Ռուբիկոն

Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

            (Պարզ է նաև, որ վարձատրումը պետք է լինի հաճելի ինչ-որ բան, իսկ պատիժը`տհաճ:)

6.423    Խոսել կամքի մասին որպես էթիկականի կրողի, անհնար է:

            Կամքը որպես ֆենոմեն հետաքրքրում է միայն հոգեբանությանը:

6.43      Եթե բարի կամ չար կամքը փոխում է աշխարհը, ապա այն կարող է փոխել միայն աշխարհի սահմանները, ոչ փաստերը, ոչ այն, ինչը կարող է արտահայտվել լեզվով:

Կարճ ասած, աշխարհը պետք է ընդհանրապես դառնա ուրիշ: Այն պետք է այսպես ասած փոքրանա կամ մեծանա:

            Երջանիկի աշխարհը տարբեր է դժբախտի աշխարհից:

6.431    Ինչպես նաև մահվան հետ աշխարհը ոչ թե փոխվում է, այլ դադարում:

6.4311  Մահը կյանքի իրադարձություն է: Մարդը չի վերապրում մահը: Եթե հավերժության տակ հասկանանք ոչ թե ժամանակի անվերջ տևողություն, այլ անժամանակայնություն, ապա հավերժ ապրում է նա, ով ապրում է ներկայով:

            Ըստ այդմ մեր կյանքն անվերջ է ճիշտ այնպես, ինչպես անսահման է մեր տեսադաշ       տը:

6.4312  Մարդկային հոգու ժամանակային անմահությունը, ինչը նշանակում է նրա հավերժական կյանքը նաև մահվանից հետո, ոչ միայն ոչ մի կերպ չի հաստատվում, այլև չի արդարացնում այդ ենթադրության հետ կապվող հույսերը: Մի՞թե որևէ հանելուկ կլուծվեր, եթե ես ապրեի հավերժ: Մի՞թե այդ հավերժ կյանքը նույնպես հանելուկային չէ: Տարածության և ժամանակի մեջ կյանքի հանելուկի լուծումը տարածությունից և ժամանակից դուրս է:

            (Չէ՞ որ այստեղ խոսքը բնագիտական պրոբլեմ լուծելու մասին չէ:)

6.432    Թե ինչպես է գոյում աշխարհը, Բարձրյալի համար կատարելապես միևնույն է: Աստված չի հայտնակերպվում աշխարհի մեջ:

6.4321  Բոլոր փաստերը պատկանում են առաջադրանքին, ոչ լուծմանը:

6.44      Միստիկականը այն չէ, թե ինչպես է գոյում աշխարհը, այլ ինչ է աշխարհը:

6.45      Աշխարհի հայեցողությունը sub specie aeterni նրա հայեցողությունն է որպես սահմանափակ ամբողջի:

            Աշխարհի զգացողությունը որպես սահմանափակ ամբողջի միստիկականն է:

6.5       Պատասխանի համար, որը հնարավոր չէ արտաբերել, հնարավոր չէ արտաբերել նաև հարց:

            Հանելուկ չկա:

            Եթե ընդհանրապես հնարավոր է հարց բարձրացնել, ապա դրան կարելի է նաև պատասխանել:

6.51      Սկեպտիցիզմը անհերքելի չէ, այլ` ակներևաբար անիմաստ, եթե կասկածի տակ է առնում այնտեղ, որտեղ հնարավոր չէ հարցնել:

Կասկածը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ հարց կա, հարցը կարող է լինել այնտեղ, որտեղ կա պատասխան, իսկ պատասխանը միայն այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ բան ասվել:

6.52      Մենք զգում ենք, որ անգամ երբ բոլոր հնարավոր գիտական հարցերին տրվել են պատասխաններ, մեր կյանքային պրոբլեմները բնավ շոշափված չեն: Այդժամ իհարկե ոչ մի հարց էլ չի մնում. և հենց սա է պատասխանը:

6.521    Կյանքի պրոբլեմի լուծումը մենք նկատում ենք այդ պրոբլեմի անհետացման հետ միայն:

(Սա չէ՞ արդյոք պատճառը, որ մարդիկ, որոնց երկար ժամանակ հետո պարզ է դարձել կյանքի իմաստը, չեն կարողանում այնուհետև ասել, թե որն է այդ իմաստը:)

6.53      Իսկապես գոյություն ունի անարտաբերելին: Այն ցույց է տալիս իրեն, դա միստիկա        կանն է:

6.53      Փիլիսոփայության ճիշտ մեթոդը կլիներ ըստ էության հետևյալը. չասել ոչինչ բացի նրանից, ինչը կարելի է ասել, այն է` բնագիտության դրույթներից և հետևաբար մի բան, որը կապ չունի փիլիսոփայության հետ: – Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկանար մետաֆիզիկական բան ասել, ապացուցել նրան, որ նա ոչ մի նշանակություն չի հաղորդել իր նախադասութ    յունների որոշակի նշաններին: Այդ մեթոդը բավարար չէր լինի զրուցակցի համար, նա չէր ունենա զգացում, թե մենք նրան փիլիսոփայություն ենք սովորեցնում, բայց հենց այս մեթոդը կլիներ միակ անթերի ճիշտը:

6.54      Իմ նախադասությունները պարզաբանում են. նա ով կհասկանա ինձ, բարձրանալով դրանց միջոցով, դրանց վրա և դրանցից վեր, ի վերջո անիմաստ կճանաչի դրանք: (Նա պետք է, այսպես ասած, մի կողմ նետի աստիճանը դրանցով բարձրանալուց հետո:)

Նա պետք է հաղթահարի այս նախադասությունները, այդժամ կտեսնի աշխարհը ճիշտ կերպով:

7          Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել:

            Գերմաներենից թարգմանությունը`Սերգեյ Ստեփանյանի

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից Էմիլ Սիորան Մտածել ինքդ քո դեմ Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…