Ռուբիկոն

Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Լյուդվիգ Վիտգենշտայն

1          Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում:

1.1       Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի:

1.11      Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են:

1.12      Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում:

1.13      Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ:

1.2       Աշխարհը տարբաժանվում  է փաստերի:

1.21      Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը:

2          Տեղի ունեցողը` փաստը, իրադարձությունների գոյություն է:

2.01      Իրադարձությունը առարկաների (բաների, իրերի) կապն է:

2.11      Իրի համար էական է, որ այն կարող է լինել որևէ իրադարձության բաղադրիչ մաս:

2.12      Տրամաբանության մեջ պատահական ոչինչ չկա. եթե իրը կարող է հանդիպել որևէ իրադարձության մեջ, ապա իրադարձությանհնարավորությունն արդեն պետք է դրված լինի իրի մեջ:

2.0121  Պատահականություն կթվար, եթե իրը, որ կարող էր գոյություն ունենալ ինքնըստինքյան, հետագայում մտներ որևէ իրադրության մեջ:

Եթե իրերը կարող են մտնել իրադարձությունների մեջ, ապա դա պետք է ներդրված լինի նրանց մեջ:

(Տրամաբանականը չի կարող միայն հնարավոր լինել: Տրամաբանությունը գործ ունի բոլոր հնարավորությունների հետ, և բոլոր հնարավորությունները իր փաստերն են:)

Այնպես, ինչպես մենք չենք կարող տարածական առարկաներն ընդհանրապես մտածել տարածությունից դուրս, ժամանակայինները` ժամանակից դուրս, այդպես էլ չենք կարող ոչ մի առարկա մտածել ուրիշի հետ կապի մեջ լինելու հնարավորությունից դուրս:

Եթե ես կարող եմ մտածել առարկան իրադարձության համատեքստում, ապա չեմ կարող մտածել այն այդ համատեքստի հնարավորությունից դուրս:

2.0122 Իրը ինքնուրույն է, քանի որ կարող է հանդես գալ բոլոր հնարավոր իրադրությունների մեջ, սակայն ինքնուրույնության այս ձևը կապի ձև էիրադարձության հետ, անինքնուրույնության մի ձև: (Անհնար է, որ բառերը հանդես գան երկու տարբեր եղանակներով` առանձին և նախադասությանմեջ:)

2.0123  Եթե ես գիտեմ առարկան, ապա գիտեմ նաև իրադարձության մեջ նրա հանդես գալու բոլոր հնարավորությունները: (Յուրաքանչյուր այդպիսի հնարավորություն պետք է դրված լինի առարկայի բնության մեջ:)

Հետին թվով անկարելի է գտնել նոր հնարավորություն:

2.01231 Առարկան գիտենալու համար ես չպետք է իմանամ նրա արտաքին հատկությունները, սակայն պետք է իմանամ նրա բոլոր ներքինհատկությունները:

2.0124  Եթե բոլոր առարկաները տրված են, ապա դրանով տրված են նաև բոլոր հնարավոր իրադարձությունները:

2.13      Յուրաքանչյուր իր գոյություն ունի ասես հնարավոր իրադարձությունների տարածության մեջ: Այդ տարածությունը ես կարող եմ մտածել որպեսդատարկ, բայց չեմ կարող իրը մտածել առանց տարածության:

2.0131  Տարածական առարկան պետք է գտնվի անվերջ տարածության մեջ: (Տարածական կետը արգումենտի տեղն է:)

Բիծը տեսադաշտում (անհրաժեշտաբար) չպետք է լինի կարմիր, սակայն այն պետք է գույն ունենա: Այն, այսպես ասած, ներառված է գունային տարածության մեջ: Տոնը պետք է որոշակի բարձրություն ունենա, շոշափելիքի զգայության առարկան` որոշակի կարծրություն, և այլն:

2.14      Առարկաները բովանդակում են բոլոր իրադրությունների հնարավորությունը:

2.0141  Առարկայի հանդես գալու հնարավորությունը իրադարձության մեջ առարկայի ձևն է:

2.02      Առարկան պարզ է:

2.0201  Յուրաքանչյուր պնդում կոմպլեքսների մասին տարրալուծելի է դրանց տարրերի մասին պնդումների և նախադասությունների, որոնք նկարագրումեն այդ կոմպլեքսներն սպառիչ կերպով:

