաշակելուց հետո:

Մեր արյունը ճաշակելուց հետո, այսինքն` եթե մենք կարողանանք նրան ոգեկոչել այնպես, որ նա համակվի մեր իսկ երկյուղներով, որ նրան էլ հետապնդեն մեր սեփական պրոբլեմները և հանգիստ չտան մեր գիտելիքների բազմազանությունը, որ նրան էլ տագնապի մատնեն մեր նախազգացումները և հեղեղեն մեր կողմից տրվող և մեզ իսկ վերաբերող հարցերի տարափները:

Հետմահու ինչպիսի~ հարցաշար…

Ինչպես պատերազմի ժամանակ երբեմն հարցեր էին հղում կայսեր ստվերին` ասելով.

–Նապոլեոն, ի՞նչ ես անում հիմա: Ինչպե՞ս դուրս կգայիր այս խրամատներից, այս թունավոր գո- լորշիներից, միլիոնավոր գնդակների այս տարափի տակից: Ինչպիսի՞ ռազմավարություն կստեղծեր ռեսուրսներով լի քո ռազմաճակատը: Թող պատասխանի քո ստվերը…

Այդպես էլ մեր պղտոր ոի խառնակ ժամանակներում հրապարագիրը կհարցներ Գյոթեի ուրվականին.

–Խոսի՛ր մեզ հետ, մեծ Մտածող, տե՛ս, թե ուր ենք հասել… Դու կանխատեսեցիր բոլորովին նոր աշխարհի գալուստը: Երկրորդ «Ֆաուստում» գրեցիր էջեր, որտեղ կարելի է գտնել մեր մոլորյալ քաղաքականության, տակնուվրա եղած տնտեսության, մեր ցնորադիվային վիճակի որոշ նախատիպը: Ի՞նչ կասես մեր արվեստների, գրականության, բարքերի մասին և ի՞նչ կասես հրաշալի, բայց տագնապահարույց, ամենակարող, բայց ասես խառնաշփոթ մեր գիտությունների մասին, որոնք ի վերջո գտնում են անըմբռնելին և անսահմանելին` չափից դուրս առաջ մղելու համար խստագույն ու նուրբ հետազոտությունը: Կարո՞ղ ես մեզ համար կանխատեսել Մարդու մթնշաղը, քաղաքակրթությունների վախճանը, կկարողանա՞ս այս խառնիճաղանջ ու մութ ժամանակաշրջանում մնալ նունքան օլիմպացի, որքան եղել ես: Կհակադրեի՞ր ազատ ոգին ամփոփող և վեր խոյացնող տաճարի մարմարն ու վեհությունը մարդկանց խուժդուժ կյանքին, խորշելի աճապարանքին, համընդհանուր անձկությանը, ինչպես վարվեցիր Հեղափոխության համեմատաբար պակաս աղետների ժամանակ:

Ես չգիտեմ, թե ինչ կպատասխաներ մեծ Ստվերը, սակայն պատկերացնում եմ նրան, որ ծանրութեթև է անում, թե ինչ ենք մենք արել իր հռչակի և մտքի հետ: Առավել գրգռիչ ի՞նչ կարող է լինել մի հետաքրքրասեր մտածողի համար, քան քննել, թե ինչ են դարձել իր անձն ու գործը հարյուր տարի անց, այն ժամանակ, երբ դրանք հանդիսավորապես են հիշվում մեր առջև: Արդի դարաշրջանի սերնդի առջև… Գյոթեն հարություն է առել այս տարի նրա մասին գրված բոլոր երկերով, նա մասնակցում է ժողովների, այցելում է ցուցահանդեսներ, ուր հանրությանը հրամցված են բազմաթիվ իրեր, վավերագրեր: Նա ներկա է եղել տոնակատարություններին, արարողություններին, գիտաժողովներին… Թերևս լսում է ինձ:

Նա լսում է նաև իր զրպարտիչներին, նրանց, ովքեր կարդում են իր երկրորդ մահվան վճիռը և հայ- տարարում իր ազդեցության վախճանը: Պատկերացնելու ի~նչ մենախոսություն է իր ոգու խլյակները և փառքի ավերակները հայող մեծագույն մտածողի այս մենախոսությունը: Ի~նչ մենախոսություն` ԵՐՐՈՐԴ ՖԱՈՒՍՏԻ համար, քանի դեռ սպասում ենք ուրիշ Ֆաուստների, քանի դեռ սպասում ենք այն Ֆաուստին, որ գրվելու է թերևս ժամանակների վախճանին իբրև հավանական գիրք:

Ֆրանսերենից թարգմանությունը` Արուս Բոյաջյանի

Paul Valéry “Vues” 

“La Table Ronde” 1994

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Գյոթեի լռության մասին Յոզեֆ Փիփեր Մարդիկ մեր վարդապետներն են խոսքի մեջ, աստվածները` լռության: Պլուտարքոս Կան, ինչպես երևում է, բաներ, որոնք մեզ, ինչ ինտեսիվությամբ էլ դրանք շարունակ ծրագրենք ու նպատակադրենք, այնուամենայնիվ, հաջողվում են միայն այն դեպքում, երբ մեզ, առանց մեր… Փիլիսոփայություն Բնություն Ռալֆ Ուոլդո Էմերսըն Օղերն անհամար իրար են հաջորդում, Նրբահյուս ու կուռ է շարանն անհատնում: Աչքն ամենուր նշաններ է վերծանում. Թարգմանի պետք չունի վարդի լեզուն. Կյանքի կերպերը գալար առ գալար փորսող անցնելով, Մարդ է փափագում դառնալ թրթուրն անոսկոր: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ… Փիլիսոփայություն Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր Ռուդոլֆ Շտայներ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ Մեծ անհատականությունների կայացման առեղծվածն իր ուրույն տրամաբանությամբ, մշակութային ժամանակի ելևէջներին թողած իր հետագծերով, աստիճանաբար ուրվագծում է պեղումնաբանական այնպիսի քարտեզներ, որոնք ակամայից դառնում են նոր…