Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)
3.3 Միայն նախադասությունն ունի իմաստ. միայն նախադասության համատեքստում է անունը ստանում իմաստ:
3.31 Նախադասության յուրաքանչյուր մաս, որ բնորոշում է դրա իմաստը, ես անվանում եմ արտահայտություն (սիմվոլ): (Նախադասությունն ինքըարտահայտություն է:)
Արտահայտությունը նախադասության իմաստի համար այն ամեն էականն է, որ կարող են միմյանց հետ ընդհանուր ունենալ նախադասությունները:
Արտահայտությունը տարբերանշում է ձևը և բովանդակությունը:
3.311 Արտահայտությունը ենթադրում է նախադասությունների այն բոլոր ձևերը, որոնց մեջ կարող է մտնել: Այն նախադասությունների որոշակի դասի ընդհանուր բնորոշ ցուցանիշն է:
3.312 Ուստի արտահայտությունը ներկայացվում է նախադասությունների ընդհանուրձևի միջոցով:
Ընդ որում, այս ձևի մեջ արտահայտությունը հաստատուն է, իսկ մնացյալ ամեն բան` փոփոխական:
3.313 Այնպես որ, արտահայտությունը ներկայացվում է փոփոխականի միջոցով, որի արժեքները արտահայտությունը բովանդակող նախադասություններն են:
(Սահմանային դեպքում փոփոխականը դառնում է հաստատուն, արտահայտությունը` նախադասություն:)
Ես կոչում եմ այսպիսի փոփոխականը «նախադասության փոփոխական»:
3.314 Արտահայտությունը նշանակություն ունի միայն նախադասության մեջ: Յուրաքանչյուր փոփոխական կարելի է ըմբռնել որպես նախադասության փոփոխական:
(Նաև փոփոխական անունը:)
3.315 Որևէ նախադասության բաղադրիչ մասը փոփոխականի վերածելը տալիս է նախադասությունների դաս, որոնք միասին կազմում են այդպես առաջացած փոփոխական նախադասության արժեքները:
Այդ դասը ընդհանուր առմամբ կախված է նրանից, թե ինչ արժեքներ ենք մենք կամայականորեն վերագրում այդ նախադասության մասերին: Բոլոր նշանները փոփոխականների վերածելու դեպքում, որոնց նշանակությունները որոշարկված են կամայականորեն, այդպիսի դասը նույնպես կպահպանվի: Սակայն այդ դասը կախված է արդեն ոչ թե մեր համաձայնությունից, այլ նախադասության բնույթից: Այն համապատասխանում է տրամաբանական ձևին, տրամաբանական նախատիպին:
3.316 Թե ինչ արժեքներ պիտի ընդունի նախադասության փոփոխականը, նախապես հաստատված է:
Արժեքների հաստատումը փոփոխականն է:
3.317 Նախադասության փոփոխականի արժեքների հաստատումը նախադասությունների նշումն է, որոնց ընդհանուր ցուցանիշը փոփոխականն է:
Հաստատումը այդ նախադասությունների նկարագրությունն է:
Հաստատումը, ուրեմն, գործ ունի միայն սիմվոլների հետ, բայց ոչ դրանց նշանակության:
Եվ հաստատման համար էական է միայն, որ այն սոսկ սիմվոլների նկարագրություն է և չի ասում ոչինչ նշանակյալի մասին:
Թե ինչպես է տեղի ունենում նախադասությունների այդ նկարագրությունը, անէական է:
3.318 Նախադասությունը ես, ինչպես Ռասսելը և Ֆրեգեն, հասկանում եմ որպես նրանում բովանդակված արտահայտությունների ֆունկցիա:
3.32 Նշանը սիմվոլի մեջ զգայականորեն ընկալելին է:
3.321 Հետևաբար երկու տարբեր սիմվոլները կարող են ունենալ ընդհանուր նշան (գրավոր կամ ձայնային և այլն). այդ դեպքում նրանք նշանակում են տարբեր ձևով:
3.322 Երկու առարկաներ միևնույն նշանով նշանակելը նշանակման տարբեր եղանակներով չի կարող ցույց տալ այդ առարկանե րի ընդհանուր հատկանիշը: Չէ՞ որ նշանը կամայական է: Հետևաբար կարելի էր ընտրել նաև տարբեր նշաններ, այդ դեպքում ո՞ւր կմնար նշանակման մեջ եղածընդհանուրը:
3.323 Առօրյա լեզվում հաճախ է պատահում, որ միևնույն բառը նշանակում է տարբեր ձևով,– այսինքն` պատկանում է տարբեր սիմվոլների,– կամ էլ երկու բառեր, որոնք նշանակում են տարբեր ձևով, արտաքուստ նախադասության մեջ գործածվում են նույն ձևով:
Այսպես, «է»բառը հանդես է գալիս որպես կապ, որպես նույնության նշան և որպես գոյության արտահայտություն. «գոյել» բառը գործածվում է ինչպես «գնալ» անանցողական բայը. «նույնականը»` որպես ածական. մենք խոսում ենք ինչ-որ բանի (Etwas) մասին, բայց նաև այն մասին, որ ինչ-որ բան (etwas) տեղի է ունենում:
(«Կանաչը կանաչ է» նախադասության մեջ, որտեղ առաջին բառը հատուկ անուն է, իսկ երկրորդը` ածական, այդ բառերը ոչ միայն տարբեր նշանակություն, այլև տարբեր սիմվոլներ ունեն:)
3.324 Այսպես հեշտությամբ գոյանում են ամենաֆունդամենտալ փոխարինումները (որոնցով լի է ամբողջ փիլիսոփայությունը):
3.325 Այս սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նշանների լեզվից, որը բացառում է դրանք, քանի որ նրանում չէին կիրառվի միևնույն նշանները տարբեր սիմվոլների համար և չէին կիրառվի արտաքուստ նույն, բայց նշանակման տարբեր ձևով նշաններ: Այսինքն` դա կլինի նշանների լեզու, որը ենթարկված է տրամաբանական քերականությանը` տրամաբանական շարահյուսությանը:
(Ֆրեգեի և Ռասսելի սիմվոլիկան այդպիսի լեզու է, թեպետ դեռ չի բացառում բոլոր սխալները:)
3.326 Նշանի մեջ սիմվոլը ճանաչելու համար պետք է ուշադրություն դարձնել դրա իմաստավորված կիրառությանը:
3.327 Նշանը որոշարկում է տրամաբանական ձևը միայն իր տրամաբանա-շարահյուսական գործածության հետ:
3.328 Եթե նշանը չի օգտագործվում, ապա այն զուրկ է նշանակությունից: Սա է Օկկամի նշանաբանի իմաստը:
(Եթե ամեն բան տեղի է ունենում այնպես, ասես նշանն ունի իմաստ, ապա այն ունի իմաստ:)
3.33 Տրամաբանական շարահյուսության մեջ նշանի նշանակությունը չպետք է խաղա որևէ դեր: Այդ նշանակությունը պիտի կազմվի առանց հղում անելու նշանի նշանակությանը, ենթադրվում է միայն արտահայտությունների նկարագրություն:
3.331 Այս դիտողությունից ելնելով` վերանայենք Ռասսելի «Տիպերի տեսությունը». Ռասսելի սխալն այն է, որ նշանային կանոնները հաստատելիս նա պիտի խոսեր նշանների նշանակության մասին:
3.332 Ոչ մի նախադասություն չի կարող ինչ-որ բան ասել իր մասին, քանի որ նախադասության նշանը չի կարող բովանդակվել ինքն իր մեջ (սա է ողջ «Տիպերի տեսությունը»): …
4.002 Մարդը ունակ է կազմել լեզուներ, որոնցով կարելի է արտահայտել ցանկացած իմաստ` առանց պատկերացում ունենալու, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր բառը:
Նմանապես մարդը խոսում է` չիմանալով, թե ինչպես են առաջանում առանձին հնչյունները:
Առօրյա լեզուն մարդկային կազմվածքի մասն է և պակաս բարդ չէ այդ կազմվածքից:
Մարդն անկարող է նրանից անմիջականորեն դուրս բերել լեզվի տրամաբանությունը:
Լեզուն զգեստափոխում է մտքերը: Ընդ որում այնպես, որ զգեստի արտաքին ձևից հնարավոր չէ եզրակացնել նրանով ծածկված միտքը, քանի որ զգեստի արտաքին ձևը կազմվել էր միանգամայն այլ նպատակների համար և ոչ մարմնի ձևը ճանաչելու:
Առօրյա լեզուն հասկանալիս լռելյայն արվող համաձայնությունները չափազանց բարդ են:
4.003 Փիլիսոփայական թեմաներով գրված նախադասությունների և հարցերի մեծ մասը, ոչ թե կեղծ են, այլ անիմաստ: Ահա ինչու մենք ընդահանրապես չենք կարող պատասխանել այդ կարգի հարցերին, այլ` միայն հաստատել դրանց անիմաստությունը: Փիլիսոփայի նախադասությունների և հարցերի մեծ մասը ծնվում են նրանից, որ մենք չենք հասկանում լեզվի տրամաբանությունը:
(Այդ հարցերը հետևյալ կարգի են. նույնակա՞ն է արդյոք բարին ավել կամ պակաս չափով քան գեղեցիկը:)