2.021    Առարկաները կազմում են աշխարհի սուբստանցը: Ահա ինչու դրանք չեն կարող լինել բաղադրյալ:

2.0211  Եթե աշխարհը չունենար սուբստանց, ապա նախադասության իմաստ ունենալը կամ չունենալը կախված կլիներ մեկ այլ նախադասության ճշմարտացի լինելուց:

2.0212  Այդ դեպքում անհնար կլիներ կազմել աշխարհի պատկեր (ճշմարիտ կամ կեղծ):

2.022    Ակնհայտ է, որ իրական աշխարհից դեռ այդքան տարբեր մտածված աշխարհը նույնպես պետք է դրա հետ ունենա ընդհանուր ինչ-որ բան` ձև:

2.023    Այս կայուն ձևն էլ կազմված է հենց առարկաներից:

2.0231  Աշխարհի սուբստանցը կարող է որոշարկել միայն ձևը և ոչ մատերիական հատկությունները: Քանի որ դրանք ներկայացվում են միայն նախադասություններով,– կազմվում են առարկաների կոնֆիգուրացիաների միջոցով:

2.0232  Ի դեպ, առարկաներն անգույն են:

2.0233  Տրամաբանական միևնույն ձևն ունեցող երկու առարկաները, անկախ իրենց արտաքին հատկություններից, տարբերվում են իրարից միայն նրանով, որ տարբեր են:

2.02331 Կամ իրը ունի հատկություններ, որոնք չունի ոչ մի ուրիշ իր, և այդ դեպքում այն կարելի է առանց այլևայլության առանձնացնել այլ իրերից նկարագրության միջոցով և հղում անել նրան, կամ կան շատ իրեր ընդհանուր հատկություններով, և այդ դեպքում ընդհանրապես անհնար է ցույց տալ նրանցից մեկը:

            Չէ՞ որ, եթե իրը ոչնչով չի առանձնանում, այն հնարավոր չէ առանձնացնել, այլապես այն արդեն առանձնացած կլիներ:

2.024    Սուբստանցն այն է, ինչը գոյում է անկախ տեղի ունեցողից:

2.025    Սուբստանցը ձև և բովանդակություն է:

2.0251  Տարածությունը, ժամանակը և գույնը (գունավորությունը) առարկաների ձևերն            են:

2.026    Միայն առարկաների առկայությամբ կարող է լինել աշխարհի կայուն ձև:

2.027    Կայունը, առկան և առարկան մեկ են:

2.0271  Առարկան կայունն է, առկան. կոնֆիգուրացիան փոփոխականն է, անկայունը:

2.0272  Առարկաների կոնֆիգուրացիան կազմում է իրադարձություն:

2.03      Իրադարձության մեջ առարկաները կապված են իրար, ինչպես շղթայի օղակները:

2.031    Իրադարձության մեջ առարկաները հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

2.032    Ձևը և եղանակը, որով առարկաները կապված են իրադարձության մեջ, իրադարձության կառուցվածքն են:

2.033    Փաստի կառուցվածքը կազմվում է իրադարձության կառուցվածքներից:

2.04      Առկա իրադարձությունների համակցությունն աշխարհն է:

2.05      Առկա իրադարձությունների համակցությունը որոշարկում է նաև այն, թե որ իրադարձությունները չկան:

2.06      Իրադարձությունների լինելն ու չլինելը իրականությունն է: (Իրադարձությունների լինելը մենք անվանում ենք նաև պոզիտիվ փաստ, իսկ չլինելը` նեգատիվ փաստ:)

2.061    Իրադարձությունները կախված են մեկը մյուսից:

2.062    Որևէ իրադարձության լինելուց կամ չլինելուց չի կարելի եզրակացնել մեկ այլ իրադարձության լինելու կամ չլինելու մասին:

2.063    Ամբողջ իրականությունը աշխարհն է:

2.1       Մենք կազմում ենք փաստերի պատկերներ:

2.11      Պատկերը ներկայացնում է իրադրությունը տրամաբանական տարածության մեջ, ներկայացնում է իրադարձությունների լինելը և չլինելը:

2.12      Պատկերը իրականության մոդելն է:

2.13      Առարկաներին պատկերի մեջ համապատասխանում են պատկերի տարրերը:

2.131    Առարկաները ներկայանում են պատկերիմեջ որպես պատկերի տարրեր:

2.14      Պատկերը կազմված է այնպես, որ իր տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…